05 Դեկտեմբեր 2013, 14:35
3546 |

Ազգանուն, անուն, հայրենիք

Հայերի մեծ մասն «ազնվականություն» բառն առաջին հերթին կապում է Մեծ Հայքի մասին պատմող դասագրքերի ու այն ժամանակների հետ, երբ Հայաստանի մի մասը ռուսահպատակ էր: 20-րդ դարի սկզիբը փոխեց իրավիճակն իր արյունալի հեղափոխություններով. ազնվականությունը քշվեց պատմության անկյուններ: Սակայն տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեծ իշխան Գևորգ Փիրումյանի կարծիքով հայ ազնվականները, չնայած գրեթե հարյուրամյա մոռացությանը, նոր հազարամյակում էլ ունեն անելիքներ: Հենց այս պատճառով ստեղծվեց Հայ ազնվականների միությունը, որի նախագահն է Փիրումյանների հին տոհմի ժառանգը:

Հայ ազնվականների միությունը ստեղծվել է 1992-ին, բայց Ձեր ծագման մասին առաջ էլ գիտեիք, չէ՞:

- Ծնողներս կուսակցական էին, ուստի ազնվական ծագման մասին մեր ընտանիքում շատ չէին խոսում՝ չնայած Փիրումյան ազգանունն ինքնին շատ բան էր վկայում, պապս էլ մի քիչ պատմում էր մեծ զորավարների մասին, ում ազգանունը կրում ենք: Հետո ինքս սկսեցի հետաքրքրվել, Փիրումյաններին գտնել պատմության գրքերում, 1990-ականների շրջափակման ժամանակ էլ, երբ աշխատավայրում առանձնապես զբաղված չէի, օրերով նստում էի Մատենադարանում, փորփրում արխիվները, գրադարանները, թերթում տարատեսակ պարբերականներ, աշխատում ավելին իմանալ նախնիներիս մասին: Գործերս կրկնակի շատ էին, քանի որ տատս էլ Զաքարյանների իշխանական տոհմից էր: Հիմա երևի քչերն ունեն մեր պես մանրամասն ու փաստագրված տոհմական ծառ. բացի ազգակցական հետաքրքրությունից՝ պետք է օրինակ լինեի մյուսների համար որպես միության նախագահ: Այս փնտրտուքների ժամանակ տեղեկություններ գտա, օրինակ՝ Փիրումյանների լեհական ճյուղի՝ Փիրամովիչների մասին: Նրանցից ամենահայտնին ականավոր լուսավորիչ Գժեգոժ Փիրամովիչն էր՝ լեհերեն առաջին այբբենարանի հեղինակը: 1999-ին մեկնեցի Լեհաստան, այցելեցի Լյուբլինի մոտ գտնվող նրա գերեզմանը: Այնտեղ շատերն են հիշում ու հարգում նրան: Ռուս ֆանտաստ Նիկ Փիրումովն էլ է մերոնցից, ինչպես և ռեժիսոր Կարեն Շախնազարովը. նա նույնպես փորփրել էր ընտանեկան անցյալն ու հայտնաբերել ազգակցական կապը:

Ինչպե՞ս հանդիպեցիք այլ ազնվականների հետնորդներին:

- 1992-ի ամռանը թերթում տպվեց շատ հետաքրքիր հոդված Հայաստանում ազնվական տոհմերի ժառանգների մասին: Հեղինակ Արմեն Արշակյանը մտածում էր, որ լավ կլիներ նրանց բոլորին հավաքել ու միավորել: Հավանեցի գաղափարն ու կապվեցի հետը: Ընդհանուր ժողովի ժամանակ էլ որոշեցինք, որ չի կարելի սահմանափակվել լոկ ծանոթությամբ ու արդեն ամռանը ստեղծեցինք միությունը:

Ինչպիսի՞ն էր արձագանքը:

- Պետք է խոստովանեմ, որ այն ժամանակ շատերը չէին հասկանում կազմակերպության բնույթը: Ոմանք կարծում էին, որ այստեղ բաժանում ենք ազնվական տիտղոսներ: Մյուսները հարցնում էին, թե ինչ կշահեն միության անդամակցությունից, նույնիսկ՝ ինչքան կվճարենք: Իրականում պարզապես համախմբում ենք հայ ազնվականների բոլոր հետնորդներին՝ թե՛ հին տոհմերի ներկայացուցիչներին, թե՛ նրանց, ովքեր ստացել էին տիտղոսը ռուսական, պարսկական կամ նույնիսկ օսմանական արքունիքում: Տարբերություն չկա. կարևորն այն է, որ նախնիներից մեկը երբևէ ստացած լինի ազնվական կոչում:

Դա, բնականաբար, պետք է ապացուցե՞լ:

- Իհարկե: Սկզբում պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են ազգակցությունն այն մարդու հետ, ում տիտղոսին հավակնում է թեկնածուն, նաև փաստաթղթեր, որոնք վկայում են, որ թեկնածույի նախնին իրոք ուներ ազնվական տիտղոս: Ցանկացած ոք կարող է հայտարարել, թե սերում է թագավորական տոհմից: Այդպես լիներ՝ ես էլ կարող էի ասել, որ Ալեքսանդր Մակեդոնացու տոհմից եմ: Նույնիսկ կարող էի սիրուն ծառ էլ նկարել: Հակառակը հո չե՞ք կարող ապացուցել: Ոչ մի դեր չի խաղում նաև ազգանվան «ազնվական» հնչողությունը: Շատ Մամիկոնյանների ու Բագրատունիների ենք համոզել, որ ոչ մի կապ չունեն սպարապետների ու թագավորների հետ:

Նույնիսկ եթե ունեն, դա ապացուցող փաստաթղթեր հազիվ թե էլ գտնվեն:

- Ճիշտ այդպես: Միջնադարում հայերը դրան քիչ էին ուշադրություն դարձնում: Մարդկանց ճնշող մեծամասնությունը, ովքեր կարող են ապացուցել իրենց ազնվական ծագումը, ժառանգներն են ոչ թե հին հայկական տոհմերի, այլ ռուսական արքունիքում տիտղոս ստացածների, ովքեր մտնում էին Էրիվանի գավառի Ռուսական ազնվական ժողովի մեջ: Ռուսաստանը միշտ ունեցել է լուրջ բյուրոկրատական ավանդույթներ, և այսօր դա մեզ շատ է օգնում: Օրինակ՝ կա տեղականք, որտեղ հաստատվում է, որ գիմնազիայի ինչ-որ աշակերտ առաջինից փոխադրվում է երկրորդ դասարան, և «ծագում» տողում գրված է «ազնվական»: Սա արդեն բավարար է, որ փաստաթուղթը ներկայացնողին ընդունենք միություն, իհարկե, եթե ապացուցի գիմնազիստի հետ իր ազգակցությունը, իսկ դրա համար պետք են միայն ծննդյան և մահվան համապատասխան վկայականները: Այսպիսի մի դեպք եղավ. ներկայացրին հանգուցյալի անձնագիր՝ կրկին ցարական ժամանակներից: Ինչ-որ գյուղացի էր Մելիքյան ազգանունով, ու հավատացեք՝ անձնագրում ծագման դիմաց գրված էր «ազնվական»:

Ինչ վերաբերում է հավաստի տվյալներին… Հիշում եմ, որ 1990-ականների սկզբին մեկը պնդում էր, թե Բագրատունի թագավորների ժառանգն է…

- Ես մեկն էի այդ արտառոց պատմության մասնակիցներից: Ոմն Ռոլանդ Անտոնիևիչ, որ սերում էր լեհահայկական ազնվական ընտանիքից, Հունգարիայից եկավ Հայաստան ու հավակնեց Հայաստանի գահին: Ծանոթացանք միության նիստերից մեկում: Առաջարկեցի նրան դառնալ անդամ որպես արտասահմանյան հայկական ազնվական տոհմի ներկայացուցիչ:

Երբ խոսքեցինք Հայաստանի գահի մասին, նրան լուսավորեցի՝ ասելով, որ Հայաստանը հանրապետություն էր, և որ վաղուց արդեն չկար միապետություն: Միևնույն ժամանակ ասացի, որ կասկածներ ունեի Բագրատունիների հետ ունեցած կապի վերաբերյալ: Գիտե՞ք՝ որպես ապացույց ինձ ինչ ցույց տվեց. անձնագիրը, որտեղ սովորական ինքնահոսով ավելացված էր՝ «Բագրատունի»: Հետո սկսվեց սրտաճմլիկ պատմություն, թե հայրը մահից առաջ ինչպես էր նրան պատմել, որ իրենք վերջին Բագրատունի թագավորի հետնորդներն են: Եվ իբր թե իրենց տոհմը սկիզբ էր առել նրա որդիներից մեկից, ում մասին ոչ մի տարեգրության մեջ ոչինչ չի պահպանվել: Այս ամենը պարզել էր իրանցի ինչ-որ քուրդ պրոֆեսոր ու նամակով հայտնել Ռոլան Անտոնիեվիչի հորը: Խնդրեցի ցույց տալ նամակը, սակայն պարզվեց, որ չգիտես ինչու նամակն էլ չէր պահպանվել: Նույնիսկ պրոֆեսորի անունը չկարողացավ հիշել՝ ոչ մի տվյալ:

Իսկ ի՞նչ էր ուզում:

- Ուզում էր, որ մեր միությունը լիներ երաշխավոր, ինչի հիման վրա նա կսկսեր աշխատել միապետությունը վերականգնելու վրա: Այսինքն՝ սովորական արկածախնդիր դեմք էր: Բայց նույնիսկ երբ ասացի՝ ինչ եմ մտածում նրա մտահղացման մասին, միևնույնն է՝ մտքով էլ չանցավ հրաժարվել իր նախաձեռնածից: Հեռուն գնաց, սկսեց հավաքել նախարարներ, դյուրահավատ մարդկանց բաժանել տիտղոսներ ու պաշտոններ: Որքան հասկացա՝ նույնիսկ բացում էր հեռախոսի տեղեկատուն, փնտրում ազնվականոտ անուններ ունեցողների ու նշանականում նրանց նախարար: Այս ամենը հասավ գագաթնակետին, երբ գրեց բաց նամակ ու հրատարակեց թերթերում: Պատմում էր իր ծանր կյանքի մասին, թե ինչպես էր խորհրդային ՊԱԿ-ը ընկել նրա հետևից, Հայաստանում միապետությունը վերականգնելու մասին ու այլ զարզանդ բաներ: Վերջում էլ ստորագրել էր՝ թագավոր, Անի: Սա իրավիճակն է՛լ ավելի բարդացրեց. Անին որպես «թագավորի» նստավայր նշելը կարող էր առաջացնել դիվանագիտական սկանդալ Թուրքիայի հետ. չէ՞ որ ավերակները գտնվում են այնտեղ: Կարճ ասած՝ Հայաստանում մի քանի բուռն ամիս անցկացնելուց հետո արժանացավ համապատասխան մարմինների ուշադրությանն ու վերադարձավ Հունգարիա: Հետո իմացանք, որ այնտեղ վերցրել էր մեծ վարկ, ու Հայաստանից ձեռնունայն վերադառնալուց հետո բանտարկվել, քանի որ չէր կարողացել վերադարձնել այն: Իսկ մեր միություն այդպես էլ չընդունվեց:

Միությունը հիմա քանի՞ անդամ ունի:

- Մոտ 30-35 ընտանիք, որոնք ապացուցել են իրենց ազնվականությունը, ու ևս գրեթե երկու հարյուր, որոնք գիտեն իրենց ազնվատոհմ լինելու մասին, բայց դեռ չեն կարողանում փաստաթղթերով ապացուցել: Կազմակերպության բացումից մի քանի տարի հետո որոշեցինք ստեղծել անդամակցության մի քանի կարգավիճակ՝ իսկական անդամ, թղթակից անդամ, ասոցիատիվ անդամ ու արտասահմանյան անդամ:

Պատվոգիր՝ տրված պալատական Դավիթ Սոլոմոնովին
Պատվոգիր՝ տրված պալատական Դավիթ Սոլոմոնովին

Համարյա Գիտությունների ակադեմիայի նման: Ո՞րն է այս կարգավիճակների միջև տարբերությունը:

- Իսկական անդամը նա է, ով ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Թղթակից անդամն այս գործընթացը դեռ չի ավարտել, ասոցիատիվը հայ չէ, սակայն կապված է հայ ազնվականության հետ, արտասահմանյան անդամներն էլ արտասահմանում ապրող հայ ազնվականներն են: Առավել մեծ է իսկական և թղթակից անդամների թիվը: Իհարկե, կային դեպքեր, երբ որևէ մեկը դառնում էր թղթակից անդամ, հետո տրամադրում էր ամբողջական տեղեկություններ և ստանում իսկական անդամի կարգավիճակ: Ամեն դեպքում կարգավիճակն այդքան կարևոր չէ. այստեղ բոլորը հավասար են:

Իսկ ազնվականների նոր սերունդը գործո՞ւն է:

- Ցավոք, միության անդամների մեծ մասը տարեց մարդիկ են: Երիտասարդները պասիվ են: Ստանում են անդամատոմսեր, երբեմն հաճախում են ժողովներին, բայց բոլորը զբաղված են, ժամանակ չունեն: Միգուցե ավելի գրավիչ լինեինք երիտասարդության համար, եթե կազմակերպեինք պարահանդեսներ, ակումբային թանկ հանդիպումներ, բայց դրա համար հարկավոր են լուրջ միջոցներ:

Բայց ո՞րն է 21-րդ դարում ազնվականության վերածննդի գլխավոր նպատակը:

- Ազնվականի տիտղոսը չի նշանակում թանկարժեք հանդերձանք, պարի երեկոներ ու կալվածքներ: Ինձ համար դա առաջին հերթին բարոյական արժեքներն են, էթիկան: Չենք հավակնում մեր տոհմերի ունեցած միջոցներին, հողերին և բացառիկ իրավունքներին: Հպարտանում եմ ոչ թե իշխանական տիտղոսով, այլ իմ նախնիներով, ովքեր հասարակության ընտրախավն էին բոլոր առավելություններով ու ամբողջ պատասխանատվությամբ: Խորհրդային իշխանությունները ոչնչացրեցին այս խավը: Դասակարգերի պայքարում ինձ համար ամենատհաճը ոչ թե ունեցվածքից զրկվելն է, այլ հիշողությունից բռնի կերպով հրաժարվելը:
Ինչո՞ւ պետք է պապս ստիպված լիներ չխոսել իր նախնիների մասին, ովքեր, ի միջի այլոց, Հայաստանը կործանումից փրկած Սարդարապատի ճակատամարտի գլխավոր մասնակիցներին էին: Հայ ազնվական ընտանիքների պատմությունը մեր ազգի պատմության անքակտելի մասն է: Ահա ա՛յս պատճառով մեր արածը կարևոր է ոչ միայն մեզ, այլև յուրաքանչյուր հայի համար:

Գահնամակ
Գահնամակը պաշտոնական ցանկ էր, որտեղ գրանցվում էին հայկական արքունիքում նախարարների զբաղեցրած գահերն ու բարձերը: Նախարարի գահի հզորությունը որոշվում էր նրա տնտեսական ու ռազմական ուժով և հին ավանդույթով: Գահնամակը կազմում ու հաստատվում էր թագավորի որոշմամբ: Արքունիքում նախարարների դիրքերը խիստ սակավ էին փոխվում և փոխանցվում էին սերնդեսերունդ: Թագավորը գահնամակում փոփոխություններ կարող էր անել միայն բացառիկ, օրինակ՝ պետական դավաճանության, տոհմի վերջին ներկայացուցչի մահվան դեպքերում: Հայ նախարարների գահերը դասակարգում էին հնագույն ժամանակներից: Ըստ Մովսես Խորենացու՝ գահնամակի տեսքով նախարարների առաջին ցուցակը կազմել էր Վաղարշակ թագավորը: Գրավոր աղբյուրները ցույց են տալիս, որ նախարարների գահերի նման դասակարգում եղել է Արշակունյաց թագավորների իշխանության ամբողջ ընթացքում (1-5-րդ դարեր): Նույն համակարգն էլ գործում էր Հայաստանի պատմության մարզպանական շրջանում (5-7-րդ դարեր)՝ Սասանյանների տիրապետության տարիներին: Նախարարական տոհմերի քանակի և գահերի աստիճանների մասին տարբեր դարերի գահնամակների տվյալները տարբեր են: Ըստ 4-րդ դարի գահնամակի, որ պահպանվել է «Ներսեսի վարքում», Արշակ Բ-ի օրոք կար շուրջ 400 հայ նախարարական տոհմ: Սակայն հեղինակը գրել է միայն 167 նախարարի անուն ու նշել, որ չի կարող թվարկել բոլորին: 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը նույնպես նշում է Տրդատ Գ-ի (287-330) արքունիքում «գահ ու պատիվ» ունեցող 400 նախարար: Փավստոս Բուզանդը նշում է արքունիքում ծառայող 900 նախարար, որոնցից յուրաքանչյուրը նստում էր իրեն հատկացված գահին կամ բարձին: Կաթողիկոս Սահակ Պարթևին (387-436) վերագրվող գահնամակում նշվում է 70 նախարար: 4-րդ դարին վերաբերող մեկ այլ աղբյուր թվարկում է 86 նախարար: 9-րդ դարի արաբ տարեգիր Ալ Յաքուբին Արմինիա վարչական գավառում նշում է 113 իշխանություն, իսկ պատմիչ ու աշխարհագիր Յաքութ Ալ Համաուին՝ 118: Հայկական իշխանություների մասին բազմաթիվ տվյալներ կան Ագանթանգեղոսի, Փավստոս Բյուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու, Սեբեոսի և այլոց աշխատություններում: Սակայն դրանց տվյալների հիման վրա կազմված գահնամակներն ու նախարարությունների ցուցակները մնում են անկատար:

«Ереван» ամսագիր, N12, 2012

Այս թեմայով