19 Մայիս 2014, 18:54
2415 |

Նեղ աչքերով, բայց լայն սրտով

Մայիսին Երևանում Գյումրիում բացվեց «Հայ և ճապոնական ժամանակակից արվեստ» ցուցահանդեսը, որտեղ 22 հայ ժամանակակից հեղինակների կողքին ներկայացվեցին 21 ճապոնացի արվեստագետների աշխատանքներ: Նրանցից մի քանիսն անձամբ ներկա էին ցուցահանդեսների բացմանը. ոմանք առաջին անգամ էին Հայաստանում: Ծագողի արևի երկրից այստեղ հասած արվեստագետներն անկեղծացան ու պատմեցին Հայաստանից ու Երևանից ստացած տպավորությունների մասին:

Միզուե Հասուո
Առաջին անգամ անցյալ տարի էի եկել Հայաստան, ցուցադրվեցի Երևանում ու Գյումրիում: Մարդկանց եմ շատ հավանում, նախ շատ բարեհամբույր են, ժպտում ես՝ քեզ ի պատասխան են ժպտում: Եվ հետո հասակով շատ չեն տարբերվում, ես ինձ շատ փոքրիկ չեմ զգում, թե չէ Եվրոպայում բոլորը բարձրահասակ են ու վերևից են նայում ինձ, շատ տհաճ է: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս Երևանում, աղբի մեծ քանակությունն է: Առաջ Ճապոնիայում էլ էր այդպես, բայց հիմա աղբահավաքությունը կարգավորել են, ամեն տեղ շատ մաքուր է: Ցանկանում եմ, որպեսզի Երևանն էլ մոտ ապագայում այդպես սիրուն ու մաքուր դառնա:


Նորիկո Կումասե
Երկրորդ անգամ եմ Հայաստանում, բայց ամեն անգամ այնքան բան կա տեսնելու, որ թվում է՝ քանի անգամ էլ գամ, միևնույն է, չեմ կարողանա ամբողջ երկիրը տեսնել: Բնությունը շատ նման է Ճապոնիային, հատկապես՝ սարերը, բիբլիական Արարատն ու մեր Ֆուձիյաման: Երևանում խոհանոցն եմ շատ հավանել, ամեն ինչ շատ համեղ է, պարզապես մի քիչ աղի է:


Յուկիհիկո Յակաբե
Առաջին անգամ հիացած էի ու աղոթեցի այս երկրի բարօրության համար: Երկրորդ անգամ արդեն անհամբեր էի, թե երբ եմ գալու: Հրաշալի լեռ է Արարատը, ափսոս, որ Հայաստանի տարածքում չէ: Ես երաժիշտ եմ, ու Արարատն ինձ շատ է ոգեշնչում, ուզում եմ այդ լեռանը նայելով ինչ-որ ստեղծագործություն կատարել: Երևի ես միայն ամենալավ բաներն եմ տեսել Հայաստանում, որովհետև ոչինչ չէի ուզենա փոխել:


Մակի Միկիկո
Արդեն յոթերորդ անգամ եմ գալիս Հայաստան, բայց ամեն անգամ դեռ բացահայտելու ու ճանաչելու բաներ եմ ունենում: Երևանում շենքերի գույներն են ուրախացնում՝ մարմնագույն, մոխրագույն, վարդագույն, դարչնագույն... Ճապոնիայում այդպիսի գունագեղություն չես տեսնի: Չէի ցանկանա, որպեսզի Հայաստանն էլ ուրբանիզացվեր այնպես, ինչպես Ճապոնիան: Տեսնում եմ, որ նոր մայրուղիներ են կառուցում, նոր ճանապարհներով ծածկում են դաշտերը, բայց այդ բնությունը պետք է պահել, ափսոս է: Այնքան եմ հավանում այս երկիրը, որ մեծ հաճույքով կուզենայի ապրել այստեղ:


Հիրացուկա Րյոիչի
Հայաստանն իմ պատկերացրածից շատ ավելի լավն է: Մեկ տարի առաջ առաջարկ ստացա այստեղ ցուցադրվելու: Ճիշտն ասած՝ կասկածներ ունեի, բայց այնքան էին գովում, որ որոշեցի գալ: Արդյունքում տեսածս գերազանցեց իմ սպասելիքները: Շառլ Ազնավուրից եմ իմացել Հայաստանի մասին: Երևանում ինձ ամենից շատ զարմացրել էր, որ գազի խողովակները գետնի տակ չեն, այլ փողոցների երկայնքով են ձգվում: Ճապոնիայում հաճախ են ասում, թե Հայաստանի կանայք ու աղջիկներն էկզոտիկ գեղեցկություն ունեն, ես համոզվեցի դրանում, երբ եկա այստեղ: Առաջ կարծում էի, թե Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում՝ ողջ տարածաշրջանում մարդիկ նույն դեմքը պետք է ունենան, բայց երբ եկա, տեսա, որ այդպես չէ:


Տագա Շին
Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց այս երկրի մասին դեռևս 30 տարի առաջ էի իմացել: 1972-ին դիտել էի Սերգեյ Փարաջանովի ֆիլմերից մեկն ու հետաքրքրվել Հայաստանով: Վերջապես երազանքս իրականացավ ու հայտնվեցի այստեղ: Մարդիկ ինձ առաջվա Ճապոնիան են հիշեցնում. բարի են, սիրալիր, ժպտերես: Ճապոնիայում էլ էր առաջ այդպես, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:


Էմա Յուկի
Նախքան գալս Հայաստանի մասին որոշ բաներ կարդացել էի, բայց շատ բան չգիտեի: Միևնույն է, մինչև չգաս, այս հրաշքը չես կարող պատկերացնել: Շատ նման է այստեղի բնությունն իմ երկրի բնությանը, դրա համար հոգեհարազատ է թվում: Երևանում ամենաանտանելին երթևեկությունն է, ուղղակի սարսափելի է: Բայց, միևնույն է, ես այստեղ ոչինչ չէի փոխի: Մյուս երկրներն առանց մտածելու արագ տեմպերով զարգանում են, իսկ այստեղ այդ զարգացումն այնքան դանդաղ է, որ թվում է՝ հրատապ փոխելու կարիք չկա էլ: Այստեղ և՛ հինը կա, և՛ նորը: Շատ կուզենայի, որպեսզի Ճապոնիան նմանվեր Հայաստանին:


Էտոմիձե Միզուե Տակագի
Առաջին անգամ եմ Հայաստանում, և նախքան այստեղ հայտնվելը գիտեի, որ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիր եմ գալիս: Գուցե այդ է պատճառը, որ ամենից շատ հին եկեղեցիներն են հետաքրքրում այստեղ: Անկրկնելի է Երևանի տուֆը: Ես նույնիսկ կուզենայի ապրել այստեղ:


Կենիչի Սուետակե
Հայաստան առաջին անգամ էի գալու, բայց որոշեցի նախօրոք ոչինչ չկարդալ կամ ճշտել, այլ գալ և տեղում ճանաչել: Առաջին տպավորությունն այն էր, որ Ճապոնիայից ավելի մեծ է, լայն ու բաց: Շատ նման են բնապատկերները, միայն թե եղանակն այստեղ ուրիշ է, ավելի արևոտ է, իսկ մարդիկ շատ գեղեցիկ են:

 

Այս թեմայով