01 Ապրիլ 2014, 13:48
1433 |

Լյուկաֆոբիա

Նրանք նկատում են այն, ինչի կողքով շատերս անտարբեր ենք անցնում։ Նրանք միշտ զգոն են ոչ թե որովհետև ունեն վառ երևակայություն, այլ որովհետև աչքը տեսածից է վախենում։

Շուշան Կարապետյան, 33 տ., արևելագետ
Նրա համար երևանյան մտոցներն իրական վտանգ են ներկայացնում: Սկզբում պարզապես զգուշանում էր, հիմա արդեն վախենում է: Պատճառը անկափարիչ մտոցից դուրս ցցված երկաթի կտորն էր, ինչը երիտասարդ վարորդի համար կատակ բա չէ: Շուշանի համար փոս ընկած կամ գետնից վերև գտնվող մտոցները մանկության սիրելի խաղն են հիշեցնում. Մարիոյի պես բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով շրջանցում է կլոր ծուղակները՝ դևին հաղթելու և արքայադստերը փրկելու հեռավոր մտադրությամբ: Սև գույնով ու կլոր դեմքով բոլոր արգելքների տեղն արդեն անգիր գիտի, միակ անանցանելի լևելը Ռոսիա կինոթատրոնի դիմացի մտոցն է։ Չար ժպիտով մտոցը ամեն վայրկյան սպասում է իր զոհին: Հենց նա է Շուշան-վարորդի լյուկաֆոբիան։ Իսկ Շուշան-մայրիկի մոտ այս «երևանյան հիվանդությունն» ավելի է ընդգծվում: Աչքը տեսածից է վախենում. հարևանի երեխան մտոցում մի քանի ժամ էր անցկացրել, տեղը տեղին մտացրվել, մինչև սարսափահար ծնողները վերջապես գտել էին նրան: Շուշանն արգելում է իր երեխաներին 20 մետրից ավելի մոտենալ մտոցերին։

Դանիել Իոանիսյան, 26 տ., ֆիզիկոս
Նրա համար երևանյան մտոցները բունկերների ցանց են հիշեցնում: Ասում է՝ մտոցի կափարիչներն էլ դռների պես են, երբեք չես իմանա, դիմացդ ինչ դուռ կբացվի: Բացվող դռները դեռ ոչինչ, վնասակար չեն, իսկ բացված մտոցները իսկական չարիք են Դանիելի համար: Սարսափում է մտոցում հայտնվելու մտքից, բայց հայտնվելու դեպքում առիթը բաց չի թողնի ու վերջապես կստուգի՝ հնարավոր է մի մտոցից մյուսը գնալ, թե ոչ: Երևանում մեքենա վարելը նրան հիշեցնում է ականապատ դաշտում զբոսանք: Մտոցներն այնքան անհարթ ու անորակ են, որ երբեք չես իմանա՝ ճանապարհին որ մտոցը հակատանկային ական կլինի, որի վրայով առանց կորուստների կթռնես ու որ մեկի մեջ կընկնես: Դանիելը մտոցների մասին թույն անեկդոտ գիտի. մի մարդ քնած ժամանակ ընկնում է մտոցի մեջ, ուզում է դուրս գալ, չի կարողանում: Փորձում-փորձում է, չի ստացվում, ասում է՝ վերջ, մի անգամ էլ եմ փորձում, եթե չստացվի, գնալու եմ տուն:

Մարուշ Հակոբյան, 24 տ., մանկավարժ
Նա մտոցները համարում է իր դասակարգային թիվ մեկ թշնամին: Ասում է՝ արյունը քարանում է երակներում, երբ հասկանում է, որ իր «սիրելի» առնետների հետ կարող է շատ նեղ ու մութ տարածքում հայտնվել: Իսկ եթե նաև ջուր լինի, իսկ եթե նաև լարեր… Հարցնում է Մարուշն ինքն իրեն ու սարսափած աչքերով նայում շուրջը: Հանկարծ մտոց չլինի: Մի քանի անգամ տեսել է մտոցներում աշխատող մարդկանց, մոտեցել, հարցեր տվել, բայց միևնույն է՝ իր վախը չի փարատվել: Հետաքրքիր վարք ունի. բաց մտոց տեսելիս վախը դրդում է ոչ թե հեռանալ, այլ մոտենալ ու ապահովության համար փակել այն՝ առանց տեսնելու, թե ներսում ով կամ ինչ կա: Այսպես երեք մտոց է արդեն փակել ու դեռ հարց է, թե իր բարի կամքի դրսևորման արդյունքում իրականում քանի մարդու է ներքևում անլույսուհույս թողել:

Կարեն Մելիքյան, 29 տ., դիջեյ
Նրա համար մտոցները սասափելի սև արկղեր են դեռ մանկուց: 4-5 տարեկան էր, երբ մի ոտքով հայտնվեց մտոցում: Տեսան, եկան օգնեցին ու երկու ոտքով կանգնեցրեցին գետնին: Բայց նույնիսկ մեկ անգամ նույնիսկ մեկ ոտքով մտոցում հայտնվելը Կարենի կյանքում մեծ հետք է թողել: Հիմա հենց բաց մտոց է տեսնում, երկու մետր փախնում է հեռու, փակերի մոտ էլ զգույշ է քայլում, ոտքը երբեք վրան չի դնում: Վստահ է՝ երևանյան մտոցները տիեզերքում գոյություն ունեցող սև խոռոչներն են. դրանց վերջը չի երևում, մեջն ընկնելուց էլ չգիտես, ուր կհայտնվես ու ինչ կանես:

Նինա Արոյան, 71 տ., մանկավարժ
Մտոցները մութ գիշեր են: Տիկին Նինան մտոցային շատ պատմություններ գիտի: Ասում է՝ սովետը գնաց՝ իր հետ տանելով մտոցների կափարիչները: 15 տարի առաջ նրա թոռնիկը մեկ անգամ հասցրել է հայտնվել մտոցում, բայց լուրջ բան չի եղել: Ու որպեսզի պատմությունը չկրկնվի, հոգատար տատիկն ինքն է քարերի տեսքով զգուշացնող նշաներ դրել դպրոց տանող ճանապարհի բաց մտոցների շրջակայքում: Թոշակառու կինն ամեն օր լողի գնալիս Կոմիտասի պողոտայից մինչև Ճարտարապետական համալսարան կռիվ է տալիս կիսափակ, դղրդացող, կոտրված ու նույնիսկ ամուր փակված մտոցների հետ: Ասում է՝ վատ սովորությունը դեռ չի անցել. շինարարություն են անում, մտոցները բացում ու զգուշացնող նշաններ չեն դնում: Ու ինչպես միշտ՝ բացող կա, փակող չկա:

Այս թեմայով