17 Հունվար 2014, 12:17
8794 |

Սովորական հիպերպոլիգլոտ

3-ից ավելի լեզուների տիրապետող մարդկանց սովորաբար պոլիգլոտ են անվանում, իսկ նրանց, ովքեր գիտեն 10 ու ավելի լեզուներ, կոչում են հիպերպոլիգլոտ: Լեզուների ակտիվ ու պասիվ իմացության, իռլանդերենը փրկելու, ռուսերեն մտածողության և այլնի մասին պատմում է հիպերպոլիգլոտ լրագրող Արամ Գարեգինյանը:

Քանակի մասին
Համալսարանի առաջին կուրսում լատիներեն էինք անցնում, որն ինձ լավ չէր տրվում՝ խարխափում էի վերջավորություններում, հոլովումներում: Այդ ժամանակ դեռ ցանկություն և լեզուների հանդեպ ձգտում այդքան չկար: Այն առաջացավ երկրորդ կուրսում, երբ սկսեցի ուսումնասիրել իտալերենը, որը և դարձավ իմ սովորած առաջին օտար լեզուն (չհաշված ռուսերենն ու անգլերենը):

Դժվարանում եմ միանշանակ ասել, թե կոնկրետ քանի լեզու գիտեմ, քանի որ տարբեր լեզուների տարբեր մակարդակով եմ տիրապետում: Օրինակ' լատիներեն կարողանում եմ քիչ թե շատ կարդալ: Ընդհանրապես, լեզվին տիրապետելու մի քանի մակարդակ կա: Պասիվ, երբ դու կարողանում ես կարդալ, բայց դժվարանում ես խոսել, և ակտիվ, երբ դու հանգիստ կարդում, գրում, խոսում և ընկալում ես այդ լեզուն: Եթե վերցնենք ակտիվ մասը, ապա, բացի հայերենից, ռուսերենից ու անգլերենից, որոնք մեզ մոտ ավանդաբար չեն հաշվվում, տիրապետում եմ իտալերենի, լեհերենի, սերբերենի, ֆրանսերենի: Ավելի սիրողական մակարդակով գիտեմ կելտերեն լեզուներ՝ իռլանդերեն, բրետոներեն, վալլերեն: Վերջին երկուսը դեռ շատ ցածր մակարդակի վրա են, բայց շարունակում եմ ուսումնասիրել: Եթե խոսենք պասիվ իմացության տեսանկյունից, ապա հասկանում եմ ռումիներեն, ալբաներեն, հոլանդերեն, չեխերեն: Այդ լեզուներով խոսում եմ դժվարությամբ, բայց կարողանում եմ տեքստեր կարդալ և ընկալել իմաստը: Փորձել եմ սովորել թուրքերեն և պարսկերեն, առայժմ այդքան էլ չի հաջողվել: Պարսկերենի պարագայում գործը բարդանում է նրանով, որ իր գրաֆիկան ինձ ծանոթ չէ, իսկ նույն հնչյունը կարող է տարբեր ձևով պատկերվել:

Պատճառների մասին
Սկզբում նոր լեզու սովորելը մարտահրավեր էր: Ուզում էի լեզուն սովորել, որպեսզի ավելացնեմ գիտելիքներիս պաշարը: Բայց հետո հասկացա, որ միայն լեզուն սովորելը առանց երկրի պատմությունը և մշակույթն ուսումնասիրելու, հետաքրքիր չէ: Սկսեցի նաև ֆիլմեր դիտել: Այսինքն՝ կոնկրետ երկրի հետ ծանոթանալն ինձ համար ավելի կարևոր դարձավ: Պետք է նշեմ, որ այդպես լեզուն ուղղակի ավելի հեշտ է սովորել: Կինո նայելը կամ երաժշտություն լսելը շատ ավելի հետաքրքրական է, քան չոր ու ցամաք տեքստեր սովորելը: Օրինակ՝ բոլորս էլ գիտենք, թե որքան շատ մարդ է սովորել անգլերեն՝ շնորհիվ Beatles-ի երգերի: Իտալերեն սովորելիս, իհարկե, ավելի հաճելի է բնագրով դիտել Ֆելինիի ֆիլմերը կամ կարդալ Պիրանդելոյի գրքերը, քան պարզապես սերտել քերականական աղյուսակները:

Մեթոդաբանություն
Լեզու սովորելու միջոցներ իհարկե կան, բայց կարծում եմ դրանք շատ անհատական են: Ես, օրինակ, աշխատում եմ նախ սովորել հիմնական գոյականները: Ապա նաև՝ դերանուններն ու դրանց հոլովաձևերը և, իհարկե, բայաձևերը: Այսինքն՝ այն, ինչ բառարանում չես գտնի: Ամեն դեպքում, հոլովներ ունեցող լեզուներն ավելի քիչ են, հիմնականում՝ սլավոնական լեզուներն են, իսկ դրանց հոլովաձևերը նման են ռուսերենին: Իռլանդերենում, ալբաներենում, ռումիներենում հոլովաձևեր նույնպես կան, բայց դրանց համակարգը լեհերենի կամ սերբերենի պես ճյուղավորված չէ:

Բարդություն
Սլավոնական լեզուներն ավելի հեշտ են, քանի որ և՛ բառերն են նման ռուսերենին, և՛ բայերի ու գոյականների հոլովումները: Բայց այստեղ էլ կան ստորջրյա խութեր: Ինչքան ավելի ես խորանում լեզվի մեջ, այնքան շատանում են արտահայտությունները, եզրույթները, որոնք ռուսերենում չկան: Սակայն դա արդեն երկրորդ՝ավելի բարդ մակարդակն է, երբ դու արդեն մտածում ես ոչ թե բառերով, այլ բառակապակցություններով:

Հիմնականում, ի դեպ, մտածում եմ ռուսերեն լեզվով: Դպրոցում դա ավելի վառ էր արտահայտվում, երբ բարդ տեքստերի վրա սկզբում ռուսերեն էի մտածում, հետո արդեն հայերեն գրում: Հիմա հայերենի տիրապետման մակարդակը փորձել եմ բարձրացնել, քանի որ իմ մայրենի լեզուն է:

Իռլանդերենի մասին
Դեռ ուսանող տարիներին շատ էի կարդում կելտական լեզուների մասին, նրանց հարուստ էպոսները, լեգենդները: Հիշում եմ՝ ինչպես կարդացի մի մարդու մասին, որը բողոքում էր, որ ճամփորդելով Իռլանդիայում, նա որևէ մեկին չգտավ, ում հետ կարողանար իռլանդերեն հաղորդակցվել: Մտածեցի, ինչ ափսոս է, որ այսպիսի գեղեցիկ լեզուն կորչում է, և իռլանդացիներն այլևս չգիտեն իրենց լեզուն: Մտածեցի, որ լեզուն իմանալով, կկարողանամ գոնե իմ ուժերի չափով փրկել այն: Բայց հետո Երևանում մի քանի իռլանդացիների հանդիպեցի, որոնք անգլերենի հետ մեկտեղ գիտեին նաև իռլանդերեն: Ի վերջո, հասկացա, որ իռլանդացիները վերաբերվում են իրենց լեզվին այնպես, ինչպես մենք՝ հայերենին: Իռլանդացիների համար այն արվեստի պես մի բան է: Բացի այդ, երբ սկսում էի սովորել իրենց լեզուն, մտածում էի՝ ինչ հրաշալի կլիներ, եթե կարողանայի իռլանդական կամ վալլեական գեղեցիկ երգերը, սագաները, հեքիաթները, որոնք ժամանակին կարդացել էի անգլերեն, կարդալ հենց բնագրով: Շատ դժվար էր, քանի որ իռլանդերենը նման չէ ոչ մի լեզվի: Բացի այդ, 2007 թվականին, երբ որոշեցի սովորել այն, համացանցի «բումը» Հայաստան դեռ չէր հասել և գրականություն ու դասագրքեր հայթայթելը բավականին դժվար էր:

Օգտակարության մասին
Իհարկե, ցանկացած լեզու պրակտիկա է պահանջում: Իսկ այդ պրակտիկայի ընտրությունը ցանկացած մարդ ինքն է կատարում, կարևոր է, որ այդ աշխատանքը հետաքրքրական լինի, այլ ոչ թե տանջալի: Որքան այն հետաքրքիր է, այնքան ավելի հաճելի, իսկ հաճելին ավելի հեշտ է հիշվում: Այսօր համացանցի առկայության պարագայում շատ հեշտ է ընկերներ գտնել և շփվել նրանց հետ: Դա տարբերակներից մեկն է: Աշխատում եմ, որքան հնարավոր է, շատ կարդալ և լսել: Սակայն դա ինքնանպատակ չէ ինձ համար: Եթե տեսնում եմ լավ կինո օտար լեզվով, ուղղակի նայում եմ հաճույքի համար, այլ ոչ թե լարված հետևում ամեն բառին:

Պարզ է, որ լեզու իմանալով, բան չես կորցնում, այլ միայն շահում ես: Բայց եթե վերցնենք գործնական առումով, ինձ թվում է, որ օտար լեզվի ընտրությունը պետք է պայմանավորված լինի նաև այդ լեզվի օգտակար լինելուց հետագայում աշխատանքի ընթացքում: Օրինակ, եթե մարդը Երևանում աշխատում է ֆրանսիական ընկերությունում, ինչո՞ւ չսովորել ֆրանսերեն: Եթե անգամ նույն օրը դա պետք չգա, ապա հետագայում կարող է շատ օգտակար լինել:

Ապագա
Ես պատրաստվում էի ավելի շատ խորանալ հոլանդերենի մեջ, նաև ուսումնասիրել շվեդերենը, բայց հետո մտածեցի, որ հյուսիսային Եվրոպայի բնակիչները ավելի լավ են տիրապետում անգլերենին, քան, ասենք, արևելյան կամ հարավային եվրոպացիները: Առայժմ նոր լեզու սովորելու միտք չունեմ, կգերադասեմ խորացնել այն լեզուների գիտելիքները, որոնք արդեն քիչ թե շատ գիտեմ: Գիտենք, որ ցանկացած լեզու սովորելը, այդ թվում՝ մայրենին, շարունակական է և երբեք չի ավարտվում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2013

Այս թեմայով