06 Նոյեմբեր 2013, 10:03
4117 |

Նամակ ունեք

Մայրաքաղաքի բնակիչների հետ կապի մեջ ու զբոսաշրջիկի նման միշտ ոտքի վրա փոստատարները աջ ձեռքի հինգ մատի պես գիտեն քաղաքը, իսկ ձախ ձեռքի հինգ մատի պես`քաղաքի բնակիչներին:

Մարինա Բեսկորովայնայա
Համար 6 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 2 տարի 

Փոստատարի աշխատանքային օրը սկսվում ա վաղ առավոտից' պոչտան գալիս ա, դասավորում ենք, գրանցում ենք, գծում ենք երթուղին ու դուրս ենք գալիս հասցեներով: 30-40 հասցեում լինում եմ օրվա մեջ: Երբ նոր էի աշխատանքի ընդունվել որպես փոստատար, ինձ Միքայել Աղաբալյանն ա սովորացրել աշխատանքը: Ինքը դե արդեն 20 տարվա փոստատար ա ու բացի դրանից՝ շատ լավ ուսուցիչ: Սկզբում ամենադժվարը հասցեներն ու անունները հիշելն էր: Ընդհանրապես՝ դժվար աշխատանք ա, որովհետև ոտքով շատ ենք քայլում, բարձ-րահարկերի վերելակները երբեմն չեն աշխատում ու ստիպված 7-8 հարկ ոտքով բարձրանում ենք: Նագրուզկան շատ ա:

Չնայած վարձատրության առումով շնորհակալ աշխատանք չի, բայց բնակչության կողմից գնահատված, սիրված մարդ ա փոստատարը: Մարդ կա' դժգոհում ա, ասում ա' «Վա՜յ, էլի բերեցիք էս ակտերը»: Բայց դե փոստատարը հո մեղավո՞ր չի, որ բնակչին ակտ ա էկել: Մարդ էլ կա ասում ա' «Բերեցի՞ք ակտը, մենք սպասում էինք, շնորհակալություն»: Շատը ճանապարհայինից են ակտեր լինում, դատականից, գազ, լույս, ջուր, թոշակ...

Փոստատարին աշխատանքի ընդունելուց հաշվի են առնում էն, թե կարա՞ էդ մարդը փողի հետ աշխատի, որովհետև փոստատարները նաև թոշակ, նպաստ են բաժանում: Իսկ փողի հետ պետք ա ազնիվ աշխատես ու ուշադիր լինես: Թոշակառուները անընդհատ դժգոհում են, թե էս ի՞նչ թոշակ ա, սրանով ո՞նց ապրենք: Բայց դե մենք հասկանում ենք, որ նրանց դժգոհությունը ոչ թե փոստատարից ա, այլ' իշխանությունից: Ուղղակի մարդիկ նեղված են լինում, խոսում են փոստատարի հետ, մենք էլ ըմբռնումով ենք մոտենում: Ի՞նչ անենք, ախր, մեր բնակիչներն են, մեր թոշակառուներն են: Եթե համբերատար լինես, ամեն գործ էլ կարաս անես, այդ թվում նաև' փոստատարինը:

Միքայել Աղաբալյան
Համար 6 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 19 տարի

Մեր բաժանմունքը Շենգավիթի շրջանում է' 3-րդ մասում: Երբ 1994-ին Հայաստանի փոստային ծառայությունը վերանվանվեց «Հայփոստ», մեր տնօրենը պարոն Շահբազյանն էր: Ինձ հարցրեց՝ «Երիտասարդ, դու կարո՞ղ ես լայն մասսաների հետ աշխատել»: Ասեցի' «Այո»: Ասեց' «Դե գնա ու աշխատի»: Մինչև հիմա աշխատում եմ: Փոստատարի աշխատանքի դժվար կողմն էն ա, որ բնակչության մոտ պիտի վստահություն ու հարգանք ձեռք բերես, որպեսզի քեզ սիրեն ու ընդունեն: Էսօր փոստատարները հիմնականում տարիքով մարդիկ են: Իմ տարածքի բնակիչներն էլ հիմնականում թոշակառուներ ու նպաստառուներ են: Իրենց հետ պետք ա կարողանաս լեզու գտնել, դա էդքան էլ հեշտ չի:

Հիմա, որ ինտերնետ կա, բջջային հեռախոս կա, նամակագրական կապը քչացել ա: Հեռագիրն էլ ա համարյա դադարել, որովհետև սկայպ կա: Հիմնականում պաշտոնական, վարչարարական նամակներ են գրում, թերթեր ու ամսագրեր ստանալու համար են բաժանորդագրվում: Օրական միջինը 40-ից 50 հասցեում եմ լինում:

Հայտնի փոստատար Պեչկինի մուլտֆիլմը, իհարկե, տեսել եմ, բա ո՞նց չեմ տեսել: Ինձ հետ էլ բնակիչները երբեմն ըտենց կատակ-մատակ են անում, «պոչտալիոն Պեչկին» են ասում…

90-ականներին դժվար էր փոստատարի աշխատանքը, համակարգը նոր էր կարգավորվում, հասցեները հիմնականում փոխվում էին, օրինակ' Կալինինի փողոցը դարձավ Գարեգին Նժդեհի փողոց, Թելմանի փողոցը դարձավ Մանանդյան: Մի կողմից՝ էլ էդ թվերին դժվար էր, որովհետև բանկեր շատ չկային ու թոշակառուները շատ էին: Հիմա թոշակներն ու նպաստները արդեն բանկերից են ստանում: Էդ առումով փոստատարի աշխատանքը հիմա մի քիչ թեթևացել ա, բայց դե հեշտ աշխատանք համարել պետք չի: Դրան էլ գումարած վարձատրությունն ա քիչ:

Աղավնի Մուրադյան
Թիվ 10 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 1 տարի

Ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ աշխատել դպրոցում 15 տարի, իսկ վերջին մեկ տարին փոստատար եմ: Ուսուցչուհու և փոստատարի աշխատանքի մեջ երեք ընդհանուր բան կա' կարգապահություն, պատասխանատվություն և մաքրություն: Փոստատարի աշխատանքը ինձ մի տեսակ ֆիզկուլտուրայի դաս է հիշեցնում' անընդհատ շարժման մեջ ես, ոտքով քայլում ես, բարձրանում-իջնում ես: Առողջության համար սա, ինչ խոսք, շատ լավ աշխատանք է:

Որպես կանոն՝ նամակները միշտ մի կարևոր կամ գաղտնի ինֆորմացիա են պարունակում: Բայց դա ինձ երբևէ չի հետաքրքրել, ինչպես ասում են' ուրիշի նամակները կարդալը վատ բան է: Բայց նամականիշները ուսումնասիրել ոչ ոք չի արգելել՝ շատ եմ սիրում, երբ հայտնի մարդկանց, գիտնականների, գրողների, ծաղիկների, եկեղեցիների նկարներ են լինում պատկերված:

Մենք շատ խղճով ժողովուրդ ունենք, շատ են սիրում փոստատարին: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, թոշակ բաժանելիս, թոշակառուներից մեկին շփոթվել շատ էի վճարել: Երեկոյան զանգեց ինձ ու ասաց, որ ավել գումար եմ տվել՝ գնամ հետ վերցնեմ:

Կուզենայի մենակ ուրախ բովանդակությամբ նամակներ բաժանել, բայց դա անհնար է: Մի անգամ թոշակ տարա իմ թոշակառուին ու իմացա, որ ինքն արդեն մահացել է: Շատ վատ եղա, տխրեցի… Մենակ խնդրում եմ բոլորին, նամակներ ուղարկելիս ծրարի վրա հասցեն ուշադիր և ճիշտ գրեն, որովհետև շատ են սխալ գրում ու անկախ փոստատարի կամքից նամակը տեղ չի հասնում:

Վազգեն Ռեհանյան
Համար 9 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 32 տարի
32 տարի անընդմեջ աշխատում եմ փոստային համակարգում և միշտ սիրով եմ կատարել իմ աշխատանքը: 32-ից 25 տարին համար 9-ը փոստային բաժանմունքի փոստատարն եմ: 9-րդը Պոնչիկանոցի մոտի պոչտան ա: Փոստատարի աշխատանքը շատ աշխույժ ա, անընդհատ շփման մեջ ես, իսկ դա և՛ հեշտ ա, և՛ դժվար: Բավականին լավ մարդկանց հետ եմ շփվում աշխատանքի ժամանակ, տարբեր տներ եմ մտնում դուրս գալիս, շա՜տ հարգալից ժողովուրդ ունենք: Առաքում ենք նամակ, ծանրոցներ, դրամական փոխանցումներ: Առավոտյան 9-ից սկսում ենք աշխատել, մինչև աշխատանքն ավարտենք՝ ժամ-պատարագ չկա: Ամբողջ Երևանը 5 մատի պես գիտեմ: Դե, որ 25 տարի ա մենակ Կենտրոնում եմ աշխատում, դրա համար էլ ավելի շատ Երևանի կենտրոնն եմ սիրում: Համ էլ ժողովուրդն ա լավը: Հասցրել եմ հարգանք ու փոխադարձ վստահություն ձեռք բերել բնակիչներից:

Էնքան եմ սովորել ոտքով քայլելուն, որ հոգնում եմ չաշխատելուց, ոչ թե աշխատելուց: Փոստատարի աշխատանքի մի բանն ա վատ' ցածր աշխատավարձը: Դրամական փոխանցումներն են շատացել, ծանրոց-փաթեթներն են շատացել, մենակ մեր աշխատավարձը չի շատացել: Դրսից հայերին շատ են ծանրոցներ գալիս հա՛մ նվերի, հա՛մ օգնության տեսքով: Բնակիչը կամպյուտրով պատվերներ ա անում, գալիս ա, մենք ենք էդ ամեն ինչը առաքում: Դժվար ա, բա ի՞նչ ա:
Հիմա' ի տարբերություն սովետի ժամանակների, մուտքերի մոտ չկան նամակի համար նախատեսված մետաղյա արկղերը կամ տան դռների վրա չկա նամակի համար արված անցքը, էն որ փոչտալյոնը նամակը գցում, գնում էր: Հիմա ամեն ինչ' 20 կիլոգրամ ծանրոցից մինչև նամակ ու գումար, փոստատարն ա տանում հասցե առ հասցե, որովհետև «պասպորտ» ա պետք, ստորագրություն ա պետք դրա համար, որ տվյալ մարդը ստացավ էդ բանը:

Ես եղել եմ Միացյալ Նահանգներում, ընդեղ փոստատարի աշխատանքն ավելի հեշտ ա, ավելի շատ ա գնահատվում, աշխատավարձն ա բարձր, աշխատաժամերն են քիչ: Իսկ մեր մոտ' հակառակն ա: Բայց միևնույն ա, հաճելի ա, որ մարդկանց կողմից շատ սիրված մարդ ա փոստատարը, հատկապես, երբ իրանց գումար կամ ծանրոց ա տանում:

Ռուբեն Վարդանյան
Թիվ 10 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 1 տարի

Հասցրել եմ տարածքիս բնակիչների մեծ մասին ճանաչել: Հայտնի մարդկանց հաճախ եմ նամակներ տանում, օրինակ՝ գրող Մերուժան Տեր-Գուլանյանին: Կարծում եմ՝ աշխարհի բոլոր փոստատարներին միավորողը վերաբերմունքն է' ազնիվ ու պատասխանատու վերաբերմունքը աշխատանքին:
Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ գնում ա թվայնացման' կապը, հեռահաղորդակցությունը: Մտածում եմ, որ հնարավոր ա գա մի օր, որ այլևս փոստատարի կարիք չլինի: Բայց մյուս կողմից էլ ասում եմ' հնարավոր չի նման բան, որովհետև նամակ կամ ծանրոց ուղարկողի ու ստացողի կապող օղակը փոստատարն ա: Փոստատարից են պահանջում ստացականը կամ ստորագրած կտրոնը: Հայերը հա՛մ շատ ծանրոցներ են ուղարկում դուրս, հա՛մ էլ դրսից են շատ ստանում' հարազատներից, ընկերներից: Փոստատարին չի հետաքրքրում, թե ինչ կա ծանրոցի մեջ, փոստատարին հետաքրքրում ա, որ այն անվնաս, փակ վիճակում հասցնի հասցեատիրոջը:

Ժողովուրդը սիրում ա փոստատարներին: Մենք էլ ենք մեզ լավ զգում, երբ որ լավ բովանդակությամբ նամակներ ենք բաժանում: Հատկապես տոն օրերին, Նոր տարուն, երբ բոլորի տրամադրությունը տոնական ա լինում, հենց նամակ կամ ծանրոց ես տանում, անպայման կոնֆետ, թխվածք են հյուրասիրում, նույնիսկ մի 50 գրամ կոնյակ:

Սուսաննա Հովհաննիսյան
Համար 1 փոստային բաժանմունք, աշխատանքային փորձը՝ 5 տարի

Ի դեպ, շատ առողջարար աշխատանք է' ամբողջ օրը ոտքով քայլում ենք: Քայլելը հենց առողջություն է, չէ՞: Մի տեսակ սպորտաձև է էլի մեր գործը: Մարդկանց հետ շփվելն է դժվար: Փոստատարի համար հիմնական ծանրաբեռնվածությունը լինում է եռամսյակի վերջում, բայց դե ես Կենտրոնն եմ սպասարկում, էստեղ տարին 12 ամիս ծանրաբեռնված է: Եթե ոչ անուններով, ապա' դեմքերով իմ տարածքի բնակիչների մեծ մասին ճանաչում եմ: Նամակներից բացի ծանրոցներ, փաթեթներ շատ ենք բաժանում, համարյա ամեն օր: Տոն օրերին բացիկներ են շատ լինում, շնորհավորական նամակներ: Այսինքն՝ բացիկների կուլտուրան դեռ մնացել է: Ցավոք, լինում են նաև ցավակցական հեռագրեր: Մենք այդ պահին բնակչի հետ կիսում ենք նրա վիշտը, սփոփանքի խոսքեր ենք ասում: Մարդ են չէ՞, հասկանալ է պետք:

Բնակիչները նեղվում են հիմնականում ճանապարհային ոստիկանության, վարձավճարների, գույքահարկի վճարման մասին հիշեցնող նամակներից: Շատ են նաև դատական նամակները, երբ ասենք, ամուսինները անհաշտ են ապրում ու բաժանվում են: Ուզենք-չուզենք տեղյակ ենք լինում մեր բնակչի կենցաղի ու կյանքի մասին, որովհետև էդ ամեն ինչը մեր ձեռքով ա տեղ հասնում: Կենտրոնում անընդհատ նոր բազմաբնակարան շենքեր են կառուցվում, իսկ դա նշանակում ա նոր հասցեներ են ավելանում փոստատարի համար:

Թոշակ, նպաստ բաժանելուց հատկապես շա՜տ ուշադիր պիտի լինես: Մոտդ ահագին գումար կա, հազար տուն ես մտնում…

Անկանխատեսելի դեպքեր հաճախ են լինում: Օրինակ՝ մի անգամ, երբ մի շատ հաճելի տիկնոջ' տիկին Ասյային, նամակ էի տանում, դուռը ծեծեցի, ինքն էլ իմացավ դուռը ծեծողը իրա աղջիկն ա ու միանգամից բացեց: Տանը մեծ շուն կար, հարձակվեց իմ վրա, էն էլ լավ պրծանք: Պետք է ասեմ, որ բնակիչն ավելի էր վախեցել, քան ես: Փաթաթվել էր ինձ ու հազար անգամ ներողություն էր խնդրում: Մի անգամ էլ շատ վատառողջ էի, երբ բնակչին նամակ տարա: Երեկոյան այդ նույն բնակիչը զանգեց ինձ ու հարցուփորձ արեց, թե ոնց եմ, խորհուրդ տվեց՝ անպայման գնամ բժշկի: Շատ հաճելի էր: Հենց այդ ժամանակ ես հասկանում, որ մարդիկ քեզ սիրում են, քո արած աշխատանքի կարիքն ունեն ու դրանից շոյվում ես:

«ԵՐԵՎԱՆ» անսագիր, N4, 2013

Այս թեմայով