20 Մայիս 2014, 10:42
5012 |

Ծեր վիշապի թագավորությունը

Սևանը շրջապատող լեռները շատ գաղտնիքներ ունեն: Այս տարածքը դրախտ է հնագետների ուսումնասիրությունների համար, իսկ տեղացիներն ունեն զարմանահրաշ պատմություններ մութ քարանձավների ու ահեղ ժայռերի մասին: Ասում են՝ վաղեմի ժամանակներում հենց այստեղ է եղել վիշապի որջը:

Վանի հրեշը
Անցած դարի 90-ականների սկզբին Վանա լճի ափի բնակիչները տագնապել էին լճի խորքերում ապրող հրեշի մասին լուրերից: Ականատեսները պնդում էին, թե տեսել են մեջքին կատար ունեցող վիշապանման արարած: Վերջերս էլ Բիթլիս շրջանի Դատվան գավառի բնակիչը դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով, որ ուսումնասիրեն լիճը, որտեղ նա տեսել էր կետանման տարօրինակ կենդանի: Խնդրանքը չանտեսեցին, ու ջրասույզների հատուկ խումբը փնտրեց «Վանի հրեշին»:

Վանի ու ընդհանրապես Հին Հայաստանի բնիկներին դժվար կլիներ զարմացնել հրեշների մասին պատմություններով. նրանք հնուց ի վեր ապրում էին սարսափազդու վիշապի կողքին: Պատահական չէր, որ Վանա լճի մոտ մի ժամանակ եղել էին Վիշապ քաղաքն ու Վիշապաձոր վանքը: Այսօր երկուսից ո՛չ մեկն արդեն չկա, բայց Սևանա լճի մոտ գտնվող Գեղամա լեռներից մեկի գագաթը կոչվում է Վիշապի լեռ: Նույն լեռներում է նաև Վիշապալիճը: Այս կողմերում էլի կան վիշապի հետքեր: Օրինակ՝ «վիշապաքարեր» կոչվող քարակոթողները, կամ Սևանի հրեշի մասին պատմությունները, որոնք այսօր էլ կարելի է լսել տեղացիներից:

Հայաստանում հայտնաբերված վիշապաքար՝ ձկնաձև քարե արձան, մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակ
Հայաստանում հայտնաբերված վիշապաքար՝ ձկնաձև քարե արձան, մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակ

Սովորական հայկական վիշապ
Առասպելների սիրահարների միջավայրում ձևավորվել է գիտության ոչ պաշտոնական բնագավառ՝ վիշապագիտություն, որն ուսումնասիրում է տարբերի մշակույթների վիշապներին: Պարզվեց, որ բնակության միջավայրը պայմանավորում է այդ հրեշների վարքը, արտաքին տեսքն ու նույնիսկ սննդակարգը: Օրինակ՝ չինական կամ ճապոնական վիշապները բարեհոգի են, մարմնավորում են իմաստությունն ու բարոյական կատարելությունը, մինչդեռ եվրոպականները գազանաբարո են ու միշտ սոված: Հայկական վիշապն իշխում էր ջրի վրա, ապրում լճերում, գետերում ու նույնիսկ երկնքում՝ ամպերում՝ մարդկանց գլխին բերելով ամպրոպներ ու փոթորիկներ: Նա նաև արտաքինով էր տարբերվում խուճուճ ասիական վիշապներից ու եվրոպական բազմագլուխ գազաններից: Ժողովուրդը նրան պատկերացնում էր որպես ահռելի օձ: Վիշապի բնավորությունը միանշանակ չէր. որոշ առասպելներում ջուր ու հարստություն պարգևող ոգի է, մյուսներում բերում է աղետ ու փորձանք: Մի կողմից վիշապին երկրպագում էին՝ մանավանդ երաշտի ժամանակ: Կարծում էին, որ Օձը, գետնի վրա քարշ տալով պոչը, ցույց է տալիս այն տեղերը, որոնք փորելով ջուր կգտնեին: Մյուս կողմից՝ հենց նա էր փակում կենարար աղբյուրը. ջրին հասնել հնարավոր էր միայն նրան հաղթելուց հետո: Հայաստանում վիշապի գլխավոր հակառակորդը ամպրոպի աստված Վահագնն էր, որին քրիստոնեության ընդունումից հետո փոխարինեցին սուրբ Գևորգով: Երկուսն էլ, ինչպես սովորաբար լինում է, անհավասար կռվում սպանում էին ատելի օձին, ինչից հետո տեղում էր բաղձալի անձրևը: «Սոսկալի վիշապն աճում է ամբողջ կյանքի ընթացքում ու հազար տարի հետո կարող է լինել այնքան մեծ, որ խժռի ամբողջ աշխարը, իսկ սոված վիշապը կարող է կուլ տալ արևը, ու կսկսվի արևի խավարում», - երեխաներին պատմում էին ծերերը:

Վիշապաքարը գետնին չի մնա
Դեռ նախնադարյան Հայաստանում գետերի ակունքների մոտ ու ընդհանրապես՝ ամենուր ջրի մոտակայքում, դնում էին վիշապաքարեր (կամ վիշապներ): Արտաքին աշխարհը դրանք բացահայտեց միայն 20-րդ դարասկզբին: Վիշապաքարերը պատրաստված են քարի ամբողջական, մինչև հինգ մետրի հասնող կտորից ու հիմնականում ձկնաձև են: Շատերի վրա ցուլերի կամ խոյերի պատկերներ են, երբեմն էլ՝ օձեր կամ կռունկ ու արագիլ հիշեցնող թռչուններ:

Վիշապաքարերի նշանակության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Դրանիցի մեկի համաձայն՝ վիշապաքարերը ջրի աղբյուրը փակող առասպելական վիշապի արձաններն են: Ըստ մեկ այլ վարկածի՝ վիշապները նվիրված էին սիրո ու պտղաբերության աստվածուհի Աստղիկին կամ մահացող ու հարություն առնող աստված Արա Գեղեցիկին: Կարծում են նաև, որ դրանցով սահմանում էին մարդկանց կողմից բնակեցված տարածքը: Որոշ վիշապաքարեր Գեղամա լեռներից բերել ու տեղադրել են Երևանի այգիներում՝ դարձնելով մատչելի բոլոր այցելուներին: Հայկական վիշապն ապրում էր այսօրվա Գեղարքունիքի մարզի Գեղամա լեռներում:

Վիշապների պատկերով վիշապագորգը հայկական գորգերի առանձին ենթատեսակ է
Վիշապների պատկերով վիշապագորգը հայկական գորգերի առանձին ենթատեսակ է

Ո՞վ է Գեղարքունիքի տերը
Առասպելն ասում է, որ վիշապները ծերանալով փնտրում են «բնակության նոր վայր»: Երկնային վիշապներն իջնում են ծովերի ու լճերի հատակը, ջրում ապրողները՝ բարձրանում երկինք՝ առաջացնելով փոթորիկներ: Ասում են՝ մի ժամանակ Սևանա լճում ապրում էր ծեր Վիշապը: Երբ եկավ երկինք բարձրանալու ժամանակը, նա նետի պես սլացավ դեպի արևն ու այրվեց: Վիշապի մոխիրը թափվեց լճի վրա և այն սևացավ: Այստեղից էլ լիճն անվանեցին Սև Վան: Սա, իհարկե, բազմաթիվ վարկածներից միայն մեկն է: Սևանն ընդհանրապես պատմության ընթացքում ունեցել է մի քանի անուն: Դրանցից մեկն ու թերևս ամենահինը Գեղամա ծովն է: Մովսես Խորենացին գրում է, որ մի ժամանակ այդ տարածքում իշխել է Գեղամը, ու այդպես նրա անունից առաջացել են Գեղամա լեռներ ու Գեղարքունիք տեղանունները: «Սակայն Գելաքունի (Գեղարքունի) տեղանունը պահպանվել է դեռ նախաուրարտական ժամանակների գրություններում որպես Վելիքունի կամ Ուելիքունի», - ասում է պատմաբան Արմեն Պետրոսյանը: Նա կարծում է, որ վիշապի ու ամպրոպի աստծո կռվի մասին առասպելում ահարկու օձի անունը ծագել է հնդեվրոպական wel արմատից, որը հայերենի կանոնների համաձայն՝ դարձել է «գել» (ավելի ուշ շրջանի արտասանությամբ՝ «գեղ»): «Եթե հաշվի առնենք, որ վիշապաքարերը տարածված են հիմնականում Գեղամա լեռների տարածքում՝ Սևանա լճի արևելքում, կարելի է ենթադրել, որ քարակոթողները ի սկզբանե իրենց անվան մեջ ունեցել են «գել» արմատը, իսկ «վիշապ» անվանումը հայերեն մտավ ավելի ուշ», - ենթադրում է Արմեն Պետրոսյանը: Դեռ վիշապների առաջին ուսումնասիրողներ Բորիս Պիոտրովսկին ու Նիկոլայ Մառը հակված էին այն վարկածին, որ «վիշապ» արմատով վիշապաքարերի անվանումը հասնում է մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջ: Նրանց կարծիքով՝ վիշապը պտղաբերության աստվածությունից աստիճանաբար վերածվել էր չարի մարմնավորման, իսկ նրա նոր անվանումը փոխառնվել էր իրանական լեզուներից: Այդ ժամանակ վիշապների սկզբնական նշանակությունն արդեն մոռացվել էր, և նրանք հավանաբար սկսել էին նույնացվել զավթիչների հետ: Ի դեպ, Գեղամա լեռների գագաթներից մեկը կրում է պարսկական Աժդահակ վիշապի անունը: Այդ դեպքում Սևանա լճի իսկական տերը նույն ինքը՝ ծեր Վիշապն է:

Վիշապի կարմիր հետքը
Վիշապներն իրենց հետքը թողել են նաև կիրառական արվեստում. նրանց պատկերները կան ոսկերչական զարդերի, արձանիկների, խեցեղենի, գործվածքի նախշերի և, իհարկե, հայտնի հայկական վիշապագորգերի վրա: Վիշապների պատկերներով այդ գորգերը հայկական գորգերի առանձին ենթատեսակ են ու համարվում են աշխարհում գորգագործության հնագույն նմուշներից: Պեղումների ժամանակ հայտնաբերված գորգերի ամենավաղ մնացորդները մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներից են: Այսպես՝ մ.թ.ա. 14-ից 9-րդ դարերի գորգի կտորի վրա պատկերված են կեռխաչ և ջրի ու օձի խորհրդանիշներ: Ավելի ուշ կենդանիներով ու բույսերով շրջապատված խորհրդանշական վիշապօձերը սկսեցին տեղավորվել գորգի եզրերին, որի կենտրոնում «ծաղկում էր» աշխարհի ծառը: Այս գորգերում կան փղոսկրեգույն, կապույտ ու շագանակագույն ներկեր, սակայն միշտ գերակայում է կարմիրը: Մեծ (շուրջ 3x7մ) գորգը ոչ միայն տան զարդարանք էր, այլ տունը չար ուժերից պաշտպանող յուրօրինակ հմայիլ: Դասական վիշապագորգեր կարելի է տեսնել Նյու Յորքի Մեթրոփոլիթեն թանգարանում, Բեռլինի Պետական թանգարանում, Լոնդոնի Վիկտորյա և Ալբերտ թանգարանում ու աշխարհի շատ ցուցասրահներում:

«Ереван» ամսագիր, N7-8, 2007

Այս թեմայով