25 Փետրվար 2014, 15:25
2614 |

Վերջին հայ կոնդորը

Արամ Պաչյանը պատմում է տարիներ առաջ Պաբլո Ներուդայի՝ Երևանի կենդանաբանական այգի կատարած այցի և վեհ կոնդորի հետ հանդիպման մասին:

Մեծ Հայքի տարածքով շատ ու շատ հրոսակախմբեր են անցել, հնձաններում կույսեր են նահատակվել, արմավենու թփերով պատված անապատականներ են ճգնել, ու տոթ եղանակին ճանապարհորդներ են քայլել: Անցյալում, և գուցե ներկայում, մեծ պոետի համբավ վայելող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, չիլիացի Պաբլո Ներուդայի «Խոստովանում եմ՝ ես ապրել եմ» գրքում «Հայաստան» վերնագրով ակնարկ կա, ուր, պարզվում է' նրա քսենոֆոնյան սանդալի հետքը ժամանակին ևս դրոշմվել է մեր հայոց հինավուրց աշխարհի մաշկին և դրոշմվել է մի շատ յուրատիպ ձևով:

«Հայաստան» բաբախուն բառն արդեն շատ բաների մասին խոսող ու ամեն ինչ ասող տաքարյուն չիլիացու ոդիսականի սկիզբն է կանխորոշում: «Մենք ժամանեցինք Հայաստան, լեգենդար աշխատասեր Հայաստան», — կոմունիստի եղբայրական կարևորությամբ է իր ակնարկը սկսում Ներուդան: Ակնարկի ոճը, որով առաջնորդվում է Ներուդան, նման է ռայկոմի կին քարտուղարի կոստյումի' առանց ավելորդ ասեղնակարերի ու գրպանների:

Սովետական Հայաստանին և հայերին ուղղված գովաբանությունների ու մեծա րանքների տարափն ասես պլենումի հերթական նիստերից մեկում հնչած ուղերձ լինի: Ներուդան չի մոռանում թուրքերին, որոնք դարերի ընթացքում չեն զլացել տանջել ու քրքրել հայ ազգի միսն ու հոգին: Այնուհետև սկսվում է տեսարժան ու սրբազան վայրերի այցելությունը և դրանց սիմետրիկ նկարագրությունը: Մանվածագործության ֆաբրիկայում տքնող հազարավոր հայ աշխատավորները ալեկոծում են պոետի երևակայությունը: Շուտով նա հպանցիկ վկայում է, որ եղել է հայկական բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում, հետո վերադառնում է պայծառ ներկայությանը:

Հաջորդ կանգառը Սևանի հիդրոէլեկտրակայանն է: Տագնապով նա խորհում է Սևանի ջրերի ապագայից և ընդմիջմանը թերևս կիտրոնի բարակ շերտիկներով համտեսում Գեղամա ծովի իշխանը: Լրագրողների այն հարցին, թե որ եկեղեցին է ամենաշատը տպավորվել, Ներուդան կատակում է. «Սևանի հիդրոէլեկտրակայանը»:

Եվ վերջապես պատվիրակությունը հասնում է Երևան ու կենդանիների նկատմամբ թուլություն ունեցող բանաստեղծին ուղեկցում մեր հռչակավոր գազանանոց: Ներուդան միանգամից փնտրում ու գտնում է իր համերկրացուն' հարավ-ամերիկյան Անդերի տերուտիրական կոնդորին: Կոնդորը, վանդակի մի անկյունում հորանջելով' սկեպտիկ մի հայացք է նետում պոետի ուղղությամբ, հուսահատեցնելով երկար ճամփա անցած ու հեռավոր մի տարածությունում հայրենակցին հանդիպած մարդուն: Նա մտածում է, որ կոնդորն անհույս կարոտախտի մեջ է դեպի հայրենի լեռներն ու ջրերը: Բայց Պաբլոյի մտքով անգամ չի անցնում, որ իր աչքերին դինջ հայացք նետող կոնդորը պարզապես հայ է դարձել ու աշխարհին ճաղերի հետևից հայի աչքերով է նայում:
Մտածեցի' տեսնես հիմա մեր գազանանոցում կոնդոր կա: Զանգ տվեցի:
— Բարև ձեզ:
— Բարև:
— Գազանանոցի՞ց է:
— Այո:
— Կոնդոր ունեք:
— Ի՞նչ ...
— Կոնդոր:
— Էդ ի՞նչ ա ...
— Թռչուն ա...
— Մի րոպե… Չէ, չունենք:

Վազգեն Սարգսյանի ակնարկներից թե պատմվածքներից մեկում մի հրաշալի կտոր կա, որտեղ խոսվում է արտասահմանցի կովերի մասին, որոնք Հայաստան տեղափոխվելուց ու մի քանի ամիս ապրելուց հետո լրիվ հայ են դառնում. ղռերում խելառի պես անկանոն տռճիկ են տալիս, քարերի արանքներից դուրս պրծած մացառ արածում, ժամերով սիգում են արևի տակ, վերջում էլ ինֆարկտից մեռնում են:

Եվ ուրեմն, Ներուդայի տեսած թռչունը ոչ թե Հայաստանի գազանանոցում ապրած վերջին կոնդորն էր, այլ վերջին հայ կոնդորը: Մի կերպ իր մեջ հաղթահարելով ականատեսի թախիծը' Ներուդան մոտենում է ամազոնյան գետակինճի վանդակին: Ի զարմանս Ներուդայի' քնած գետակինճը հանկարծ արթնանում է (համաձայնեք, որ դժվար թե աղմուկի տակ քնելը մեկին, թեկուզև անազատության մեջ ապրող խեղճ ու կրակ կենդանու համար հաճելի լինի):

Գազանանոցի տնօրենը նրան հարցնում է' արդյոք չի՞ ուզենա վայելել գետակինճի լողը: «Իհարկե», — համաձայնվում է բանաստեղծը: Խեղճ կենդանուն երկարամյա ազատազրկումից հետո հնարավորություն է ընձեռվում հովանալու ու լող տալու արհեստական լճակում: Վերջում գազանանոցի տնօրենը խոնավ աչքերով հավաստիացնում է Ներուդային, որ գետակինճին ոչ մի անգամ այսքան ուրախ չի տեսել: Հետագայում էլ չտեսավ. Պաբլո Ներուդայի այցը երևանյան գազանանոց ամազոնյան գետակինճի կյանքի միակ երջանիկ ակնթարթն էր. նա այլևս երբեք չլողացավ:

«Հայաստան» ակնարկի կուլմինացիան բանաստեղծի պատվին Հայաստանի գրողների միությունում տրված ճաշն է: Պատվավոր ճաշի ընթացքում Նոբելյան մրցանակակիրը պատմում է գազանանոցում իր անցկացրած հրաշալի ակնթարթների մասին, որին Գրողների միության նախագահը պատասխանում է. «Պետք էր միանգամից Գրողների միություն ժամանել, այստեղ կգտնեիք ինչ ուզում եք' առյուծներ ու վագրեր, աղվեսներ ու փոկեր, արծիվներ ու օձեր, ուղտեր ու թութակներ»:

Քրքջում են բոլորը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով