24 Դեկտեմբեր 2013, 18:30
6608 |

7 նորաբաց սրճարան, որտեղ կզգաք՝ ինչպես տանը

2013-ին Երևանում մի շարք նոր սրճարաններ բացվեցին: ImYerevan-ը կազմեց նորեկների ցանկը:

 


Գեղարվեստական վայր
 «Վան Գոգ» արտ-սրճարանը Թումանյան փողոցում բացվեց 2013-ի սկզբին: Պատերը զարդարող հայ նկարիչների օրիգինալ գործերն հաճելի տրամադրություն են ստեղծում: Վայրը հատկապես կհավանեն նրանք, ովքեր ուզում են փաբային, աղոտ լուսավորված միջավայր, ու կարևորը՝ առանձին սրահ չծխողների համար: «Վան Գոգ»-ն այդ դեպքում հաջող ընտրություն է, առավել ևս, որ այստեղ հաճախ են կազմակերպվում զանազան ցուցահանդեսներ և, ով գիտի, հերթական այցելության ժամանակ գուցե նոր հեղինակ բացահայտեք ձեզ համար:


Մեծ չափաբաժին առանց ծխի
 Retro սրճարանի մի մասնաճյուղը Կասկադում բացվել էր դեռևս 2010-ին: Ծխելու հետ սեր չունեցող հաճախորդների համար իր փոքրիկ չափերի պատճառով այդ սրճարանը երբեմն նիկոտինով կամավոր թունավորվելու էր նմանվում: Տարեսկզբին սրճարանի նոր մասնաճյուղ բացվեց Մաշտոցի պողոտայում, որտեղ չծխողներին առանձին հատված հատկացվեց: Բացի բարեհամբույր սպասարկումից և աշխատելու համար անխափան wi-fi-ից, Retro-ն ուրախացնում է իր ուտեստների մեծ չափսերով. հաստատ սոված չեք մնա: 


Դեղին փողոցի տասներկու աթոռները
Ամռան սկզբին շատերը ափսոսացին, երբ փակվեց Սպենդիարյանի «Ելոու սթրիթը», այն արդեն շատերի կողմից էր սիրվել: Բարեբախտաբար, օգոստոսի վերջին սրճարանը կրկին բացեց իր դռները՝ արդեն վերանվանված «Թուելվ թեյբլզ», բայց նույն մտերմիկ միջավայրով և ժպիտներով: Սրճարանը ոչ միայն ծխողների ու չծխողների սրահներ ունի, այլև շաբաթը երկու անգամ չծխելու օր է հայտարարում: Սովածներին անպայման խորհուրդ է տրվում փորձել տնական սպասը, սրճարանի տիրուհու տատիկի ձեռքով պատրաստված տոմատի սոուսը, որը մատուցում են զանազան սենդվիչների ու տարբեր երկարության բագետների հետ, իսկ սուրճի սիրահարներին՝ «Թուելվ թեյբլզ» յուրահատուկ զտված սուրճը՝ կաթով կամ առանց:


Աչաջուրի շատը չի լինում
Սիրահարների այգու «Աչաջուրը» վաղուց արդեն ընտանիքների, սիրահար զույգերի և մեդիտացիա անողների սիրելի վայրերից է: Նոյեմբերին «Աչաջուր» բացվեց փաբաշատ Փարպեցիում՝ այլընտրանք առաջարկելով թե՛ երեկոյան ժամանց փնտրողներին, թե՛ նիկոտինի հակառակորդներին: Ճաշացանկը նույնն է, ինչ Սիրահարների այգում, բարեհամբույր սպասարկումը՝ նույնպես:


Ճերմակ պատերի գաղտնիքը
Կիսամութի և մի փոքր առանձնանալու ցանկության դեպքում հոկտեմբերից կարելի է այցելել Mr. Shadow: Ու թեև Փարպեցիում բացված այդ հաստատությունը ռեստորան է համարվում, բայց միջավայրը շատ ավելի մտերմիկ է: Քարե շարվածքով սյան հետ կոնտրաստ կազմող ճերմակ պատերը, նուրբ լուսավորությունը միանգամայն տրամադրում են կապուչինո վայելելու: Սովածներին հաճելիորեն կզարմացնի ուտեստների գեղեցիկ ձևավորումը:


Գրքեր, նկարներ և պղպջակներով ջուր
Մայիսին նկարիչ Արման Գրիգորյանի ցուցահանդեսն առաջինն էր, որը տեղի ունեցավ «Ականաթ»-ում՝ այն ժամանակ դեռևս պաշտոնապես չբացված ցուցասրահ Կողբացի փողոցում: Նոյեմբերին «Ականաթը» բացվեց որպես ցուցասրահ, սրճարան և գրախանութ: Տարածքը տնական դժվար կլինի անվանել, բայց այն բավարարում է թե՛ արվեստասերների պահանջներին, թե՛ խաղաղ ու լուսավոր վայրում քաղցը հագեցնողներին, և թե լիմոնով թեյը նախընտրողներին, չմոռանանք նաև ընթերցասերներին: Չզարմանաք, երբ ճաշացանկում հանքային ջրի փոխարեն կարդաք «պղպջակով ջուր», իսկ ցերեկվա ժամը 1-ից 3-ը սրճարանը միշտ մատչելի լանչ է առաջարկում:


Մի գավաթ սուրճ՝ կրակի մոտ
Բուխարիի հաճույքը գնահատողների համար Սպենդիարյան փողոցում ապրիլին բացվեց Malocco սրճարանը: Հարմարավետությունն այս սրճարանում ամենուրեք է: Ոչ միայն գեղեցիկ, այլև համեղ ուտելիքը հիասթափեցնում է միայն իր չափաբաժիններով, դրանք բկլիկների համար չեն: Իսկ ահա մի գավաթ սուրճ ըմպելու համար այստեղ միանշանակ արժե գալ՝ ընտրությունը մեծ է, գները՝ մատչելի:

Այս թեմայով