12 Նոյեմբեր 2013, 13:56
1975 |

Արթնացրո՛ւ մերձավորիդ

Համացանցում առցանց զարթուցիչներն այնքան շատ են, որ կարելի է մի քանի գիշեր դրանք ընտրել ու համեմատել: Սակայն սպիտակցի Աջամյան եղբայրներն աշխարհում առաջինն էին, որ մտածեցին ընձեռնել մարդկանց միմյանց արթնացնելու հնարավորություն. նրանց «Բուդիստ» (ռուսերեն буддист - «բուդդայական» և будить – «արթնացնել» բառերի խաղ) առցանց հավելումից արդեն օգտվում է մեկ ու կես միլիոնից ավելի մարդ:

Ինչ ասես չենք հնարում, որ ընդհատենք առավոտյան քունը՝ մանավանդ երկուշաբթիի մռայլ առավոտները՝ հեռախոսի՝ ծանր ռոքով զարթուցիչներ, «թեյդ սառեց» ասող մամա ու նույնիսկ քնած տիրուհու վրա ցատկոտող սոված կատու: Բայց այս ամենն արդեն անցյալի թերի մնացորդներն են: Եղբայրներ Հրաչիկ ու Թաթուլ Աջամյանները ստեղծել են «բուդիստ» առցանց հավելվածը, որը միանգամից կլուծի արթնանալու բազմադարյա խնդիրը:

Առցանց ծառայության անունը ռուսերեն «будить» (արթնացնել) բառից է ու ոչ մի կապ չունի բուդդիզմի հետ՝ թեպետ երկուսի նպատակն էլ մարդկանց «զարթոնքն» է: «Կենդանի զարթուցիչը» կարող է օգտագործել հեռախոս ունեցող ցանկացած մարդ: Պետք է միայն գրանցվել budist.ru կայքում կամ հեռախոսի մեջ ներբեռնել հավելվածը, նշել արթնանալու ժամն ու հանգիստ քնել: Նշանակված ժամին քեզ կարթնացնի խորհրդավոր ու անծանոթ մի տղա կամ աղջիկ ու չես էլ նկատի՝ ինչպես չքվեց քունդ. բազմիցս ստուգված է: Դու էլ կարող ես մեկին արթնացնել, դառնալ այսպես ասած «будист»: Ամենաուրախալին այն է, որ բոլոր զանգերն անվճար են, խոսակցություններն էլ՝ անանուն:

Սակայն փոխադարձ համաձայնությամբ կարելի է զրույցները հրապարակել կայքում՝ հա՛մ քեզ ցույց կտաս, հա՛մ էլ մյուսներին կուրախացնես: Ռուսաստանում զանգը տևում է 2 րոպե, այլ երկներում դեռևս միայն 90 վայրկյան: Սակայն եթե քեզ արթնացնողը, օրինակ, երազանքներիդ Մայամի քաղաքից է ու քո պես ռոքի սիրահար, հատկացված երկու րոպեի ավարտից հետո կարող եք չանջատել կապն ու շարունակել խոսել ձեր հաշվին: Նախօրոք կհնչի ազդանշան, որը կտեղեկացնի վճարովի խոսակցության սկիզբը: Այս ֆունկցիան գործում է դեռևս միայն Ռուսաստանում:

Թաթուլ Աջամյան
Թաթուլ Աջամյան

«Մի ժամանակ ես ու Հրաչիկն աշխատում էինք բազմաթիվ պատվերների վրա, պատրաստում զանազան կայքեր, - պատմում է ավագ եղբայր Թաթուլը: - Գործը շատ էր, հետևաբար քնի ժամանակը՝ քիչ: Հրաչիկը զարթնում էր միայն անծանոթ համարներից՝ պոտենցիալ պատվիրատուների զանգերից, ճմլկոտում էր, արագ-արագ մի քանի ձայնային վարժություն անում ու պատասխանում: Զանգողի մտքով չէր էլ անցնում, որ զրուցակիցը ոչ թե գրասենյակում է, այլ անկողնում, ու որ մի քանի վայրկյան առաջ Մորփեոսի գրկում էր»:

Հենց այս նկատառումներն էլ դրդեցին Հրաչիկին ստեղծել մի ծառայություն, որտեղ անծանոթ մարդիկ կարթնացնեին միմյանց: Ժամանակին գաղափարը թվում էր խելացնոր. Աջամյանները չունեին ո՛չ անհրաժեշտ գումար, ո՛չ տեխնիկական հնարավորություններ: Սկզբում եղբայրները կապ հաստատեցին տյումենցի ինժեներ Սաշայի հետ ու պատմեցին այդպիսի զարթուցիչ ստեղծելու մասին: Երիտասարդ ինժեները տարակուսած թափ տվեց թևերը՝ ցնդել ե՞ք, ու գնաց: Սակայն մի քանի օր անց հետ եկավ ու խանդավառ աչքերով սկսեց պատմել, թե գիտի՝ ինչպես իրագործել գաղափարը:

Այսպես կամաց-կամաց տղաները սկսեցին իրականացնել նախագիծը, որից առաջացավ այսօրվա ռունեթի ամենատարածված առցանց ծառայություններից մեկը: 2011-ի ապրիլին եղբայրները ներկայացրին իրենց գաղափարը սթարթափների մրցույթին Մոսկվայում, հետո՝ Սան Ֆրանցիսկոյում: Զարթուցիչի միտքը հավանեցին համացանցային ձեռնարկատեր Յուրի Մելներն ու ВКонтакте սոցցանցի հեղինակ Պավել Դուրովը: Հատկացվեցին գրանտներ, առաջացան հովանավորներ, ու նախագիծն աշխատեց, սակայն միայն Մոսկվայում: Այդ ժամանակ էլ արժանացան թերևս ամենաբաղձալի պարգևին՝ Ռունեթի մրցանակին:

Հրաչիկ Աջամյան
Հրաչիկ Աջամյան

«ՏՏ տեխնոլոգիաներով զբաղվելն ու մեծ հեռավորություններ վազելը նույնն են, - ասում է վազքի մեծ սիրահար Թաթուլը: - Պետք է սովորել համբերել, կարողանալ խնայել ուժերը, հասկանալ, որ միայն գաղափարը բավական չէ: Հենց այստեղ են սխալվում սկսնակները: Պետք է գիտակցել, որ անցնելիք ճանապարհը երկար է»:

Մեկ տարի անց՝ 2012-ին «Բուդիստը» դարձավ հասանելի ամբողջ աշխարհին:

«Մարդուն պետք է զարմացնել, որ զարթնի, - մասնագիտական փորձն է կիսում Թաթուլը: - Կարելի է նմանակել հայտնի անձանց, բայց պարտադիր չէ. գլխավորը ինքնատիպությունն է: Ամենակարևորն էլ մարդուն դրական զգացմունքներ հաղորդելն է: Սկզբունքորեն դեմ ենք ագրեսիվ լինելուն կամ զզվեցնելուն. չէ՞ որ քնից արթնացողն առավոտյան տպավորությունները կրում է ամբողջ օրը»:

Թաթուլն ու իր կինը պատահմամբ արթնացրել էին հայաստանցի մի աղջկա

Այս թեմայով