13 Դեկտեմբեր 2013, 15:16
3572 |

Պապ. Ձմեռ պապ

Դերասան Սարգիս Մելքոնյանը արդեն տասը տարի է՝ դիմավորում է Նոր տարին ոչ թե սեփական, այլ ուրիշների տներում: Որովհետև առանց իր ներկայության այդ տներում չի լինի իսկական տոն: Որովհետև ի՞նչ Նոր տարի առանց պապ` Ձմե՛ռ պապ: Այս պատասխանատու գործի նրբությունների մասին՝ նրա «ձմեռպապական» խոսքը:

Ձմեռ պապա
Ընտանիքում երկու զավակի հոր, թատրոնում՝ գայլի, իսկ արդեն տասը տարի է՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը, Ձմեռ պապի դերում եմ: Գայլ ու Ձմեռ պապ եմ խաղում, քանի որ երկուսի դեպքում էլ կարևոր պայմաններից մեկը թավ ձայնն է, իսկ իմ ձայնն այդպիսին է: Կստեմ, եթե ասեմ, թե առաջինը իմ երեխաների Ձմեռ պապն եմ, հետո նոր՝ մյուսներինը: Աղջիկս մի տարեկան էր, կինս թատրոն բերեց՝ ամանորյա ներկայացման: Աղջիկս ճանաչեց ինձ ու ամբողջ թատրոնով մեկ վազում էր հետևիցս ու գոռում՝ «պապա՜»:

Սովորաբար, տոներին բարեկամներով հավաքվում ենք մի տեղ, ուտում-խմում ենք, իսկ վերջում կերպարանափոխվում ու նվերների պարկով մոտենում եմ երեխաներին: Ճիշտ է, տոնական օրերին բոլորն ինձանից ինչ-որ բան են սպասում՝ նվեր, հրաշք, անակնկալ… Բայց ես այնքան հոգնած եմ լինում, որ չեմ էլ հասցնում մտածել, թե ես ինքս ումից ինչ ուզեմ:

Բոլորը փորձում են Նոր տարին դիմավորել տանը՝ ընտանիքի հետ, իսկ ես արդեն տասը տարի է՝ տանը չեմ դիմավորում Նոր տարին. միշտ ուրիշների տանն եմ: Հենց զանգերն ավետում են Նոր տարին, միանգամից հիշում եմ, որ ես էլի´ դրսում մնացի, էլի տանը չեղա: Կինս ու երեխաներս արդեն սովորել են դրան. նույնիսկ չեն էլ նեղվում:

Պապ, ոչ թե Սանտա
Անկեղծ ասած, բացի գումար աշխատելուց, Ձմեռ պապի դերում հանդես գալը ինձ նաև հոգեպես մեծ բավարարություն է պատճառում: Այֆոնի ու հազար ձևի պլանշետների այսօրվա սերնդի երեխաներին ես ներկայանում եմ իմ մանկության տարիների Ձմեռ պապի կերպարով ու բնավորությամբ: Այսինքն՝ ես հին սովետական մուլտերի Ձմեռ պապն եմ՝ գեր, խռպոտ ձայնով, կարմրաքիթ ու ճերմակ մորուքով, բայց ոչ Սանտա Կլաուս: Սանտա Կլաուսն ինձ օտար է: Ու պատկերացրեք, որ երեխաներին ավելի հոգեհարազատ է հենց Ձմեռ պապը, ոչ թե Սանտան:

Չկոտրել հրաշքը
Ամանորին բոլորի տներում սեղաններն առատ, տրամադրությունն էլ բարձր է: Փոքրիկների համար միևնույն է, թե ինչ կա սեղանին, նրանց համար կարևորը ամանորյա նվերն է, որին այդքան երկար են նրանք սպասում: Լինում են նաև ահավոր չարաճճի երեխաներ, որ գալիս մորուքդ են քաշում, ձեռնափայտդ են վերցնում… Երբեմն մեծահասակները փոքրիկներից ավելի ահավոր են լինում: Ասում են՝ դե Ձմեռ պապիկ ջան, մեզ ուրախացրիր, պրծար, դե հիմա մորուքդ հանի, արի, նստի մեր հետ մի բա-ժակ բան խմի: Երբե´ք: Ես իրավունք չունեմ երեխաներին մոտենամ ու իմ բերանից օղու հոտ գա: Նա կմտածի, որ այդպիսի հոտ նաև իր պապիկի կամ հայրիկի բերանից է գալիս, ու դրանով ես կկոտրեմ Ձմեռ պապիկի նրանց հրաշքը:

Մի անգամ հանդես էի գալիս մի մանկապարտեզում, որտեղ հիմնականում մեծահարուստների երեխաներ են հաճախում: Ծրագրի համաձայն, հանելուկ ասացի, որպեսզի երեխաները գուշակեն: Հանելուկը եղևնու մասին էր. «Այն ո՞ր ծառն է տարին բոլոր միշտ կանաչ, մեզ բոլորիս լավ ճանաչ»: Մեկ էլ երեխաներից մեկն ասաց՝ Ձմեռ պապ, կանեփը չի՞: Բա՜, էսպիսի բաներ էլ են պատահում:

Ձյունանուշը մնաց
Գիտեք՝ ինձ գրած ինչքա՜ն նամակներ ունեմ… Ինչ ասես, որ նամակում չեն խնդրում Ձմեռ պապից: Մի նամակ կա, որից շատ եմ ազդվել: Նամակում երեխան գրում էր՝ քեզանից ո´չ խաղալիք, ո´չ հագուստ, ո´չ մի բան չեմ խնդրում, մենակ խնդրում եմ, որ մեր տանը խաղաղություն բերես, Ձմեռ պապիկ ջան, որ մամաս ու պապաս չկռվեն… Երբ մեծահասակներն են դժգոհում, նորմալ է, իսկ երբ դժգոհելու հերթը նաև մանուկներին է հասնում, դրանից ավելի ահավոր բան երևի թե չկա:

Լինում են դեպքեր, որ տանտերերն ասում են՝ ըհըն, Ձմեռ պապ ջան, «դու հիմա գնացիր, Ձյունանուշը մնաց մեզ», «էսօր Ձյունանուշի միս ենք ուտելու» ու նման կարգի բաներ… այսպիսի դեպքերում ես իմ՝ Ձմեռ պապի հագուստը կհանեմ ու որպես հայ տղամարդ հարցերը այլ կերպ կլուծեմ: Բայց դե փառք աստծու, բացառությամբ հատուկենտ դեպքերի, այսպիսի առիթներ գրեթե չեն եղել իմ պրակտիկայում:

Միակ օրը
Շատ են քննադատում, թե մենք՝ հայերս, շատ ենք ծախսում նոր տարուն: Լա՛վ ենք անում. տարվա մեջ սա միակ օրն է, երբ բոլորս նշում ենք ըստ մեր հնարավորության, բացի այդ էլ մեր ազգը ուրախանալու շատ պետք ունի: Ես էլ իմ կողմից փորձում եմ մարդկանց ուրախացնել:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով