17 Նոյեմբեր 2013, 11:23
3456 |

Փավստոսի սկավառակի հայկական ծածկագիրը

Այս տարվա հոկտեմբերին սակավաթիվ հայագետների շրջանակներն աշխուժացել էին: Գիտական ինստիտուտների սրահներում գիտակ մարդիկ, ձեռքն առած սուրճի կամ ավելի թունդ խմիչքի բաժակը, քննարկում էին վերջին լուրերը. ավետիս էր եկել, որ Փավստոսի սկավառակի սքանչելի դարաշրջանն ավարտվել էր՝ այն վերծանել էին:

Փավստոսի սկավառակը Կրետե կղզու Փավստոս քաղաքում հայտնավերված գտածո է: 15-16 սմ տրամագիծ ունեցող թրծակավե սկավառակի երկու կողմերին պարուրաձև ակոսներ կան՝ ծածկված նկարանման մեհենագրերով: Սկավառակը հայտնաբերել էր իտալացի հնագետ Լուիջի Պերնյեն 1908-ին ՝ լամպից բաց թողնելով անթիվ-անհամար անպատասխան հարցեր շաղ տվող ջինին: Այդ օրից ի վեր ամբողջ աշխարհի գիտնականները տանջվում են՝ փորձելով լուծել այս ռեբուսն ու առաջարկելով ամենաանհավատալի տարբերակները: Խնդիրը բարդանում է մի քանի հանգամանքի պատճառով. ստույգ հայտնի չէ, թե ինչու էին ստեղծել սկավառակը, ստեղծել էին Կրետեո՞ւմ, թե բերել էին այլ տեղից, ո՞ր հազարամյակում էր այն ստեղծվել: Սակայն ամենահաճախ տրվող հարցը, որ կարող էր օգնել հետազոտողներին, սա է. նշանները գրի տեսա՞կ են, թե՞ ուղղակի նկարներ են:

Վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում լեզվաբաններ, հնագետներ, պատմաբաններ ու այլ հետազոտողներ հայտարարել են, իբր վերծանել են սկավառակը: Ամենահամարձակները ենթադրում էին, որ այն գյուղատնտեսական աշխատանքների օրացույց է կամ նույնիսկ նոտաների տետր, որը վերծանելով կլսենք երաժշտական հիասքանչ ստեղծագործություն:

2012-ի օգոստոսի 10-ին հետազոտող Արման Ռևազյանը սկսեց իր makarats.ru կայքում փուլ առ փուլ շարադրել սկավառակի առաջին կողմի իր վերծանումը: Ըստ նրա վարկածի՝ սկավառակի տեքստը ռեբուս է, որը կարելի է վերծանել միայն հայերեն լեզվի օգնությամբ: Արմանն ունի հայերենի ծագման մասին վարկած, որը շարադրել է «Մակարաց» գրքում: Համաձայն դրա՝ հայերենը հազարավոր տարիներ եղել է համաշխարհային քրմության գաղտնի լեզուն: Քրմերի գործունեության հետքերը տանում են Շումեր, հետո Եգիպտոս ու Կրետե կղզի: Հենց այդ պատճառով էլ Ռևազյանը հետաքրքրվել էր Կրետեի գրավոր աղբյուրներով, որոնց մեջ էր նաև Փավստոսի սկավառակը: Այսպես հղացավ այն հայերենի տեսանկյունից դիտարկելու միտքը, ինչը հանգեցրեց այնպիսի արդյունքների, որոնց վրա Ռևազյանն ուզում է սևեռել գիտական հանրության ուշադրությունը:

Իր վարկածը հաստատելու համար նա նշում է, որ Կրետեի մայրաքաղաքի Կնոսոս անունը մինոյերեն հնչում էր KA-NU-TI, իսկ քաղաքի խորհրդանիշը խեցին էր: Հին հույները խեցին համարում էին Մեծ արջ համաստեղության նշանը, որն աստղերի դասավորությամբ նման է շերեփի: Սակայն Ռևազյանը համաստեղության ուրվագծում տեսնում է ոչ թե շերեփ, այլ լամպ: Հայերենում «լամպին» ասում են նաև «կանթեղ», ինչը համահունչ է KA-NU-TI անվանը: Քաղաքն այդպես էր կոչվում Կնոսոս կղզու ճիշտ դիմացը գտնվող Սանտորինի կղզու գործող հրաբխի պատճառով: Արմանը կարծում է, որ հին կրետացիներն իրենց քաղաքն անվանել էին «կանթեղ»՝ տեսնելով լեռան բոցավառ գագաթը: Փավստոսի հարևան քաղաքի հին անունը հնչում էր այպես՝ PA-E-TI. Համաձայն Ռևազյանի վարկածի՝ այս բառը ծագում է հայերեն «պայթել» բառից, ինչը նույնպես կապված է Սանտորինիի հրաբխի հետ:

Սրանք են հիմնական դրույթները, որոնք Արման Ռևազյանն օգտագործել է՝ ապացուցելու, որ սկավառակը պետք է կարդալ հայերեն: Այնուհետև նա որոշեց սկավառակը կարդալու ուղղությունը: Մեհենագիր համակարգերի մեծ մասում մարդկանց և կենդանիների պատկերները թեքված են տեքստի սկզբի ուղղությամբ: Այս կանոնը պահպանել են նաև Փավստոսի սկավառակում, ուստի այն պետք է կարդալ եզրից դեպի կենտրոն՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Սրանից հետո արդեն կարելի է սկսել բուն վերծանումը: Ներկա պահին Արմանն ավարտել է առաջին կողմն ու դուրս բերել պատրաստի տեքստ: Վստահեցնում է՝ անկյունաչափը ստեղծած հայ քուրմ-գիտնականներին փառաբանող օրհներգ է: Անկյունաչով հնարավոր էր ստույգ որոշել հյուսիսային բևեռի տեղն ու ստեղծել երկրագնդի ճշգրիտ քարտեզը: Ընդ որում՝ նրանք գիտեին, որ Մեծ արջի ալֆայի ու բետայի միջով, այսինքն՝ «երկնային կանթեղի» արտաքին կողմով անցկացված ուղիղ գիծը ցույց է տալիս բևեռային աստղի դիրքը:

Հայտնի է, որ երկրագնդի առանցքի առաջընթացության պատճառով տարբեր շրջաններում տարբեր աստղեր են դառնում աշխարհի առանցքին ամենամոտը: Oրինակ՝ հիմա բևեռային աստղը Փոքր արջի ալֆա աստղն է՝ Կինոսուրան, մինչդեռ Փավստոսի սկավառակի վրա պատկերված է այն անցումային շրջանը, երբ Վիշապի համաստեղության ալֆա աստղ Թուբանը, որն իշխում էր հյուսիսային բևեռի վրա 2000 տարի, զիջեց բևեռային աստղի դիրքը Փոքր արջ համաստեղության Քոհաբ բետա աստղին: Բևեռային աստղի կարգավիճակի փոփոխությունը քաջ հայտնի է աստղագետներին, ուստի հիմա կարելի է որոշել Փավստոսի սկավառակի ստեղծման ստույգ տարեթիվը՝ մ.թ.ա. 1500 թվական:

Երկար ու աշխատատար այս վերծանման վրա Արմանը տարուց ավել տքնում է: Յուրաքանչյուր նշան հաճախ ունենում է երկուսից ավելի իմաստ, ու դրանցից յուրաքանչյուրը պետք է ստուգել մի քանի բառարանով, փնտրել իմաստը շումերերենում, եգիպտերենում, համեմատել Աճառյանի արմատական բառարանի տվյալների հետ: Երբեմն արդյունքը հակասում է այդ բառարանին, ու սկսվում են խնդիրներ. մեր մեջ ընդունված չէ հակաճառել Աճառյանին: Անհրաժեշտ է լինել պատրաստված, որ կարողանաս բոլորին հասանելի դարձնել այս վերծանությունն ու լինել համոզիչ. ակադեմիկոսներն ունենում են պատասխան ակնկալող բազմաթիվ հարցեր:

Վերծանումն առաջին անգամ ներկայացնելուց հետո Արմանի հետ կապվեց երիտասարդ ծրագրավորողների մի խումբ, որը մտադիր է ստեղծել սկավառակի ինտերակտիվ քարտեզը ու տալ տվյալներ յուրաքանչյուր նշանի, դրա իմաստների ու պատմության մասին:

Իսկ Արմանը շարունակում է վերծանել սկավառակը, քանի որ երկրորդ երեսն ունի գաղտնիք, որը պետք է լուծել սկավառակի 3-րդ՝ վիրտուալ երեսի պարունակությունը պարզելու համար:

Միևնույն ժամանակ զբաղվում է իր «Մակարաց» գրքի վերջնական խմբագրմամբ ու տարբեր լեզուներով դրա թարգմանմամբ: Այնտեղ մանրամասն ներկայացված են Արմանի աշխատանքի բոլոր փուլերը, յուրաքանչյուր նշան ու դրա իմաստը:

Փավստոսի սկավառակի բարձրացրած աղմուկը երկար կտևի: Հիմա անհրաժեշտ է ամբողջովին թարգմանել տեքստն ու ներկայացնել այն գիտական հանրության դատին: Իսկ մինչև այդ ցանկացողները կարող են իրենք էլ գլուխ կոտրել հայ քրմերի գաղտնիքի վրա:

Այս թեմայով