05 Մայիս 2014, 13:55
2366 |

Սպորտի իջևանատուն

Իջևանը յուրովի նշեց աշխատավորների օրը. քաղաքի հրապարակներից մեկում բացվեց ուկրաինաբնակ, սակայն ծնունդով իջևանցի բարերարներ՝ Անդրանիկ և Ֆրունզե Ղազարյանների հովանավորչությամբ կառուցված մարզահրապարակը:

Թվային դարում հատկապես կարևոր է առողջ ապրելակերպի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը: Այժմ ամբողջ աշխարհում լայն թափով զարգանում են այսպես կոչված «փողոցային» մարզարվեստները: Parkour, Street workout, Break dance և այլ բակային մարզական սպորտաձևերն արդեն ստացել են նաև հայկական գրանցում: Հայ թեթևատլետներն ու պարզապես առողջ ապրելակերպին հետևող պատանիներն ու աղջիկները հետ չեն մնում աշխարհից:

Ու պատահական չէ, որ իջևանյան մարզահրապարակի բացումը չվրիպեց հայկական Street workout ֆեդերացիայի մարզիկների աչքերից:
Վաղ առավոտյան Երևանի, Հրազդանի, Աբովյանի, Արտաշատի և այլ քաղաքների մարզիկներն ուղևորվեցին Իջևան: Նպատակը իջևանյան նոր հրապարակում ցուցադրական մարզումներ անցկացնելն էր, առողջ ապրելակերպ քարոզելը:

Ինչպես իր խոսքում նշեց Street Workout մարզական կազմակերպության տնօրեն Արթուր Հարությունյանը, խորհրդային ժամանակներում Հայաստանն աչքի էր ընկնում բակային ու դպրոցական մարզումների առատությամբ: Street Workout-ն այդ ավանդույթները վերականգնելուն ու կատարելագործելուն միտված փորձ է: «Այս մարզաձևի հաջողության գրավականն այն է, որ վարժություններն ընդգրկում են սպորտային գիմնաստիկայի, կրկեսային համարներից վերցրած ուժային և տեխնիկական հնարքների բակային տարբերակները: Street workout-ը մարզումների առավել արդյունավետ ու անվտանգ միջոց է, որը թույլ է տալիս երիտասարդներին ու պատանիներին կտրվել համակարգիչներից ու կոփել սեփական մարմինը»,- համոզված է Արթուր Հարությունյանը:

Բարեգործական, մարզական ու տոնական հանդիպման կարևոր մասն էր նաև ծանոթությունը միմիանց հետ. առաջին անգամ հանդիպեցին մարզիկներ Հայաստանի 11 քաղաքներից: «Street workout-ի հայկական մարզումների մասին տեղեկացել էինք համացանցի միջոցով: Յուրաքանչյուրս էլ մեր քաղաքներում ընկերներով, սեփական շենքերի բակում մարզահրապարակներ էինք ստեղծել ու պարապում էինք: Այսօրվա միջոցառումը լավ հնարավորություն էր ծանոթանալ, ճանաչել իրար»,- նշեցին Իջևանի թիմի ներկայացուցիչները: Նրանք չգիտեին նույնիսկ հարևան քաղաք Դիլիջանում գոյություն ունեցող թիմի մասին: Դիլիջանցիներն էլ իրենց հերթին ուրախություն հայտնեցին, որ Իջևանում արդեն կա պրոֆեսիոնալ մարզահրապարակ, որտեղ այսուհետև ամեն կիրակի կգան մարզվելու:

Միջոցառումն ուներ նաև պաշտոնական մաս. զինվորական նվագախմբի թնդյունների ներքո Իջևանի քաղաքային իշխանությունները բարերարներին հանձնեցին կոչումներ ու նվերներ: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը նշեց, որ այս հրապարակը Ղազարյան եղբայրների առաջին բարեգործությունը չէ: Մեկուկես տարի առաջ նրանց օգնությամբ Իջևանում օծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև վերանորոգվեց քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երևանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը:

Նորաբաց հրապարակում հավաքված հարյուրավոր երեխաներին բացման արարողակարգն այնքան էլ չէր հուզում: Գույնզգույն ձողերով ու մագլցելու, քաշքշելու և ճոճվելու հարմարանքներով հագեցած հրապարակը փոքրիկ իջևանցիների համար չարաճճիությունների իսկական դրախտ էր: Պտտաձողերին բազմած իջևանցի երեխաները, ոգևորված տեսածից, նույնպես փորձում էին կրկնօրինակել վարժությունները: Ատլետների հսկողության ու խորհուրդների ներքո մանուկները ձգումներ ու պտույտներ էին կատարում ձողերին: Ցուցադրական մարզումների ժամանակ նրանց միացան Իջևանի, Դիլիջանի փոքրաթիվ թիմերը, ինչպես նաև պատահական քաղաքացիներ: Ու մինչ Street workout-ի անդամները ներկաներին զարմացնում էին իրենց անհավանական վարժություններով, տեղի ու ժամանած թիմերի միջև փորձի փոխանակում էր: Ու նույնիսկ մայիսյան ավանդական անձրևն ի զորու չէր ընդհատել վարպետության դասը:

Street workout-ին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հատուկ հարցաթերթիկ նրանց պաշտոնական էջում՝ streetworkout.am: Իսկ ակտիվ կյանքով ապրողների մարզումներին կարելի է հետևել նրանց ֆեյսբուքյան էջում՝ այստեղ:

Այս թեմայով