10 Հունիս 2014, 11:40
6463 |

Քաղաքից դուրս. Նոր Նորք

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Նոր Նորքը՝ իր բոլոր զանգվածներով հանդերձ, քաղաքում հայտնի է մաքուր օդով, համեղ ջրով, այգիներով, ինչպես նաև առասպելական և հեղափոխական հերոսների արձաններով: Ինչպես մի երգում է ասվում, «Մասիվում ամեն ինչից կա»:

Աշոտ Թադևոսյան
56 տարեկան, ինժեներ
Ես 9 տարեկան էի, երբ 1966-ի հունվարին տեղափոխվեցինք Մասիվ: Մասիվի բնակեցումը սկսել էին 65-ից, մենք որ եկանք, շենքում համարյա մարդ չկար, իսկ 2-րդ մասիվի շենքերն էլ նոր-նոր հասել էին 2-3-րդ հարկերին: Մինչև տեղափոխվելը ապրում էինք Ռայկոմում ու ես էնտեղ էի դպրոց գնում, բայց տեղափոխվելուց հետո Մասիվից Ռայկոմ հասնելը խնդիր էր, քանի որ չկար Զեյթունի կարճ ճանապարհը ու պետք էր իջնել Պլանի գլուխ, հետո նորից Մանումենտով բարձրանալ Ռայկոմ: 9 տարեկան երեխային չէին թույլ տա նման ճանապարհորդություն անել ու իմ դպրոցն էլ տեղափոխեցին Մասիվ: Մեր թաղերում տարբեր տեղերից եկածներ կային՝ Կայարանից, Ռայկոմից, գյուղերից, եզդիներ էլ կային: Եզդիների կանանց ազգային շորերը շատ տպավորիչ էին: Էն ժամանակ եզդի կանայք էին փողոցները ավլողները ու ոչ միայն մասիվում:

Մասիվի արքա
Հիշում եմ մի հատ ծերուկի մասին, մականունը Արքա էր: Իսկական անունը ոչ էլ գիտեինք: Նորքեցի մարդ էր, ու երբ որ մասիվների շինարարությունը սկսվել էր, իրան որպես պահակ էի վարձել: Երեկոյան գործից հետո ինքն էր դառնում Մասիվների արքան՝ իրա շների հետ:

Սև դևի հող
Էն ժամանակ Մասիվը համարվում էր շատ կտրված ու ստից տեղ ապրելու համար: Մի քանի անգամ էլ ավտոբուսների վթարներ եղան գազանանոցի ճանապարհին մարդկային զոհերով: Իսկ 69 թվի դեկտեմբերի 23-ին, լավ հիշում եմ էդ օրը, եղավ ավտովթարներից ամենաահավորը. 40 համարի ավտոբուսը առավոտվա պիկ ժամին, մարդիկ դռներից կախված, գազանանոցից ներքև ընկել էր ձորը՝ Գետառը: Մահացածների ստույգ թիվ չասեցին, բայց շատ մեծ վթար էր, անգամ «Ամերիկայի ձայնով» հայտնեցին: Բոլոր զոհերը հիմնականում մասիվցիներ էին: Դրանից հետո մի անգամ քաղաքից ընկերոջս հետ ուզում էինք գայինք տուն՝ Սիլաչիի մոտերն էինք, մի հատ գռդոն տաքսի բռնեցինք: Հենց իմացավ, որ Մասիվ ենք գնում, ասեց. «Չեմ տանի: Ես էդ սև դևի հողը գնացողը չեմ»:

Շատ հեռու էր համարվում Մասիվը էն ժամանակ, շատ կտրված էր քաղաքից: Բայց շատ մեծ տեմպերով էր զարգանում ու աճում: 67-68 թվերին արդեն բնակեցվեցին 2-րդ ու 3-րդ մասիվիները: Հա, ի դեպ, մի տարի ամռանը ես էլ եմ աշխատել 6-րդ մասիվի շինարարության վրա: Մեր ժամանակ ընդունված էր՝ ամռանը ջահելները շինարարության վրա աշխատում ու փող էին առնում: Բարձրահարկները շատ հետաքրքիր ձևով էին սարքում, երեխեքով միշտ հավաքվում էին նայելու: Լուրեր էին պտտվում, որ դա նոր ամերիկյան տեխնոլոգիա ա, որով կառուցում են նաև ամերիկյան երկնաքերերը: Նախ բոլոր հարկերը իրար վրա էին շարում ու հետո հերթով վեր բարձրացնում:

Չնայած հիմա, որ նայում եմ կտրված լինելու առումով էլի շատ բան չի փոխվել: Առհասարակ բացի կենտրոնից մնացած բոլոր ռայոններն էլ Երևանում «սպալնի» են՝ գնաս քնես:

Թաղային պատերազմներ
1-ին ու 2-րդ մասիվների միջև պարբերաբար լուրջ թաղային բախումներ էին լինում: 71 թվին մի հատ անունով տղա կար, Սուրիկ էր կարծեմ անունը: Էդ տղային առաջին մասիվցիների հետ կռվի ժամանակ դանակով խփել էին: Ասում էին, որ էդ տղու մահից հետո իրա ախպերները հավաքվել են ու մտել են 1-ին մասիվ: Փողոցում բոլոր հանդիպածներին կանգնեցրել են ու հարցրել, ով կապ ա ունեցել կռվի հետ՝ լավ ծեծել են:

Ձորի, կանաչի ու ջրի մասին
1-ին մասիվը քաղաքում հայտնի էր մի քանի բանով՝ ջուրը, մաքուր օդը, կանաչը:
Գայի արձանի հայտնի «սադը» մենք ենք տնկել շաբաթօրյակների ու ծառատունկների ընթացքում: Հա ի դեպ Մասիվը մանավանդ կանաչեց կուսակցության առաջին քարտուղար Սաֆյանի օրոք, ինքը շատ մեծ նշանակություն էր տալիս կանաչապատմանը: Նրա օրոք շատ ծառեր տնկվեցին: Մեր սադը նաև իրա մարդկանցով էր հայտնի: Դե իհարկե նաև թաղի կռիվներով, որ սովորաբար հենց սադում էինք անում: Մեկ էլ 1-ին Մասիվը հայտնի էր նաև իրա ձորով: Շատ հետաքրքիր ու դեռ մարդու ոտք չկպած ձոր էր: Ահագին խորն էր, ու գարնանը միշտ երեխեքով իջնում էինք ձնծաղիկ հավաքելու: Հասնում էինք մինչև 4-րդ մասիվ, իսկ էդ էն ժամանակ էնքան հեռու էր: Հիմա էտ ձորից բան չեն թողել. ով կարա բաղ ու բոստան ա սարքել: Դե իսկ ջուրը անմահական էր: Ով գալիս էր մեր տուն անպայման մի քանի բաժակ պիտի խմեր:

Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ
Մասիվի կինոթատրոնը բացվեց 71 թվին, նոյեմբերի 7-ին: Շենքը մեր աչքի առաջ բարձրացավ, 3 դահլիճ ուներ՝ երկու փոքր ու մեկ մեծ: Մեր ժամանցի լավագույն վայրերից էր: Լավ կինոներին միշտ հերթ էր լինում: Հիշում եմ, որ նման կինոթատրոն էլ Զեյթունում կար ու զուգահեռ Մասիվի հետ նույն ֆիլմն էին ցույց տալիս: Կինոն մի քանի մասից էր բաղկացած, հավաքված էր մի քանի կատուշկաների վրա ու մինչև մի մասը նայում էինք Մասիվում, մյուս կատուշկան բերում հասցնում էին Զեյթունից: Երբեմն ուշացնում էին ու մի ամբողջ դահլիճ նստած սպասում էր՝ երբ են բերելու ֆիլմի շարունակությունը: Մասիվի կինոթատրոնում Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզե Դովլաթյանը եկել էին ներկայացնելու «Սարոյան եղբայրները»: Փոքր էի, մեզ դպրոցից տարան ու դեռ չէի հասկանում՝ ինչ կարևոր միջոցառման եմ ներկա: Հիմա էլ կինոն չկա, առհասարակ շատ բան էլ չկա Մասիվում: Մենակ էս 20-25 տարվա կյանք ունեցող «խրուշչյովկեքն» են, որ դեռ հավատարիմ կանգուն են:

Անի Զախարյան
25 տարեկան, լրագրող
Ես Առաջին Մասիվում եմ ծնվել, մեծացել, ամուսնացել ու հիմա էլ շարունակում եմ բնակվել: Անկեղծ ասած, Երևանի բոլոր ծայրամասերից, որտեղ երբևէ եղել եմ, Մասիվը ամենաշատն եմ սիրում ու ոչ այն պատճառով, որ աչքս բացել Մասիվ եմ տեսել, այլ նրա համար, որ մարդիկ, միջավայրն ու մթնոլորտն այստեղ մի տեսակուրիշ են: Ավելի փոքր տարիքում իմ ողջ օրն անցնում էր մասիվներում: Նախ՝ դպրոց էի գնում 2-րդ հետո 5-րդ Մասիվում, երաժշտական դպրոցս էլ 4-րդ Մասիվում էր: Մասիվյան ժամանցներից այսօր հիշում եմ միայն 2-րդ մասիվի կառուսելները, որտեղ դասից փախնում «լոդկա» էինք քշում, հիշում եմ Գայի արձանի դիմացի մայթին բացված «Պույ-Պույ» պոնչիկանոցը, որն այսօր բանկ է դարձել, լավ զբոսանքի վայր էր Գայի արձանի տարածքը, որտեղ հաճախ ռոլիկ ու հեծո էինք քշում, պոպուլյար էր դրա հետևի երկար այգին, որտեղ այսօր էլ ամռանը կարելի է շատ երիտասարդների հանդիպել, ովքեր անհոգ արևածաղիկ են կեղեվազրկում ու կպցնում են թաղի աղջիկներին: Աղջիկ կպցնելու տրամադրություն էր տիրում նաև Գայի արձանի դիմացի ֆանտանների շուրջ, որտեղ տարածքի շենքերից իջնում էին զբոսնելու տարբեր տարիքրի մարդիկ: Հետո առաջին Մասիվում բացվեց «Հարի Փոթեր» մանկական սրճարանը, ու մենք ահագին ոգևորվել էինք, մի քանի անգամ դասարանով գնացինք: 8-րդ դասարանից սկսած «իջնենք քաղաք» արտահայտությունը ավելի ու ավելի հաճախ սկսեց հնչել ընկերներիս շրջանում, ու աստիճանաբար մեր ժամանցը սկսեցինք կենտրոնում անցկացնել. զուգվում-զարդարվում ու իջնում էինք քա-ղաք: Կարելի է մտածել՝ մենք գյուղում էինք:

Այսօր ես Մասիվ գնում եմ միայն քնելու: Չեմ օգտվում ոչ խանութներից, ոչ սրճարաններից: Չեմ հիշում վերջին անգամ երբ եմ ընկերներիցս որևէ մեկի հետ պայմանավորվել Մասիվի սրճարաններից մեկում: Այդպիսիք կան իհարկե, բայց գոնե ինձ մոտ տպավորություն է, որ այնտեղ ոչ թե 2014, այլ դեռ 2005 թիվն է՝ լավագույն դեպքում:

Պատմական ակնարկ
Խրուշչովի կառավարման տարիների ԽՍՀՄ ողջ տարածքով սկսեցին կառուցել միանման բազմաբնակարան շենքեր ու թաղամասեր, որոնք նախատեսված էին հնարավորինս արագ և հնարավորինս շատ մարդկանց ապահովելու բնակարաններով: Խրուշչովյան շենքեր կառուցվում էին նաև Երևանում՝ հաշվի առնելով, որ արդյունաբերությունը զարգանում էր արագ տեմպերով ու մարդիկ գյուղերից քաղաք էին տեղափոխվում այստեղ աշխատելու նպատակով: Արդյունքում նրանք ապրում էին հանրակացարաններում կամ բարաքներում: 1960-ականներին սկսեցին կառուցել խրուշչովյան շենքերի մի ամբողջ համայնք՝ Նոր Նորքը:

Անվանում
Նոր Նորք անվանումը տրվել է ի պատիվ Երևանի հնագույն ավաններից մեկի՝ Նորքի: Իսկ «մասիվ» տարբերակը ժողովրդական բառապաշարում հայտնվել է ռուսերեն «жилой массив»՝ «բնակելի զանգված» արտահայտությունից:

Անձնագիր
Նոր Նորքը զբաղեցնում է 1451 հա տարածք, բնակչության թիվը 147 հազար է, այստեղ կա 671 բազմաբնակարան շենք: Մայրաքաղաքի ամենաբարձր կետը՝ ծովի մակարդակից 1370 մ բարձրությամբ, գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բլուրի վրա:

Նոր Նորքում կա հանրակրթական 21 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, 23 մանկապարտեզ, 2 քոլեջ, 2 պրոֆտեխուսումնարան, կենտրոնական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2 մարզադպրոց, մարզաառողջարարական կենտրոն, մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոն, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 3 համաբուժարան: Ինչպես նաև գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան:

  

Արձաններ
Վարչական շրջանը հարուստ է զանազան քանդակներով: Երկու ամենահայտնիները՝ առասպելական հերոսներինն են՝ Հայկ Նահապետ և Տորք Անգեղ (երկուսի հեղինակն էլ Կարլեն Նուրիջանյանն է, որը դեռ 1967-ին հեղինակել էր մեկ այլ առասպելական հերոսի՝ Վիշապաքաղ Վահագնի արձանը): Հայկ Նահապետը առաջին զանգվածի իր' այսօր բոլորին ծանոթ տեղում հայնտվել է 1975 թվականին, իսկ Տորք Անգեղը իր տեղը երկրորդ և չորրորդ զանգվածների միջև զբաղեցրել է 1982-ին:

Մյուս ամենահայտնի մասիվյան արձանը՝ Գայինը, արդեն կոմունիստական անցյալից է: Հեղափոխական շարժման ակտիվ գործիչ Գայը (Հայկ Բժշկյանց) 1930-ականներին բռնադատվել է և գնդակահարվել, արդարացվել է 1956-ին: Նրա անունով արդեն 1960-ականներին նորաստեղծ Նոր Նորք վարչական շրջանում կոչվեց մի ամբողջ պողոտա, իսկ Սուրեն Նազարյանը կերտեց մարտիկի ձիարձանը, որը տեղադրվել է 1977 թվականին առաջին զանգվածում:

Վիշապների պուրակ
Թեև պակաս հայտնի է, քան Հայկի արձանը, բայց ոչ պակաս, գուցե նույնիսկ ավելի արժեքավոր է Վիշապների պուրակը: 3800 քմ տարածք ունեցող պուրակում տեղադրված են 8 վիշապաքար և տապանաքարեր, որոնց մեջ կան նախաքրիստոնեական մշակութային արժեքներ: 2010 թվականին քաղաքը կարող էր կորցնել այս բացառիկ հանրային տարածքը՝ բարձրահարկ շենքի շինարարության նախապատրաստությունները արդեն սկսվել էին: Սակայն իրավիճակը փրկեցին ժամանակին աղմուկ բարձրացրած ակտիվիստներն ու տեղացի բնակիչները: 2011-ի ամռանը հարցը փակվեց՝ շինարարություն իրականացվող ընկերությանը հատկացվեց այլ տարածք: Մնում է, որ Վիշապների պուրակը (պաշտոնական անվանումը՝ «Վիշապների կոթող») դառնա մայրաքաղաքային զբոսաշրջային երթուղիների լիիրավ մասնակից՝ թեկուզև չի գտնվում քաղաքի կենտրոնում:

Երգերի մեջ
Ես մեծացել եմ հեռավոր Մասիվներում
Ստե լուծումները կոպիտ, հազիվ ներում
Լուսինը մոտիկ, քուչեքը լուսավոր
Չխառնվես եթե մի բան թվա քեզ անսովոր
Ստեղ գիշերները ունեն իրանց տերերը
Մարդիկ քնել են զարթնել են շները
— Միշո, «Մասիվի շները», 2011
Կարևորը որ, կարևորը կանք,
Կարևորը կմնանք մեր սիրած Մասիվում
Կարևորը մենք Մասիվում ենք, կարևորը որ մասիվցի ենք
Մասիվը մեծ ա, Մասիվը փոքր ա
Մասիվում կան լավ տղեք, Մասիվում կան հայ տղեք
Տակ շտո Մասիվում ամեն ինչից կա
Ամեն ինչից լավը կա
— Անհայտ կատարող, «Կարևորը որ, կարևորը կանք», 2009

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով