27 Դեկտեմբեր 2013, 16:49
2398 |

10 մշակութային կարծիք Հայաստանի մասին

Համաշխարհային հռչակ վայելով արտիստները՝ զոհված երեխաների գործած գորգերի, խաղաղության կղզյակի, քարե աշխատասիրության ու ծիրանե գարեջրի մասին:

2013-ին Հայաստանում էին համաշխարհային ճանաչում ունեցող շատ մշակութային գործիչներ: Նրանցից յուրաքանչյուրը այցելության ընթացքում Հայաստանի և հայերի մասին արտահայտեց իր զգացածը: Ոմանք անկեղծ պատմություններ պատմեցին, ոմանք զարմացան, ոմանք էլ գուցե պարզապես հաճոյացան մեզ:
Մարտի 15-ին առաջին անգամ Հայաստան ժամանեց ավագ սերնդի կանանց սիրահար, հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը: Նրա խոսքով՝ 45 տարի սպասել է հայաստանյան այցին: «Կյանքում շատ հայերի եմ հանդիպել, որոնք ասում էին' Խուլիո, մեկ անգամ էլ մեկ երկիր այցելիր: Հիմա ես այստեղ եմ: Ինձ Հայաստանի մասին պատմողներից մեկն էլ իմ վաղեմի ընկեր Շառլ Ազնավուրն է: Ինձ շատ տարիներ չեն մնացել ապրելու, իսկ Հայաստանում չլինել չէի կարող: Սա հրաշք երկիր է»:

Հունիսի 15-ին Արամ Խաչատրյանի անվան դահլիճում 120 րոպե բեմում էր հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին: Բեմ բարձրանալուն պես նա ասաց. «Իմ տեսած ամենագեղեցիկ բեմերից է»: Հայաստանում նա եղել էր դեռևս Խորհրդային տարիներին և երկրում կատարված փոփոխությունները զարմացրեցին նրան. «Ուրախ եմ, որ հրեաների պես աշխարհով մեկ սփռված հայերն էլ ունեն իրենց հայրենիքը: Դուք ապրում եք այստեղ, այս վայրում. այս քաղաքը հիսաքանչ է, քարը' նույնպես: Ձեր Հայաստանում ապրող հայերի աշխատասիրությունն էլ է քարից, ամեն ինչն է քարից: Շատ դժվար աշխատանք է' ամեն ինչ քարից անելը»:

 

Հունիսի 16-ին Հայաստանում էր լեգենդար ДДТ ռոք խմբի հիմնադիր Յուրի Շևչուկը: Դեռ 1988-ի երկրաշարժից հետո Շևչուկը ցանկություն է ունեցել գալ Հայաստան, սակայն ոչ մի կերպ չի ստացվել: 2011-ին իր հարցազրույցների ժամանակ Շևչուկը նշել էր, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում համերգ ունենալու ցանկություն չունի. «Այնտեղ չկա համապատասխան սարքավորում, գնալը ձեռնտու չէ։ Հակառակ դեպքում, այնտեղից կվերադառնամ առանց վարտիքի: Այս երկրներում երիտասարդություն չի մնացել»: Սակայն իր հայաստանյան այցելության ընթացքում և հատկապես համերգից հետո երաժիշտը պարզաբանեց. «Երբ 1990-ականներին ելույթ ունեցանք Վրաստանում, շատ էինք ցանկանում նաև Հայաստան գալ, բայց այն ժամանակ ինչ-որ մեկը մեզ ասաց, որ Հայաստանում երիտասարդություն չկա, բոլորը մեկնել են: Հավանաբար՝ կատակ էր, բայց մենք այն լուրջ ընդունեցինք: Հիմա եմ հասկանում, թե ինչքան ենք սխալվել: Դուք հիանալի երիտասարդություն ունեք: Հայաստանը հզորագույն մշակույթով և ավանդույթներով երկիր է»:

 

Հունիսին Հայաստանում էր աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Մինչև Երևան գալը Մոնսերատն Արցախում էր: Երգչուհին հատկապես ոգևորված էր, որ կարող է գտնվել Մայր Աթոռ Ս.Էջմիածնում: Նա Հայաստան կատարած իր այցը անվանեց ուխտագնացություն և նշեց. «Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ եք»:

 

«Ես երբեք չեմ մոռանա այս օրերը». Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տարի հայերեն լեզվով ասաց Վլադիմիր Սպիվակովը: Նա Հայաստանի հին ընկերներից է: Նոր ասելիք Հայաստանի մասին չուներ, փոխարենը կիսվեց հիշողություններով. «Երբեք չեմ մոռանա «Վիրտուոզներ» խմբի ելույթը ավերված քաղաքի կանգուն մնացած թատրոնի բեմում 1989-ի գարնանը: Իմ տանը պահվում են ինձ համար թանկարժեք, իմ սրտին շատ մոտ իրեր՝ ձեռագործ գորգեր, որոնք ես ստացել եմ Գյումրիում 1989-ի համերգի ժամանակ. դա մի փոքրիկ գորգ էր, որի վրա ծաղրածու էր պատկերված: Երկրաշարժին մահացած երեխաների ձեռքի գործն էր: Տասը տարի անց ես մեկ փոքրիկ գորգ էլ նվեր ստացա՝ այս անգամ երկրաշարժի օրը ծնված երեխաների ձեռքով պատրաստված: Դրանք ես սրբության պես եմ պահում»:

 

Նոյեմբերին Հայաստանում էր հանրահայտ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Նա նշեց, որ միշտ էլ բախտավորություն և օրհնություն է երաժշտի համար գտնվել այն երկրում, որն ունի Արամ Խաչատրյան. «Պատիվ է ինձ համար ձեր պատմությանը մոտենալ' գտնվելով Հայաստանում: Հայկական մշակույթը շատ եմ արժևորում. սիրում եմ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», միշտ ցանկացել եմ կատարել այն, սակայն, դեպքերի բերումով երբեք կյանքի չի կոչվել երազանքս»:

 

«Ես իմ խոստումը կատարեցի» ,- բեմից իր առաջին խոսքերն ուղղեց հանդիսատեսին աշխարհահռչակ երաժիշտ Յաննին: «Ես չեմ կարող չգալ Հայաստան. 2011-ին Երևանում կայացած իմ համերգը ես համարում եմ իմ կարիերայի ամենալավ պահերից մեկը: Բացի այդ նվագում եմ աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի հետ: Նա իմ ճանաչած ամենալավ հայն է»,-պատմեց երաժիշտն ու ավելացրեց՝ հայկական մշակույթն այնքան տաք է, որ ոտքն այստեղ դնելուն պես տրամադրությունը բարձրանում է:

 

Հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին առաջին անգամ Հայաստան էր այցելել Տոնինո Գուերայի շնորհիվ: Այս տարի երաժիշտը կատարեց իր երրորդ և չորրորդ այցելությունները Հայաստան: «Կուզեի տարին գոնե մեկ անգամ ելույթ ունենալ Հայաստանում, քանի որ իրոք վայելում եմ այս երկիրը»:

 

Հոլանդացի կինոռեժիսոր Յոս Սթելինգը հետ չի մնում Պիետրոդարկիից: Նա նույնպես իր չորրորդ այցելությունը կատարեց Հայաստան: Ստելինգը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այնքան է եղել, որ իրեն արդեն իր տանն է զգում.«Թեև իմ ֆիլմով եվրոպական շատ երկրներով եմ շրջագայել, բայց «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես սիրտս սկսեց թրթռալ, կարծես հայրենիք էի վերադառնում: Ամենից շատ սիրում եմ հայկական ծիրանն ու գարեջուրը: Չեմ հասկանում՝ ինչու Հայաստանում չկա ծիրանի գարեջուր»,-կիսակատակ-կիսավրդովված բողոքեց ռեժիսորը:

 

Սեպտեմբերին Հայաստանում էր աշխարհի թիվ մեկ ալտահար Յուրի Բաշմետը: Հայաստանը նա ասոցացնում է դուդուկի հետ: «Ես խենթանում եմ, երբ լսում եմ այդ գործիքի ձայնը: Մոտ 15 տարի առաջ այստեղ ես հիացա դուդուկով: Եվ ալտի ու դուդուկի համատեղմամբ համերգներ ունեցանք: Տիեզերական էր, անկրկնելի: Դուդուկն անմահ է: Առհասարակ, Հայաստանը շատ եմ սիրում և ամեն անգամ վառ տպավորություններով եմ հեռանում այստեղից: Եղել են դեպքեր, երբ ինքնաթիռը սպասում էր, բայց ես չէի ուզում հեռանալ: Էլ չեմ խոսում իմ հայ ընկերներից՝ Էդուարդ Միրզոյան, Դավիթ Խանջյան»:

Այս թեմայով