20 Հունվար 2014, 09:26
4112 |

Երբ բոլորը չեմպիոն են

Հայաստանում արդեն հաշվվում է Street Workout-ով զբաղվող հինգ հարյուր հոգի, ավելին, արդեն մի քանի ամիս է՝ գործում է Հայաստանի Street Workout-ի և Streetlifting-ի ֆեդերացիան, որի նպատակն է մարդկանց մեջ արթնացնել մարզվելու ցանկությունը:

Տոնական իրարանցումից հետո դժվար է հանդիպել մի մարդու, ով գտնվում է լավ մարզավիճակում, քանի որ քիչ են ամանորի սեղանների կողքով անտարբեր անցնողները: Սակայն մեր զրուցակիցները գտնվում էին հրաշալի մարզավիճակում: Ավելորդ կիլոգրամներ կամ բազմոցային կենսակերպ՝ սա նրանց համար չէ, տղաներն ակտիվորեն զբաղվում են Street Workout-ով՝ բակային մարզումներով: Ամեն ինչ պարզ է. յուրաքանչյուրիս բակում էլ կարելի է հանդիպել զուգաձողերի և պտտաձողերի: Պարզապես ոչ բոլորը գիտեն, որ բակում մարզվելով՝ կարելի է հասնել որևէ արդյունքի ու ձեռք բերել շատերի կողմից երազանք դարձած որովայնի մկաններ: Ժամանակն է փոխել այս կարծրատիպը ու արթնացնել մեր մեջ քնած չեմպիոնին:

21-ամյա տնտեսագետ, բարձրահասակ ու ամրակազմ, անունը՝ Արթուր: Արդեն հինգ տարի է՝ այս երիտասարդը զբաղվում է բակային մարզումներով, հարևաններն արդեն գիտեն, թե կոնկրետ որ ժամերի բակում կարելի է ականատես լինել Արթուրի մարզումներին: Ամեն ինչ սկսվեց համացանցում մի հոլովակ դիտելուց, որտեղ ամերիկացի մի խումբ երիտասարդներ ցույց էին տալիս, թե ինչպես կարելի է բակային պայմաններում մարզվել: Տեսավ ու որոշեց, նաև մտածեց, որ կարելի է սեփական օրինակով վարակել նաև մյուսներին: Արթուրը բացատրեց՝ որն է Street Workout-ի և պրոֆեսիոնալ սպորտի տարբերությունը. «Street Workout-ի ժամանակ մարդիկ մարզվում են ցանկացած միջավայրում, սա անվճար է ու անվնաս: Հարկավոր է պարզապես հաղթահարել ծուլությունն ու օրվա քսան րոպեն հատկացնել մարզումներին»:

Street Workout-ը կարևոր դեր խաղաց Արտակի կյանքում, նա մանկուց մարզվում էր ու երազում դառնալ գիմնաստ, սակայն չստացվեց: Արտակը մտածեց՝ ինչպես կարելի է իրագործել վաղեմի երազանքն ու, անկախ ամեն ինչից, զբաղվել գիմնաստիկայով: Բակային մարզումներն եկան օգնության, այստեղ կիրառվում էին նաև գիմնաստիկային բնորոշ հնարքներ: Այդուհանդերձ, Արտակը խորհուրդ չի տալիս բակային պայմաններում կիրառել սպորտին բնորոշ հնարքներ. «Հիմա շատ տարածված է Солнышко կոչվող հնարքը, ու շատերն են փորձում այն կրկնել, բայց խորհուրդ չի տրվում, որովհետև դրա համար հատուկ պատրաստվածություն է անհրաժեշտ»:

Տղաները պրոֆեսիոնալ սպորտին առաջարկում են այլընտրանք: Եթե ժամանակ չունեք գնալու մարզասրահներ, ապա կարող եք մարզվել տանը՝ հատակին հրումներ անելով կամ համապատասխան եղանակին՝ ձեր բակերում: Ի դեպ, Հայաստանում արդեն հաշվվում է Street Workout-ով զբաղվող հինգ հարյուր հոգի, ավելին, արդեն մի քանի ամիս է՝ գործում է Հայաստանի Street Workout-ի և Streetlifting-ի ֆեդերացիան, որի նպատակն է մարդկանց մեջ արթնացնել մարզվելու ցանկությունը: Նույնիսկ հայաստանյան առաջնություն է անցկացվել, որին մասնակցել է մոտ երկու հարյուր հոգի՝ Հայաստանի ութ քաղաքներից: Տղաներն ասացին, որ այս տարի հասցրել են լինել Հայաստանի տարբեր քաղաքներում և Լեռնային Ղարաբաղում, սեփական փորձով մարդկանց ցուցադրել, թե ինչպես կարելի է բակային պայմաններում մարզվել ու հասնել զգալի հաջողությունների: «Ես բնակվում եմ Հրազդանում, դպրոցի բակը մեզ շատ մոտ է, բազմիցս տեսել եմ, թե ինչպես են տղաները դասերից հետո մարզվում: Ավելի լավ է 15 րոպե ուշ գնալ տուն մարզվելու պատճառով, քան նրբանցքներում ծխելու», - համոզված է Արթուրը:

Հայաստանի Street Workout-ի և Streetlifting-ի ֆեդերացիայի տղաներն իրենց հաշվին գրանցած այլ հաջողություններ ևս ունեն: Դրա վառ ապացույցն են հոլովակները, որտեղ նրանք պարզապես ճախրում են օդում և անում այն ամենը, ինչը կարելի է տեսնել միայն ամերիկյան ֆիլմերում: Իսկ այս տարվա հուլիսին նրանք Հայաստանը ներկայացնելու են Ղազախստանում Street Workout-ի աշխարհի առաջնությանը:

Այս թեմայով