14 Հոկտեմբեր 2013, 13:45
1601 |

Էրեբունին չերևաց

Առավոտը սկսվեց ջրցան մեքենաների շքերթից, որից հետո մեքենաները կրկին ջուր բեռնեցին հուշարձանները լվանալու համար: Մի խումբ երիտասարդներ Երևանի մասին երգեր վանկարկելով շարժվում էին մի հուշարձանից մյուսը, առատորեն ջուր լցնում, մաքրում տարվա բոլոր եղանակներից մնացած հետքերը, հողն ու փոշին՝ ոտքից գլուխ պլպլացնելով հայ մեծերին անմահացնող քանդակները: Տոնական օրը համարել սկսված:

 

2012-ի համեմատ 110 մլն դրամով ավելի ծախսելու արդյունքում ավելացած ընդամենը 3-4 միջոցառումների թվում էր «Ավելի լավ Երևան» խորագիրը կրող քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսը՝ ոչ միայն Մաշտոցի պուրակում, ինչպես նշված էր միջոցառումների ծրագրում, այլև Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ցուցահանդեսում ներկայացված էին ինչպես իրականացված նախագծեր, օրինակ՝ Կասկադ համալիրը, Հյուսիսային ճառագայթի զույգ շենքերը, այնպես էլ դեռևս չիրականացված և անգամ մրցութային նախագծեր, որոնք, հուսանք, երբևէ կյանքի կոչվելու բախտ չեն ունենա, որպեսզի «ավելի վատ Երևան» չստացվի:

 

Մայրաքաղաքի փոքր կենտրոնում չգործող տրանսպորտի պարագայում տեղաշարժման միակ արդյունավետ միջոցը մետրոպոլիտենն  էր, որից օգտվելը այս տոն օրով ծանր բեռ էր: Թող ներեն մեզ թաթայական տմբլտաշների երկրպագուները, բայց մետրոյում հնչող երաժշտությունը էստրադային տաշ-տուշը նվազագույնը անճաշակ էր: Մետրոյով հասանք Սիրահարների այգի, որտեղ ֆեյսբուքյան լուսանկարներից բաղկացած «iԵրևան» ցուցահանդեսն էր: Որքան մեծ էր հիասթափությունս, երբ պարզվեց, որ ցուցադրված է ձեռքի ափի մեծությամբ տպագրված ընդամենը 3-4 տասնյակ լուսանկար, այն էլ՝ ոչ թե գոնե ինստագրամի գուռուների, այլ ամենաչստացված նկարները ոսկեսրտիկափայլավարդապատ շրջանակի մեջ դնողների ստեղծարար մտքի թռիչքները: Քիչ, թե շատ հաջողված կադրերն իսպառ կորչում էին հսկայական չափսերով բառի բուն իմաստով հետույքային հոբելյանական լոգոյի ֆոնի վրա:

 

«Ցուցահանդես» բառի իրական իմաստն ու բովանդակությունը Սիրահարների այգում մի քանի րոպեով մոռացնել տված երևույթի ցավը մեղելու համար վերադարձա փոքր կենտրոն: Նախորդ տարի Մաշտոցի փակ պողոտայի կենտրոնական մասում՝ ճիշտ բաժանարար գծի երկայնքով գեղեցիկ շարված և բոլոր հնարավոր կողմերից հրաշալի դիտվող ռետրո մեքենաներն այս տարի որոշել էին ցուցադրել՝ դրանք դասավորելով փողոցի մայթերի երկայնքով: Ընդ որում, անմիջապես կողքին սովորական քաղաքային ավտոմեքենաներ էին, որոնք, գուցե, կոնտրաստ էին ստեղծում, բայց մյուս կողմից ռետրո մեքենաների շքեղությունն անհետանում էր այդ հասարակ «շրջանակի» մեջ:

 

Քանի դեռ ավիամոդելավորողները նախորդ տարվա կրկնությամբ ցուցադրական ելույթներ էին կատարում Ազատության հրապարակում, իսկ համեստ չափսերի Կարապի լիճը փորձում էին դարձյալ շահագործել որպես վինդսերֆինգի հարթակ, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում շատ ավելի կարևոր ու պատմական մի բան էր կատարվում: Մարմնամարզիկ Արտակ Գրիգորյանը, ով Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես 44 ռեկորդների հեղինակ, բարձրացավ հրշեջ սանդուղքով, որի բարձրությունը 30 մետր է, և կախվելով օղակներից՝ օդում մնաց 15 վայրկյան՝ կատարելով հանրահայտ Ազարյանական խաչը և սահմանելով ևս մեկ ռեկորդ: Մարզիկն իր ռեկորդը նվիրեց Էրեբունի-Երևանի 2795-ամյակին: Ի դեպ, հոբելյան էր նշում նաև Մաշտոցի պուրակի հարևանությամբ հանրահայտ բուկինիստը, որն ընթերցասերներին հոգևոր սնունդ է տալիս արդեն 75 տարի:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ Երևանի մասին տեսահոլովակի նկարահանումն այդպես էլ չտեսա, ինչպես և անցյալ տարի նկարահանումից հետո ոչ ոք չտեսավ դրա արդյունքը: Շտապեցի Անգլիական այգի, որտեղ երևանյան բակային խաղերի մրցույթներ պետք է կազմակերպվեին, բայց տեղում պարզ դարձավ, որ խաղերը կա՛մ 10 րոպեից ավելի չեն տևել, կա՛մ էլ ընդհանրապես տեղի չեն ունեցել: Փոխարենը պիկնիկի խմբերը շրջաններ էին կազմել ծառերի հովին ու վայելում էին դեռևս կանաչ խոտերին թավալ տալու վերջին հնարավորությունը: Հետդարձի ճանապարհին Հանրապետության հրապարակով անցան հեծանվորդները, որոնք Արգիշտիի փողոցից սլանում էին դեպի հեծանվահրապարակ:

 

Էրեբունի-Երևանի 2795-ամյակին նվիրված տոնակատարություններից զատ հոկտեմբերի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Դագ Արգյու. գեղանկարներ հավերով» ցուցահանդեսը: Այո, այո, հավերով: Արգյուի հանրահայտ «Անանուն: Հավերով գեղանկար» աշխատանքը, որը ժամանակին մեծ աղմուկ է հանել, այսօր էլ երկակի վերլուծությունների առիթ է տալիս: Մի կողմից կտավում հավեր են պատկերված, մյուս կողմից՝ գուցե և ոչ, գուցե սպառողական հասարակության աչքին սովոր օբյեկտն ավելի ճիշտ է կիրառել գլոբալ սոցիալական և հասարակարգային դատողությունները մեզ հասցնելու համար: Որքան էլ այս ցուցահանդեսի բացման համընկնումը Էրեբունի-Երևանի տոնակատարությունների հետ պատահական լինի, այստեղ մի բան կա, մի անտեսանելի, բայց շա՜տ նուրբ կապ հավերի ու երևանցիների միջև:

 

Ամենամյա ավանդական երաժշտական բեմերից ջազայինը, ինչպես միշտ, կասկադում էր: Ջազային իմպրովիզացիային փոխարինեց իմպրովիզ տարբերակով քայլքը դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ՝ հայկական էթնո-ռոքի վարպետներին լսելու: Ճանապարհին մերձկոնսերվատորյան դասական երաժշտությունը ստիպեց մի պահ կանգնել:

Շարունակեցի սուրալ դեպի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք, որտեղ հենց նոր իր ելույթն էր սկսել «Դոգմա» խումբը: 4-5 կատարում անց ի կատար ածվեց մեծ մասամբ դեռահաս ու կոկորդ պատռող հանդիսատեսի կամքը. բեմ բարձրացավ «Բամբիռը»՝ թնդացնելով բեմն ու էքստազի հասցնելով ռոքային ռիթմերի ներքո եռացող ամբոխին:

Այս թեմայով