07 Հոկտեմբեր 2013, 15:49
3714 |

Շրջանակից դուրս գալու առիթը

12 դպրոցականներ ամռան երկու ամիսների ընթացքում տնտղեցին Թումանյանի թանգարանը: Բանաստեղծի իրերի հետ անմիջական շփման արդյունքում ծնվեցին ֆիլմեր:

Թանգարանային կյանքն աշխուժացնելը մեր օրերում թերևս ավելի օրհասական խնդիր է, քան գանձերի պահպանությունը: Այցելուների հետաքրքրությունը դեպի պատմությունը գնալով մարում է: Այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ զանազան նախաձեռնություններ են ի հայտ գալիս, որոնք փորձում են գրավիչ դարձնել թանգարանները: «Մուտքը՝ միայն գրքով», «Թանգարանային գիշերներ» և այլ նմանատիպ միջոցառումներն արդյունավետ են, սակայն ոչ իներցիոն:

«Առիթ» մշակութային ՀԿ-ն խնդրին փորձեց նայել այլ տեսանկյունից: Կազմակերպության անդամները համոզված են, որ թանգարանային այցելություններն ու պատմամշակութային արժեքների գնահատումը պետք է դաստիարակել մանկուց: Թանգարանը պատանի այցելուների համար առավել գրավիչ դարձնելու համար պետք է այն հանել ընդունված «շրջանակից դուրս»: Հաստ ապակու տակ կամ արգելափակոցներից այն կողմ փոշոտվող կենցաղային իրերն ու անգնահատելի ձեռագրերը պատանիների համար ոչ ավելին են, քան անհետաքրքիր առարկաներ: Իսկ երբ պատանի ձեռքերում են հայտնվում գանձերը, ապա նյութի էներգետիկան, պատմական իրականության ընկալումը տեղափոխվում է մեկ այլ հարթակ:

Թանգարանը շրջանակազատելու առաջին առիթը ստեղծվեց Թումանյանի թանգարանում: 12 դպրոցականներ ամռան երկու ամիսների ընթացքում հնարավորություն ունեցան տնտղել մեծանուն բանաստեղծի թանգարանը: Գանձապահների ու գիտաշխատողների աչալուրջ հայացքի տակ պատանիներին հնարավորություն էր ընձեռվել շփվել բանաստեղծի իրերի հետ: Արդյունքում յուրաքանչյուրն իր համար գտել էր հոգեհարազատ մի իր, որի մասին էլ նկարահանել էր կարճամետրաժ ֆիլմ-հոլովակ:

Հոկտեմբերի 5-ին հենց թանգարանում կայացավ ֆիլմերի շնորհանդեսը, որտեղ պատանիներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ֆիլմը: «Շրջանակից դուրս» ծրագիրն իրականանում է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ՝ ԱլԳ մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ:

Սաֆարյան Հայկուհի, 13 տ. «Անուշի դաշնամուրը»
Ինքս հաճախում են երաժշտական դպրոց ու նվագում եմ դաշնամուր, ու երբ իմացա, որ թանգարանում պահվող դաշնամուրի վրա նվագել են հայ մեծանուն կոմպոզիտորները, ինձ այն ուղղակի հմայեց: Երկար ժամանակ անգործ մնալու արդյունքում դաշնամուրը լարից ընկել էր. ֆիլմի նկարահանման համար կրկին լարվեց, երևի դա ինձ համար ամենանշանակալիցն էր այս պատմության մեջ:

Սիմոն Դավթյան, 14 տ. «54 աստիճան»
Երբ բարձրանում էի թանգարան տանող աստիճաններով, անկախ ինձնից սկսեցի հաշվել աստիճանները: Պարզվեց, որ դեպի գրողի տուն տանող ճանապարհը բաղկացած է 54 աստիճանից: Ու ինձ մոտ հարց ծագեց, ինչպես են այստեղ հասնում մարդիկ, ովքեր գամված են շարժասայլակին:

Աննա Դեմիրճյան, 14 տ. «Թումանյանի գրադարանը»
Նրա գրադարանն ինձ շատ էր զարմացել: Շատ եմ սիրում կարդալ ու նման մեծ գրադարանում ցանկություն առաջացավ վարակել բոլորին ընթերցանությամբ:

Սերոբյան Բելլա, 13 տ. «Սրտատուփ»
Ամբողջ թանգարանում ինձ համար ամենատպավորիչը հասարակ դեղատուփն էր, որը գրողի մահից հետո դարձել էր նրա սրտի «բնակատեղին»: Հպվել այն առարկային, որտեղ հանգրվանել է մեծանուն հայի սիրտը, հուզիչ էր ու պարտավորեցնող:

Ադելինա Վարդանյան 13 տ. «Թումանյանի հոլոգրաֆիկ պատկերը»
Թումանյանի տուն-թանգարանում ամենատպավորիչը գրողի հոլոգրաֆիկ պատկերն էր: Ես միանգամից հավանեցի այդ գաղափարը, որովհետև առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ մեզնից յուրաքանչյուրը կարող է կենդանի տեսնել Թումանյանին իր թիֆլիսյան վերնատանը շրջելիս:

Ֆիլմերի ամբողջական ցանկը ՝ այստեղ

Այս թեմայով