29 Մայիս 2014, 15:58
1639 |

Ծովից ծով պար

Երբ նախորդ դարավերջին բրոնքսյան հետնաբակերում բանուգործ չունեցող երիտասարդները փորձում էին ընկալել նորաստեղծ երաժշտական ուղղության բիթերը, պատկերացում անգամ չունեին, որ մի քանի տարի անց այն կգրավի ամբողջ աշխարհը: Հիփ-հոփն աչքի ընկավ իր ըմբոստությամբ ու սինթետիկութամբ:

«Անսահման հիփ-հոփ» մրցույթը, որը Հայաստանում անցնում է Sea2Sea նախագծի շրջանակներում, իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ: Փորձելով հիփ-հոփ մշակույթը տարածել ծովից ծով՝ այս նախագիծն ընդգրկում է տարածաշրջանում գործող բրեյք դանս պարային խմբերը:


Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև հայ պատանիները: Երևանից, Վայքից ու Չարենցավանից 16-ից 26 տարեկան բոլոր բրեյքերները մասնակցեցին օնլայն գրանցմանը: Երեք քաղաքների շուրջ 90 պատանիներից լավագույններին Նահանգներից ժամանած ժյուրիի անդամներն անձամբ ընտրեցին: Արդյունքում շուրջ 19 բի-դանսեր մասնակցեցին մայիսի 28-ին կազմակերպված բացօթյա համերգին:


Ժյուրիի անդամները հիփ-հոփ աշխարհում հայտնի Soul Street Dance Company պարային քառյակի կազմն էր: ԱՄՆ-ից ժամանած տղաներն ապշած էին հայ պատանիների պարային ունակություններով: Խմբի անդամներ Մարիո Հավիկորոյի ու Խավիեր Գարսիայի խոսքերով Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները տարածաշրջանում հիփ-հոփի առաջատար երկիր դառնալու համար: «Հայ պատանիներն ու աղջիկները ռիթմի հիանալի զգացողություն ունեն, ինչպես նաև հրաշալի զգում են իրենց մարմինն ու ձուլում այն երաժշտությանը: Բրեյք դանսի կարևորագույն էլեմենտներից է մարմնի ու հոգու միաձուլումը: Հայ երիտասարդները հրաշալի են կարողանում դա անել»:


Մայիսի 23-28-ը Soul Street Dance Company-ի տղաները Վայքի, Չարենցավանի ու Երևանի նախընտրական փուլն անցած երիտասարդների հետ անցկացրեցին վարպետության դասեր, որի արդյունքը միասնական ուժերով ցուցադրեցին մայիսի 28-ի համերգում:

Տարածաշրջանի մյուս երկու երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում, նույնպես տեղի կունենան նմանատիպ միջոցառումներ, ինչի արդյունքում ընտրված լավագույնները գալիք հուլիսին Բաթումում կմասնակցեն միջազգային մրցույթին: Այնտեղ արդեն Soul Street Dance Company-ին կընտրի լավագույններից լավագույններին:








Այս թեմայով