27 Դեկտեմբեր 2013, 17:37
2568 |

Էլ չեմ անի

Ներողություն խնդրելը բարդ գործ է, ոչ բոլորին հասու: Մեկ իրավիճակը պատեհ չի, մեկ՝ տրամադրությունը, մեկ էլ՝ համարձակությունը չի բավականացնում: ImYerevan-ն ընձեռում է լավագույն հնարավորությունը տարեմուտին ընդառաջ մաքրել մեղքերը՝ ներողություն խնդրել այս տարի գործած շոշափելի կամ աննշան սխալի համար: Առաջինն այս հնարավորությունից օգտվեցին տարբեր ոլորտների հայտնի դեմքերը:

Շուռ Դաբավոգ, ճարտարապետ

Ներողություն եմ խնդրում իմ երեխաներից, որովհետև մենք չկարողացանք լուծել մեր երկրի խնդիրները և թողեցինք դա նրանց ուսերին: Չստացվեց: Ու նաև ներողություն եմ ուզում խնդրել իմ թավջութակից, որովհետև այս տարի չկարողացա բավականաչափ պարապել:

Տիգրան Ջրբաշյան, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն

Ես ինձնից եմ ներողություն խնդրում: Բանն այն է, որ տարեցտարի, նաև՝ այս տարի, զարմանալու կարողությունը պակասում է, ամեն ինչ ծանոթ է, ամեն ինչ արդեն եղել է: Ու գնալով ավելի ես գնահատում այն, ինչ օգնում է ուրախանալ: Հուսանք, որ առաջիկայում կլինեն նոր իրադարձություններ, որոնց արդյունքում կունենանք զարմանալու շատ առիթներ։ 

Սերգեյ Սմբատյան, դիրիժոր

Այս տարին հագեցած էր համերգներով, կցանկանայի ներողություն խնդրել ընտանիքիս անդամներից, որ քիչ ժամանակ եմ հատկացրել նրանց: Ամանորը կարևոր տոն է, հուսով եմ՝ կկարողանամ բաց թողածս լրացնել:

Ռուդոլֆ Խառատյան, գլխավոր բալետմեյստեր

Ես ներողություն կխնդրեի իմ աշխատանքից, իմ երկրից, քանի որ շատ ավելին կուզեի անել, սակայն չեմ հասցրել:

Սամվել Մարտիրոսյան, մեդիափորձագետ

Ես գլոբալ չեմ խորհի, ներողություն կխնդրեմ իմ անձից: Այս տարի ես ինտերնետում անցկացրեցի ավելի շատ ժամանակ, քան կարիք կար, ներողություն եմ խնդրում իմ կյանքից անիմաստ ծախսած ժամանակի համար:

Նարեկ Մարգարյան, երգիծաբան, «ԱրմՔոմեդի»  քաղաքաերգիծական հաղորդման համահեղինակ

Ներողություն եմ խնդրում բոլոր այն կինոստուդիաներից, որոնց ֆիլմերը ապօրինի կերպով ներբեռնել եմ իներնետից: Ինչպես նաև այն երգիչներից, որոնք ոչ մի կոպեկ չեն ստացել ինձնից, մինչդեռ ես ամբողջ տարի վայելել եմ նրանց աշխատանքը:

Սերգեյ Սարգսյան, երգիծաբան, «ԱրմՔոմեդի»  քաղաքաերգիծական հաղորդման համահեղինակ

Ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքական գործիչներից, ում չեմ հասցրել կամ քիչ եմ հասցրել անդրադառնալ այս տարի: Կաշխատեմ բացը լրացնել 2014-ին:

Արամ Պաչյան, արձակագիր

Ես մարդկանցից ներողություն չէի խնդրի: Ինքս ինձից եմ ներողություն խնդրում: Ավելին չեմ ասի:

Վիգեն Չալդրանյան, կինոռեժիսոր

Ուզում եմ ներողություն խնդրել մորիցս, որ ծննդյանս օրը, Ամանորն ու Սուրբ Ծնունդը իր հետ չեմ լինելու ու հեռախոսով չեմ շնորհավորելու: Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր անտուններից և քաղցածներից, որ ապաստարան չեմ տվել իմ տանը, չեմ կիսել հացն իմ հանապազօրյա նրանց հետ, որովհետև կյանքի իմաստը ծառայելու մեջ է, ոչ թե ծառայեցնելու, կյանքի իմաստը սիրո մեջ է, ոչ թե անտարբերության:

Գագիկ Շամշյանֆոտոլրագրող

Ներողություն կխնդրեմ իմ բոլոր մեղքերի համար: Անսխալական մարդ չկա: Ներողություն խնդրելն էլ ամոթ չէ: Եթե սխալվում եմ, միշտ ներողություն եմ խնդրում, թաքուն մտնում եմ եկեղեցիկ ու մոմ եմ վառում:

Նարինե Թուխիկյան, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն

Ներողություն կխնդրեի մեր հասարակությունից, որ քաղաքացիական հասարակության ձևավորմանը ակտիվ չեմ մասնացել, միշտ չեմ եղել ակտիվստներին կողքիվ ու չեմ մասնացել բոլոր ակցիաներին, բայց հոգով միշտ նրանց հետ եմ եղել:

Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ

Ես ներողություն եմ խնդրում հորիցս, մորիցս, ու գյուղում ապրող ընտանիքիս անդամներից, որ այս տարի շատ քիչ եմ իրենց այցելել: Նաև աղջկանիցս, որ քիչ եմ նրա հետ խաղացել:

Ավետ Բարսեղյան, երգահան

Տարին լավ ու հանդարտ է անցել: Երևի ներողություն կխնդրեմ միայն ընտանիքիս անդամներից նրանց քիչ ժամանակ հատկացնելու համար:

Այս թեմայով