03 Հուլիս 2014, 13:35
4941 |

Քաղաքից դուրս. Ավան

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Արտաշես Շահբազյան
52 տարեկան, ռեժիսոր
Ավանը ինձ միշտ Հայաստանն է հիշեցրել, նրանով, որ մի անգամ կարծես անէացել ու հետո նորից վերականգնվել է: Հիշատակություններ կան անգամ 4-րդ դարի Ավանի մասին: Հայրս Ավանի պատմությունը շատ լավ գիտեր ու պատմում էր, որ Ավանը վերածնվել է 1828-ին, երբ ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի հայությունը սկսել է տեղափոխվել Արևելյան Հայաստան: Նա հաշվում էր 13 ընտանիք, որոնք տեղափոխվելով՝ հաստատվել են Ավանում: Այսօրվա Ավանը, փաստորեն, պատմական փլատակների վրա է վերածնվել, չնայած այդ մասին հիմա շատ քիչ ավանցիներ գիտեն: Ես այս 13 ընտանիքների սերունդ եմ ու հիշում եմ, որ ինձնից դեռ երկու սերունդ բարձր մերոնք Խոյի բարբառով էին խոսում:

Պատմական եկեղեցին
7-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված է եղել երկու մասի, Պարսկական մասում եղել է մեր կաթողիկոսական աթոռանիստը, բյուզանդացիք որոշել են կաթողիկոսական հակաթոռ ստեղծել, որն էլ հենց հիմնվել է Ավանում: Ավելի ուշ արաբական արշավանքներն ու երկրաշարժը ավերել են եկեղեցին ու առհասարակ Ավան բնակավայրը, և այն գոյություն չի ունեցել մինչև 1828 թվականը: Իմ կարծիքով, ու հավանաբար նաև շատ ավանցիների՝ Ավանի տաճարը պիտի վերակառուցվի: Այն իր տեսակի մեջ եզակի է, ի վերջո, հայերն են սարքել ու հայկական ճարտարապետություն է: Այն հնգագմբեթ է և ունի 4 խորան:

Իհարկե, հիմա գմբեթները չկան, բայց խորանները պահպանվել են: Անգամ ներկայիս ավերված վիճակում, միևնույն է, ավանցիները այցելում են այնտեղ, մոմ են վառում, միջոցառումներ են անում: Զբոսաշրջիկներ էլ են գալիս, ճարտարապետ ուսանողներ: Էս եկեղեցով Ավանի բնակիչները մի տեսակ կապվում են իրենց ակունքներին, մանավանդ նրանք, որ հենց այն 13 ընտանիքներից են սերված: Ես անկեղծ զարմանում եմ, ինչու են նոր եկեղեցիներ կառուցում, եթե կարելի է օրինակ նույն գումարով վերակառուցել Ավանի տաճարի նման արժեքավոր հնությունը:

Երևանի և Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ VI դարի Կաթողիկեն, որը հայտնի է նաև որպես Ավանի տաճար
Երևանի և Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ VI դարի Կաթողիկեն, որը հայտնի է նաև որպես Ավանի տաճար

Հիշողությունների մասին
Ես շատ լավ հիշում եմ Գետառը, որ շատ հորդառատ էր, հիմա էլ չկա՝ փակեցին: Էն ժամանակ հպարտանում էին, որ մեր Գետառի մոտ են նկարել տեսարան «Սայաթ-Նովա» ֆիլմի համար: Բայց էն Ավանը, որ ես տեսել եմ ու հիշում եմ՝ հիմա չկա: Էդ ժամանակ չկար ո՛չ Մասիվը և ո՛չ մի բարձրահարկ շենք առհասարակ: Կային այգիներ, բանջարանոցներ, գոմեր, հանդ: Այսօր արդեն դրանց տեղերում շենքեր են: Աղի հանքերը բացելուց հետո Ավանի կողքին ստեղծվեց արդյունաբերական բնակավայր: Աստիճանաբար հին Ավանին սկսեցին շրջապատել շենքերը: Բնակչությունը, բնականաբար, կրկնապատկվեց: Ի դեպ, Ավանը գյուղ է համարվել մինչև 1958 թվականը, դրանից հետո միայն ներառվել է Երևանի կազմի մեջ: Պատկերացրեք, որ Ավանի ու Պլանի գլխի միջև կար մեծ դատարկ հատված ու հիշում եմ, որ կենտրոն իջնելու համար մեքենաները իջնում էին դատարկ փոշոտ ճամփաներով:

50-ականներին հին Ավան եկան եզդիները, ովքեր լավ հարմարվեցին հայերի հետ: 60-ականներին էլ սկսեցին Ավան գալ Արցախից ու Ջավախքից: Ավանում համեմատաբար հեշտ էր հաստատվել, քանի որ հիմնականում սեփական տներ էին, մարդիկ էլ նորերն էին կառուցում, հողակտորներ էին գնում ու սկսում ապրել: Իհարկե, մեծ շինարարության արդյունքում շատ աղբյուրներ ցամաքեցին, բազմաթիվ կանաչ տարածքներ վերացան:

Ելակ, լոբի ու ծաղիկ
Ավանը գյուղատնտեսական առումով հայտնի էր՝ Երևանին ելակ ու լոբի էր մատակարարում: 70-ականներից այստեղ սկսեց արագ թափ առնել ծաղկի աճեցումը: Մասսայաբար ծաղիկներ էին աճեցնում, ջերմոցներ էին ստեղծել: Վատ չէր, քանի որ պահանջարկը կար քաղաքում: Բայց սովետական իշխանությունը որոշեց, որ դա սխալ է, և վերացրեց: Այսօր ամեն մեկն իր տնամերձն ունի ու հին գյուղատնտեսական ավանդույթներից էլ բան չի մնացել:

Ավանցի
Ավանցիները լավ արհեստավորներ ու քարտաշներ են եղել: Ես հանդիպել ու զրուցել եմ քարտաշ ավանցիների հետ: Պատմում էին, թե քանի եկեղեցի են վերանորոգել Հայաստանում: Իսկ ավելի նոր սերունդը՝ 70- 80-ականների, արհեստավորներ էին:

70-ականներին կառուցվեց հուշարձան Ավանի կենտրոնական մասում՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի: Այն դարձավ ավանցիների խմբվելու ու զրուցելու վայրը: Իմ աչքի առաջ մի քանի սերունդ փոխվեց: Հիմա, իհարկե, հուշարձանի շուրջ հավաքվողների շարքերը նոսրացել են, բայց, միևնույն է, վայրը սիրելիների շարքում է: Անշուշտ, մեր համար մեծ իրադարձություն էր կինոթատրոնների բացումը: Ընդ որում, երկուսն ունեինք, մեկը, այսպես ասած՝ հին Ավանում էր, մյուսը՝ Ավան Առինջում: Հին ակումբ էլ կար, որտեղ պարբերաբար թատերական խմբակներ էին գալիս:

Խնդիրների ու ժամանցի մասին
Այսօր արդեն Ավան ասելով էլ ոչ ոք չի պատկերացնում հին բնակավայրը, մի տեսակ իրար մեջ շաղախվեցին: Դրական փոփոխություններ կան, բայց Ավանը, իհարկե, լուրջ խնդիրներ էլ ունի: Ինչպես որ Երևանը մարզերից է տարբերվում իր զարգացածությամբ, հագեցվածությամբ, ռիթմով, էնպես էլ Երևանի ծայրամասերի ու կենտրոնի միջև շեղում կա, ինչը, իհարկե, նորմալ չի: Երևանի կենտրոնում շենքերը կառուցվում են շենքերի վրա՝ էլ տեղ չկա, իսկ մյուս շրջաններում անելիք չկա, գնալու տեղ չկա: Ավանում առանձնապես բան չկա անելու՝ մշակութային կենտրոն, կինո, սրճարան չես գտնի: Մեր երեխաներին վերցնում իջնում ենք քաղաք: Սա անհեթեթություն է. ասում են «քաղաքի զարգացում», բայց քաղաքն ախր միայն կենտրոնում չի: Համայնքներում իսկապես անելու բան չկա՝ քնում են, կարտ են խաղում, խմում են: Իմ ջահել տարիներին այդպես չէր, փաստորեն ինչ է ստացվում, որ առաջ գնալու փոխարեն, հե՞տ ենք գնացել:

Գարրի Ռաշիդյան
ԵրՃՇՊՀ Ճարտարապետական նախագծման և ճարտարա-պետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ
Համամիութենական ճարտարապետական մրցույթ էր հայտարարված, որին իմ ներկայացրած նախագիծը հաղթեց: Առաջարկվող բնակարանային համալիրի շենքերը ճկուն էին, ինչը հնարավորություն էր տալիս արևոտ բնակարաններ ստանալ: Ի տարբերություն տիպարային նախագծման, ինչպիսիք, ասենք, Նորքի Մասիվն էր, մշակվեցին առանձին սերիաներ, ինդիվիդուալ նախագծեր արվեցին: Ավանը առանձնահատուկ ռելիեֆ ունի ու իմաստը այն էր, որ ոչ թե իրար հետ կապ չունեցող շենքեր բարձրանային, այլ բազմակողմանի էլեմենետներ օգտագործելով ստացվեր գեղեցիկ քաղաքաշինական կոմպոզիցիա: Ավան Առինջը ընդհանուր համալիր պետք է դառնար՝ նախատեսված 8000 բնակիչների համար, այգիներով, հանգստի գոտիներով: Ամեն ինչ, իհարկե, կառուցվեց ճիշտ իմ նախագծածի նման: Այն ժամանակ այլ կերպ չէր էլ կարող լիներ, քանի որ ուղղակի չէի ստորագրի հանձնվող աշխատանքի տակ, եթե այն նախագծից շեղված լիներ: Բայց հիմա էդ ամեն ինչը էնքան են ապականել, որ շատ ժամանակ չեմ էլ ուզում գնամ էդ կողմերը, որ չտեսնեմ: Խցկել են բենզակալոնկա, գառաժ, հազար ու մի անիմաստ շինություն: Ու դա միայն Ավանում չի, դա կատարվեց ողջ քաղաքում: Բարբարոս ենք մենք քաղաքաշինական տեսանկյունից:

Ավան Առինջի մակետը, ըստ Գարրի Ռաշիդյանի նախագծի
Ավան Առինջի մակետը, ըստ Գարրի Ռաշիդյանի նախագծի

Միքայել Զոլյան
32 տարեկան, դասախոս
Սաղ կյանքը Կենտրոնում ապրելուց հետո ծայրամաս տեղափոխվելը, բնականաբար, բավական բարդ էր, բայց հնարավոր: Չնայած, նշեմ, որ մեր շենքերը՝ դասախոսների համար նորակառույցները, չնայած տեխնիկա-պես Ավանում են, բայց եղել են դեպքեր, երբ տաքսիստները կապ տալուց ասում են՝ «գնում ենք Քանաքեռ-Զեյթուն»: Եթե խոսենք դրական կողմերի մասին, ապա ամենակարևորը եղանակն ա՝ ամառը շատ հաճելի հով ա: Օդն էլ դե մաքուր՝ շնորհակալություն մոտակայքում գտնվող Բուսաբանական այգուն, որտեղ, սակայն դեռ ոչ մի անգամ չեմ եղել: Բայց էդ ամեն ինչը իմաստ ունի մենակ, եթե մեքենա ունես: Որովհետև հանրային տրանսպորտից օգտվելը գրեթե անհնար ա: Ու էնպես չի, որ կարելի ա օրը անցկացնել էս թաղերում առանց քաղաք իջնելու (չհաշված ամռանը՝ Play City-ն ու Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական կենտրոնը իրա բասեինով, «Հարսնաքարն» էլ, մի տեսակ, մեր տեղը չի): Ժամանցային ոչ մի տեղ չկա, նույնիսկ խանութների մասով խնդիրներ կան՝ շատ հաճախ կենտրոնում եմ մթերք ձեռք բերում:

Անձնագիր
Ավան վարչական շրջանը զբաղեցնում է 808 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 3.6%-ը։ Բնակչությունը կազմում է 50.3 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 4.55%-ն է։ Արտաքին սահմանագծով շրջանը հարում է Կոտայքի մարզին։ Ավանի հեռավորությունը կենտրոնից 6,8 կմ է, տարածքի բարձրությունը ծովի մակերևույթից 1270 մ է։

«Մատյան ողբերգության» հուշարձանը Ավանի Նարեկացի թաղամասում
«Մատյան ողբերգության» հուշարձանը Ավանի Նարեկացի թաղամասում

Պատմական ակնարկ
Ավան բառը հայերենում փոխառված է պահլավերենից, ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Անցյալում, սովորաբար, «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Այսօր Երևանի վարչական շրջաններից մեկի կարգավիճակն ունեցող Ավանը հնում եղել է ինքնուրույն բնակավայր՝ Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում և դեռ 7-րդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։

Տեսարժան վայրեր. Ավանի սրբավայրերը
Քչերին է հայտնի, թե քանի սրբավայր կա Ավանում. Սուրբ Հովհաննես եկեղեցին, Սուրբ Աստվածածին մատուռը, Սաֆարյան փողոցի միջնադարյան մահարձանը, նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, մի ուրիշ՝ հին Սուրբ Աստվածածինը, որը չի գործում, և իհարկե, Երևանի և Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ VI դարի Կաթողիկեն, որը հայտնի է նաև որպես Ավանի տաճար: Այն կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի և Հունաստանի միջև։ Այդ ժամանակահատվածում էլ Հովհան կաթողիկոսը (519-602թթ.) հիմնեց այս տաճարը և Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր, ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի: Այդ պատճառով են ասում «հակաթոռ կաթողիկոս» կամ «քաղկեդոնական կաթողիկոսություն»։ «Ժամանակ ունենայի, բոլոր երևանցի ծանոթներիս կտանեի Ավան ցույց տալու այս հրաշքները, որ ավելի լավ ճանաչեն իրենց քաղաքը», — երկու տարի առաջ ԵՐԵՎԱՆին պատմում էր հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմունդը:

Գրականության մեջ
Երևանում գիշեր է... Ավան,
Բնակզանգվածից քաղաքը կլոր
Նման է ճաքած շրթունքով թասի,
Համարյա նույնը, ինչ, — եթե նայես, —
Ձերն է՝ Մոնմարտր քաղաքամասից...
— Ներսես Աթաբեկյան, 2003

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 1-2, 2014

Այս թեմայով