23 Դեկտեմբեր 2013, 10:27
1328 |

7 վայր, որտեղ քարն ունի հատուկ նշանակություն

Քարերը նման են մարդկանց: Ոմանք ուս-ուսի տված կանգնած են պատի շարվածքում ու ունեն մի մեծ առավելություն՝ ամբողջովին զուրկ են, անհատական հատկանիշներից: Ինքնատիպությամբ աչքի ընկնողների թիվը, բնականաբար, շատ փոքր է: Կարելի է երկար վիճել, թե որոնք են ավելի կարևոր, սակայն մի բան պարզ է. լարված նայել ուզում ես միայն երբևէ չտեսած բաներին:

Արգիշտի 1-ի սեպագիրը
Բազալտե այս քարը Երևանի ծննդյան յուրօրինակ վկայականն է: Վրան փորագրված է Ուրարտուի Արգիշտի 1-ին թագավորի սեպագիր արձանագրությունը մ.թ.ա. 782-ին Էրեբունու՝ Երևանի հիմնադրման մասին: Պահվում է Երևանի Էրեբունի թանգարանի տարածքում:


Իմաստության քարը
Մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակների Զորաց քարերը աշխարհի հնագույն մեգալիթյան կառույցներից են: Վարկածներից մեկի համաձայն՝ հին աստղադիտարան են: Երկու մետրանոց մենհիրները՝ ուղղահայաց ու սրածայր քարի բեկորները, կենտրոնում կազմում են կանոնավոր շրջանագիծ: Շատերի գագաթային մասում անցքեր կան: Քարային համալիրը գտնվում է Սիսիանից 3 կմ հյուսիս-արևելք:


Աստվածատուր քարը
Մի անգամ այս ահռելի բեկորը պոկվեց եկեղեցու վերևի ժայռից ու գլորվեց ուղիղ վանքի բակը՝ առանց որևէ վնաս պատճառելու, որևէ շինության կպնելու: Հենց այնտեղ էլ թողեցին ու վրան փորագրեցին անկման թիվը՝ 1975-ի հունիսի 5: Գտնվում է Գեղարդի վանքի տարածքում՝ Երևանից 35 կմ հեռավորության վրա:


Քարե ֆալոսներ
Ֆալոսի պաշտամունքը Հայաստանում տարածված էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում: Այդ ժամանակներից պահպանված քարե ֆալոսների դասական օրինակներ կարելի է տեսնել, ի շարս այլոց, Մեծամորում՝ Երևանից 35 կմ հարավ-արևմուտք:


Քար ու սեղան
Նորավանքի այցելուներն այնքան էին հավանել ճանապարհին գտնվող պատվանդանի նման հսկայական գլաքարը, որ վրան տեղադրել էին սեղան ու աթոռներ: Ամենահամարձակները նույնիսկ բարձրանում էին աստիճանով ու սեղանի վրա ճաշկերույթ անում: Քարը Արփա գետի կիրճում է՝ Ամաղու գյուղից 3 կմ հեռու:


Պորտաքար
Հնում հավատում էին, որ այդ քարն օգնում է չբեր կանանց հղիանալ: Ծեսի ժամանակ կինը պորտաքարի վրա պառկում էր որովայնի կողմով. այստեղից էլ առաջացել է քարի անվանումը: Գտնվում է Սիսիանից 12 կմ հարավ-արևելք:


Քարտեզաքար
Աստղային երկնքի պատկերով քարը Մեծամորի բերդի հնագույն աստղադիտարանի մասն էր: Ստեղծվել է մ.թ.ա. 19-րդ դարում: Գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք:

«Ереван» անսագիր, N10, 2013

Այս թեմայով