24 Հոկտեմբեր 2013, 12:26
3567 |

Պլանի գլխի Շերիֆը

Կենտրոնում բնակվող ամեն ոք գիտի այս լեգենդար անձնավորությանը, նրա արտաքինն արդեն կես դար անտարբեր չի թողնում և ոչ մեկին: Կյանքի վայելքներից տեղը-տեղին օգտված Պլանի գլխի «խարոշին» Երևանի մասն է՝ իր հակասական անցյալով ու սկանդալային պատմություններով, որոնց մասին ցայսօր լռում է:

Ալբերտ Սիմոնյանը կամ Շերիֆ Աբոն երևանցի կովբոյ է: Սպիտակ մորուքով ու կապույտ աչքերով 75-ամյա ծերունին մինչև հիմա հատուկ ուշադրություն է դարձնում իր արտաքինին: Ասում է՝ դուրս գալուց առաջ մի քանի ժամ է պետք պատրաստվելու, կոշիկներն ու հագուստի վրայի երկաթեղենը փայլեցնելու համար: Տարօրինակ երևանցուն կարելի է հանդիպել Աբովյան պուրակի հարակից տարածքում. արհեստանոց ունի մոտակայքում:

Կովբոյին ժամադրեցինք Գրիբոյեդովի անվան դպրոցի մոտ: Լայնեզր գլխարկ, կարմիր վերնաշապիկ, որի ֆոնին ավելի էր ընդգծվում փայլփլուն նախշերի ոսկին: Կովբոյի հագուստին ամրացված ԱՄՆ-ի դրոշը, ինչպես պարզվեց, բնավ չի նշանակում երկրպագություն Ամերիկային: Ավելին՝ Ամերիկան նրա համար «կանացի» երկիր է: Պատմում է՝ իրեն նեղացրել էին այստեղ, ինքն էլ գնաց ԱՄՆ: Բայց չորս ամիս դիմացավ, վերադարձավ: Ամերիկուհիները Շերիֆին դուր չէին եկել: Ինքը բարոյական կնոջ մասին այլ պատկերացում ունի. «Կնոջ համար պիտի կյանքը մութ լինի», - ասում է ծերուկն ու խորամանկ հայացքով ժպտում: Ակամայից կասկածում ես՝ չլինի՞ ջահել տարիներին լավ էլ լուսավորել է կանանց: Ասում է՝ միշտ ու շատ է սիրել մեքենաներ, մոտոցիկլետներ, ապա ուղղում շղթայաշատ տաբատը հագին պահող «ամրագոտիները»: Դրանց վրա ամրացրած է երկաթե աստղ՝ Sheriff փորագրությամբ: Առհասարակ հագուստի վրա անհամար են աքսեսուարները:

Շերիֆին զննելով՝աննկատ հասանք կիսավեր վիճակում գտնվող նրա «որջը»: Այստեղ է պահում կոշիկների պատրաստման համար անհրաժեշտ պարագաները: Ծայրին ու կրունկին ամրացրած երկաթներով սուրքիթ կոշիկները հատուկ ուշադրության են արժանի, նրա կերպարի ամենասուր մասն են: Կոշիկների տակն էլ հատուկ երկաթներ է կպցրել, որ քայլելուց կտկտա, որ բոլորն իմանան՝ Շերիֆն եկավ: Կրունկից դուրս է գալիս պտտվող ծայրով փոքրիկ դանակը՝ ձիու վարգը խթանելու. ափսոս՝ ձի չունի: Փոխարենն ունի ատրճանակ: «Կրակո՞ւմ է»՝ հարցրեցինք վախվորած: «Պետք լինի, դա էլ կանի». պատասխանը կարճ էր՝ ատրճանակի կրակոցի պես:

Ծերուկի կիսախուփ աչքերի մեջ երիտասարդական չարաճճիություն կա, որն անընդհատ կայծերի նման դուրս է պրծնում անկյուններից: Ասում է՝մարմնի վրա ունեցած սպիների թիվը չի հիշում, պարտիզանի պես լռում է դրանց պատճառների մասին: Խորամանկ ժպիտից ու աչքերի տարօրինակ փայլից ենթադրում ես, որ ծերունու անցյալն իր սպիների նման բուռն ու հախուռն էր: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Շերիֆն անընդհատ խոսում է կյանքի վայելքների ու մեքենաների մասին, շրջանցում անձնականին վերաբերող հարցերը: Երիտասարդ սերերի մասին հարցին չպատասխանեց, օրինական կնոջ մասին նույնպես համառորեն լռեց: Այնուամենայնիվ չթաքցրեց, որ կանանց շատ է սիրում: Մարմնի սպիները, հավանաբար, շատ բան կպատեին, թե լեզու ունենային:

Դժվար է քայլում, տարիքն իրենն ասում է: «Քանի՞ տարեկան եք»: Սեթևեթում է. «Ինչքա՞ն կտաս»: «Ինչի՞ մասին եք երազում» : «Կուզեմ երկար ապրեմ»: Սա ասում է, ու աչքերը փայլում են ինձ նայելուց, անհարմար եմ զգում: Բայց, միևնույն է՝ տարիքն իրենն ասում է, ձայնը նվաղած ու խեղճացած է: Հառաչում է. «Կյանքիցս բան չի մնացել»: Աստված իմ, ինչքա՜ն է սիրում կյանքը…

Այս թեմայով