22 Հոկտեմբեր 2013, 16:43
4331 |

Կրքեր ըստ Նար-Դոսի

Դեռ դպրոցից բոլորիս լավ ծանոթ Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը հաջորդ տարվա փետրվարին բեմ կբարձրանա որպես ռոք օպերա: Սա լինելու է բարոկկո ոճի երաժշտության՝ հայկականի և ռոքի էլեմենտների սինթեզ:

Երևանյան ռետրո ակումբերից մեկում՝ Queen-ի, Scorpions-ի արդեն դասական դարձած կատարումների ներքո, հայկական նոր ռոք օպերայի մանրամասներն են քննարկվում: Հաջորդ տարվա փետրվարի վերջին բեմ կբարձրանա Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հիման վրա գրված ռոք օպերան: Գաղափարը «Էպսիդոն» թատերախմբինն է: Ամռանը One Armenia ընկերությունը յուրօրինակ մշակութային գաղափարների մրցույթ էր հայտարարել. խնդիր էր դրված դասական ստեղծագործությունները ներկայացնել ժամանակակից մոտեցմամբ: «Ես և նա»-ն միշտ ասոցացվում էր երաժշտության հետ: Մտածում էի այն երաժշտական ներկայացում դարձնել»,- պատմում է ռոք օպերայի և թատրոնի ռեժիսոր Արմեն Սարգսյանը: Գաղափարը դուր եկավ նաև մրցույթի կազմակերպիչներին և քվեարկության մասնակիցներին, ու հիմա թատերախումը 10 000 դոլար ֆինանասավորմամբ իրականացնում է հաղթած ծրագիրը:

«Միշտ ուզում էի անել հայկական ռոք օպերա: Առաջ մտածում էի միջնադարյան զուտ հայկական թեմայով օպերայի մասին: Բայց «Ես և Նա»-ի թեման էլ շատ հարուստ է: Օրինակ, «Անուշ»-ն ամբողջովին հայկական է, մարդիկ «Անուշ»-ով են Հայաստանը ճանաչում, իսկ «Ես և նա»-ի թեման համամարդկային է»,- ասում է 80-ականներին ձևավորված հայտնի «Այաս» ռոք խմբի հիմնադիր ու մենակատար Արթուր Միտինյանը, որը Մոսկվայից եկել է հատուկ այս ծրագրի համար ու հետ չի վերադառնալու, մինչև հանդիսատեսին չհանձնի օպերան: Կոմպոզիտորն իր նոր աշխատանքում սինթեզելու է բարոկկո ոճի երաժշտության, հայկականի և ռոքի էլեմենտները: Արթուր Միտինյանը վստահ է, որ հերոսը՝ վենեցիացի երաժիշտ Անտոնիոն, իրականում Անտոնիո Վիվալդին է:

Ստեղծագործական խնդիրներն ու դրանց լուծումները շատ են, բայց այս պահին դերակատարների ընտրությամբ են զբաղված: Գործող հիմնական անձինք 8-ն են, բայց նաև մոտ 10 այլ դերասան ու պարող է ընդգրկվելու: Քասթինգի 1-ին փուլն ավարտված է, 2-րդ փուլի համար փորձելու են արդեն Արթուր Միտինյանի գրած փոքրիկ էտյուդով: «Ես ուզում եմ ստանալ ակադեմիականի և ռոքի սինթեզ: Այսինքն՝ բոլորը հստակ նոտաներ իմանան, և երկրորդը՝ ռոք երգեն: Քասթինգի ժամանակ շատ մարդկանց ենք հանդիպել, որոնք ունեն փորձ, բայց չենք գտել մեկին, որն այս 2 էլեմենտները կարողանա համատեղել: Կարող ենք գտնել լավ ռոք երգիչների, նրանք ունեն խարիզմա, բայց նոտաներից են վախենում: Միշտ էլ էդպես է եղել: Բայց մենք չենք ընկրկում»,- իր փնտրածը հաստատ գտնելու վճռականությամբ ասում է Արթուրը:

Արդեն դասական դարձած հեղինակների ստեղծագործությունները նոր մոտեցմամբ ներկայացնելը հաճած են «ցավոտ» տանում: Դեպք է եղել, որ նույնիսկ երկրի նախագահին են նամակ գրել՝ խնդրելով կասեցնել ներկայացման համաշխարհային հաղթարշավը: Երիտասարդ ռեժիսորը թեև գիտի, որ աշխատանքը դժվար է լինելու, բայց այս առումով մտահոգություններ չունի. «Ո՞վ է ասել, որ չպետք է նորովի մատուցվի: Էստեղ խնդիրն այն է, թե դասական ասելով ինչ ենք հասկանում՝ գո՞րծն է դասական, թե ստեղծագործո՞ղը: «Ես և նա»-ի հերոսները ժամանակի անձնավորում չունեն, գրողը ժամանակաշրջան չի թելադրում, բացի այդ, «Ես և նա»-ն երբեք չի բեմադրվել, չունի իր ձեռագիրը: Համոզված եմ՝ այս օպերայի կրակով շատերն են այրվելու ու ոգևորվելու»:

Ռոք օպերայի լիբրետոն արդեն պատրաստ է: Դերակատարների ընտրությունը շուտով կավարտեն, ու տեխնիկական խնդիրներից բեռնաթափված կոմպոզիտորը կսկսի հանգիստ ստեղծագործել:

Այս թեմայով