13 Հունվար 2014, 13:50
2099 |

Մեր գործն էլ մի գործ չի

Ո՞րն է Ձմեռ պապ լինելու առավելությունն ու ի՞նչ տեսան այս տարի Երևանի փողոցներում անծանոթներին զվարճացնող Ձմեռ պապիկները:

Ամանորի գիշերը հարբած հայրիկներից մեկը Ձյունանուշիս նեղացնում էր, բանը հասավ նրան, որ ոստիկանները հայրիկին բաժին տարան, իսկ երեխային մենք տուն տարանք. կարևորը՝ երեխան երջանիկ էր:

***

Տարվա մեջ երկու շաբաթ աշխատում եմ որպես Ձմեռ պապ՝ ամենաերջանիկ ու ամենադժվար օրերն են: Այս տարի դեկտեմբերի 30-ին, երբ տնից դուրս էի գալիս, 4-ամյա որդիս կանգնեցրեց ինձ.
- Պապ, գիտես էս տարի Ձմեռ պապուց ի՞նչ եմ ուզելու. որ Նոր տարվա գիշերն ինքը գա մեր տուն, խաղա ինձ հետ, արտասանեմ՝ իր ուզածով նվեր տա:
Այս տարի էլ երեխայիս երազանքը չկատարվեց, ժամ առ ժամ գրանցած պատվերներ ունեի:

***

Երբ իմանում են, թե մեզ հետ նկարվելն արժե 1000 դրամ, սկսում են բողոքել՝ «հո թալան չի՞»: Օրվա մեջ ամենաշատը 15 նկարվող է լինում՝ գումարը կիսում ենք երեքիս մեջ՝ իմ, Ձյունանուշի և ֆոտոխցիկի տիրոջ: Օրվա մեջ ամենաշատը 5000 դրամ ենք աշխատում՝ առավոտյան ժամը 10-ից մինչև գիշերվա 1-ը կանգնելով դրսում: Ի դեպ, այս տարի կինս մի շիշ շամպայնով հունվարի 1-ին հրապարակ էր եկել՝ Նոր տարիս շնորհավորելու:

***

Այս տարի շատ ցուրտ էր Ձմեռ պապերի համար: Հունվարի 2-ին երեկոյան ժամը տասի կողմերն էր, ես ու Ձյունանուշս սառել-կպել էինք սառույցին, ոտքերիս ծայրերն այնպես էին ծանրացել՝ ասես իմը չէին: Որոշեցինք գնալ մոտակա սրճարաններից մեկն ու արագ մի բաժակ թեյ խմել: Մտանք ներս՝ պատվիրեցինք, թեյի հետ սենդվիչ էլ ուզեցինք, հարմար մի տեղ հենց նստեցինք, մեկ էլ երկու պուճուր մեզ նկատեցին:
- Մամ, տե՛ս, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Մամ, հիմա ինձ նվեր կտան, չէ՞: Մամ, ո՞նց, Ձմեռ պապը սենդվի՞չ պիտի ուտի:
Արագ թեյ խմեցինք ու դուրս եկանք, իսկ երեխաները լացում էին, առանց նվեր էին մնացել:

***

Հայր ու որդի էին քայլում, մոտեցա ու առաջարկեցի նկարվել: Հայրն ասաց, որ այդքան գումար չունի և մինչև տղային ինձնից պոկելով ու նախատելով ուզում էր առաջ գնալ, երեխան հասցրեց գրպանս մի բան դնել: Նամակ էր՝ Ձմեռ պապուն ուղղված. Մի պահ զարմացա՝ ես ինչ կապ ունեմ: Երեկոյան տանը կարդացի: Տղան մարզից էր, 2-րդ դասարանցի, Ձմեռ պապուց իր հագով վերարկու էր ուզում, որովհետեւ ինքը դպրոց է գնում ավագ եղբոր վերարկուով, որը շատ մեծ է իր համար, դասարանում ծաղրում են, ամաչում է կողքը նստող Գոհարիկից, ում սիրահարվել է: Հետադարձ հասցե միայն գյուղի ու իր անուններն էր նշել:
Մի շաբաթ դրսում ցրտահարվելուց ու բոլորին «Էստի համեցեք» կանչելուց հետո կարողացա իմ վաստակած գումարով գնել բարբի տիկնիկ, որն իմ աղջիկն էր ուզել ու հաստ վերարկու՝ անծանոթ տղայի համար:

***

5 տարեկան աղջիկ էր, գրկեցի, որ նկարվենք: Նկարվելուց միրուքս քաշեց ու սկսեց լացել. «Մամ, ապերը ճիշտ էր ասում՝ Ձմեռ պապն իսկական չի, ձյաձյա ա մեջը»: Ու ամենավատն էն էր, որ այդ պահին մեր շուրջը լիքը երեխաներ կային, որոնք նույնպես սկսեցին լացել: Հանկարծ հիշեցի Մուրադ-Ձմեռ պապին, որի միրուքն իսկական է, կանչեցի օգնության, փորձարկեցինք, երեխան հավատաց՝ Ձմեռ պապ գոյություն ունի, ուղղակի ես ծեր եմ ու միրուքս սկսվել է թափվել:

***

Ինձ համար Ձմեռ պապ լինելու թիվ մեկ առավելությունն այն է, որ ինձ երբեք ոչ ոք չի հարցնում, թե ինչպե՞ս եմ դիմավորել Ամանորը:

***

Նոր տարվա օրը լուսադեմին հոգնած, մինչև ոսկորներս սառած տուն մտա, գնացի վառարանի մոտ ու սկսեցի հանվել: Ոտքերս մրմռում էին, ես էլ՝ տնքտնքում. երեխաս քնից զարթնեց, եկավ ուշադիր ինձ նայեց.
- Հա, հասկացա, պապ: Փաստորեն Ձմեռ պապը հենց դո՞ւ ես:

Այս թեմայով