26 Մարտ 2014, 11:54
3074 |

Խցանումներ պետական մակարդակով

Ինչպե՞ս են քաղաքացիների առօրյա կյանքի վրա ազդում քաղաքական գործիչների պաշտոնական այցերը:

Ֆոտոլուր

Պաշտոնական անձանց այցերը ցանկացած երկրի քաղաքական կյանքի կարևոր բաղկացուցիչն են: Այնպես է ստացվել, որ յուրաքանչյուր նման այցը երևանցիների համար վերածվում է ուշացումների, գլխացավի ու առաջացնում ավելորդ նյարդայնության: Ամեն անգամ ես խղճում եմ ոստիկաններին, որոնք պատռում են իրենց կոկորդները, որպեսզի լսելի դառնան բոլոր վարորդներին և չթողնեն նրանց հատել թույլատրելի սահմանը: Իսկ այնտեղ՝ սահմանից այն կողմ, որտեղ հասարակ մահկանացուների մուտքն արգելված է, ազդանշանների շարան է: Երբեմն թվում է, որ եթե այդ պատկերին վերևից նայենք, ապա կարելի է տեսնել հյուրի անունը՝ կազմված ոստիկանական կարմրակապույտ թարթող լույսերից… Յուրաքանչյուր ոք առնվազն մեկ անգամ հայտնվել է խցանման մեջ՝ կապված որևէ թանկագին հյուրի ժամանման հետ: Վերջերս ինձ արգելեցին կայանել Ամիրյան փողոցում: Երբ փորձեցի իմանալ, թե ինչն է պատճառը, հերթապահող յոթ ոստիկաններից երեքն ասացին, որ դրա հետ կապ չունեն, ևս երկուսն ասացին, որ «այդպես է պետք», մեկը հայտարարեց, որ կարևոր հյուրեր են լինելու, բայց ինքը չգիտի՝ ում մասին է խոսքը: Եվ միայն մի ջահել տղա ասաց, որ այստեղ նախագահն է գալու, իսկ իմ հարցին, թե «այստեղ՝ ո՞ւր, ի՞նչ է, փողոցը նայելո՞ւ», խոստովանեց, որ ինձ շատ լավ հասկանում է և ընդհանրապես նա սոված է: Կարծում եմ՝ նա ռազմական գաղտնիք մատնեց:
Այդ դեպքից հետո ես շփվեցի աշխարհի տարբեր քաղաքների մարդկանց հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում իրենց մոտ:

REUTERS
REUTERS

Գարիկ Էդգար, Փարիզ
Ես արդեն երեք տարի ապրում եմ Փարիզում, բայց չեմ հիշում այդպիսի դեպք, որ ճանապարհները փակեն: Հյուրեր շատ են լինում՝ ո՛չ ռեզիդենտների պակաս կա, ո՛չ վարչապետների, ո՛չ էլ նախարարների: Նման դեպքերում երթևեկությունը պարզապես հինգ րոպեով կանգ է առնում: Նույն բանն է, ինչ երկար կանգնես լուսափորի դիմաց: Բայց առանձնապես խնդիրներ չեն ծագում: Դրան գումարած՝ մեզ մոտ կառավարական շենքերը մեկ թաղամասում են կենտրոնացած, այնպես որ, եթե բախտդ բերել է, և այդ թաղամասից հեռու ես ապրում, ապա նույնիսկ չես էլ նկատի նախագահներին: Նույնիսկ չես էլ իմանա, որ քաղաքում հյուր կա, քանի որ դրոշակներն այստեղ առանձնապես հարգի չեն:

auto.igmin.net
auto.igmin.net

Վարդգես Հովեյան, Քինգսթոն համալսարանի ուսանող, Լոնդոն
Լոնդոնում քաղաքական գործիչների պաշտոնական այցեր հաճախ են տեղի ունենում, բայց չեմ հիշում, որ դրա պատճառով փողոցներում անկարգություն եղած լինի: Խցանումներ հաճախ են լինում, բայց ոչ այդ պատճառով: Բրիտանացիների տեսակետից ինչ-որ քաղաքական գործչի այցը չպետք է խանգարի մարդկանց համաչափ կյանքին: Այստեղ կյանքը չափազանց արագ է, և անգամ մի քանի րոպե տևող արգելակումը կարող է լրջորեն խոչընդոտել քաղաքացիների ծրագրերը: Բացի այդ, պաշտոնական անձանց համար կարելի է ուղղաթիռներ օգտագործել:

supercoolpics.com
supercoolpics.com

Մորյա Նևա, լուսանկարիչ, Թել Ավիվ
Երբ քաղաքական գործիչներ են գալիս, մեզ մոտ միշտ փակում են ճանապարհները, բայց դա այնպիսի խոչընդոտ չի ստեղծում, ինչպես մեծ քաղաքների դեպքում: Ճանապարհները փակում են մեկ ժամով կամ ավելի կարճ: Պարզապես այստեղ դրանից խնդիր չեն սարքում: Իսկ ընդհանրապես ես գերադասում եմ քաղաքականության հետ կապված թեմաները շրջանցել և այլմոլորակային լինել: Երթևեկում եմ մոպեդով կամ հեծանվով, իսկ խցանումների կամ փակ ճանապարհների խնդիրներն ինձ չեն մտահոգում:

Ելենա Յակովլևա
Ելենա Յակովլևա

Գևորգ Ավետիքյան, Եվրոպական համալսարանի աշխատակից, Սանկտ Պետերբուրգ
4 տարի ապրում եմ Պետերբուրգում: Այդ ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ ինչ-որ քաղաքական գործչի այցի առթիվ ճանապարհները փակած լինեն: Բացի G8 և G20 գագաթաժողովներից. այդ ժամանակ հատուկ կանոններ ու սահմանափակումներ էին ներմուծվել: Բայց նույնիսկ այդ դեպքում ամեն ինչ տեղի էր ունենում քաղաքի կենտրոնից բավականին հեռու: Բացի այդ, անգամ նախագահների պաշտոնական այցերի ժամանակ քաղաքում դրոշակներ չեն կախում, և, հաշվի առնելով նաև այն փաստը, որ քաղաքում կիլոմետրերով ձգվող խցանումները սովորական բան են, մարդիկ հաճախ չեն էլ իմանում այցի մասին: Եվս մեկ կարևոր գործոն. այստեղ պաշտոնական անձանց տեղափոխության համար հաճախ են ուղղաթիռ օգտագործում:

media KLOOP
media KLOOP

Սալամատ Օրունտաև, հաճախորդների սպասարկման մասնագետ ինտերնետ-խանութում, Բիշկեկ
Մի քանի տարի առաջ Բիշկեկում տեղի էր ունենում ՇՀԿ (Շանհայական համագործակցության կազմակերպություն) գագաթաժողովը, և քաղաքի կենտրոնը առավոտյան 8-ից մինչև երեկոյան 17-ը գրեթե ամբողջությամբ արգելափակված էր: Տրանսպորտի երթևեկությունը համարյա զրոյական էր: Բայց դա առանձնահատուկ դեպք էր. ՇՀԿ գագաթաժողովին պարզապես ավելի շատ պաշտոնական անձինք էին ներկա՝ ներառյալ նախագահներն ու նրանց աշխատակազմը, ուստի չորս կենտրոնական փողոցներից երկուսը փակվել էին, ինչն էլ արգելակում էր երթևեկությունը: Բոլոր քիչ, թե շատ կարևոր այցերի պարտադիր ատրիբուտը դրոշակներն են: Դրոշակներն ամենուրեք են: Ու նաև հետաքրքիր է, որ ողջ սթրիթ արտը կամ, պարզ ասած, քաղաքի պատերի գրությունները ներկապատվել էին, ինչպես նաև վերանորոգվել էր կենտրոնական փողոցների գիշերային լուսավորությունը:

Инф. агенство ОЗОДАГОН
Ozodagon տեղ. գործակալություն

Գուլջահոն Համրազոդա, Դուշանբե
Ես եղել եմ Երևանում և ասեմ՝ մեզ մոտ հյուրերն ավելի պաթետիկ ընդունելության են արժանանում, քան ձեզ մոտ: Քաղաքով մեկ հյուրի դիմանկարով հսկայական պաստառներ են կախվում, հետո նրա ժամանումից 40 րոպե առաջ փակվում են ճանապարհները: Այնուհետև թանկագին հյուրի այցի առթիվ ճաշկերույթն է: Մի խոսքով՝ կյանքը քաղաքում գրեթե կանգ է առնում մի քանի ժամով: Ճաշկերույթի ժամանակ պաշտոնական անձինք ողջույնի խոսքեր են հնչեցնում՝ արտահայտելով իրենց հարգանքը և այլն: Ամեն ինչ չափից ավելի պաթետիկ ու երկարատև է: Մեզ մոտ անգամ սեփական քաղաքական գործիչներին են այդպես դիմավորում, էլ ինչ ասենք հյուրերի մասին: Հյուրընկալ ենք, դրա համար էլ այդպես է:

GettyImages
GettyImages

Յունուս Էմրե Յըլդըրըմ, լուսանկարիչ, Ստամբուլ
Ստամբուլում միշտ խցանումներ են: Երբ Պուտինն էր եկել, շուրջբոլորը փակված ճանապարհներ, խցանումներ, զրահապատ մեքենաների սյունաշարեր ու վազվզող սևազգեստ մարդիկ էին: Բնականաբար, ամեն նախագահի այդպես չեն դիմավորում: Վարչապետի նստավայրը գտնվում է Բեշիքթաշ թաղամասում (Ստամբուլի եվրոպական հատվածում), այնպես որ ցանկացած պաշտոնական այց նշանակում է, որ այնտեղ կյանքը երկու կամ ավելի ժամով կանգ է առնելու: Դարձյալ կախված է նրանից, թե ով է ժամանել: Ստամբուլում ոչ մի ատրիբուտ չեն կախում, քանի որ առավել պաշտոնական մակարդակով հանդիպումները սովորաբար Անկարայում են տեղի ունենում, իսկ մեզ մոտ՝ «առանց փողկապ» ձևաչափով:

Այս թեմայով