28 Նոյեմբեր 2013, 11:41
505 |

Ամենափոքր խնամատարը

Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունն արդեն երկու տարի ակտիվորեն ստեղծում է բարենպաստ պայմաններ իր խնամյալների համար: Անհատական բարեգործության միտքն այս նախաձեռնությունների շարքից է: Այսօր ցանկացած մարդ կարող է դառնալ այգու բնակիչներից մեկի խնամատարը:

Խնամատարները փող են հատկացնում խնամյալի սննդի համար ու ստանում տեղեկություն նրա մասին: Օրերս գայլուկի խնամատարի վկայական ստացավ երեք տարեկան Խաչիկյան Խաչիկը՝ դառնալով կենդանաբանական այգու պատմության ամենափոքր խնամատարը, իսկ ֆինանսավորումը ստանձնեց հայրը:

«Տղաս խաղալիք գայլուկ ուներ, - պատմում է Արսենը՝ ծնողը: - Շատ էր սիրում, ուստի հեշտությամբ ընտրեցինք խնամելիք կենդանուն»: Արսենը վստահ է, որ այս խնամատարությունը, թեկուզ և խորհրդանշական, մեծապես կազդի երեխայի դաստիարակության վրա. «Գայլի ձագի համար պատասխանատվության գիտակցումը լավ խթան կլինի կենդանիների ու բնության նկատմամբ սիրո ձևավորման համար»: Խաչիկը խնամատարի վկայականը կտանի մանկապարտեզ, որ օրինակ ծառայի հասակակիցների համար: «Թող մյուս երեխաներն էլ իմանան՝ ինչ լավ է կենդանիների հետ ընկերություն անել»:

Դավիդ Ֆրանցռեբը մեկ տարով դարձավ թուրքմենական ցլերից մեկի խնամատարը:
Դավիդ Ֆրանցռեբը մեկ տարով դարձավ թուրքմենական ցլերից մեկի խնամատարը:

Կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Կարինե Մուրադյանն ասում է, որ այս ծրագիրն այսօր արդեն ունի իր դրական արդյունքը: «Կենդանաբանական այգին չի կարող մեկ ժամում լուծել իր բոլոր խնդիրները, ուստի այս նախագիծը թեթևացնում է ղեկավարության հոգսերը՝ ներգրավելով կենդանաբանական այգու սովորական այցելուներին՝ կենդանական աշխարհի սիրահարներին: Մանավանդ, որ մարդիկ իրոք հաճույքով են մասնակցում գործընթացին, այցելում իրենց խնամյալներին, օրինակ ծառայում այլոց համար: Արդեն կա խնամատար ունեցող մոտավարապես երեսուն կենդանի ու թռչուն: Հոգատարների մեջ շատ են օտարերկրացիները: Խնամատարությունը հաճախ դառնում է ծննդյան տարեդարձի նվեր: Պատկերացրեք՝ ծննդյան օրն իմանում եք, որ դարձել եք բվի կամ անակոնդայի խնամատար: Այդպես մի երիտասարդ նույնիսկ հաշտվեց ընկերուհու հետ»:

Արսինե Խանջյանը խնամում է Գանձ անունով հայկական մուֆլոնին
Արսինե Խանջյանը խնամում է Գանձ անունով հայկական մուֆլոնին

Երևանի կենդանաբանական այգում ծրագիրը գործում է մեկ տարուց ավելի: Հավանած կենդանու խնամատար դառնալը շատ հեշտ է. պետք է ընտրել խնամատարության տեսակն ու փոխանցել գումար կենդանու հաշվին: Կա խնամատարության 4 աստիճան՝ բրոնզե, արծաթե, ոսկե և պլատինե: Փոքրիկ Խաչիկի ընտրածը «ոսկե» աստիճանն էր: Դա նշանակում է, որ նա, ավելի ճիշտ՝ հայրը, պետք է տարեկան գայլուկի հաշվին փոխանցի 50 000 դրամ: Խաչիկի անունը հայտնվեց վանդակի մոտ՝ վահանակի վրա: Նա ստացավ հատուկ նվեր Երևանի կենդանաբանական այգուց, խնամատարության աստիճանը ցույց տվող նշանակ ու հնարավորություն՝ մեկ տարվա ընթացքում 24 անգամ երկու ընկերների հետ անվճար գալու կենդանաբանական այգի և տեղեկանալու իր խնամյալի մասին: Յուրաքանչյուր աստիճան ունի իր յուրահատկություններն ու առավելությունները, սակայն բոլոր դեպքերում էլ խնամատարությունը հաճելի է ոչ միայն կենդանաբանական այգու կարիքավոր բնակիչներին, այլև հենց իրենց՝ խնամատարներին: Օգնության այսպիսի ծրագրեր կան աշխարհի շատ կենդանաբանական այգիներում: Այսօրվա դրությամբ Երևանի կենդանաբանական այգու 200-ից ավել կենդանի դեռ սպասում է իր խնամատարին:

Այս թեմայով