27 Դեկտեմբեր 2013, 19:43
2258 |

2013-ի համալրումները Երևանի փողոցներում

Անցնող տարվա ընթացքում Երևանում հայտնվեցին նոր «բնակիչներ»:Հանուն արդարության, սակայն, արձանագրենք, որ նրանց մեծ մասը տեղ է զբաղեցրել քաղաքի կենտրոնում միայն, իսկ ծայրամասերը «յոլա են գնում» հներով, թարմացված հներով կամ հների պես հասարակ նորերով: 2013-ին Երևանում հայտնված նորեկներից մի մասի մուտքը սպասված էր ու ջերմ ողջույնի արժանացավ, մյուսներն անկոչ հյուրի պես խցկվեցին քաղաքի փողոցներ, մի քանիսն էլ պարզապես ստվերում մնացին: Որո՞նք էին տարվա նորաթուխ «երևանաբնակները»:

Էլեկտրոնային հուշարարներ
Նոր Նորքում հայտնվել են փողոցների անունների էլեկտրոնային ցուցանակներ: Գայի պողոտայի խաչմերուկներում տեղադրված ցուցանակներն աշխատում են հետևյալ սկզբունքով. վազող կարմիր տառերով գրվում է փողոցի անունը երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն,անգլերեն, հետո նույն վազող տողով գալիս է տարածքում գտնվող կարևոր նշանակության հաստատության անվանումը, օրինակ՝ «ոստիկանություն, полиция, police»:


Ապահովագրող ավտոբուսներ
Ամեն տարի ավտոբուսների թվաքանակի աճը հուսադրում է՝ գազելային ստորացուցիչ մշակույթը Երևանում միգուցե մի օր հիմնովին վերանա: Ու թեև բոլոր ուղևորներն էլ տրանսպորտը լքում են ճմրթված, ճխլված, ավտոբուսից օգտվողները ունեն ակնհայտ առավելություն՝ «ապահովագրված» են մեջքացավից:


Ոչ թե նարնջագույն, այլ սև հեղափոխություն
Սև կանգառների մուտքն անսպասելի ու մի քիչ էլ տարօրինակ էր շատերի համար: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ քաղաքում կամաց-կամաց սկսվում էր ձևավորվել կանգառային կարգուկանոնը, Երևանի բոլոր համայնքներում հայտնվեցին միատեսակ «նարնջի» կանգառները: Հատուկենտ սև կանգառները տեղադրվել են միայն Մաշտոցի պողոտայում:


Գեղումը երեք պառավ կար, երկուսը՝ մեռած, էն մեկի բերանումն էլ իսկի շունչ չկար
Կանգառների տարածքում տեղադրված էլեկտրոնային չվացուցակները թույլ են տալիս ենթադրել. փաստորեն կա լավատեսական հայացք, որ մի օր Երևանում տրանսպորտային համակարգը կաշխատի ըստ չվացուցակի: Աշնան սկզբին գործարկված սարքերի մեծ մասը, մինչև օրս տեխնիկապես է կաղում՝ կամ «պրոֆիլակտիկայի» փուլում են, կամ էլ՝ «unable to connect to the internet»: Չվացուցակների հետ էլ խնդիր կա. դրանք նախատեսված են միայն հայերեն իմացողների համար: Իհարկե հնարավոր է հասկանալ, թե որ համարի ավտոբուսը քանի րոպեից կժամանի, բայց թե տվյալ համարը ինչ երթուղի ունի, միայն Աստծուն, մեկ էլ հայերին է հայտնի:


Հեծանվորդի սրտի դարմանը
Վերջին տարիներին Երևանում հեծանվային շարժումը լայնորեն տարածվեց: Քաղաքում հայտնվեցին մեկ-երկու նոր հեծանվակայանատեղիներ: Սակայն դրանք իրենց չարդարացրեցին: Քաղաքում առավել «հարգի» են այն վայրերը, որտեղ մարդ հանգիստ խղճով կարող է իր հեծանիվը կայանել՝ լինի դա այգի, սրճարան, թե փաբ:


Կարմիր գծերի փողոց
Ավտոկայանատեղիները այն «նորեկներից» էին, որ ի սկզբանե քարկոծվեցին սպառողների կողմից: Հարկադրված ծախսերն ու պահումները չխրախուսվեցին, բացի այդ վճարման համակարգից օգտվելը ոչ բոլոր վարորդներին է մատչելի:


Սրճե՞նք ոտի վրա
Մի բաժակ տաք սուրճը վերջին օրերի սառնամանիքին միգուցե մի փոքր տաքացնի: Տեսականին մեծ է՝ սուրճ, շոկոլադ, թեյ, անգամ տաք ջուր, գներն էլ մատչելի են: Թե բախտդ բերի ու տվյալ պահին սրճեփի էկրանը սարքին լինի, կկարողանաս սուրճը պատրաստվելու ընթացքում ճաշակել մի կտոր տեսահոլովակ: Բայց չզարմանաք, եթե օրինակ Թումանյան փողոցի կես կիլոմետր հատվածում 3 սրճեփ մեքենա հանդիպեք. չէ՞ որ սա կենտրոնի ամենակենտրոնն է: Արվարձաններում փողոցում սուրճ չեն խմում: 


Էլի գովազդ, նորեն գովազդ
Երևանը երբեք աչքի չի ընկել ժամացույցների առատությամբ: Այս տարի ինտենսիվորեն փորձում էին բացը լրացնել: Գաղափարը, իհարկե, ողջունելի է, բայց իրագործումը… «Երկուսը՝ մեկում» հնարքի կիրառման արդյունքում ժամացույցից առավել աչքի է ընկնում ներքևի հատվածում փակցված գովազդը. վաղուց կիրառված և աշխատող մեթոդ: Էլ չասած, որ ժամացույցերն էլ նորմալ չեն աշխատում: Բայց դա էլ հոգ չէ. XXI դարում յուրաքանչյուրն իր գրպանում առնվազն մեկ «ժամացույց» ունի: Կարևորը գովազդն էր, որն իր «սև» գործը հասցրեց անել:


Կեցցե՛ բազմազանությունը
Փողոցների անունների նոր ցուցանակները մատնանշում են նաև ուղղությունները դեպի մոտակայքում գտնվող կարևոր վայրեր՝ թատրոն, կինոթատրոն, թանգարան և ոչ միայն: Միակ «բայցն» այն է, որ Երևանում փողոցների անուններով ցուցանակների տեսականին չափազանց մեծ է՝ խորհրդային տարիներից մնացած ռուսալեզու նմուշներից մինչև դարի պահանջին հարմարեցված էլեկտրոնայինները:


Ո՞ւր գնալ ի՞նչ նայելու
Տարբեր բնույթի գովազդային, ինչպես նաև հայտարարությունների վահանակների կողքին Երևանում վերջապես հայտնվեցին այլ բովանդակությամբ վահանակներ: Դրանցում պտտվում է քաղաքի մշակութային անցուդարձի մի մասը՝ երբ և որտեղ կարելի է ներկա լինել վերջին ներկայացումներին ու ֆիլմերի ցուցադրությանը: Մնում է այնպես անել, որ վահանակի վրա յուրաքանչյուր հայտարարություն հայտնվի մեկ օրինակով՝ չձանձրացնելու և ընտրության հնարավորությունը ընդլայնելու նպատակով:


Սա էլ՝ բոնուս
Նրանք 2013-ի Երևանի հյուրերն են, բայց եկած-չեկած տան տիրոջ պես հարմար տեղավորվել են քաղաքի նստարաններին: Սառցե ժպիտով փորձում են մի քիչ ջերմություն հաղորդել ցուրտ ու մռայլ քաղաքին: Քաղաքի բնակիչները հասցրել են սիրել նրանց, նկարվել կողքին ու զետեղել սոցցանցերում:

Այս թեմայով