16 Ապրիլ 2014, 15:31
1660 |

Ավելի լավ

Յուրաքանչյուր պաշտոնի կամ մասնագիտության մեջ պատահում են շարքային աշխատողներ, իսկ երբեմն պատահում են արտակարգ մարդիկ, ովքեր փոքր-ինչ ավելի հնարամիտ, փոքր-ինչ ավելի հեռատես և շատ ավելի համարձակ են գտնվում՝ առաջ մղելով այն ոլորտը, որում գործունեություն են ծավալում: Բացառություն չեն նաև քաղաքապետները, որոնց թվում են այնպիսիք, որոնք ոչ թե պարզապես նպաստում են իրենց քաղաքի զարգացմանը, այլ անում գրեթե անհնարինը:

Բոգոտա, Կոլումբիա
Անտանաս Մոկուս, 58 տարեկան
Նախկինում՝ փիլիսոփա, մաթեմատիկոս
Բոգոտայի քաղաքապետը 2 ժամկետ՝ 1995-1997 և 2001-2003 թթ.

Էնրիկե Պենյալոսա, 56 տարեկան
Նախկինում՝ քաղաքական գործիչ
Բոգոտայի քաղաքապետը 1998-2001 թթ.

Մինչև 1995 թվականը Կոլումբիայի մայրաքաղաքը համարվում էր աշխարհի ամենաքրեականացված քաղաքներից մեկը. 1993-ին Բոգոտայի թաղամասերում 4352 սպանություն էր կատարվել: Բայց դա քաղաքի միակ խնդիրը չէր. ավտոմեքենաները ժամերով խցանումների մեջ էին հայտնվում, մի շարք թաղամասեր ապահովված չէին ջրով և էլեկտրականությամբ:

1995-ին քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կոլումբիայի Ազգային համալսարանի նախկին դեկան Անտանաս Մոկուսը, ում գլխավոր գաղափարը քաղաքացիներին միավորելը, նրանց քաղաքի և միմյանց հետ ընկերացնելն էր: Տրանսպորտային իրադրությունը լուծելու համար նա 420 մնջախաղացների կարգադրեց դուրս գալ փողոցներ և ծաղրել կոպիտ վարորդներին՝ նվազեցնելով բացասական տրամադրություններն ու տհաճ միջադեպերը: Մոկուսը կարգադրեց նաև բարերն ու գիշերային ակումբները փակել գիշերվա ժամը 1-ին՝ այդպիսով կտրուկ կրճատելով գիշերային ավտովթարների և հարբած կռիվների թիվը: Բայց նա համոզված էր, որ բռնության գլխավոր աղբյուրը ընտանիքներն են, ուստի քաղաքի տարբեր թաղամասերում ստեղծվեցին քաղաքացիական պարեկային խմբեր: Այս և մի շարք այլ դրույթների շնորհիվ քաղաքում հանցավորության մակարդակը նվազեց 70 տոկոսով, իսկ ավտովթարների թիվը՝ 50 տոկոսով: Քաղաքում հանցավորության նվազման հետ մեկտեղ անհետացավ նաև կաշառակերությունը: Բացի այդ Մոկուսը կարողացավ համոզել հարուստ քաղաքացիներին ավելի մեծ հարկ վճարել քաղաքային գանձատուն: Նոր քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան այդ գումարները շատ շուտով ծախսեց քաղաքի հեղափոխական վերակառուցման վրա՝ վերականգնելով ավերված ճանապարհներն ու բարեկարգելով աղքատ թաղամասերը: Նրա գործունեությունը հիմնականում ծավալվեց հանրային տրանսպորտի արդյունավետ համակարգի ստեղծման և հանրային վայրերը (գրադարաններ, զբոսայգիներ և այլն) անհրաժեշտ գույքով ապահովելու ուղղությամբ: Այսօր Բոգոտայում ամեն օր հեծանիվով աշխատանքի է մեկնում 400 հազար մարդ: Ըստ Պենյալոսայի՝ 30 դոլարանոց հեծանիվ քշող քաղաքացին նույնքան կարևոր է քաղաքի համար, որքան 30 հազար դոլարանոց մեքենա ունեցողը:

Գրագետ խնայողություն
Ժայմե Լերներ,
 72 տարեկան
Նախկինում՝ ճարտարապետ, ինժեներ
Կուրիտիբայի քաղաքապետը 3 ժամկետ՝ 1971-1975, 1979-1984 և 1989-1992 թթ.

Աշխարհի ամենահաջողակ քաղաքապետներից մեկը 30 տարեկանից հետո է սկսել զբաղվել քաղաքականությամբ: 1971-ին նա ընտրվեց Բրազիլիայի նոր զարգացող քաղաք Կուրիտիբայի քաղաքապետ, ստանալով լուրջ խնդիրների մի հսկա փունջ՝ խցանումներ, աղքատություն, մեծ թվով նեղ, կեղտոտ փողոցներ ու հետնախորշեր: Լերները նախաձեռնեց քաղաքային տարածքների մաքրման ծրագիր, որով աղբի պարկերը փոխանակում էր սննդի փաթեթների ու տրանսպորտի ուղետոմսերի հետ: Ծովախորշերը մաքրելու և ձկնորսներին սեզոնից անկախ մշտական աշխատանք տալու համար նա սկսեց ցանկացած հավաքված աղբի դիմաց վճարել նաև ձկնորսներին:

Լերները հրաժարվեց նաև ֆրանսիացի Ալֆրեդ Ագաշի առաջարկած՝ քաղաքի զարգացման գլխավոր պլանից, ըստ որի՝ նախատեսվում էր մեծ օղակաձև այգու կառուցում, պատմական կենտրոնի քանդում և խցանումները կանխելու համար մետրոպոլիտենի կառուցում: Լերները գերադասեց քաղաքի զարգացումն ապահովել տրանսպորտային առանցքների երկայնքով, ինչի արդյունքում տրանսպորտային հոսքերն ինքնակարգավորվեցին: Երբ Լերները պետության կողմից ֆինանսական հատկացումներ ստացավ մետրոյի կառուցման համար, նա հաշվեց, որ ստորգետնյա տրանսպորտային ցանցի կառուցումը տասն անգամ ավելի թանկ կարժենա, քան տրամվայների ցանցի ստեղծումը, ինչն էլ իր հերթին տասն անգամ թանկ է ավտոբուսային երթուղիներ բացելուց: Այնպես որ, այսօր Կուրիտիբայում հանրային միակ տրանսպորտը ավտոբուսներն են, որոնք տարբերվում են իրենց տարողունակությամբ՝ 40-60-տեղանոցներից մինչև 300: «Դու սկսում ես ստեղծագործաբար մտածել, երբ բյուջեից մի 0 պակասեցնում ես», — պնդում էր Լերները:

Անգրասենյակ քաղաքապետը
Մայքլ Բլումբերգ, 68 տարեկան
Նախկինում՝ Bloomberg լրատվական գործակալության հիմնադիր
Նյու Յորքի քաղաքապետը 2001-2009 թթ.

Լինելով Reuters-ի հետ մեկտեղ ֆինանսական տեղեկատվության առաջատար մատակարարներից մեկի հիմնադիրը՝ Մայքլ Բլումբերգը քաղաքապետ ընտրվելուց հետո առաջին հերթին իր գրասենյակից տեղափոխվեց իր ենթակաների՝ միջնորմներով բաժանված հսկայական գրասենյակը: Իր ղեկավարման ընթացքում Բլումբերգը քաղաքային բյուջեի պակասուրդը կրճատեց մինչև 6 մլրդ դոլար, արգելեց ծխելը հանրային վայրերում, բարեփոխեց կրթական համակարգն ու ստեղծեց բողոքների և առաջարկների միասնական թեժ գիծ, որի միջոցով քաղաքի բնակիչները հնարավորություն ստացան անմիջականորեն կապ հաստատելու վարչակազմի հետ:

Բլումբերգի՝ քաղաքապետ լինելու ընթացքում կառուցվեց ավելի քան 250 կմ հեծանվային երթուղի, իսկ Նյու Յորքի գլխավոր փողոցը՝ Բրոդվեյը, դադարեց հազարավոր ավտոմեքենաների ազդանշանների աղմուկով լցվել. Բլումբերգը պարզապես փակեց փողոցի որոշ հատվածները տրանսպորտի համար, ստեղծելով ընդարձակ պուրակ՝ հետիոտների համար: «Ինձ այն բանի համար չեն ընտրել, որպեսզի ես լավ նայվեմ հանրային կարծիքի հարցումների ժամանակ: Ինձ ընտրել են, որպեսզի ես լավ անեմ իմ գործը», — համոզված էր Բլումբերգը: Ի դեպ, բացի գործը լավ անելուց, քաղաքագլուխ-միլիարդատերը ութ տարիների ընթացքում սեփական միջոցներից քաղաքի համար ծախսել է շուրջ 650 միլիոն դոլար, իսկ նրա աշխատավարձը եղել է խորհրդանշական՝ մեկ դոլար:

Ախպերական մոտեցում
Ջոն Սո, 64 տարեկան
Նախկինում՝ ֆիզիկայի պրոֆեսոր, գործարար
Մելբուրնի քաղաքապետը 2 ժամկետ՝ 2001-2008 թթ.

17 տարեկանում Մելբուրն տեղափոխված չինացի Ջոն Սոն իր գործունեությունը սկսել էր հենց ռեստորանային ոլորտում՝ տեղական չայնաթաունում: Քաղաքապետ ընտրվելուց հետո նա արագորեն վաստակեց Մելբուրնի երիտասարդության սերը Օլիմպիական խաղերից հետո երկրորդ կարևոր մրցությունները՝ Commonwealth Games-ն անցկացնելու համար: «Ջոն Սոն մեր ախպերն է», — գրված էր մրցություններին եկած հանդիսատեսների շապիկներին:

Սոն քաղաքը սկսեց զարգացնել երկու ուղղությամբ, մի կողմից Մելբուրնը հաստատելով որպես երկրի մշակութային և ֆինանսական մայրաքաղաք, մյուս կողմից՝ վերակառուցելով առանցքային առևտրային համալիրները՝ Մելբուրնի Կենտրոնական առևտրի կենտրոնը, Բուրկե մոլը և այլն: Սոյի ջանքերով քաղաքը աճեց գրեթե երկու անգամ, զբոսաշրջիկներին գրավելու համար խրախուսվեց That’s Me!bourne գովազդային քարոզարշավը, իսկ մինչև 2009-ի վերջը քաղաքում բացվեց ավելի քան 100 պատկերասրահ: Ջոն Սոյի աշխատանքը գնահատվեց ըստ արժանվույն. 2002, 2004 և 2005 թվականներին The Economist ամսագիրը Մելբուրնը ճանաչեց աշխարհի «ապրելու համար առավել նպատակահարմար» քաղաքներից մեկը, իսկ 2006-ին նա ստացել էր «աշխարհի լավագույն քաղաքապետ» մրցանակը:

Դիզայնի գուրուն
Օ Սե Հուն, 49 տարեկան
Նախկինում՝ փաստաբան
Սեուլի քաղաքապետը 2006-ից մինչ օրս

2006-ին ընտրված երիտասարդ քաղաքապետ Օ Սե Հունին 4 տարվա ընթացքում հաջողվեց խցանումներով, աղտոտված օդով ու բյուրոկրատիայով տխրահռչակ հարավկորեական մայրաքաղաք Սեուլը վերածել ապագայի մեգապոլիսի: Իր հաջողության գրավականներից մեկը, ըստ մասնագետների, այն էր, որ առաջին հերթին նա կարողացավ հասկացնել քաղաքային ծառայողներին, թե որքան կարևոր է քաղաքային դիզայնը: Շուտով վերակառուցվեց Ինչեոն օդանավակայանը, հայտնվեցին մետրոյի նոր, տեխնոլոգիական կայարաններ, հեծանվային երթուղիներ, ավտոբուսները հարմարեցվեցին բացառապես բնական գազով աշխատելու համար, նոր տեսք ստացան ավտոկանգառներն ու փողոցային ցուցանակները: Այդ ամենի արդյունքում 2010-ին Սեուլը հայտարարվեց դիզայնի համաշխարհային մայրաքաղաք:

Բացի այդ, նախանշվեցին քաղաքի հիմնական խնդիրները՝ հին շենքերը, նեղ փողոցները, կանաչ գոտիների պակասը, տարիների ընթացքում առաջացած բարձրահարկությունը: Նեղ փողոցներն ընդլայնելու և կանաչ գոտիներն ավելացնելու համար որոշվեց քանդել հին շենքերի առաջին գիծը, իսկ երկրորդը՝ վերակառուցել, էլեկտրական հաղորդալարերը անցկացվեցին գետնի տակ, իսկ արվարձաններում բոլորովին նոր թաղամասեր կառուցվեցին: «Ես փորձում եմ այնպես անել, որպեսզի քաղաքի դիզայնը նախևառաջ մտածի ոտքով տեղաշարժվող մարդկանց մասին», — վստահեցնում է Սե Հունը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3-4, 2014

Այս թեմայով