09 Ապրիլ 2014, 09:45
1542 |

Ինքնակազմակերպում

Տարածված թյուր կարծիք կա, թե քաղաքի բարեկեցությունը կախված է բացառապես քաղաքային իշխանություններից: Աշխարհի մի շարք քաղաքներ ապացուցում են, որ կարելի է ավելի գեղեցիկ, բարեկարգ ու գունեղ քաղաք ունենալ, եթե թևերը ծալած նստելու ու բողոքելու փոխարեն ինքդ դրան ուղղված քայլեր նախաձեռնես:

Կանաչ երկաթուղի
Նյու Յորքի Հայ Լայն զբոսայգին իր ճանաչվածությամբ արդեն մրցում է մեգապոլիսի հանրահայտ Կենտրոնական զբոսայգու հետ: Այն կառուցելու նախաձեռնությունը պատկանում է բազմազգ քաղաքի բնակիչներին: Հայ Լայնի առանձնահատկությունն այն է, որ կառուցվել է հին երկաթգծերի երկայնքով, որոնց շահագործումը դադարեցվել է 80-ականներին:

Սկզբում երկաթգծի հարևանությամբ և հատկապես դրանից ներքև ապրող բնակիչները պահանջում էին քանդել 1,6 կմ երկարությամբ անպիտան դարձած երկաթգիծը, բայց 1999-ին ի հայտ եկավ «Հայ Լայնի ընկերներ» հասարակական կազմակերպությունը, որի անդամներն առաջարկեցին քանդելու փոխարեն երկաթուղին վերածել զբոսայգու՝ Փարիզի Promenade Plantee-ի օրինակով, որը նույնպես երկաթուղային ճանապարհի հիման վրա է կառուցվել: «Հայ Լայնի ընկերների» հաշվին կատարվեցին հետազոտություններ, մշակվեցին զբոսայգու ձևավորման հնարավոր տարբերակներ և հաշվարկվեցին դրա հայտնվելու դեպքում ակնկալվող տնտեսական շահերը: 2003-ին անցկացվեց զբոսայգու համար գաղափարների մրցույթ, որին մասնակցեցին 720 թիմեր, իսկ նրանց աշխատանքը գնահատող ժյուրիի կազմում ընդգրկվեցին ինչպես քաղաքի ներկայացուցիչներ, այնպես էլ հանրահայտ ամերիկացի ճարտարապետներ: 2004-ին ընտրվեց զբոսայգու շուրջ աշխատանքներ տանող թիմը, իսկ 2006-ին արդեն մեկնարկեց շինարարությունը:

Զբոսայգու առաջին հատվածը հանրության համար բացվեց 2009-ին: Ընդ որում, դեռևս նախքան բացումը այգու շուրջ արդեն 30 հեռահար նախագծեր էին ծրագրվել՝ կանխատեսելով այցելուների հսկայական հոսքը. 2011-ին Հայ Լայնն այցելեց գրեթե 4 մլն մարդ, որից կեսը զբոսաշրջիկներ էին:

Ճոճվիր և նվագիր
Ամեն տարի գարնանը կանադական Մոնրեալի Զվարճանքների թաղամասում տեղադրվում է ինտերակտիվ ինստալյացիա: Այն հսկայական երաժշտական գործիք է՝ բաղկացած 21 երաժշտական ճոճանակներից: Դրանցից յուրաքանչյուրը ճոճվելիս տարբեր հնչյուններ է արձակում, իսկ միասին դրանք դառնում են երաժշտություն, ընդ որում՝ որոշ հնչյուններ արձակվում են միայն, երբ ճոճվում են բոլոր 21 ճոճանակները:

Նախագծի հեղինակները Մունա Անդրաոսն ու Մելիսա Մոնջիան են՝ արվեստագետներ, որոնք փորձել են այսպիսով քաղաքացիներին հաղորդել հանրային տարածքի հանդեպ սեփականության գիտակցությունը: 21 ճոճանակները միավորում են ամենատարբեր տարիքի և զբաղվածության մարդկանց, հնարավորություն տալիս պարզապես լավ ժամանակ անցկացնել՝ զվարճանալով հենց քաղաքի կենտրոնում: Առաջիկայում մշակվելու է նախագծի ճանապարհորդող տարբերակը, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ կարողանան զգալ միավորման բերկրանքը:

Որոշողը մենք ենք
Այս քաղաքի բնակիչները 1989-ից ի վեր իրենք են որոշում, թե ինչի վրա ծախսել քաղաքի բյուջեն: Նման քաղաքականությունն ընդունված է անվանել պարտիսիպատիվ բյուջետավորում: Բրազիլական Պորտու Ալեգրիում այս պրակտիկան սկսեց կիրառվել այն բանից հետո, երբ հարուստ և աղքատ քաղաքացիների կենսամակարդակի տարբերությունը շատ էր մեծացել, իսկ 1 միլիոնանոց բնակչության մոտ մեկ երրորդը, կարելի է ասել, հետնախորշերում էր բնակվում:

Ամեն տարի տեղի են ունենում տարբեր ձևաչափերի խորհրդակցություններ՝ մեծ թաղային հավաքներից մինչև թեմատիկ աշխատանքային խմբերի նիստեր: Այսպես թե այնպես, դրանց մասնակցում են բոլոր ցանկացողները. յուրաքանչյուր թաղամաս առաջարկում է նախագծեր, որոնց կարիքն ունի ինքը, ինչպես նաև համաքաղաքային ծրագրեր: Այդ խորհրդատվությունների հիման վրա Պորտու Ալեգրիի վարչակազմը հավաքում է վերջնական բյուջեն. ողջ գործընթացում ներգրավվում են շուրջ 40 000 քաղաքացիներ: Նման քաղաքականության կիրառման առաջին իսկ տարիներին քաղաքին գրեթե հաջողվեց լուծել ջրամատակարարման խնդիրը, ավելացավ սոցիալական կացարանների թիվը, ավելացան ծախսերը կրթու-թյան և առողջապահության ոլորտում: Այդ ժամանակվանից ի վեր պարտիսիպատիվ բյուջետավորման համակարգը ներդրվել է բրազիլական ևս 140 քաղաքներում և ուշադրության արժանացել աշխարհի մի շարք երկրներում: Փորձնական նախագիծն արդեն գործարկվել է Նյու Յորքում:

Խաղացնել երեխաներին
Մոսկվայում ոչ բոլորն են սպասում, մինչ քաղաքային իշխանությունները կարգի կբերեն բակային տարածքները: Այդպես, Ռուսաստանի մայրաքաղաքի Կուցևյան թաղամասի բակերից մեկի բնակիչ Անդրեյ Սալնիկովը մի օր որոշեց սեփական ուժերով խաղահրապարակ կառուցել: Այստեղ տեղ գտած նավը նա կոչեց իր դստեր՝ Զլատայի անունով, իսկ բակի տղաներին ուրախացրեց փայտե հսկա ավտոմեքենայով: Մոսկվացիների ջանքերով էր նաև, որ մանկական խաղահրապարակ կառուցվեց Տվերյան պուրակում՝ քաղաքի կենտրոնում:

Կախարդական այգի
Ամերիկացի նկարիչ Իսայա Զագարի ջանքերի շնորհիվ հարավային Ֆիլադելֆիայի մի ամբողջ թաղամաս վերածվել է Կախարդական այգու: Համանուն հասարակական կազմակերպություն և ցուցասրահի գլխավոր ցուցանմուշը Զագարի կողմից պատրաստած հսկայական ճեպանկարն է: Մոտ 280 քմ տարածությունը պատված է տասնյակ հազարավոր մասնիկներով, որոնց մեջ կան ինչպես խոհանոցային կերամիկական սալիկներ, այնպես էլ չինական ափսեներ, հեծանվային անիվներ և այլն: Այս նախագծի վրա նկարիչն աշխատել է շուրջ 14 տարի: Ընդ որում, 2002 թվականին Կախարդական այգին կարող էր այդպես էլ անավարտ մնալ. վարձակալվող տարածքի տերը պահանջում էր կամ գնել այն 300 հազար դոլարով, կամ սպառնում էր հեռացնել այնտեղից կազմակերպությունն ու հիմնովին վերակառուցել շինությունները: Բարեբախտաբար, Այգին հաջողվեց փրկել նկարչի համառության և Ֆիլադելֆիայի բնակիչների նվիրատվությունների շնորհիվ: Կարելի է ենթադրել, որ քաղաքը դրանից միայն շահեց:

Աստիճաններ դեպի
Ինչպես չիլիացին բնակություն հաստատեց բրազիլական Ռիո Դե Ժանեյրոյում, ապա իր տունն ու շրջակայքը դարձրեց հսկայական քաղաքի ամենայուրահատուկ տեսարժան վայրերից մեկը: Ժորժի Սալերոնը սկսել է ձևավորել իր տան մոտ գտնվող աստիճանը դեռ 1990 թվականին և կանգ առնել դեռ չի պատրաստվում: Իր անունով Escadaria Selarón կոչվող աստիճանների մոտ 125 մետր երկարությունը պատված է աշխարհի 60 երկրներից բերված ավելի քան 2000 սալիկներով: Դրանց մեջ կարելի է գտնել նաև Սասունցի Դավթի երևանյան արձանով զարդարված մի սալիկ, որը Սալերոնը նվեր է ստացել մի քանի տարի առաջ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով