21 Հոկտեմբեր 2013, 12:34
1689 |

Արտակարգ իրավիճակ Կիրովի այգում

Emergency Battle՝ «Արտակարգ իրավիճակների մենամարտ» փողոցային պարերի մրցաշարը երևան հանեց ամերիկյան մշակույթի հայ հետնորդներին:

Նրանք իրենց անվանում են B-Boy, կրում լայն տաբատներ ու ռեպերական գլխարկներ: Լսում են հիփ-հոփ և պարում Break Dance: Կիրովի այգին էլ զավթել էին միմիայն բարի նպատակներով: Հենց այդտեղ էր տեղի ունենում Emergency Battle՝ «Արտակարգ իրավիճակների մենամարտ» փողոցային պարերի մրցաշարը:

Կիրովի այգում պարում էին բոլորը: Այգով մեկ հնչող հիփ-հոփը ստիպում էր շարժվել նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին սատարելու իրենց երեխաներին ու թոռներին: Պարային մենամարտին մասնակցում էր ընդհանուր առմամբ 10 խումբ և մոտ 40 անհատ պարող: Հայաստանում Break Dance-ի հայր Սարգիս Անդրեասյանը նշեց, որ միջոցառումը նպատակ ունի նախ ակտիվացնել փողոցային պարերի մշակույթը, ապա վերականգնել այգու բարի համբավը. «Հետաքրքրությունը մեծ է, ակտիվ պարերը երիտասարդներին հաղորդում են դրայվ ու էներգիա, այսօր պարում են բոլորը»:

Չկային հատուկ միավորներ կամ նման զիզի-բիզի բաներ, սա հիփ-հոփ է, որտեղ տիրում են այլ օրենքներ: Երեք հոգուց բաղկացած ժյուրին ընտրեց հաղթողին և պարզապես հայտնեց այդ մասին:

Պարողների շարքերում բազմաթիվ ինքնավստահ պատանիներ: Նկատեցինք հոլիվուդյան ֆիլմերի պատանի աստղ հիշեցնող մի տղայի: Արմանը 11 տարեկան էր, հրաշալի ելույթից հետո մեր հետ զրույցում պատմեց. որ պարում է հինգ տարեկանից, հիփհոփային տեսք ունենալ օգնում է մայրիկը՝ Լեհաստանից նրան հագուստ ուղարկելով:

Fox անվամբ հայտնի Դավիթը վաղուց ունի սեփական պարային խումբը և մարզում է պատանի Բրեյքերների: Վերլուծելով փողոցային պարերի տարածվածությունը՝ ասում է. «Հինգ տարի առաջվա համեմատ միանշանակ առաջընթաց կա: Պարում են բոլորը, թե՛ աջիկ, թե՛ տղա»:

Բացօթյա մրցումներին ներկա և մասնակից բազմաթիվ աղջիկներ կային: Նրանք կրում էին գրեթե միևնույն հագուստը, ինչ տղաները: Lil’Rain՝ փոքրիկ անձրև նիքնեյմով 20-ամյա Անահիտն ասաց, որ միշտ էլ սիրել է այս պարը, այժմ Big Street Dance Family խմբի անդամներից է: Նրա կողքին նստած մեկ այլ մասնակից՝ Մարիամը, մի քիչ հուզվում էր, առաջին անգամ էր ներկայանալու հանրությանը. «Սա պար է զգացողությունների մասին, որը արտահայտում ես մարմնի լեզվով, կհաջողվի միայն այն դեպքում, եթե կարողանաս համադրել զգացածդ շարժումներիդ հետ»: Նրա ելույթի հերթն այդպես էլ չեկավ, որովհետև մրցաշարի անվանումը ճակատագրական էր. հորդառատ անձրևը հանկարծակիի մառնեց բոլորին: Սակայն բնության քմահաճույքին չհաջողվեց վախեցնել պարողներին, նրանք ավելի ոգևորվեցին ու սկսեցին պարել հենց անձրևի տակ:

Նման տեսարան լինում է միայն ֆիլմերում, բայց գրանցվեց նաև Երևանի հինուբարի Կիրովի այգու հրապարակում էլ:

Այս թեմայով