15 Նոյեմբեր 2013, 09:09
2455 |

Գրքի հետքը

Երիտասարդականի «պոդզեմկան» Երևանի մասին պատմող ամենազիլ ու կոլորիտային վայրերից էր: Գիր-գրականությունը, ցուրտն ու օղին, առևտրականն ու գրքասերը խառնվում էին իրար ու ստացվում էր գրքի տոն. տոն, որը միշտ քեզ հետ է: Այստեղ ամենուր գրքեր էին` գետնին, պատերին, առաստաղին: Դպրոցականից մինչև գիտնական, ինտելիգենտից մինչև գրքային բրենդների որսորդներ՝ այստեղ իրենց գիրքը գտնում էին բոլորը: Ռոմանտիկ տնային տնտեսուհիները վերադարձնում էին փոքրիկ, ճկուն կազմով սիրավեպերը և հավելաճարով վերցնում նորը: Գրքերի մաշված, խունացած էջերին վերագտնում էին սեր, դավաճանություն, բարեկամություն, ընկերություն, և այս ամենն ընդամենը 300 դրամով: Երեկոյան էլ գետնանցումը վերածվում էր գրքերի ննջարանի: Պահակ Արթուրն այդ հսկա գրապահոցի գիշերային պահապանն էր: Կապույտ սավանով խնամքով ծածկում էր Սևակին, Չարենցին, Մարկեսին, Ռեմարկին, հայտնի և անհայտ հեղինակներին, նրանց կողքին միացնում փոքր հեռուստացույցն ու հսկում հանճարների քունը: Հիմա ոչ նրանք են այստեղ, ոչ Արթուրն ու ոչ էլ մյուսները: Գետնանցումը դատարկ է, փոշոտ, ամայի:

Սուրեն Մարտիրոսյան
Շինարար Սուրենը 4 տարի առաջ էր հայտնվել գետնանցումում: Մազերի չափ գիրք է կարդացել, բայց փոշմանել է, ասում է՝ դրանից ինչ օգուտ: «Աշխատանք չկար: Անգործ էի, մտածեցի՝ ինչ անեմ, ինչ չանեմ, ու սկսեցի գիրք վաճառել»: Նոր-նոր էր Սուրենը հունի մեջ մտել, երբ նրանց դուրս հրավիրեցին գետնանցումից: Ծերուկը մի տեսակ համակերպվել է իրականության հետ: Կցկտուր փորձում է արդարացնել բոլորին. «Գետնանցումը հայտնի տեղ էր, կայացած շուկա, բայց պետությունը վաճառել էր ինչ-որ մեկին, որ շինարարություն անի: Ոչ նա մեղք ուներ, ոչ մենք»: Հիմա Սուրենն իր վաճառքի կետն ունի Կամերային երաժշտության տան հարևանությամբ: Քթի տակ մտմտում է, որ գոհ է նոր տեղից, միջավայրից, մաքրությունից ու հարմարավետությունից, բայց նույն պահին հիշում է գետնանցումը, թեժ առևտուրը, միանգամից ծանր ու կնճռոտ կոպերը կախվում են աչքերից: Այստեղ հույսը միայն ծանոթներն ու մշտական հաճախորդներն են, որոնք շատ չեն:

Վռամ Մարտիրոսյան
Վռամը գրավաճառությունն իր մասնագիտությունն է համարում: Հիմնականում փիլիսոփայական գրքեր ու աֆորիզմներ է կարդում: Հիմա էլ ձեռքի տակ Հեգելն է: Գետնանցումը փակելուց հետո նա նույնպես հայտնվեց Կամերային երաշտության տան այգում: Միակ տարբերությամբ, որ գետնանցումում վաճառող ուներ, իսկ այստեղ ինքն է վաճառում իր գրքերը: Վաճառող պահելը ճոխությունների շարքից է: Ասում է՝ հիմա լավ է, հարմարվել են, բայց գովազդի կարիք ունեն: «Սմետան, մայոնեզ լիներ՝ լավ ռեկլամ կանեին». Վռամն ունքերը կիտած զայրանում է, հետո զգուշորեն թաքցնում զայրույթն ու ասում՝ լավ է, գոհ ենք:

Արսեն Կարապետյան
Երիտասարդականի գետնանցումի գրքավաճառների մի մասին քամին քշել է մեկ այլ գետնանցում: Արսենը եկավ Տնտեսագիտական համալսարանի կողքի գետնանցումն ու պատի երկայնքով մեկ փռեց գրքերը: Այգի տեղափոխվելու միտքը նրան դուր չի եկել. «Ինչ-որ մեկը պիտի գլխիս շեֆություն աներ, իսկ էստեղ շեֆ չկա»: Գետնանցումում 5-6 հոգի է գիրք վաճառում: Արսենին ոգևորում է հատկապես այն հանգամանքը, որ այստեղ, ըստ նրա, մրցակցություն չկա: Միևնույն ժամանակ չի թաքցնում, որ բոլորի նման հույսը դրել է ծանոթ –բարեկամների վրա: Կզանգեն, կգան, կգնեն մի բան: Երազում է եռահարկ սուպերմարկետ ունենալ, որտեղ միայն գիրք կվաճառվի:

Հարություն Դեմիրճյան
Հարութի բեղերը Երիտասարդականի «պադզեմկում» են սպիտակել: 35 տարեկան էր, երբ եկավ մութ ու ցուրտ այդ վայրն ու մնաց այդտեղ: Հարութը մեծացավ, ու նրա աչքերի առաջ էլ գրքերի շուկան շուկա դարձավ: 25 տարի աշխատել է ստորգետնյա աշխարհում, և միայն ուշ երեկոյան, մութն ընկնելուն պես դուրս է եկել խորշից ու գնացել տուն: Հիմա էլ ուրիշ գետնանցումում է անցնում կյանքը, Արսենի կողքին: Փոքր, հարմատավետ կրպակ ունի, բայց նախկին մութ ու ցուրտ գետնախորշն իրեն ավելի էր դուր գալիս: «Այնտեղ բանուկ խաչմերուկ էր: Անցնելիս ոնց էլ լիներ 10-ից երկուսը գիրք էին առնում: Իսկ այստեղ միայն ուսանողություն է, տարեկան 2-3 անգամ առնում են իրենց դասագրքերն ու վերջ: Իսկ այնտեղ օրական 20-30 հատ գիրք էի ծախում, ստեղ 5-6 հատ որ ծախում եմ, ուրախանում եմ»: Գետնանցումից դուրս հանելուց առաջ ալեհեր ծերունուն ոչ մի տեղ չեն առաջարկել: Ասում է՝ ամեն մեկն իր գլխի ճարն է տեսել: Հիմա ինքը յոլա է գնում ու սպասում գետնանցումի վերակառուցմանը: Հույս ունի, որ նորից հետ կկանչեն ու ավելի բարեկարգ պայմաններում կշարունակի իր գործը:

Վահրամ, ուղղակի Վահրամ
Ի տարբերություն իր կոլեգաների, Վահրամն իր տեղը չի գտել: Կամերային երաժշտության տան այգում նրա համար տեղ չմնաց: Մի քանի տեղ փորձեց վերցնել, չեղավ՝ կամ վատն էր, կամ վճարն էր թանկ: Ինքն էլ գետնանցումի մուտքի մոտ փոքր տարածք վերցրեց և լրագրեր, ամսագրեր ու լոտո է վաճառում՝ բացօթյա: Վահրամը նեղված է, նեղացած բոլորից: Զայրացած հեռախոս է լիցքավորում ու քթի տակ մրթմրթում, քննադատում ամենքին: Մեծ հույս ունի, որ կրկին հետ կգնա, բայց ինքն էլ իր ասածին չի հավատում: Ազգանունը չասեց, նկարել թույլ չտվեց: Համոզելն անիմաստ էր:

Գարիկ Մարտիրոսյան
Գարիկն իր ապրած կյանքի ուղիղ կեսը գիրք է վաճառել: Գետնանցումի փակումից հետո որոշեց վերջապես արժանապատիվ գրքավաճառությամբ զբաղվել: Հոգնել էր ցուրտ ու խոնավ պայմաններից: Կորյուն 8 հասցեում խանութ վարձեց, վերանորոգեց ու մարտից սկսեց գիրք վաճառել: Գրքերն այլևս ոտքի տակ ընկած չէին, խնամքով դասավորել է դարակներում, ընթերցողների համար ստեղծել հարմարավետ պայմաններ, նայելու, փնտրելու և սիրելի գրքերն ընտրելու համար: Գարիկը վաճառում է միայն հայագիտական գրականություն և ինքն էլ ուսումնասիրում այդ ոլորտը: «Հենց գործերս լավանան, հենց այստեղ հանդիպումներ կկազմակերպեմ: Էս ոլորտով զբաղվող մարդիկ պիտի հաճախ հանդիպեն, շփվեն, քննարկեն»:

Բայց գրքավաճառի նպատակներն ու երազանքները շուտով դատարկվեցին իր խանութի պատերի պես: Գրախանութը չաշխատեց, 3500 դոլար ամեն ամիս Գարիկը չկարողացավ վճարել խանութի համար: Հիմա ստիպված է ավելի էժան տարածք գտնել: Եթե չգտնի, եթե չգտնի՝ շատ վատ կլինի:

Այս թեմայով