23 Հունիս 2014, 11:20
3151 |

Քաղաքից դուրս. Էրեբունի

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Ստեփան Գրիգորյան
25 տարեկան, տնտեսագետ
Կայարանը կենտրոնից մի խաչմերուկ էս կողմ տեղ ա, նենց որ ստեղ ապրում են լուրջ, զարգացած մարդիկ: Երբ որ էս կողմերից անտեղյակ մարդիկ հարցնում են՝ «Ո՞ւրդե ես մնում», չենք մանրանում, որ բացատրենք, որտեղ ա Վստրեչը, Թոխմախը, Նոր Արեշը, Բութանիան՝ միանգամից ասում ենք՝ «Կայարան տեղ»: Երբ լսում եմ «Կայարան» բառը, մտքիս միանգամից գալիս ա մեր քուչան Արցախի փողոցում: Մեր տարածքը ամեն ձև ճշտի մեջ քուչա ա:
Եթե մեծ սերնդի ներկայացուցիչներից հարցնեք, ինչով ա աչքի ընկնում Կայարանը, հաստատ կպատասխանեն, որ ժամանակին ստեղ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնն ա եղել: Հիմա դրա մասին ասում են «քանդած շենք»՝ սկսեցին հյուրանոց կառուցել, բայց տենց էլ մնաց ու մի անիմաստ կիսակառույց շենք ա կանգնած: Կայարանից աղջիկ ա տարել ու հայտնի փեսա դարձել դերասան Վլադիմիր Մսրյանը: Ի դեպ, Կայարանի հայտնի բնակիչներից ա Տիգրան Կարապետյանը: Տարիքով կայարանցիները ձեզ անպայման կպատմեն նաև Երկաթուղային կուլտուրայի պալատի մասին, որտեղ տարբեր թատրոններ էին ցուցադրվում:

Նախ՝ ներկայանալուց առաջ հաճախ նշվում ա մեր տարածքը, ասենք՝ «Ստյոպն ա կայարանցի»: Հետո, եթե ուշադիր լինեք, կայարանցիներին կարող եք տարբերել ժարգոնով: Մենք, տեղի ու անտեղի, շատ ենք օգտագործում «բա» բառը: Ասենք, հանդիպում են երկու կայարանցի՝ «Բա բարև», մյուսը՝ «բա բարև, բա ո՞նց ես», «բա ի՞նշ կա», «բա բան չէ»: Կան քուչեք, որտեղ բոլոր անունների փոխարեն մարդիկ իրար Վարդգես են ասում, տենց են իրար դիմում: Կայարանում հաճախ կլսեք «վադ ե՞ս վագր» արտահայտությունը, երբ դիմացինը ինչ-որ անկապ բան ա ասում:

Մեր փողոցից մի քիչ վերև Վստրեչի խաչմերուկն ա: Էդ հատվածում մի սրճարան կա, որ կոչվում ա «Հանդիպում»: Ինչքան գիտեմ, հենց դրա համար ա էդ խաչմերուկը կոչվում «Վստրեչ»: Էդ խաչմերուկից մի քիչ վերև երկաթուղայինների փողոցն ա, տենց են ասում, որովհետև այդտեղ ապրողներից շատերը երկաթգծում էին աշխատում: Էդ տարածքներում քաղմաս կա, դրա դիմացն էլ շինարարություն, կողքը բոմժանոց, քրջի բազար: Այ հենց էդ շինարարության նկուղում էլ տեղի էին ունենում բակային ու տղայական ռազբոռկեքը՝ ուղիղ ճանապարհ դեպի քաղմաս: Բայց ամենաթունդ կռիվները տեղի են ունենում Թոխմախի գերեզմանոցում, էդ արդեն ավանդական տեղ ա հաշիվներ մաքրելու համար:

Կայարանում տուսվելու համար տեղեր չկան, մենակ սթրիփ-կլուբներ: Հա, մեկ էլ կաֆեներ, որտեղ կարաս պիվա խմես: Խնդիրը հենց էն կինոթատրոնի շենքն ա, որ կիսաքանդ ա մնացել: Խոստացել էին, որ սիրուն կսարքեն ու հավես տեղեր կլինեն մեջը: Տրանսպորտի հետ կապված Կայարանը Երևանի ամենաթույն վայրերից ա, որովհետև ամեն տեղ գնացող մարշրուտկեք կան ու ամեն քայլին կանգառներ են: Բացի էդ՝ արտասահման տանող երկաթգիծ ունենք, էլ ավել ի՞նչ կարա լինի:

Շուշաննա Կարապետյան
23 տարեկան, բժշկուհի
Հիշում եմ մի դեպք Սարի թաղի խրոնիկայից. հավաքվում են մի քանի կիսահանցագործ դեմքեր, գնում են անտառն ու՝ կրակոցներ, ծեծկռտուք, դանակահարություն, արյուն, սպանություն: Բայց դե էն ժամանակ քաղաքի բոլոր թաղամասերի այսպես կոչված հեղինակություններն իրենց հարցերը լուծելու համար բարձրանում էին վերոնշյալ անտառ: Հիմա անտառն էլ չկա: Անտառի հիմքն իսկզբանե արյունով է գցվել. բանն այն է, որ բարի մի մարդ ստալինյան ժամանակաշրջանում «քաչալ» սարն անտառի վերածելու առաջարկ է արել, ինչի համար նրան ժողովրդի թշնամի են հռչակել և գնդակահարել են (տարիքով սարիթաղցիներից եմ լսել): Մի խոսքով, այդ «քաչալ» սարը, որը շարքերում ապրող մարդկանց համար անհիշելի ժամանակներում գարնանը եղել է ջրի աղբյուր (բարձրացել են ու ալյումինե տարաներով ձյուն հավաքել), դառնում է հանգստյան գոտի, ուր ու կրկին ոչ միայն սարիթաղցիները գնացել են «մայովկաների»: Անտառն ունեցել է պահակ, որը շուտով հսկելու ոչ մի ծառ չի գտել. մութ ու ցուրտ տարիներին, ավելի ճիշտ՝ մեկ տարում, մեր աչքի առաջ, անտառը վերածվեց վառելափայտի:

Ինչպես հայտնի է, ավելի լավ է աչքը դուրս գա, քան անունը: Եթե չխորանանք կարծրատիպերի մեջ, ուղղակի կարող եմ փաստել, որ Սարի թաղում լավն էլ կա, վատն էլ: Շատերի կենսապայմանները հաշվի առնելով՝ վատն ավելի շատ: Մյուս կողմից՝ մարդկային հարաբերություններում՝ ջան-ջիգյարի, ջերմության պակաս չկա: Մեծերն ասում են՝ տարիներ առաջ անգամ քնելիս տան գլխավոր դուռը չեն փակել. վախենալու բան չեն ունեցել, հիմա էլ մենք առանց սարսափի կեսգիշերից հետո կարող ենք ազատ զբոսնել բակերում. միմյանց հանդեպ վստահություն կա, նաև համարձակության պակաս չունենք: Չուներ նաև գեներալ-մայոր, սարիթաղցի Արթուր Փափազյանը, որը հանրապետության զինված ուժերում ծառայության է անցել ձևավորման առաջին օրերից՝ նշանակվելով ԼՂՀ պաշտպանության բանակի կապի պետ: Արցախյան ազատամարտի ընթացքում նրա քաջագործությունների մասին շատերս գիտենք:

Սարի թաղը մի լուրջ առանձնահատկություն էլ ունի. մեզ մոտ լավ պահպանվել են ազգային ծեսերը: Քրիստոսի համբարձման տոնը ու Ջանգյուլումը մեր կողմերի ամենասիրված տոներն են: Հիշում եմ, անչափահաս աղջնակի հարսի հագուստ էինք հագցնում ու զուգում, մտնում բակերը, երգում՝ բարեմաղթանք հղելով, ու մեր սինիի մեջ էին լցվում քաղցրավենիքները, գումարները, ոչ ոք ժլատություն չէր անում, իսկ ով էլ խոր քնած էր լինում, այնքան էինք երգում, մինչև արթնանար: Հիմա էլ երեխաները գալիս մեզ՝ մեծերիս «գովելու», մենք էլ՝ ավանդույթը չխախտելով, չենք թողնում, որ դատարկաձեռն հեռանան:

Սարի թաղի աշխարհագրական դիրքն այնքան լավն է, որ 10-15 րոպեում կարող ես հասնել կենտրոն, բայց չես հասնում, որովհետև տրանսպորտի խնդիր կա. երեկոյան ժամերին մեր թաղամաս բարձրացող հնամաշ ավտոբուսներն այնքան գերբեռնված են լինում, որ դռները փակել չի լինում (բայց չնայած ամեն ինչի, ներսում պահպանվում է ջերմ ու ուրախ մթնոլորտ): Մյուս կողմից, մեզ մոտ շատ վաղուց գործում է այն, ինչ քաղաքում հայտնվեց անցյալ տարի՝ տեղական car-pool-ը. ծանոթանծանոթ սարիթաղցիներից մեկն իր ավտոմեքենայում քեզ համար միշտ տեղ կգտնի:

«Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում գտնվող կիսակառույցը
«Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում գտնվող կիսակառույցը

Անձնագիր
Էրեբունի վարչական շրջանը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում՝ ընդգրկելով Նոր Բութանիա, Նոր Արեշ, Արգիշտի, Էրեբունի զանգված բնակելի թաղամասերը: Էրեբունի վարչական շրջանի տարածքը կազմում է 4880 հա: Այստեղ են գտնվում գաջի գործարանը, քաղաքային երկու գերեզմանոցները, Էրեբունի արգելոց-հուշարձանը, «Մսի կոմբինատ» արդյունաբերական շրջանը, «Երևան» կայարանի երկաթուղային տնտեսության տարածքները:

Հայրենադարձները
1925 թ. հիմնադրված Նոր Բութանիան գտնվում է երկաթուղային կայարանի և Վարդավառի լճի հարևանությամբ: Հիմնադրման պահին այստեղ ապրել են պատմական Հայաստանի Բութանիա նահանգից 60 ընտանիք և զբաղվել են շերամապահությամբ և ծխախոտագործությամբ: Ի հիշատակ կորուսյալ երկրի՝ բնակիչներն այս տարածքը անվանում են Նոր Բութանիա: Նոր Արեշը ևս պատմական Հայաստանի Արեշ գավառի վերանվանումն է: Այս թաղամասի բնակիչները եկել էին Ադրբեջանից, հետո արդեն բնակիչների թիվը համալրվել է Հունաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Բուլղարիայից, Եգիպտոսից և այլ տեղերից գաղթած հայերով:

Լեգենդ
Վարչական շրջանի ամենահայտնի տարածքներից է Մուխաննաթափը: «Ստեղ կարգին մարդիկ են ապրում, բայց տարածքի անունը դուրս ա եկել, — պնդում են տեղացիները: — Դե մուխանաթ նշանակում ա նենգ, քցող»: Լեգենդի համաձայն, Թոխմախան խանի հարսնացու Ուբու-Հայաթը այստեղ նենգորեն խաբվել է ու ինքնասպանություն գործել: Իսկ երբ Թոխմախան խանը իմացել է սիրելիի մահվան մասին, նետվել է Վարդավառի զբոսայգում գտվող արհեստական լիճը ու նույնպես ինքնասպան եղել: Հենց այդ պատմությունից հետո են լիճը սկսել անվանել Թոխմախան գյոլ:

Թոխմախի գերեզմա- նոցը կարելի է համարել երևանյան Պեռ-լա-շեզը
Թոխմախի գերեզմանոցը կարելի է համարել երևանյան Պեռ-լա-շեզը

Տեսարժան վայրեր
1968 թ. հոկտեմբերի 18-ին Երևանի 2750-րդ տարեդարձի կապակցությամբ, այս վարչական շրջանում բացվեց Էրեբունի արգելոց-թանգարանը: Այն գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մ.թ.ա. 782 թվականին հիմնված Էրեբունի ամրոցի տեղում:

Էրեբունի վարչական շրջանի այցեքարտն է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» հուշարձանը, որ գտնվում է երկաթուղային կայարանի դիմաց: «ԵՐԵՎԱՆ» ամսագրի նախաձեռնությամբ 2011-ին արձանի հարակից տարածքում կատարվեցին բարեկարգման ու վերականգնման աշխատանքներ: Ամբողջովին վերականգվել է ավազանը, որի կենտրոնում գտնվում է արձանը, տարածքում տեղադրվել են նոր նստարաններ ու աղբամաններ, անցկացվել է լուսավորում, մաքրվել պատվանդանը, կարգի բերվել բուսականությունը:

Շատ հետաքրքիր է երկաթուղային կայարանի տարածքում գործող Հայաստանի երկաթուղային թանգարանը, որում ներկայացված է ավելի քան 100 ցուցանմուշ, այդ թվում՝ տասնյակ արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ, երկաթգծերի նախագծեր, գնացքների, շոգեքարշերի և էլեկտրաքարշերի մակետներ: Այստեղ կարելի է տեսնել նաև 1960-1970-ականների հեռախոսներ, հեռագրային սարքեր, ազդանշանային շեփոր ու դրոշներ, ուղեհսկիչի ձեռքի լապտեր, «Կկու» շոգեքարշի ազդանշան–սուլիչ և անգամ 1958-ի տոմսերի դակիչ:

Առաջին հայացքից ոչնչով արտասովոր չթվացող Կենտրոնական գերեզմանոցը, որը շատերին ավելի հայտնի է որպես Թոխմախի գերեզմանոց, զբաղեցնում է 69,6 հա տարածք: Այստեղ են թաղված բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Հակոբ Կոջոյանը, Արամ Մանուկյանը, Կոնստանդին Ճաղարյանը և այլն: Գերեզմանատան առավել ուշագրավ հատվածներից է Երկրորդ համաշխարհայինի զոհերին նվիրված հուշարձանը, որն, ի դեպ, արտաքինից շատ նման է Բեռլինում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Հայաստանի երկաթուղային թանգարանում
Հայաստանի երկաթուղային թանգարանում

Գրականության մեջ
Մինչև հեռուստացույցի հայտնվելը Փողոցն ամբողջական փողոց էր՝ ամբողջական ու միասնական: Եվ միասնության շնորհիվ էր, որ ուժեղ էր: Նախկինում աջ ծայրը Գծի թաղ էինք անվանում, իսկ ձախ ծայրը՝ Գրեն, բայց մեր կենտրոնի հետ միասին այս երկու ծայրերը ուժեղ միություն էին կազմում և ընդհանուր անունով կոչվում էին փողոց: Փողոցն ընդհանուր առմամբ Շիլաչուց ու Մետաքսից թույլ էր, բայց ինքնուրույն ու անկախ էր, Մետաքսին ու Շիլաչուն չէր ենթարկվում: Փողոցը հայտնի գողեր ու խուլիգաններ աշխարհին չէր տվել ու չտվեց, բայց գողերով ու խուլիգաններով հայտնի Շիլաչին ու Մետաքսը Փողոցից զգուշանում էին, որովհետև Փողոցն իր միասնությամբ ուժեղ էր:
— Արմեն Շեկոյան «Հեռուստացույցը», 1990

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2014

Այս թեմայով