17 Մարտ 2014, 02:50
2909 |

Խաղ ու պար

Ի՞նչ է մեր կյանքը: Մի խելացի մարդ ասել է՝ խաղ: Հիշելով այդ կարգախոսը և խաղալու մեծ ցանկություն ունենալով, «ԵՐԵՎԱՆԸ» փորձել է շրջել քաղաքով` պարզելու, թե քաղաքի որ փաբերում ու ակումբներում ի՞նչ տեսակի խաղեր կարելի է գտնել:

«Ուշադրություն, սև արկղ…»
Հինգշաբթի, ժամը՝ 21:30: Irish pub-ում ասեղ գցելու տեղ չկա: Այսօր մարդիկ այստեղ հավաքվել են ոչ միայն բարձր երաժշտություն լսելու կամ իռլանդական գարեջուր խմելու համար: Փաբում անսովոր լռություն է տիրում: Այցելուները շշուկով փորձում են հասկանալ, թե ի՞նչ հնարքի է դիմել 1940 թվականին մի լուսանկարիչ, որպեսզի սըր Ուինսթոն Չերչիլը դեմքի լուրջ արտահայտություն ընդունի: Առաջին հայացքից անսովոր այս տեսարանն արդեն մի քանի տարի է ինչ կրկնվում է ամեն շաբաթ՝ երիտասարդները եկել են հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին մասնակցելու համար:

Խաղի անփոփոխ վարող Ստեփան Սմբատյանը հիշում է, որ 4 տարի առաջ, երբ Irish-ը նոր էր բացվել, ընկերների հետ այստեղ էր եկել ու մասնակցել մի անգլերեն quiz-ի: Տպավորությունն առավել քան թույլ էր: «Մոտավորապես այսպիսի հարցեր էին տալիս՝ «ո՞րն է Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ նավթարդյունաբերական ընկերությունը» կամ «քանի՞ տարեկան հասակում է մահացել Աուգուստո Պինոչետը»: Վարդգեսին՝ Irish Pub-ի տիրոջը, ասացի, որ կարող եմ ավելի հետաքրքիր խաղեր կազմակերպել, բայց ռուսերեն լեզվով: Շուտով կլինի արդեն չորս տարի, ինչ մենք ամեն հինգշաբթի այստեղ անցկացնում ենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը: Սկզբում վարում էինք ընկերոջս հետ, հետո՝ նրա ժամանակի պակասի պատճառով, ես մնացի միակ վարողը»,— պատմում է Ստեփանը:

Irish-ում անցկացվող խաղը, բնականաբար, տարբերվում է դասական հեռուստատեսայինից: Այստեղ այն ավելի նման է հանրաճանաչ խաղի սպորտային տարբերակին, քանի որ մրցում է ոչ թե մեկ թիմ հեռուստադիտողների հետ, այլ մի քանի թիմեր միմյանց հետ: Մեկ այլ տարբերություն՝ պատասխանները ոչ թե միանգամից են տրվում, այլ խաղի վերջում: «Մեզ մոտ բաժանվում են թերթիկներ, որոնք համարակալված են 1-ից 20-ը և որոնց վրա գրված է թիմի անունը: Թիմերը լրացնում են այն ըստ հարցերի ու վերջում հանձնում են ինձ: Ես ստուգում եմ պատասխանները ու հայտարարում հաղթողին՝ այն թիմին, որն ամենաշատ միավորներ է հավաքել», — պարզաբանում է Ստեփանը:

Ինչո՞ւ ռուսերեն: Ստեփանը, նախ և առաջ, նշում է, որ դասական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ռուսալեզու խաղ է: Բացի այդ, հարցերի ձևավորման տեսակետից, ռուսերենը շատ ավելի հեշտ է: «Մի քանի անգամ վարել եմ խաղը հայերեն: Այդ դեպքում, բոլոր հարցերը պետք է կա՛մ ինքս կազմեմ, կա՛մ եղածները թարգմանեմ: Հարցերի մի մասը ես եմ գրում, մյուսները՝ փոխանակում եմ խաղի տարբեր հեղինակների հետ, որոնք կան գրեթե ողջ հետխորհրդային տարածքում: Հաճախ 20 հարցը փոխանակում եմ նույն քանակությամբ այլ հարցերի դիմաց: Այդ պարագայում ես կարող եմ միանգամից փոխանակված 20 հարցերն օգտագործել և խաղին պատրաստվելը խլում է ինձնից մոտ 2-3 ժամ: Իսկ եթե նաև թարգմանեմ, ապա արդեն կգնա 5-6 ժամ», — ասում է Ստեփանը:

Շողիկ Վարդանյանը հայկական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի «գիտակներից» մեկն է: Նա խաղի «մեջ է» արդեն 8 տարի: «Մեզ մոտ' Սլավոնական համալսարանում, գործում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի խմբակ: Սկսեցի հաճախել այնտեղ և հենց առաջին կուրսում ընդգրկվեցի համալսարանի հավաքականում», — պատմում է նա: Շողիկը սկսեց հաճախել իր թիմով Irish մոտ մեկ տարի առաջ, չնայած մինչ այդ էլ տարբեր ընկերների հետ գալիս էին խաղալու հաճույքի համար:

«Ի տարբերություն պրոֆեսիոնալ ակումբների, այստեղ պարզապես խաղալ ցանկացող մարդիկ կարող են ուժերը փորձել «գիտակների» հետ: Անկեղծ ասած, փաբում շատ ավելի հաճույքով եմ խաղում, քան սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ակումբում կամ առաջնությունների ժամանակ. մթնոլորտն ավելի հանգիստ է ու անմիջական», — անկեղծանում է Շողիկը: Հեռուստատեսային խաղի մասնակցելու բավականին մեծ փորձ ունենալով, Շողիկը կարծում է, որ Irish-ում հարցերը միշտ հետաքրքիր են և համեմատաբար թեթև, և դա լավ է, քանի որ այնտեղ բոլորն էլ գալիս են հանգստանալու համար:

Ի դեպ, սըր Ուինսթոնի մասին հարցը. լուսանկարիչը՝ հայազգի Յուսուֆ Քարշը, վարչապետի ձեռքից վերցրել էր նրա սիրելի սիգարը, ինչն էլ, բնականաբար, առաջացրել էր Չերչիլի զայրույթը:

Կինո, կինո, կինո
Irish-ում խաղում են ոչ միայն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»: Ամեն կիրակի այստեղ անցնում է նաև «Կինոման» խաղը, որտեղ իրենց ուժերը կարող են փորձել համաշխարհային կինոյի սիրահարները: Ի տարբերություն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի, «Կինոմանը» չունի այդպիսի երկար պատմություն:

«Կինոմանի» հաղորդավար Արա Չարչյանը պատմում է, թե ինչպես ծնվեց գաղափարը. «Ժամանակին Երևանի ակումբներից մեկում կինոների quiz էր անցկացվում, բայց մի տեսակ էն չէր: Ճիշտ պատասխան գտնելու համար մրցույթի մասնակիցները պետք է կինոների մեջ այնպիսի մանրուքներ նկատած լինեին, որոնց սովորական դիտողը դժվար թե ուշադրություն դարձներ: Ես փորձեցի հեշտացնել մրցույթը, ավելացնել հարցերի քանակը»:

«Կինոմանը» բաղկացած է 4 փուլից: Առաջինը՝ մեջբերումների ստանդարտ հավաքածուն է: Երկրորդը՝ տարբեր տեսակի հարցեր են, որոնք կազմվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի տրամաբանությամբ, սակայն միայն կինոյին են վերաբերում: Երրորդը՝ սաունդթրեքներն են: Այստեղ մի պայման կա՝ չպետք է լինի որևէ գործիքային հնչյուն, միայն՝ երգը, քանի որ հակառակ պարագայում, գուշակելը շատ ավելի հեշտ է դառնում: Եվ վերջապես՝ կադրեր ֆիլմից՝ սքրինշոթներ: Դրանք, Արայի համոզմամբ, դուր են գալիս բոլորին անխտիր. «Անգամ եթե թիմը չի պատասխանել որևէ հարցի, այս փուլում միանգամից լսվում են ուրախ ճիչեր՝ «ես գիտեմ սա ինչ է», «ես երեկ սա դիտել եմ»:

«Ամենադժվարը սաունթրեքների ընտրությունն է: Դա վերաբերում է հատկա-պես ժամանակակից ֆիլմերին. մի երգը ամեն երկրորդ ֆիլմում կրկնվում է: Ես փորձում եմ անել այնպես, որ մրցույթի ժամանակ նման օրինակներ չլինեն», — բացատրում է հաղորդավարը:

Մի անգամ էլ Արան որոշեց փորձ անել և կինոների փոխարեն անցկացնել վիկտորինա ամերիկյան և լատինաամերիկյան սերիալների վերաբերյալ. «Զարմանալի է, բայց տեսա, որ դրանք շատ ու շատ ավելի ճանաչված են: Երբ, օրինակ, միացրեցի Նատալիա Օրեյրոյի «Վայրի հրեշտակի» սաունդթրեքը, մի աննկարագրելի աղմուկ ու ուրախություն առաջացավ, քանի որ բոլորը հիշեցին իրենց մանկությունը: Մոտ ժամանակներս անպայման կրկին նմանատիպ էքսպերիմենտ կիրականացնեմ: Կմիացնեմ «Ստրկուհի Իզաուրայի», «Կասանդրայի» սաունդթրեքները, թող նստեն, վերհիշեն…»:

Մելոմանյակները
Beer Academy-ի անունն ինքը խոսում է իր մասին: Բայց ամեն հինգշաբթի այստեղ կարելի է ոչ միայն գարեջուր խմել, այլև «Մելոման» խաղալ: Այդ օրերին գրեթե բոլոր սեղանները զբաղված են լինում, իսկ մարդկանց հայացքները դեպի «բեմ» են ուղղված, որտեղից խաղը վարում է Էդուարդ Փեշտմալջյանը:

«2011 թվականի սեպտեմբերից մեկ այլ ակումբում արտ-մենեջեր էի աշխատում: Գաղափարների կարիք կար, ուզում էի մի բան ստեղծել, ինչն ամեն շաբաթ կարելի էր օգտագործել: Քանի որ ինքս էլ եմ երաժիշտ, միշտ ցանկացել եմ իրագործել ռուսական «Կռահիր մեղեդին» հեռուստավիկտորինայի պես մի բան: Ընկերներով հաճախ խաղում էինք ու որոշեցինք ընդլայնել ձևաչափը՝ տեղափոխվելով փաբ ու ներգրավելով այլ մարդկանց: Այդպես, 2011-ից վարում եմ այս խաղը, Beer Acad-emy տեղափոխվեցինք անցած տարվա դեկտեմբերից», — ասում է Էդուարդը:

Կանոնները հետևյալն են. սեղանին նստած խմբերը լսում են երգի մի հատված, փորձում են կռահել կատարողին ու երգը և վաստակում են միավորներ: Ընդհանուր առմամբ, լինում է 2 փուլ և 24 երգ: Առավելագույն միավորներ հավաքած երեք թիմերը ստանում են մրցանակներ: Բացի այդ, ամեն խաղի օրը ֆեյսբուքում անցկացվում է օնլայն բլից-մրցույթ, որտեղ մասնակիցներից պահանջվում է կռահել օրվա երգը և առաջինը տալ ճիշտ պատասխանը. հաղթողները ստանում են բոնուսային գարեջուր և չիփսեր Beer Academy-ից:

«Մեր խաղը բավական հանգիստ է անցնում, — բացատրում է Էդուարդը, — փորձում ենք ոչ թե «ճնշել» երաժշտությունով, այլ ավելի շատ «ֆոն» լինել, բայց միևնույն ժամանակ՝ այնպես անել, որ մարդիկ ներգրավված լինեն խաղի մեջ»: Խաղի ընթացքում մարդիկ կարող են շփվել, գարեջուր խմել, բայց զուգահեռ նաև փորձում են գուշակել հնչող մեղեդիները: Արդեն ձևավորվել են «մելոմանյակ» թիմեր, որոնք ամեն շաբաթ պարտաճանաչ գալիս են և շաբաթվա լավագույններին որոշելու համար:

«Ես փորձում եմ այնպես անել, որ տարբեր երաժշտական ժանրերի ու ժամանակաշրջանների միջև հավասարակշռություն պահպանվի, և խաղն ուղղված լինի մարդկանց հնարավորինս լայն շրջանակի: Ժանրն էլ բոլորովին կապ չունի' միացնում եմ և՛ ժամանակակից հիթեր, և՛ փոփ, և՛ սոուլ, և՛ բլյուզ, և՛ ռոք: Նաև լինում են հատուկ թեմատիկ խաղեր' «90-ականներ», «սաունդթրեքներ» և այլն», — պատմում է Էդուարդ Փեշտմալջյանը:

Եվ իսկապես, Էդուարդի փլեյլիսթում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ սկսած Metallica-ից ու Rolling Stones-ից, վերջացրած Ռոբի Վիլյամսով ու Moby-ով:

«Բոլորը փակում են աչքերը»
Ժամանակին Երևանում բավականին մեծ թվով մաֆակումբներ բացվեցին' վայրեր, որտեղ կարելի էր ընկերներով հավաքվել և «մաֆիա» խաղալ: Բայց, կարծես թե, որքան շուտ բացվեցին, այդքան էլ շուտ փակվեցին: Սակայն խաղի սիրահարներին չարժե հուսահատվել. «կարմիրներով» «սևերի» հետ մրցելու մի քանի վայր, այնուամենայնիվ, քաղաքում հնարավոր է գտնել: Դրանցից մեկը մի քանի ամիս առաջ բացված Hinchada Sport բարն է:

Մտնելով բար, մի փոքր խորքում կարելի է հայտնաբերել հատուկ սրահ, հարմարեցված հենց «մաֆիայի» համար: Սեղանի շուրջ մոտ 9-10 հոգի են նստած և փորձում եմ կռահել, թե ո՞վ է իրենցից «կարմիր», իսկ ով՝ «սև»: Եվս 5-6 հոգի հետևում են իրադարձությունների զարգացմանը, անհամբեր սպասելով իրենց հերթին… Ամեն ինչ լուրջ է՝ գիշերը խաղացողները դիմակներ են հագնում, և բարձր երաժշտություն է հնչում, որպեսզի խլացնի «մաֆիայի» շարժումներն ու աղմուկը:

Hinchada-ի մենեջեր Արմինե Դավթյանը «մաֆիայի» գրեթե բոլոր խաղերի անմիջական մասնակիցն է: Քիչ առաջ նա լքեց խաղասեղանը, խոստովանելով, որ ինքը «դոնն» էր: «Խաղը սկսեցինք անցկացնել մեզ մոտ անցյալ տարվա նոյեմբերից՝ մեր բացումից 2-3 շաբաթ անց, — պատմում է Արմինեն, — Ես անձամբ շատ եմ սիրում այդ խաղը և ունեմ բազմաթիվ «մաֆիա» սիրող ու խաղացող ընկերներ: Մենք խաղալու տեղ չունեինք: Այո, Երևանում կան մի քանի մաֆակումբներ, սակայն դրանք չէին բավարարում մեր պահանջներին: Այդպես որոշեցինք շաբաթը մեկ անգամ՝ հիմնականում ուրբաթ օրերին, այստեղ հավաքվել և վայելել մեր սիրած խաղը»:

Կարո՞ղ է արդյոք ցանկացած մարդ ակումբ գալ և «մաֆիա» խաղալ: Արմի-նեն ասում է, որ ցանկացած մարդ կարող է գալ և, վճարելով 1000 դրամ մուտքի գումար, խաղալ ամբողջ երեկոյի ընթացքում՝ 7-ից մինչև առավոտվա 3-ը: «Իհարկե, եթե գալիս է մարդ, որն ընդհանրապես տեղյակ չէ խաղից և կանոններից, ես նստում եմ նրա կողքին, որպեսզի նա հետևի մի քանի խաղի և սովորի: Դրանից հետո թույլտվություն եմ հարցնում խաղի մասնակիցներից՝ իրենք դեմ չե՞ն, որպեսզի այդ մարդը միանա խաղին, և նա մուտք է գործում անմիջական խաղ»:

Hinchada-ում, սակայն, արդեն վաղուց ձևավորվել է «մաֆիայի» սիրահարների բավականին մեծ ակումբ, և գրեթե բոլորը միմյանց ճանաչում են: Արմինեն պատմում է, որ դասական «մաֆիայի» ժամանակ սեղանի շուրջ կարող են նստել 10 հոգուց ոչ ավելի: Բայց այստեղ գոյություն ունի նաև «մեծ խաղ» հասկացողությունը: Դրա ժամանակ կան ոչ միայն ավանդական «կարմիրներ» ու «սևեր», այլ նաև «բժիշկներ», «մանյակներ», «սերժանտներ» և այլն: Այդ պարագայում մրցում են արդեն ոչ թե 10, այլ 18 հոգի, և խաղը կարող է տևել մինչև 3-4 ժամ: Իմիջիայլոց, Hinchada-ում խաղի ժամանակ մարդիկ կարող են հանգիստ և՛ սուրճ կամ գարեջուր խմել, և՛ ծխել, և՛ սենդվիչ ուտել: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին չի խանգարում:

PS
Եվ այսպես, ի՞նչ կարող ենք փաստել: Quiz-երի ու զանազան խաղերի սիրահարները հիմնականում կարող են ընտրություն կատարել վերոհիշյալ ցանկից: Կարծես թե ընտրությունը այդքան էլ մեծ չէ: Բայց, ինչպես տեսնում ենք, բոլոր խաղերի նախաձեռնողները մեզ պես երիտասարդներ են, որոնց միակ առավելությունը եղել է իրենց ցանկությունն ու կրեատիվ մոտեցումը: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է, և եթե մի հետաքրքիր գաղափար կա, պետք է անպայման փորձել այն կյանքի կոչել: Ի վերջո, չմոռանանք, որ մեր ողջ կյանքը մի մեծ և հետաքրքիր խաղ է:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N5, 2013

Այս թեմայով