08 Նոյեմբեր 2013, 13:10
3554 |

Դպրոցականի հիշատակարանից

Մինչև բարձրագույն կրթություն չունենաս ու բազմակողմանի զարգացած չլինես, չես կարող երեխայիդ օգնել դասերի հարցում։ Կույր պետք է լինել հատուկ միտումը չտեսնելու համար. ամեն ինչ արվում է, որ հենց տարրական դասարաններից ծնողներն իրենց երեխային պարապելու տան:

Ժամանակակից մայրերը երեխայի հետ հավասար ամեն օր դաս են սովորում, դասացուցակն անգիր անում և ունենում ծանրաբեռնված ու թեթև օրեր. երկուշաբթին ատում են, ուրբաթի համար` գժվում։ Հատկապես ծանր է աշխատող մայրիկների լուծը. աշխատանքից հետո հենց տուն են մտնում, հոպոպի պես ոստոստում են խոհանոցից գրասեղան։ 1-3 դասարաններում նրանց հախից գալիս է տեխնոլոգիա` սովետի ժամանակ «Աշխատանքի ուսուցում» կոչված առարկան։ Եթե տնից դուրս ես գալիս, ուրեմն անպայման` տոպրակով, որ մեջը դնես հանդիպած մի սիրուն ծաղիկ, տերև, հետաքրքիր քար, փետուր։ Թե վերադառնաս հարուստ ավարով, վաղը երեխադ մի չաղլիկ «10» շալակած տուն կգա։ Պարադոքսն այն է, որ իրենք` ուսուցիչներն էլ քաջ գիտեն` ոսկերչական հմտություն պահաջող աշխատանքները 5-7 տարեկան երեխան չի կարող պատրաստել. ամեն ինչ մայրիկներն են անում։ 

 

Իսկ եթե երեխան դպրոցից գալիս է ու պատմում, որ իրենց դասարանի այսինչի նկարած Մասիսն այնքան բնական է եղել, որ ուսուցիչը որոշել է տանել «Վերնիսաժ», ամբողջ ընտանիքը շանթահարված քար է կտրում, խեթ-խեթ նայում ամոթից մի բուռ դարձած մայրիկին, որը մի ակնթարթում որակազրկվում է։ Հաստատված է փորձով. եթե երեխան դպրոց տանի իր ձեռքի աշխատանքը` մի քիչ ծուռ, անվարժ, փնթի, կգնահատվի ցածր, հետն էլ սաստող նկատողություն` ի ցույց ամբողջ դասարանի։ 

 

Հանրակրթական դպրոցի ծրագրերի համար 24 ժամն էլ բավական չէ, որպեսզի աշակերտը հասցնի բոլոր դասերը սերտել։ 4-րդ դասարանի առաջին դասերից մեկը  անգլերենի բայի ժամանակային ձևերն են, մինչդեռ մայրենիի դասագրքում դեռ ոչինչ գրված չէ հայերենի բայերի խոնարհման մասին։ Ի հիշեցում. սովետական դասապրոցեսն այնպես էր կազմակերպվում, որ նույն օրը տարբեր լեզուներից անցնում էին միևնույն թեման, որպեսզի զուգահեռներն ու տարբերությունները հասկանալի լինեն։ 

 

6-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում հենց սեպտեմբերից այնպիսի վարժություններ կան, որոնց լուծումը առնվազն 2-3 ժամ է պահանջում. մեխանիկական, տրամաբանությունը չշարժող, տաղտկալի գործողությունների շղթա` ահռելի մեծ թվերի, անկանոն կոտորակների կուտակումներով։ Խնդիրներ, որոնց իմաստն ու պահանջը հասկանալու համար պետք է 10 անգամ կարդալ։ 

 

Աշխարհագրության նկատմամբ հենց տարեսկզբից վախ է առաջանում։ Մասնագիտական տերմիններով, խառնիճաղանջ ձևակերպումներով, երկարաշունչ նախադասություններով հագեցած տեքստեր, որոնք յւորացնելու դեպքում կարող ես համարվել աշխարհագրական ֆակուլտետի լիիրավ ուսանող։ Գաղտնիքը պարզ է. Դպրողական դասագրքերը կազմել են հենց վերոնշյալ ֆակուլտետի դասախոսները՝ առանց հաշվի առնելու ուսանողական և աշակերտական ընկալունակությունը: 

Դեռ 5 տարի առաջ ֆոտոխցիկով հավերժացրեցի «Այբբենարանի» որոշ արտահայտությունների ու տեքստերի մաթեմատիկական անիմաստ միտումները։ Պարզվեց՝ գրքի հեղինակը մաթեմատիկոս էր ու գիրքը լցրել էր հաշվել պահանջող խաչբառերով։ «Մասիս+Սիս=Արարատ», «1նել» և այլն: «Այբբենարանի» նոր հրատարակություններում +,=-ը հանվել է, բայց մի ամբողջ սերունդ Արարատը +,=-ով է հիշում։ 

 

Դպրոցական պարտադրանքներից մեկն էլ գրողի տարած ռեֆերատներն են՝ շաբաթական մի քանի օր տարբեր առարկաներից. Եգիպտոսի պատմության, օզոնի շերտի, կատվազգիների, իտալական միջնադարի, Ղազարոս Աղայանի, Ամազոնի ու էլի շատ ու շատ բաների մասին: Լուծումն ակնհայտ է. համացանց+copy+paste= ռեֆերատ։ Հատուկ դրա համար գնվում է տպիչ սարք։ Իսկ թե ո՞ւմ է պետք այդ անիմաստ աշխատանքը, եթե աշակերտը ֆիզիկապես ի վիճակի չէ գոնե կարդալ տասնյակ էջերով ռեֆերատները, էլ ուր մնաց` սերտել, անհայտ է։ Բայց ռեֆերատ չպահանջող ուսուցիչն ուսուցիչ չէ։ 

Նույն մաթեմատիկայի դասագրքում թեմա կա` «Պատահույթներ». կպատահի։ Դիմորդներ պատրաստող մասնագետները սարքովի ու մեռած բառերի մի ամբողջ կույտ են հրամցնում, որոնք ընդունելության քննությունների ծրագրում դարանակալում են դիմորդին։ Դրանք անգամ բառարաններում չկան, ի՞նչ են նշանակում բարեմույն, դաստառուկ, պատահույթ, ագուգա, պարտասուն, արիշ բառերը։ 

 

Շարքը՝ շարունակելի…

Այս թեմայով