28 Ապրիլ 2014, 12:27
3388 |

Արթնանալու լավ առիթ

«Արվեստը սահմանին» խորագրի տակ ապրիլի 25-ից մինչև մայիսի 23-ը ցուցադրվող աշխատանքների վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունեցող Վազաշեն գյուղում չորանոցի կառուցմանը:

Անվանի արվեստագետներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբելը Hi art-online կերպարվեստի կենտրոնի և«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է: «Ոսկե Դար» պատկերասրահում «Արվեստը սահմանին» խորագրի տակ ապրիլի 25-ից մինչև մայիսի 23-ը ցուցադրվող աշխատանքների վաճառքից ստացված հասույթը ուղղվելու է Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունեցող Վազաշեն գյուղում չորանոցի կառուցմանը:

Ժամանակին 370 ընտանիք ունեցող գյուղում գրանցված 47% արտագաղթի արդյունքում այսօր Վազաշենում բնակվում է 200 ընտանիք: Գյուղն ունի մի շարք խնդիրներ, որոնք հանգեցրել են նրան, որ այսօր գյուղացիներն անկարող են խնամել նշանառության տակ գտնվող իրենց բերրի հողերը: Թեև 1992-ին դիրքերի փոփոխության արդյունքում մեծ քանակությամբ հողեր մնացին Ադրբեջանի տարածքում, այնուամենայնիվ գյուղացիներին հաջողվեց պահպանել բերրի ցանքատարածությունների մի մասը:

Աղքատ և անապահով ընտանիքների պատմությունները մուլտիեդիա ձևաչափով ներկայացնող «Հայ ձմեռ պապ» ընկերության նախագահ Արմինե Պետրոսյանի համոզմամբ` սա հրաշալի ճանապարհ է կամուրջ ստեղծելու օգնության կարիք ունեցողների և նրանց օգնողների միջև: «Վազաշեն գյուղին համակողմանի օժանդակություն ցույց տալու և տնտեսական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում», - նշում է Արմինե Պետրոսյանը: Օրենսդրական նախաձեռնություն իրականացնելուց հետո «Հայ ձմեռ պապը» որոշեց կենտրոնանալ երկու ծրագրի վրա` մեղվաբուծության զարգացում և չորանոցի կառուցում: Առաջինը հնարավոր դարձավ իրականացնել Միհրան Բաբայանի շահած «Orange» բարեգործական հիմնադրամի դրամաշնորհի միջոցով: Յոթ ընտանիքի բաժանվեց չորսական փեթակ և պարբերաբար նրանք ստանում են լավագույն մասնագետների կողմից խորհրդատվություն: Ծրագրի կարևոր կետերից մեկը ենթադրում է, որ երկու տարի անց այս ընտանիքները կկարողանան համարժեք ներդրումներ կատարել այլ ընտանիքների համար, ինչն էլ կնպաստի սննդի և վաճառքի խնդիրների լուծմանը:

Մրգի առատության դեպքում այն պահելը ու իրացնելը հնարավոր կդառնա 300 կգ տարողությամբ էլեկտրական չորանոց կառուցելու դեպքում: Ընտրված երկու մոդելի չորանոցները` «Ծրագիր մինիմում» և «Ծրագիր մաքսիմում», արժեն 6500 դոլար և 8500 դոլար: Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթի 50% էլ կներդրվի այս չորանոցներից մեկի կառուցման աշխատանքներում: «Իսկ եթե մեկ ամսվա ընթացքում չհաջողվի բավականաչափ գումար հավաքել, այդ ժամանակ կմտածենք նոր ցուցահանդեսի մասին»,-ասում է Արմինեն:

Ցուցահանդես-վաճառքում ներկայացված են քանդակագործների աշխատանքներ, գրաֆիկա, գեղանկարչություն, լուսանկարչություն և երգիծանկար: «Մասնակցում են կայացած, իրենց ձեռագիրն ունեցող արվեստագետներ: Նրանց գործերը ինտելեկտի և սրտի երկխոսության արդյունք են»,-նշում է ցուցահանդեսի համադրող և նկարչուհի Սևան Նագգաշյանը: Այդ արվեստագետներն են Մուշեղ Մխիթարյանը, Տիգրան Ասատրյանը, Շոթա Ոսկանյանը, Վրեժ Քասունին, Արմեն Խոջոյանը, Հովնան Սարգսյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Զավեն Խաչիկյանը, Սևան Նագգաշյանը, Արեգ Պետրոսյանը, Նանա Մինասյանը, Լևոն Ասլանյանը, Հերիքնազ Գալստյանը, Նելլի Շիշմանյանը, Արամ Հունանյանը: Ցուցահանդես-վաճառքի կայացման հարցում մեծ դեր է խաղացել նաև Լուսինե Քասարճյանը: Սևան Նագգաշյանը կարծում է, որ առօրյա կյանքում մենք հաճախ ենք մոռանում շատ խնդիրների մասին: «Կարծում եմ` այս ցուցահանդես-վաճառքն արթնանալու լավ առիթ է»: 

Այս թեմայով