25 Դեկտեմբեր 2013, 12:33
2705 |

Այնտեղ հասնում է միայն Հայ Ձմեռ պապը

Հիմնադրամը փորձում է կոտրել դրական փոփոխությունների անհնարինության մասին հասարակության մեջ տարածված կարծրատիպը:

Համագործակցելով լրատվամիջոցների հետ՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ոչ միայն արձանագրում է աղքատությունը, այլև դրա հաղթահարման ճանապարհներ փնտրում՝ կամուրջ ստեղծելով օգնության կարիք ունեցող և օգնելու պատրաստ մարդկանց միջև:

Ընտանիքներից մեկի համար տուն է կառուցում, նորոգում մյուսի տան տանիքը, կթու կով հատկացնում, կազմակերպում երեխաների կամ ծնողների բուժումը, հոգում օժտված երեխաների կրթության մասին, գազաֆիկացնում մեկի բնակարանն ու մյուսի համար աշխատանք գտնում: «Բարեգործությունը մեծահոգություն չէ. դա յուրաքանչյուրիս պարտականությունն է», «Կարթ, ոչ թե ձուկ», «Օգնիր և օգնություն կստանանաս». այսպիսիս սկզբունքների շուրջ է հավաքում «Հայ Ձմեռ պապ»-ն իր շահառուներին ու գործընկերնեին:

Դեկտեմբերի 25-ի երեկոյան՝ ժամը 8-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ամեն տարվա պես հիմնադրամն ամփոփելու է նախորդ տարվա աշխատանքի արդյունքն ու ներկայացնելու նոր պատմություններ, որոնց ուրախ ավարտը կախված է մտահոգ ու բարի մարդկանցից: 2012-13 թվականներին «Հայ Ձմեռ պապ»-ն իր ամբողջ ներուժն ուղղել է Հայաստանի սահմանամերձ գյուղեր, ԼՂՀ և առաջին անգամ հասել Ջավախք: Թեև փոքրիկ ֆիլմերով ներկայացված 7 ընտանիքների պատմությունների շուրջ աշխատանքները հիմնականում կծավալվեն 2014-ին, բայց որոշակի ծրագրեր անցնող տարում արդեն իրագործվել են:

Հայաստանում Վրաստանի և Վրաստանում Հայաստանի դեսպանների, երգչուհի Շուշան Պետրոսյանի և ընկերների աջակցությամբ կազմակերպվել է «Դիվանագետներն ու արվեստագետները՝ կարիքավոր ընտանիքներին» բարեգործական համերգ, նկարների ցուցահանդես-վաճառք: «Հասույթները շատ շոշափելի չէին, բայց գաղափարն արդեն կա. մտավորականները, դիվանագետները, բոլոր այն մարդիկ, որոնք իսկապես ցավում են Հայաստանի այսօրվա վիճակի համար, ներդնում են իրենց գաղափարը, ժամանակը, մասնակցությունը, ֆինանսները, օգնում են խնդիրը ներկայացնել, փնտրում ու առաջարկում են դրանց լուծման ճանապարհները»,- ասում է հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը:

Տարբեր ակցիաների միջոցով հնարավոր դարձավ կովեր գնել սահմանամերձ Բաղանիս գյուղում բնակվող ազատամարտիկի ընտանիքի համար, հայրենիքի սահմանն իր ընտանիքի բարեկեցությունից գերադասող մեկ այլ ջավախահայ ազատամարտիկի ընտանիքի, Ջավախքում բնակվող տատիկի և նրա խնամքին մնացած որբ թոռների համար:

«Սրանք կենսագրություններ են, մարդիկ, որոնք իսկապես արժանի են ուշադրության ու խրախուսանքի: Երբ գաղափարը գնահատվում է, և միավորվում են ուժերը, արձագանքն անմիջապես է լինում, և այն մեծ նվեր է դառնում այդ ընտանիքների համար: Հիմնադրամը փորձում է կոտրել դրական փոփոխությունների անհնարինության մասին հասարակության մեջ տարածված կարծրատիպը: Յուրաքանչյուրս պիտի ներդրում անենք, և դա կաշխատի»,-տարիների փորձառությամբ ասում է հիմնադրամի նախագահը:

Աշխատանքի ընթացքում «Հայ Ձմեռ պապ»-ը հասկացավ, որ օգնության կարիք ունեն ոչ միայն ընտանիքները, այլև շատ համայնքներ՝ լքված, մոռացված, մեծ թվով արտագաղթող բնակչությամբ: Հիմնադրամն այս տարի որոշեց ընդլայնել գործունեության շրջանակը և համայնքային օժանդակություն ցույց տալ՝ այսպիսով օգնելով ավելի մեծ թվով ընտանիքների: «Օրանժ Արմենիա» ընկերության հետ հիմնադրամը հաջողել է կյանքի կոչել մեղվաբուծության ծրագիրը՝ 4-ական փեթակ նվիրելով գյուղի 7 ընտանիքների: Հիմնադրամի կարևոր սկզբունքի համաձայն՝ 2 տարի անց այս ընտանիքները պարտավորվում են նույնպիսի նվեր տալ մեկ այլ կարիքավոր ընտանիքի: «Հայ Ձմեռ պապ»-ն այս համայնքում իր առաքելությունն ավարտված չի համարում:

«Վազաշենում 1 500 հեկտար հողատարածք անմշակ է ՝ նշանառության տակ, բայց տնամերձ հողակտորներն անգամ շատ բերրի են: Այստեղ կարելի է պտղաբուծություն զարգացնել, չորանոց դնել և զբաղվել չրի արտադրությամբ: Հայկական չիրը համաշխարհային շուկայում շատ պահանջված է»,- ասում է տիկին Արմինեն:

Մինչ այս գաղափարները կգտնեն իրենց համախոհներին, Նոր Տարվա նախօրեին «Հայ Ձմեռ պապ»-ը նորից կուղևորվի Վազաշեն: Անապահով ընտանիքների երեխաներից կազմված Մեծամորի «Փալանչո» թատերախումբը կաջակցի Վազաշենի և հարևան սահմանամերձ գյուղերի երեխաներին՝ ներկայացնելով ամանորի ուրախ ծրագիր: Քաղցրավենիքներով լեցուն տոպրակների հետ երեխաները կստանան նաև Մանուկների Աստվածաշունչ և «Փոքրիկ իշխանը» գիրքը:

Այս թեմայով