26 Փետրվար 2014, 12:32
5962 |

Քաղաքից դուրս. Աջափնյակ

Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:

Աջափնյակը Երևանի մյուս ծայրամասերի կողքին հայտնի է իր բարձրահարկերով, բոլոր սովետական խոշոր քաղաքներում պարտադիր գտնվող Շինարարների փողոցով, «ֆիզգառադոկով» ու Թումանյանի այգով, իսկ բոլորովին վերջերս՝ նաև Թումոյով:

Նաիրա Զաքարյան
51 տարեկան, ուսուցչուհի
4-րդ դասարան էի, երբ Էրեբունու շրջանից տեղափոխվեցինք Աջափնյակ: Ապրում էինք Լենինգրադյան փողոցում, հետո էլ ամուսնացա դասընկերոջս հետ, որը նույնպես այդ փողոցի շենքերից մեկում էր բնակվում: Այնպես որ՝ հեռու չեմ գնացել և, կարելի է ասել, ամբողջ կյանքս այստեղ եմ ապրում: Մինչև ամուսնանալս մեր ժամանցը հիմնականում անցնում էր ոչ այնքան Թումանյանի այգում, որքան Ծիծեռնակաբերդում: Դա շատ խաղաղ շրջան էր, և Ծիծեռնակաբերդի այգին էլ մեր տանն ամենամոտ գտնվող և ամենահանգիստ վայրերից մեկն էր, որտեղ կարելի էր զբոսնել ծառուղիներով, հանգստանալ, լիցքաթափվել: Շաբաթը առնվազն մեկ անգամ այնտեղ գնալը ուխտագնացության պես մի բան էր մեզ համար, անգամ հիշում եմ, որ 8-րդ դասարանում շշերի մեջ նամակներ էինք դրել՝ թե ինչ կլինի 10 տարի հետո ու թաղել ծառերի տակ: Հիմա ո՛չ շշերն ենք գտնում, ո՛չ նամակները, թեև առանձնապես հետամուտ էլ չենք եղել:

Երբ երեխաներս փոքր էին, Ծիծեռնակաբերդի այգին նրանց հետ ման գալու լավագույն վայրն էր: Հիմա էլ է այդպես, բարեբախտաբար՝ այգին շարունակում է շատ լավ վիճակում գտնվել, էլի քթներիս տակ է, բայց հիմա մի տեսակ ծուլացել ենք կամ, չգիտեմ, գուցե ժամանակը չի բավարարում, որպեսզի մեզ ստիպենք դուրս գալ տնից և գնալ վայելել այդ այգին:

Ինչ վերաբերում է ժամանցի մյուս ձևերին, ապա այն ժամանակ կինոդիտումը առանձին մշակույթ էր: Հալաբյան փողոցում «Արագած» կինոթատրոնն էր, Լենինգրադյանից Մալաթիա տանող ճանապարհին՝ «Անին», որը, թեև մեր համայնքի կազմում չէր, բայց հեռավորության առումով մոտ գտնվող կինոթատրոն էր: Գրեթե չկար այնպիսի ֆիլմ, որը մենք չգնայինք դիտելու և, այո, յուրաքանչյուրն իր վարչական շրջանում կարող էր օգտվել տեղի կինոթատրոնից, դրա համար հաստատ չէինք հասնում «Ռոսիա» կամ «Նաիրի» կինոթատրոն: Թեև ուսանողական տարիներին այդ կինոթատրոններն ավելի մոտ էին դասից հետո գնալու համար:

Բայց եթե բանը հասնում էր սրճարանին, ուզած-չուզած հասնում էինք կենտրոն: Չեմ հիշում, որ այստեղ երբևէ ինչ-որ սրճարան կամ ուտելու վայր եղած լինի: Շատ հաճախ, եթե սոված էինք լինում, իրար տուն էինք գնում՝ ամեն մեկս իր պատրաստած ուտելիքով: Դա էլ էր մշակույթ, որն այսօր գրեթե չկա:

Աջափնյակում առանձնապես յուրօրինակ ոչինչ չկա, շրջանն էլ ինքը այնքան հին չէ և ոչ էլ աղմկահարույց պատմությունների մասնակից է դարձել, որ հիշելու բան լինի: Չնայած, այ Լենինգրադյան փողոցը մի քանի տարով մարմնավաճառների անկյուն էր դարձել՝ այն աստիճան, որ ոչ մի աղջիկ կամ կին իրեն թույլ չէր տա ուշ ժամին այդտեղով անցնել. անկախ հագուկապից կարող էին սխալ մարդու տեղ դնել: Բայց լավ է, վերացրեցին այդ երևույթը:

Հրաչուհի Բեյբության
50 տարեկան, ինժեներ
Աջափնյակ տեղափոխվել ենք 1965-ին, երբ երկու տարեկան էի: 10 տարի ապրել ենք Մարգարյան փողոցում, որը սկի փողոց էլ չէր այն ժամանակ, ամբողջը խաղողի այգիներ էին, 9-րդ թաղամաս էին ասում այդ տարածքին: Ամռանը գնում էինք այդ այգիները սինձ էինք հավաքում, ձմռանը՝ ձնագնդիկ խաղում:
Մեզ մոտ խանութներ չկային, Հանրապետական հիվանդանոցի մոտ էինք հասնում: Ամռանը կաշկայով պաղպաղակ էին բերում վաճառում չոր սառույցի մեջ պահած, հետո Ռուսաստանից սկսեցին բերել. հո՜ հերթեր չէին: Մեկ էլ տուփերով քաղցր բամբակ էին վաճառում, իսկ բոշաները սարի ծամոն էին բերում թթի տերևների վրա, էրեխեքը ծամոնները իրար էին կպցնում ու սկսում էին չափել կամ էլ ձյութ էին ծամում: Հա՜ հա, մեր շենքի կողքը կաթսայատուն կար, լյուկերի կողքից ամառը ձյութ էր դուրս տալիս, էրեխեքը ծամում էին: Ես չէի կարողանում ծամեի, մենք հալած մոմ էինք ծամում դրա փոխարեն:

Մենք 15-րդ թաղամասում էինք բնակվում, իսկ 16-րդ թաղամասը 1980-ականներին սկսեցին կառուցել: 1993-ին այնտեղ տեղափոխվեց քույրս: Սովետական շատ նախագծերի պես այդ թաղամասի շենքերն էլ վերևից նայելիս պետք է СССР հապավումը կազմեին, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին՝ 4-րդ տառշղթան կիսատ մնաց, միայն Р-ի պոչն է ստացվել:

1976-ին մետրոպոլիտենը սկսեցին կառուցել, ասում էին, թե 1980-ին Աջափնյակում կայարան կլինի՝ ճիշտ մեր շենքի հարակից խաչմերուկի մոտ: Ես էլ ուրախացել էի, մտածում էի՝ մետրոյով կգնամ դասի, երբ ուսանող լինեմ: Մինչև մեր խաչմերուկը փորեցին, բայց կայարանն այդպես էլ չբացվեց:

Ֆիզգառադոկը շա՜տ շուտվանից կա, այնտեղի կանաչ ծառուղիներն էլ շատ սիրուն են եղել միշտ, թենիսի սեղաններ կային, շատ լավ վայր էր զբոսնելու համար: Ուրախացա, երբ Հանրապետական հիվանդանոցի մերձակա տարածքն էլ բարեկարգեցին. առաջ այդտեղ միայն ջրավազանն էր, իսկ հիմա հանգստի գոտի ունենք, որի համար պետք չի գնալ-հասնել Թումանյանի այգի:

Անի Պապոյան,
24 տարեկան, արվեստաբան
Ծնողներիս ու եղբորս հետ Աջափնյակ տեղափոխվեցինք, երբ պետք է արդեն դպրոց գնայինք, բայց գնացինք ոչ թե մեր շրջանի դպրոցը, այլ թիվ 131-ը, որտեղ տատիկս էր դասավանդում ու որտեղ ավարտել էին նաև մայրիկս, մորաքույրս ու քեռիս: Ճիշտ է, առավոտյան տրանսպորտով էինք գնում դասի, բայց հետ գալուց չէինք ալարում, դասընկերուհուս հետ զավզակելով տուն էինք բարձրանում ոտքով: Մի բան, որ միշտ նկատել եմ ու ինչի համար էլ ծնողներս միշտ հանգիստ են եղել, մեր թաղամասի ապահովությունն է: Իսկը ծայրամաս է՝ աշխարհից կտրված, անվտանգ, մի քիչ էլ խուլ: Բակի ընկերուհիներով ամբողջ շրջանը ոտքով չափչփելը սովորական բան էր, հազարից մեկ էր պատահում, որ ինչ-որ բանից անհանգստանայինք ու շտապ մեր շենքի մոտ վերադառնայինք, անգամ եթե ուշ ժամ էր:

Մեր տան մոտ ամենաբանուկ հատվածը նախկին ավտոսերվիսի խաչմերուկն է՝ հիմա բոլորը որպես «3-րդ գյուղի խաչմերուկ» գիտեն: Մինչև վերջերս, երբ վարորդները սկսեցին հնազանդվել կարմիր ու կանաչ լույսերին, այդ խաչմերուկն ամեն անգամ անցնելն իսկական հերոսություն էր: Թուրքիայից ինչքան բեռնատար կար, մեծ արագությամբ այդ փողոցով էր անցնում, նույնն էլ մարդատարները, որոնք Աշտարակի մայրուղուց հետո դեռ չէին նվազեցնում արագությունը. պատահում էր, որ շաբաթը մեկ ավտովթարից մարդ էր մահանում:

Մեր 15-րդ թաղամասը շատերին մինչև «կվառտալ» չասես, տեղը չեն բերում: Փոխարենը մինչև հիմա բոլորը մեզանից մեկ կանգառ ներքև գտնվող մեծ խանութին «Մանվելի բար» են ասում, ես էլ եմ ասում, թեև իմ աչքով չեմ տեսել, ոչ էլ գիտեմ, թե ինչ է եղել խանութի տեղում: «Կալցեվոյում» առաջ «կամպյուտռանոցներ» կային շատ, եղբորս հետ գնում էինք խաղալու, հիմա բոլորը ծաղկի բուդկա են դարձել: Մեզնից երկու շենք ներքև խմորեղենի փոքրիկ արտադրամաս կար, որն իր 4-սեղանանոց սրճարանն ուներ: Հիշում եմ, թե ինչպես էինք երեք ընկերուհիներով թեթևսոլիկացել ու այնտեղ ժամադրվել մեր բակի երեք տղաների հետ. երբեք չեմ մոռանա, որ առաջին ժամադրությանս լահմաջո հյուրասիրեցին:

Երբ պարան թռնել, ռեզին խաղալն արդեն հետաքրքիր չէր, բակի մեծ տղաների հետ աղջիկներով նստում բլոտ էինք խաղում: Բայց մի օր դա էլ հոգնեցրեց, ու քանի որ ուրիշ հետաքրքրություն չէր մնացել, ակամա սկսվեց քաղաքի մյուս հատվածների ու հատկապես կենտրոնի ուսումնասիրությունը: Դասարանի տղաները, իհարկե, նախօրոք հետազոտել էին ամեն ինչ, երբ հազարից մեկ դասից փախչելիս արդեն ոչ թե Թումանյանի այգի էինք գնում, այլ Պոնչիկանոց: Ճիշտ է, այսօր այգու կողքին Թումոն են կառուցել, բայց տարիքային սահմանափակման պատճառով դժվար թե կարողանամ լիարժեք օգտվել դրա բարիքներից:

Ուսանողական տարիներից սկսած Աջափնյակն ինձ համար միայն բնակավայր է, միայն իմ շենքն ու տունն է, որտեղ հաց եմ ուտում ու քնում եմ: Ուրիշ բան դժվար թե կարողանամ անել. ո՛չ ինձ հետաքրքրող աշխատանքի գրասենյակներ կան այստեղ, ո՛չ էլ ժամանցը անցկացնելու վայրեր:

16-րդ թաղամասը, նույն ինքը՝ Կվառտալ
16-րդ թաղամասը, նույն ինքը՝ Կվառտալ

Յուրի Սաֆարյան
16-րդ թաղամասի շենքերի ճարտարապետ
16-րդ թաղամասի նախագիծը 1978-80 թվականներին ստեղծվեց: Դա բնակելի համալիր էր, որը բոլորովին նոր խոսք էր ոչ միայն հայկական, այլև սովետական ճարտարապետության մեջ: Բնակելի շենքերի 4 շղթաներ կիսաշրջանով, իսկ մեջտեղում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, այգի: 1989-ից հետո ես այլևս կապ չունեի այդ նախագծի հետ, այն այդպես էլ կիսատ մնաց ԽՍՀՄ փլուզման պատճառով: Իսկ նախատեսվում էր կառուցել նաև պոլիկլինիկա, ստորգետնյա ավտոկանգառ, այգին մի մեծ հանգստյան գոտի պետք է լիներ ջրավազանով, նաև ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտեր էին նախագծվել: Հիմա այգու կեսը ավտոտնակներ են կառուցել: Իսկ СССР-ի մասին պատմությունները միֆ են, ոչ մի նման բան չի եղել նախագծում: Եթե արբանյակից նայեք 16-րդ թաղամասին, կտեսնեք, որ այդտեղ ոչ մի տառ էլ չկա, ժողովուրդն է հնարել:

Անձնագիր
Աջափնյակը գտնվում է Երևանի հյուսիս արևմտյան մասում։ Զբաղեցնում է 2582 հա տարածք, բնակչության թիվը 108,8 հազար է, այստեղ կա 419 բազմաբնակարան շենք: Վարչական շրջանը զբաղեցնում է Երևանի նախկին Մաշտոցի շրջանի տարածքի հիմնական մասը՝ առանց Դավթաշեն վարչական շրջանի չորս զանգվածի և գյուղի, ընդգրկում է Նորաշեն, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին, Վահագնի, Անաստասավան և Չերեմուշկա թաղամասերը: Աջափնյակում կա 16 մանկապարտեզ, հանրակրթական 20 դպրոց, 1 գիշերօթիկ կրթահամալիր և մասնավոր վարժարան, 1 արհեստակցական ուսումնարան, 1 արտադպրոցական հիմնարկ՝ ՄՊՍԿ, 3 բուհ, 4 գիտահետազոտական ինստիտուտ, 2 երաժշտական դպրոց, 2 գեղարվեստական դաստիարակության կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց, 1 գրադարանային կենտրոնացված համակարգ (3 մասնաճյուղով): Կա նաև 21 արդյունաբերական և 6 շինարարական, ինչպես նաև 1 տրանսպորտային և 3 գյուղատնտեսական ձեռնարկություն, 1 հրշեջ ծառայության կետ, 5 առողջապահական հիմնարկ, 1 ամբուլատոր պոլիկլինիկա, 1 գետնանցում, 9 ապաստարան:

Անվանում
1950-ականներին, երբ Երևանն ակտիվորեն սկսեց ընդլայնվել և անցավ Հրազդան գետի մյուս ափը, այդտեղ ստեղծվեց նոր թաղամաս (այստեղից էլ Աջափնյակ պաշտոնական անվանումը): Չերյոմուշկի (ավելի խոսակցական՝ Չերեմուշկա) թաղամասի անվանումը «տեղափոխվել» է Ռուսաստանից. Մոսկվայի այն հատվածը, որտեղ այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկերն են, ժամանակին ազատ տարածություններ էին, ուր աճում էին թխկենիներ (ռուսերեն՝ «չերյոմուխա»)։

Տեսարժան վայրեր
Թերևս, ամենաուշագրավ տեսարժան վայրը Ծիծեռնակաբերդն է՝ զբոսայգով և Եղեռնի զոհերի հուշահամալիրով, Մարզահամերգային համալիրը և Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգին: Վերջինս հիմնվել է բանաստեղծի 100-ամյակի առթիվ՝ 1970-ին։ Հատկապես մի քանի տարի առաջ տեղի ունեցած վերանորոգումից հետո այն դարձել է քաղաքի ամենահաճելի զբոսավայրերից մեկը:

Երգերում
Կըվառտալում եմ, ես իմ բնում եմ,
Մեկ ռեկըրդսում եմ, կանգնած եմ, շարում եմ,
Տըղեքը վառում են էն, ինչ լավ լըցում են,
Լըցում եմ բառերս, ոնցոր տղեքը վառում են...
— Սև, «Կվառտալում», 2012
Մի փոքր քաղաք Երևանի մեջ
Լիքը մարդիկ մեծ շենքերի մեջ
Ինքը մնում ա նոր ու կմնա,
Մենակ ստեղ մնացողը ինձ կհասկանա,
Կներեք, որ չներկայացա հենց սկզբից,
Խոսում ա Սամին՝ Կվառտալից...
— Սամի, «Իմ քուչես ա», 2013

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 1-2, 2014

Այս թեմայով