14 Փետրվար 2014, 16:25
2291 |

Համարյա հայտնիները. լռակյաց նիմֆուհին

Մարիան աչքի է ընկնում ոչ միայն շինեյդօ'քոնորյան սանրվածքով, այլ երևանյան կյանքի լավագույն միջոցառումների կիզակետում հայտնվելու եզակի ունակությամբ: Երիտասարդ նկարչուհու hամար Երևանը գիշերային Տերյան, Պուշկին և Փարպեցի փողոցներն են: Նա սիրում է վայելել թե՛ կետրոնի հինգհարկանի տուֆե շենքերի, թե՛ Մալաթիա-Սեբաստիայի և Չարբախի բարձրահարկերի լռությունը: Այսքանով լռակյաց նիմֆուհու Երևանը չի սահմանափակվում, նրա երջանկության մյուս էլեմենետները պարզեցինք արդեն միասին:

Մարիա Լազարյան, 17, նկարիչ


Ամանորի նախաշեմին Մարիան ֆեյսբուքյան էջում գրեց, որ երազում է շուն ունենալ, սակայն դժվար թե Ձմեռ Պապը այդքան բարի գտնվի: Ինչքան մեծ էր նրա զարմանքը, երբ մի քանի ժամ անց զանգահարեց ծանոթներից մեկն ու խնդրեց բակ իջնել: Ռոնալդը, ինչպես կոչվեց նորաթուխ չորքոտանի ընկերը' Մարիայի լավագույն ձեռքբերումներից է:


Ռետրո սրճարանի պաստառները, պատերն ու աթոռները վինտաժին սիրահարված Մարիային տեղափոխում են տասնամյակներ առաջ: Ռետրոյամոլ աղջիկը հավանում է նաև սրճարանի այցելուներին' հիմնականում հետաքրքիր արվեստաբաններ, լրագրողներ կամ պարզապես հաճելի մարդիկ, ովքեր լրացնում են սրճարանի համն ու հոտը:


Փոքր կենտրոնի նեղլիկ բակերում ճխտված նորակառույց բարձրահարկերը կարող են նաև դրական էմոցիաներ փոխանցել: Մաշտոցի պողոտայի այս շենքից հիասքանչ տեսարան է բացվում մայրաքաղաքի լավագույն շինություններից մեկի' Օպերայի վրա: Բացի դրանից, ըստ կտուրամոլ նկարչուհու, վերևից ամեն ինչ կատարյալ տեսք ունի:


Նանայի ու լայմի համադրությունն ու հյութային համը Մարիային վաղուց են գերել: Դեռ չորս տարի առաջ նանայասերն ըմպում էր ոչ ալկոհոլային մոխիտո, տարիներին զուգահեռ սկսեց խմել դրա ռոմով տարբերակը:


Հայաստանի ազգային պատկերասրահի պատերը յուրօրինակ գեղեցիկ են ոչ միայն ներսից' բազմաթիվ կտավների շնորհիվ, այլև դրսից: Սա այն սակավաթիվ շենքերից է, որտեղ մինչև օրս կա հին քաղաքի բույրը և մթնոլորտը: Շենքը քաղաքի սիմվոլներից է, և մարիան հավատում է, որ տարիներ անց այն նույնպես չի վերածվի հյուրանոցի:


Մարիայի վարպետ' նկարիչ Տիգրան Ասատրյանի արվեստանոցում հրաշքներ են տեղի ունենում: Նկարում է հիմնականում հետույքներ. Մարմնի այս մասի վրա համարձակ նկարչուհու ուշադրությունը գրավեց «Սեր.դրախտ» ֆիլմը: Հազարավոր տղամարդկանց համար գեղեցիկ կնոջ գեղեցիկ ազդրերն իսկական դրախտ են:


Սպենդիարյան փողոցը առանձնահատուկ է իր դատարկությամբ: Գտնվելով քաղաքի ամենակենտրոնում' նրան միաժամանակ հաջողվում է խուսափել բանուկ անցուդարձից ու մնալ միստիկ:

 

Այս թեմայով