29 Մայիս 2014, 11:45
4300 |

Հին տան որմնանկարները

Հանրապետության փողոցի ու Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկի այս շենքն իր երկարամյա ու հարուստ պատմության ընթացքում տեսել է մեծանուն շատ վարպետների (բավական է նշել Հովհաննես Թումանյանին և Մարտիրոս Սարյանին) աշխատանքները: 1964-ից այնտեղ գտնվում է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը: Այսօր դրա տնօրեն Միքայել Հարությունյանն իր գործընկերների հետ փորձում է պաշտպանել հարազատ քաղաքի նաև այս քարե ժառանգությունը:

Թումանյանի ու Սարյանի աշխատավայրը
Ավելի քան մեկ ու կես դար առաջ՝ 1853-ին, ներկայիս Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության շենքի տարածքում պարսիկ Աբու Հասանին պատկանող փոքր շինություն էր գտնվում, որը նա վարձակալության տվեց 25 տարով: Սակայն Երևանի Քաղաքաշինական խորհուրդը, չսպասելով ժամկետի ավարտին, պայմանավորվեց Աբու Հասանի հետ ու նույն տեղում 1876-ին կառուցեց մեզ արդեն հայտնի շենքը: Արխիվներում չի պահպանվել ճարտարապետի անունը, սակայն գիտենք, որ շինարարության ղեկավարը գերմանացի կապիտան Ֆոն դեր Նոնեն էր: Մինչև 1920-ը շենքում էր պարսիկ հյուպատոսի նստավայրը, սակայն, երբ բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները տեղափոխեցին Մոսկվա, այնհանձնեցին Հովհաննես Թումանյանի ղեկավարած Հայկական օգնության կոմիտեին: Գրողը ստեպ-ստեպ Թբիլիսիից գալիս էր Երևան, և շենքը շատ հարմար էր իր բարեգործական գործունեության համար: Իսկ ահա Թումանյանի մահից հետո՝ 30-ականներին, շենքում բացեցին երեկոյան կուսակցական դպրոց, որտեղ խորհրդային կուսակցականներին գրաճանաչ էին դարձնում: Հետո տունն անցավ հայկական բանակի զինվորական դատախազին: Վերջիվերջո, 1964-ին տանը տեղավորվեց նորաստեղծ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը, որը տարբեր ժամանակներում ղեկավարեցին Մար-տիրոս Սարյանը, Վարազդատ Հարությունյանը, Մորուս Հասրաթյանը:

Քողարկված խաչերը
Ճակատագրի հեգնանքով այս պատմական հուշարձանը ինքը պահպանության կարիք ունի: Հիմա տունը պարզապես ողորմելի վիճակում է. չի ջեռուցվում, պատերը հնացել են: Մի խոսքով՝ շտապ վերանորոգումն ու վերականգնումը կլինեին ճիշտ տեղին: Իսկ պահպանելու այստեղ շատ բան կա: Եվ առաջին հերթին դա ոչ թե բուն շինությունն է, այլ դրա ներսի հարստությունը: Առանձնապես աչքի է ընկնում ոչ մեծ մի սենյակ՝ արևելյան ոճով ու 1876-ին արված նախշերով զարդարված. ուղղանկյուն որմնանկարներ են, որոնցում պարսկական մոտիվները սահուն միահյուսվում են հայկականներին:

«Մուտքի դռան վերևի մասում պատկերված են սարյակներ, եղջերուներ ու սկիհ: Բոլորը հայկական որմնանկարչության տարրեր են, — պատմում է ընկերությանղեկավար Միքայել Հարությունյանը, — ուշադրություն դարձրեք դիմային պատի կենտրոնի մանրանկարին. գորգ է, որում թաքուն պատկերված է մեծ ու փոքր երկու խաչ»:

Առաստաղին էլ հայելու կտորներից խճանկար է, որը՝ Միքայել Հարությունյանի կարծիքով, նույնպես խաչի խորհրդանիշ է: Սրանց հիման վրա որմնանկարների մասնագետ Ռոբերտ Հարությունյանը, որին գիտակները համարում էին որմնանկարի քայլող հանրագիտարան, պնդում էր, որ սենյակի պատերին նկարողները միանշանակ հայեր էին:

1876-ից մինչև այսօր պատերի նախշանկարները վերականգնվել են միայն երկու անգամ՝ 1949-ին ու 1974-ին, ընդ որում՝ առանց բնօրինակից շեղվելու: ՄիքայելՀարությունյանն էլ երեք անգամ մաքրել է դրանք գույները պայծառացնող հատուկ լուծույթով: Սենյակի ինտերյերին ներդաշնակ ջահի մասին իր հուշերում գրել է ճարտարապետ Յուլի Թամանյանը: Նրա նախաձեռնությամբ այն բերեցին Եվրոպայից 1928-ին, երբ շենքը ստացավ էլեկտրական հոսանք: Սենյակում պահվել է նաև հայելիներով փոքր անկյուն՝ պարսիկ հյուպատոսի աղոթատեղին:

Անտարբերության զոհը
Սակայն ժամանակն ու անտարբերությունն անում են իրենց սև գործը: 1994-ին կտուրը փլվեց՝ ջարդելով հայելուց պատրաստված առաստաղից մի փոքր կտոր: «Լավ է, որ հնարավոր եղավ վերականգնել, — ասումէ Միքայել Հարությունյանը, — բայց խոնավությունից քանդված պատերի հատվածները, կտուրն ու որմնանկարներն ունեն մասնագիտական վերականգնման կարիք: Ցավոք, այս բացառիկ ժառանգության հանդեպ անտարբեր է թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը: Մենք բազմաթիվ անգամներ օգնություն ենք խնդրել Մշակույթի նախարարությունից ու այլ մարմիններից, սակայն ապարդյուն, մինչդեռ մեր շենքը Երևանի Կապույտ մզկիթից հետո երկրորդն է, որտեղ պահպանվել է 19-րդ դարի որմնանկարչություն»:

Ավելացնելու բան չի մնում: Բացի նրանից, որ շենքը պաշտոնապես գտնվում է Երևանի քաղաքապետարանի խնամքի ներքո: Վիճակը այդ խնամքից, սակայն, դեպի լավը բնավ չի փոխվում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով