31 Մարտ 2014, 14:10
3542 |

Մտոցի զոհերը

Ժողովրդական իմաստությունն ասում է՝ քայլելիս ոտքիդ տակ նայի՛ր: Թե ինչո՞ւ համառորեն չենք լսում խորհուրդը և թե ի՞նչ կարող է պատահել պատվիրանն անտեսողների հետ՝ պատմում են մտոցն ընկածները:

Ավետիս Ավետիսյան
Երեքով էինք. ես այդ ժամանակ չորս տարեկան էի, քույրս ու եղբայրս՝ ինձնից մեծ 16-18 տարով: Ասել-խոսելով զբոսայգու կողքով էինք անցնում, ես մեջտեղում էի: Հանկարծ քույրս հասկացավ, որ ձեռքը թողել եմ, նույնը հասկացավ եղբայրս, թեքվեցին իմ կողմ, նայեցին իրար, հասկացան, որ ես չկամ: Հետո ինչ-որ կետից լսվեց ձայնս: Հետ թեքվեցին ու հասկացան, որ լյուկն եմ ընկել: Լյուկում անցկացրած մի քանի րոպեների ընթացքում մեջս մի պատկեր է տպավորվել. մթության մեջ ինչ-որ կետից ինձ հասնող լույսը հույսի շողի պես մի բան էր, հիշում եմ միայն ոտքերիս տակ չորացած տերևները: Մոտ երկու մետր բարձրություն կունենար լյուկը: Եղբայրս իջավ, ինձ գրկեց ու վերև բարձրացրեց: Պատմում են, որ լավ վախեցել էի, ոչ մի բառ չէի ասում: Քույրս էլ էր վախեցել, որ ես լուռ եմ, տունդարձի ամբողջ ճանապարհին խնդրում էր մայրիկին հանկարծ ոչինչ չասել: Տանը երկար լռությունից հետո վերջապես խոսեցի. «Մա՜մ, պա՜պ, գիտե՞ք՝ ընկել եմ կալոդե՜ցը»: Ու սկսվեց կինոն… Ի դեպ, գլխիս մինչև հիմա սպի կա՝ լյուկից հուշ մնացած:

Մարիամ Գևորգյան
Երեք տարեկան էի, պապս ինձ ու քրոջս մանկապարտեզ էր տանում: Քույրս սայլակի մեջ էր, ես՝ պապի ձեռքը բռնած: Մեր կողքով կարճ կիսաշրջազգեստով մի կին անցավ. ինքը՝ սիրու՜ն, ոտքերը՝ սիրու՜ն: Նայեցի-նայեցի, ինքն անցավ, ես շրջվեցի նրա հետևից ու շարունակեցի ուշադիր նայել: Մեկ էլ զգացի, որ ոտքերս միանգամից թրջվեցին, ու պապիկի ձեռքը չկար: Լյուկն այնքան ցածր էր, որ գլուխս համարյա վերևում էր մնացել: Ինձ քաշեցին, հանեցին, ամբողջովին թրջվել էի, ծնկներս արյունոտ էին: Հասանք մանկապարտեզ, դայակը՝ ընկեր Գայանեն, յոդով մշակեց ծնկներս, ու սովորության համաձայն շոկոլադով ինձ շեղեց, որ դադարեմ լացել: Լյուկի մոտ մի տուն կար, մայրս սովորաբար դրանով էր մեզ վախեցնում, ասում էր՝ «մեշոկ պապիի» տունն ա: Հենց իմացավ, որ լյուկն եմ ընկել, ասաց. «Երևի չարություն ես արել, մեշոկ պապին քեզ կախարդել ու լյուկն է գցել»: Կախարդանքից որպես վկա մնացել է ծնկիս վրայի ստորակետաձև սպին:

Լենա Սահակյան
Մութ ու ցուրտ տարիներին, երբ տրանսպորտ չկար, ոտքով երկար քայլելը սովորական երևույթ էր: Ես ու տատս հորաքրոջս տուն հյուր էինք գնում, երբ մոտ 50 մ հեռավորության վրա բաց լյուկ տեսա ու տատիս զգուշացրեցի, որ ուշադիր լինի, հանկարծ մեջը չընկնի: Այնքան էլ անհարմար տեղում էր, կողքին վուլկանիզացիա էր, դրսում՝ մի խումբ տղամարդ: Շարունակեցինք քայլել: Կենտրոնացած այն մտքի վրա, որ հանկարծ տատս չընկնի, չզգացի՝ ինչպես ինքս հայտնվեցի լյուկի մեջ: Ամբողջությամբ չէի ընկել, միայն ոտքերս էին կախվել, բայց կողերս շատ էին ցավում: Շշփոթմունքից ու ցավից սկսեցի լացել: Ոտքից գլուխ ցեխոտվել էի, բարեբախտաբար, հորաքրոջս տանը շատ մոտ էինք արդեն: Գործընկերս՝ Հասմիկը, լավ ոտանավոր է հորինել իմ՝ լյուկն ընկնելու պատմության մասին. «Ժամանակով Լենան քոռ էր, լյուկն էլ գլխին կռիշկա չուներ»:

Տաթև Վարդանյան
Ոչ մի քարի, փոսի, ցեխի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել: Լյուկերն էլ բացառություն չեն: Վեց տարեկան էի, դպրոցում միջոցառում էր, սիրուն շորերով, սպիտակ նասկիներով ու նոր կոշիկներով մայրիկիս հետ քայլում էի դեպի դպրոց: Մեկ էլ զգացի, որ գետինը փախավ ոտքիս տակից, բայց կարողացա ինձ պահել, ու միայն մի ոտքով ընկա: Մայրս օգնեց, դուրս բերեց ինձ: Բախտս բերեց, որ այդ օրը միջոցառում ունեինք, քանի որ սովորաբար դպրոց մենակ էի գնում: Բայց այդքանով օրվա արկածները չավարտվեցին: Արագ-արագ քայլեցի ու այս անգամ հայտնվեցի ցեխափոսում: Մի կերպ հասանք դպրոց, հանեցինք ցեխոտ շորերս, լվացինք, ու մի կերպ մասնակցեցի միջոցառմանը: Այս տարիքում էլ չեմ փոխվել, այդ պատճառով էլ կոշիկ գնելիս հատուկ այնպիսի բան եմ ընտրում, որ փոսերն ու ցեխերն ընկնելիս շատ չվնասվի:

Արևիկ Մելքոնյան
Երկու տարի առաջ էր, առավոտ շուտ այցելեցի բժշկիս, երկար խոսեցինք, մի քիչ վատ բաներ ասաց բուժմանս հետ կապված, մտամոլոր դուրս եկա հիվանդանոցից: Մի պահ զգացի, որ ինչ-որ բան այն չէ. ոչ առաջ եմ գնում, ոչ հետ, մթության մեջ եմ: Ուշքի եկա ու հասկացա, որ լյուկն եմ ընկել, գլխավերևում մի խումբ մարդկանց դեմքեր էին: Ձեռնափայտերս մնացել էին դրսում, անցորդների մոտ խուճապ էր. հասկացել էին, որ հաշմանդամություն ունեմ: Ուզում էին շտապ օգնություն կանչել, ես ներքևից փորձում էի նրանց հանգստացնել: Մոտ մի տասը րոպե մնացի լյուկում, մինչև ինձ դուրս բերեցին: Ժամը 12-ն էր, իսկ 13:30-ին պետք է ասուլիսի մասնակցեի՝ որպես էքստրիմ ակումբի անդամ, իսկ ես ամբողջովին կեղտոտվել էի: Հասցրեցի Կոմիտասից հասնել տուն՝ Քանաքեռ, մաքրվել, զգեստափոխվել ու հասնել Հանրապետության հրապարակ: Ասուլիսի ընթացքում տանջվում էի ոտքիս ցավից, բայց ստիպված ժպտում էի. նկարահանում էին: Ավարտից հետո նկատեցի, որ ծունկս ուռել էր, ոտքս չէի կարողանում շարժել: Հիվանդանոցում պարզվեց, որ ծունկս երկու տեղից ճաքել էր: Մի քանի շաբաթ պահանջվեց, մինչև լավացավ: Այդ ընթացքում ափսոսում էի, որ զրկվել եմ արշավներից: Ինձ համար բացահայտեցի, որ Երևանում քայլելն ավելի էքստրեմալ կարող է լինել, քան լեռներ բարձրանալը:

Շուշան Քոչարյան
6-րդ դասարանում ընկերոջս հետ դասից փախել էինք: Տարածքում քայլում էինք մինչև 45 րոպեն անցներ, որ հաջորդ դասին գնայինք: Շատ ոգևորված ու աշխույժ ձայնով ինչ-որ բան էի պատմում, մեկ էլ զգացի՝ ոտքս ինչ-որ բան պահեց: Նայում եմ՝ դասընկերս ինձնից առաջ է անցել, դիմացից մի տղամարդ է քայլում, ձգվեցի ու բռնեցի նրա վերնաշապիկից: Հաջորդ վայրկյանին՝ զը՜խկ. ճակատով-դեմքով քերվելով ընկա ու հայտնվեցի 3 մետրանոց լյուկում: Առաջին վայրկյանին փորձեցի հիշել՝ որտեղ խոսակցությունն ընդհատվեց, որ բարձրանամ, շարունակեմ պատմել: Հաջորդ պահին գիտակցեցի, որ վերնաշապիկս պատռվել էր, իսկ ձեռքումս մնացել էր անծանոթ մարդու վերնաշապիկի մի մեծ կտոր: Պատկերացրեցի նրա դեմքն այդ պահին ու սկսեցի բարձրաձայն ծիծաղել: Ձայնիս վրա լյուկի շուրջը հավաքվեցին դասընկերս ու մի քանի անծանոթ: Մինչև մտածում էին՝ ինչպես ինձ դուրս բերեն, ես տարածքն էի ուսումնասիրում. կոնֆետների ու «Love is» ծամոնի թղթեր, ծխախոտի մնացուկներ, նաև պահպանակ, ինչն այդ պահին, բնականաբար, չհասկացա՝ ինչ է: Ինձ հանեցին լյուկից, ներողություն խնդրեցի տղամարդու վերնաշապիկը պատռելու համար, վերջինս սկսեց ինձ դաս տալ. «Ի՞նչ գործ ունեն էրեխեքն էս ժամին դրսում, ինչի՞ եք դասից փախել...»: Տուն գնալու ու փոխվելու ժամանակ չկար, դասընկերս իր վերնաշապիկն ինձ տվեց, ինքը մնաց բաճկոնով, ցայտաղբյուրի մոտ լվացվեցինք ու վերադարձանք դպրոց: Այդ դեպքից հետո լյուկերի վրայով էլ չեմ քայլում. վախենում եմ, արդեն գիտեմ՝ մեջն ինչեր կան:

Տաթևիկ Աբրահամյան
4 տարեկան էի: Մեր գյուղի տան առաջ բաց լյուկ կար, որպես պահոց էինք օգտագործում: Մոտ 4 մ խորություն ուներ, ներքև միայն հայրս էր իջնում: Լյուկի մոտ ծաղկած մի ծառ կար, որի մոտ շատ թիթեռներ էին հավաքվում, իսկ ես ու ընկերուհիս փորձում էինք նրանց բռնել. մեր սիրած խաղերից էր: Չզգացի՝ ինչպես թիթեռների հետևից այս ու այն կողմ վազելով՝ հայտնվեցի լյուկում: Տնեցիներն այդ ժամանակ հողամասում գործ էին անում: Նկատելով իմ բացակայությունը՝ մայրս հարցնում է ընկերուհուս, նա էլ ուրախ-ուրախ պատասխանում է, որ լյուկն եմ ընկել. օգտվել էր իմ բացակայությունից ու իմ սարքով թիթեռներ էր բռնում: Մայրս՝ սարսափած այն մտքից, որ կարող եմ կենդանի չլինել, մի կերպ է հասել լյուկի մոտ: Ի զարմանս բոլորի, ես ոչ միայն կենդանի էի մնացել, այլև անգամ քերծվածք չկար: Լյուկից դուրս գալուց հետո առաջին հերթին նայել եմ շորերիս ու ուրախ ասել. «Մամ, մի մտածի, շորերս չեն կեղտոտվել»: Դեպքից հետո տան դիմացի լյուկը մշտապես փակ էին պահում:

Այս թեմայով