12 Նոյեմբեր 2013, 10:55
2936 |

Մոլորակ մոլորակում

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վիպակն առաջին անգամ դպրոցական տարիներին եմ ընթերցել, հետո շատ անգամներ վերընթերցել՝ամբողջությամբ կամ հատվածաբար: Երբ օդաչու Էքզյուպերին ուզում էր պարզել՝ մեծահասակները մի բան հասկանում են, թե՝ չէ, անմիջապես ցույց էր տալիս իր՝ փիղ կուլ տված վիշապօձի նկարը (ցավոք, բոլորն ասում էին, որ դա գլխարկ է), ես էլ որևէ մեկի մասին կարծիք կազմելուց անպայման խոսք եմ բացում «Փոքրիկ Իշխանի» մասին, հետաքրքրվում՝ կարդացել է, թե՝ոչ, ի՞նչ է հասկացել:

«Թող քո կյանքում միշտ լինեն «Փոքրիկ իշխանի» նման բարի ու պարզ մարդիկ». այս մակագրությամբ գրքույկն իմ ունեցած չորրորդ «Փոքրիկ իշխան»-ն է՝ թուրքերեն: Մինչև այդ ունեի հայերենը, ռուսերենը, ֆրանսերենը: Գրադարակում 4-րդ «Փոքրիկ իշխանի» հայտնվելը հուշեց՝ հավաքածու է ձևավորվում: Իմ սենյակն իր մեծությամբ Փոքրիկ իշխանի մոլորակից գրեթե չի տարբերվում: Նրա մոլորակը մի տան չափ է՝ 2 հանգած հրաբուխ, դեռ թփի մեծության բաոբաբ և ապակե շիրմայով ծածկված վարդ: Իմ սենյակում կողք-կողքի ապրում են մահճակալը, սեղանը, գրադարակներն ու մի կիթառ, և, իհարկե, ես: Առանց երկար մտածելու դատարկեցի գրադարակներից մեկն ու չորս «Փոքրիկ իշխանները» շարեցի մեջը: Հետո սկսեցի արտասահման մեկնող կամ այնտեղ բնակվող ծանոթներիս խնդրել ուղարկել այդ երկրի լեզվով «Փոքրիկ իշխան»: Խնդրանքս անպատասխան չմնաց. անգլերեն, գերմաներեն, իտալերեն, քրդերեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, եբրայերեն, ուկրաիներեն, շվեդերեն, հունգարերեն, պորտուգալերեն, հոլանդերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն, մոլդովերեն, իսպաներեն, հունարեն, սլովակերեն... այս բոլոր 24 լեզուներով «Փոքրիկ իշխանները» այսօր հավաքվել են մեր տանը: Դրանց են միացել նաև հենդմեյդ ժամացույցը, ականջօղերը, կախազարդերը, գլխաշորը, բաժակն ու բաժակի տակդիրները: Ամենակարևորը՝ դրանք բոլորը նվերներ են, իմ հավաքածուում անձնական ներդրում ունեցել եմ միայն մեկ անգամ. Փոքրիկ իշխանին նվիրված փարիզյան բուտիկից գնել եմ գրիչ ու էջանշան: Պատմությունս այսքան մանրամասն ու ճշգրիտ թվերով ներկայացնում եմ մեծահասակների համար: Ինչպես Էքզյուպերին է ասում՝ «Նրանք թվեր շատ են սիրում»:

«Փոքրիկ իշխանի» շնորհիվ հասկացա, թե որքան կարևոր է գիրքը բնագրով կարդալը: Հետաքրքիր զբաղմունք է թարգմանչական սխալներ «բռնելը»: Չորս լեզվով կարդացի ու այդպես էլ չհասկացա, թե փոքրիկ իշխանը տխուր ժամանակ իր մոլորակի վրա մի օրում քանի մայրամուտ է տեսել' 44, թե 43:

Գրքին առանձնակի հմայք ու նաև բովանդակություն են հաղորդում հեղինակի նկարազարդումները: Առանց դրանց դժվար է վիպակը պատկերացնել: Բայց վրացի ու ուկրաինացի հրատարակիչները որոշել են, որ ի զորու են ավելին անել: Արդյունքում ստացվել է գիշերազգեստով Փոքրիկ իշխան՝ վրացական լեռնաշխարհում, իսկ ուկրաինացիները Փոքրիկ իշխանի կողքին նաև հեղինակ-օդաչուին են պատկերել:

Ամենասարսափելին առջևում էր. մի օր իմացա, որ աշխարհի գրախանութներում հայտվել են «Փոքրիկ իշխանի» նոր արկածների մասին պատմող գրքեր՝ բնությանն անծանոթ ռոբոտային հրեշատիպ արարածներով: Փոքրիկ իշխանն այս անգամ թրով է պաշտպանում իր մոլորակը: Հիշեցի Էզյուպերիի համոզմունքը՝ մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինել:

Հավանաբար իսկական մեծահասակներ են աշխատում նաև Հայաստանում գործող մի շարք դեսպանատներում, այլապես նրանց ուղղած իմ նամակներն անպատասխան չէին մնա: Գոնե մի քանիսը ինձ նվիրեին «Փոքրիկ իշխան»' իրենց երկրի լեզվով: «…Եվ ոչ մի մեծահասակ երբեք չի հասկանա, թե դա ինչքա՜ն կարևոր է»:

Այս թեմայով