02 Մարտ 2014, 13:53
4958 |

Արվեստը 16-ի պատերին

2013 թվականին Երևանի քաղաքապետարանը ներկայացրեց «բարձրահարկ պանելային շենքերի ֆասադների դեկորատիվ գունազարդման յուրօրինակ լուծումները», այդ թվում՝ Աջափնյակի 16-րդ թաղամասի շենքերի օրինակի վրա: Աշխատանքը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից, թեպետ գաղափարն ինքնին ողջունելի է: Նույն թաղամասի արդիականացման մի փոքր այլ լուծում, սակայն, մշակվել էր դեռ մի քանի տարի առաջ՝ ապագա ճարտարապետի դիպլոմային աշխատանքի տեսքով:

Մի քանի տարի առաջ՝ այն ժամանակ դեռ ԵրՃՇՊՀ չորրորդ կուրսի ուսանողուհի Արմինե Շահբազյանը դիպլոմային աշխատանքի շրջանակում որոշեց անդրադառնալ նախկին խորհրդային պետությունների քաղաքների համար շատ արդիական մի թեմայի՝ բնակելի մոդեռնիստական թաղամասերի «վերակենդանացմանը»: «Եթե փորձենք կարճ բնութագրել նպատակը, ապա կարելի է ձևակերպել այսպես՝ իրենց նախկին արժեքը կորցնող բնակելի թաղամասերը դարձնել ավելի հետաքրքիր ու գրավիչ բնակվելու համար, համապատասխանեցնել նոր ժամանակներին», — բացատրում է Արմինեի դիպլոմայինի ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որը նշում է, որ նման մի ծրագիր՝ շատ ծավալուն ու թանկարժեք, 1990-ականներին իրականացվել էր Բեռլինի արևելյան հատվածներում:

16-րդ թաղամասի հատակագիծը
16-րդ թաղամասի հատակագիծը

Որպես «փորձադաշտ» ընտրվեց Աջափնյակի 16-րդ թաղամասը, այսպես կոչված՝ «Կվառտալը»՝ «որպես էդ տեսակ թաղամասերից ամենահետաքրքիրներից մեկը, բայց միևնույն ժամանակ՝ ամենաքննադատվածներից մեկը», ինչպես նշում է նախագծի հեղինակը: Փորձ արվեց, պահպանելով արդեն գոյություն ունեցող կառույցներն ու քաղաքային հյուսվածքը, իրականացնել որոշ ճարտարպետական ու քաղաքաշինական միջամտություններ, որոնց արդյունքում թաղամասը կդառնար ավելի բարվոք ու հաճելի բնակության համար: «Նմանատիպ թաղամասերի յուրահատկություններից մեկը, որը թելադրված էր ժամանակով և գաղափարախոսությամբ, անհասկանալի մեծ ու ոչ ոքի չպատկանող տարածքներն են, — պատմում է Արմինեն, — մինչդեռ այսօր շատ ավելի տրամաբանական կլիներ դարձնել դրանք շենքերի համատիրությունների սեփականությունը: Ցավոք, այդ ինստիտուտը մեզ մոտ առայժմ չի ձևավորվել»:

Երկրորդ խնդիրը Երևանն ու Աշտարակը կապող Շիրազի փողոցն էր, որի երկու կողմում չմտածված կերպով ինչ-որ առևտրական-հասարակական օբյեկտներ են զբաղեցնում: Մինչդեռ այդ ճանապարհով են մտնում Երևան, այնպես որ՝ տարածքն ունի հանրային նշանակություն: Առաջարկվեց այդ բլոկը զբաղեցնել IKEA-ի տիպի մեծ առևտրական կենտրոնով, իսկ եղած շենքերը մի փոքր գեղեցկացնել: Արմինեի գաղափարի համաձայն՝ ճակատների վրա պետք էր այնպիսի փոփոխություններ նախագծել, որպեսզի մինիմալ ներդրումներով ստացվի մաքսիմալ արդյունք: Եվ ամբողջ ճակատով մեկ պատված հսկայական պատկերազարդումները (նախնական տարբերակներից մեկը գունային պալիտրայով լուծումներ, բայց հետո որոշվեց ճակատները զարդարել համաշխարհային արվեստի կարևոր ստեղծագործություններով) ոչ միայն գեղագիտական խնդիր էին լուծում, այլև դրական ազդեցություն էին ունենում էներգախնայողության վրա՝ որպես հավելյալ շերտ՝ մի փոքր ավելի ջերմադիմացկուն դարձնելով պանելային շենքերը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 1-2, 2014

Այս թեմայով