05 Դեկտեմբեր 2013, 13:02
6295 |

Թանգարանային բժշկություն

Բժշկի ճամփորդական պայուսակ, ատամ քաշելու հարյուր տարվա գործիք, ձիու և մարդկային գանգեր, եկեղեցական զանգեր, 19-րդ դարի սառնարան և այլ հետաքրքիր նմուշներ Հարություն Մինասյանի՝ Հայ բժշկության թանգարանում:

Հարություն Մինասյանը մասնագիտությամբ հոգեբույժ է, էությամբ՝ հավաքորդ: Իրերի արժեքը նա հասկացավ ուսանողական տարիներին. հասարակ պապենական տերողորմյան ու տատիկի մկրատը, բժիշկ հոր տետրերն ու ինքնահոս գրիչները, ընտանեկան փաստաթղթերը, մասունքներն ու լուսանկարները: Ամեն ինչ՝ առանձին հավաքածուի տեսքով: Ընդհուպ մինչև ճամփորդությունների ժամանակ հայկական լեռներում աչքից չվրիպող կենդանիների ոսկորներն ու գյուղատնտեսական վաղուց արդեն ժանգոտված իրերը, և, իհարկե, խաչքարերի կտորները:

Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանը
Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանը

Հետաքրքրությունը հին իրերի նկատմամբ հոգեբույժին դրդեց որպես օգնական միանալ հայկական հնագիտական պեղումներ կատարող մի խմբի, որի ղեկավարը հնագետ Էմմա Խանզադյանն էր: Երիտասարդ բժիշկը չէր կարող անտարբեր մնալ հնագետների կողմից հայտնաբերված, սակայն որպես հնագիտական պեղածո մեծ արժեք չներկայացնող իրերի նկատմամբ: Մարդկային գանգերն ու կավե կժերի կտորտանքները որպես վարձատրություն յուրաքանչյուր պեղումից հետո մտնում էին երիտասարդ բժշկի տուն՝ համալրելու աստիճանաբար ձևավորվող հավաքածուն: Սակայն պեղումները չհագեցրեցին նրա ծարավը հին իրերի նկատմամբ: ԽՍՀՄ հանրապետություններով ճամփորդելիս այցելում էր թանգարաններ, այդ թվում՝ բժշկական: Բացի այդ, հաճախակի այցելում էր Երևանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ՝ ուսումնասիրելու հնագույն գտածոները: 1980-ականներին, երբ սեփական հավաքածուն արդեն բաղկացած էր բազմահազար կտորներից, Հարություն Մինասյանը կարևոր որոշում կայացրեց. ստեղծվեց բժշկության թանգարանը:

Հավաքածուի բազմաթիվ հնաոճ ներարկիչներից մեկը
Հավաքածուի բազմաթիվ հնաոճ ներարկիչներից մեկը

Արցախյան պատերազմի տարիներին, կյանքի ծանր պայմաններից ելնելով, շատերը շուկա հանեցին պապենական հասարակ թղթապանակներից մինչև ամենօրյա կիրառման իրեր. ստեղծվեց բոլորիս հայտնի Վերնիսաժը: Այստեղ հնարավոր էր գտնել բազմաթիվ հնաոճ իրեր: Վերնիսաժը չէր կարող վրիպել հավաքորդի աչքից: Մի քանի հազար կտորից բաղկացած տնային հավաքածուն ամեն շաբաթ-կիրակի սկսեց ավելանալ նոր նմուշներով: Ներարկիչ, որ արդեն վաղուց ոչ ոքի պետք չէ, բժշկի ճամփորդական պայուսակ, դեն նետելու ենթակա վիրաբուժական սարքեր, ատամ քաշելու գործիք, որը չի օգտագործվել 1920-ականներից այս կողմ, անծանոթ կամ հայտնի բժշկի ինքնահոս ու սև-սպիտակ լուսանկարներ, հավանգի տարատեսակ նմուշներ, որոնք նախորդ դարերում որպես դեղ քամելու միջոց եղել են յուրաքանչյուր բժշկի սեղանին, լուսարձակ, որի ուլտրամանուշակագույն ճառագայթները որպես բուժման միջոց օգտագործվել են էլեկտրականությունը հայտնաբերելու տարիներից սկսած: Ամեն նոր իրի հետ միասին ավելանում էր հավաքորդի նպատակասլացությունը՝ ստեղծելու հայկական ամենաամփոփ բժշկական թանգարանը:

Որոշ նմուշներ առաջին հայացքից կարող են զարմացնել: Ոչ բոլոր ձիերի գանգերն են տրամաբանական նայվում բժշկական հավաքածուի մեջ, բայց այս մեկն ունի դրա բոլոր իրավունքները. «Երևանի առաջին հիվանդանոցի շտապ օգնության կառքը տեղափոխող ձիու գանգն է», — բացատրում է բժիշկ-հավաքորդ Մինասյանը: Գանգերի թեման այսքանով, սակայն, չի ավարտվում: Պարոն Մինասյանը ցուցադրում է մարդկային գանգերի շարքը, հատուկ առանձնացնելով աջ կողմում դրված մեկը. «Գտել եմ Արտաշատի Ջրահովիտ գյուղի դամբարանադաշտի պեղումների ժամանակ, չորս հազար տարուց ավելի տարիք ունի, — պատմում է բժիշկը: — Տեսեք՝ ակնակապի վերևում կլոր անցք կա. այդ փոքր հետքը պատմում է գանգի տիրոջ ունեցած հավանական հիվանդությունների մասին' սիֆիլիս, սիբիրախտ կամ ոսկրային քաղցկեղ»:

Առաջին հայացքից պարզապես հին կահույք հիշեցնող կանաչավուն պահարանը, ինչպես պարզվեց, նույնպես հավաքածուի լիիրավ անդամ է: Դա փայտե սառնարան է, որն արտադրվել 19-րդ դարի վերջերին Թիֆլիսի հայկական կահույքի ֆաբրիկայում և հասու է եղել հիմնականում մեծահարուստներին, քանի որ դրա մեջ մթերքը թարմ պահելու համար անհրաժեշտ էր առնվազն շաբաթը մեկ անգամ պատրաստի սառույց գնել: Իսկ հայկական բժշկության հետ կապը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սառնարանը Թիֆլիսից Երևան իր հետ որպես «օժիտ» բերել է գերմանուհի Մարիա Լյայստերը՝ հայտ-նի երևանցի բժիշկ Արմենակ Մելիքյանի հետ ամուսնության առթիվ: Հայտնի է նաև, որ հետագայում տիկին Լյայստերը աշխատել է Երևանում որպես մանկաբարձ–գինեկոլոգ:
Մի կախիչի վրա հավաքված հնաոճ զանգերը կասկածելիորեն նման են եկեղեցականների: «Այդպես էլ կա, — ժպտալով հայտնում է նրանց նոր տերը և բացատրում, թե ինչ գործ ունեն դրանք այս հավաքածուի մեջ, — այս զանգերով հոգևորականները իմաց էին տալիս բնակչությանը, որ պետք է հավաքվել եղեղեցու մոտ և զգուշացնում, որ հարևան բնակավայրում սկսվել է այս կամ այն հիվանդության համաճարակ, հասարակությանը տալով տեղեկություններ դրանցից խուսափելու մասին»: Ահա այսպիսի կանխարգելիչ եկեղեցական զանգեր' ո՞վ կարող էր պատկերացնել:

Իսկ այսպես կոչված «սատանի քարի»՝ օբսիդիանի, ներկայությունը թանգարանում բացատրվում է նրանով, որ դրանից դեռ դարեր առաջ պատրաստել են դանակներ, որոնք օգտագործվել են ոչ միայն կենցաղային նպատակներով, այլև մանր վիրահատական գործողությունների համար: Այսօր արդեն ապացուցված է, որ օբսիդիանե նշտարի կատարած վիրահատական կտրվածքներն ավելի արագ են լավանում, քան մետաղյա նշտարինը:

Հավաքածուի բազմաթիվ սրվակներից մի քանիսը
Հավաքածուի բազմաթիվ սրվակներից մի քանիսը

1999-ին, երբ բժիշկ Մինասյանը հասկացավ, որ տանն այլևս հնարավոր չէ տեղավորել հսկայական հավաքածուն, ստեղծեց Հայ բժշկության թանգարանը: Այն գտնվում էր Երևանի թիվ 11 պոլիկլինիկայի իր գրասենյակին կից: Համաշխարհային թանգարանների օրը՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հետագայում գնված ու նվեր ստացած տարբեր իրերի համալրմամբ պարզ դարձավ, որ հասարակ հիվանդանոցային սենյակը նույնպես քիչ է բժշկության պատմությամբ հետաքրքրված ու ամեն շաբաթ նոր ցուցանմուշ ավելացնող հավաքորդի համար: Հատկապես, որ հայկական բժշկությունն ունի ոչ թե դարերի, այլ հազարամյակների պատմություն:

Քիթ-կոկորդ-ականջ բժիշկների աշխատանքային գործիքներ
Քիթ-կոկորդ-ականջ բժիշկների աշխատանքային գործիքներ

Երևի ժամանակն է, որ թանգարանն ունենա սեփական շենք, սակայն այս հարցը Հարություն Մինասյանն այլևս չի կարող լուծել միայնակ: Նա դիմել է տարբեր ատյանների, սակայն առայժմ առաջխաղացում չկա: Այլ երկրներում նման թանգարաններ ստեղծած անհատների ու պետմարմինների հետ բժիշկ Մինասյանն առայժմ կապ չի հաստատել, սակայն քաջատեղյակ է նախկին խորհրդային հանրապետություններում գտնվող բժշկական թանգարանների մասին:
Հոգեբույժ-հավաքորդ Հարություն Մինասյանը գիտի հաստատ՝ կգա այն օրը, երբ աշխարհի այլ երկրների պես, Հայաստանում էլ տեղ կհատկացվի իր հիմնած բժշկական թանգարանին: Ավելին՝ նա համոզված է՝ իր հավաքածուն կշարունակի համալրվել ցուցանմուշներով նաև այլ հավաքորդների ու բժիշկների շնորհիվ, արդեն ստեղծված թանգարանում:

Բժշկության պատմության թանգարան, Փարիզ
Աշխարհում այսօր գործում է մի քանի տասնյակ թանգարան, որոնք այսպես թե այնպես կապված են բժշկության և դրա պատմության հետ: Ամենահայտնիներից մեկը գտնվում է Փարիզում: Բժշկության պատմության թանգարանը (Musée d’histoire de la médecine) բացվել է 1921 թվականին՝ Փարիզ-Դեկարտ համալսարանի Բժշկության ֆակուլտետի մասնաշենքում: Շուրջ 1500 նմուշից բաղկացած հավաքածուի սկիզբը դեռ 18-րդ դարում դրել է ֆակուլտետի դասախոս Դին Լաֆայեն: Այսօր այն հատկապես հայտնի է վիրահատական և դիագնոստիկ գործիքների մեծ շարքով, որոնք ներկայացված են թանգարանում ժա-մանակագրական հերթականությամբ, որպեսզի հնարավոր լինի հետևել բժշկական սարքերի զարգացմանը: Հետաքրքրական նմուշների թվում են Վաթերլոոյի ճակատամարտի ընթացքում օգտագործված վիրահատական պայուսակները և անատոմիայի դասերի համար 1799 թվականին խիստ մանրակրկիտ պատրաստված փայտե մանեկենը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով