06 Հոկտեմբեր 2013, 20:19
1965 |

Մեկ Հայաստան ու բազում անելիքներ

ONEArmenia հասարակական հարթակը արդեն մեկ տարի է՝ բնապահպանական, մարդասիրական և մշակութային նախագծեր է իրականացնում Հայաստանում: Համախմբելով հնարավորինս շատ գաղափարակիրների և օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները՝ նրանք կյանքի են կոչում նույնիսկ անհավանական թվացող ծրագրերը:

Համախորհների մեծ բանակը, մեկ տարվա ընթացքում հավաքված ընկերներն ու գործընկերները հոկտեմբերի 5-ին հավաքվել էին նշելու ONEArmenia-ի հիմնադրման 1-ին տարին: Ծննդյան հյուրերին սպասվում էր անակնկալ. ONEArmenia-ցիները հենց այդ խորհրդանշական օրը մեկնարկեցին նոր SHIFT:Tech ծրագիրը: Գաղափարը հետևյալն է. բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել թվային տեխնոլոգիաների աշխատածրագրերի շուրջ իրենց մտքերը և, լավագույնը ճանաչվելու դեպքում ստանալ 25 000 ԱՄՆ դոլար մրցանակ այդ գաղափարը կյանքի կոչելու համար: Ծրագիրը կնպաստի, որպեսզի Հայաստանը համաշխարհային ասպարեզում ներկայանա որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարևոր դերակատար:
SHIFT:Tech-ը OneArmenia-ի երկրորդ խոշոր նախաձեռնությունն է՝ միտված բարձրացնելու Հայաստանի նշանակությունը համաշխարհային նորարարական շուկայում: Առաջնեկը SHIFT:Culture նախագիծն էր՝ մեկնարկած 2013-ի գարնանը: Այն առաջ քաշեց համարձակ գաղափարներ Հայաստանում մշակութային մթնոլորտը արդիականացնելու և այն նորովի ներկայացնելու համար:
ONEArmenia-ի տնօրեն Դեյվիդ Բեքեթի խոսքով՝ SHIFT:Tech-ի լավագույն հինգ դիմումների հեղինակները կհրավիրվեն մասնագիտական ստուգատեսի: Հաղթողը կմիանա Երևանում «Social Object» բջջային հեռախոսների աշխատածրագրերի զարգացման նորաբաց ընկերության թիմին՝ իր գաղափարը իսկական ծրագրային գլուխգործոց վերածելու: Ծրագիրը կունենա բարձր որակավորմամբ մասնագետների թիմ: Անկանխիկ դրամաշնորհի մի մասն էլ կհատկացվի մարքեթինգին և աշխատածրագրի՝ շուկայում առաջխաղացմանը:
Երեկույթին ներկա ամերիկահայ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը նույնպես հետաքրքված էր OneArmenia-ի երկրորդ խոշոր նախաձեռնությամբ՝ SHIFT:Tech-ով. «Սա հիանալի գաղափար է Հայաստանի համար, քանի որ այստեղ օրեցօր ՏՏ ոլորտն ավելի է կարևորվում»:
Վերջին շրջանում ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շրջանում Հայաստանը դարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատարներից մեկը: Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրակարգ տեխնոլոգիաներով զբաղվող մի շարք ընկերություններ Հայաստանում մեծ ձեռնարկություններ, գիտահետազոտական կենտրոններ ունեն: Ի դեպ, աշխարհում առաջին համապարփակ հնարավորություններով բջջային հեռախոսների ֆոտոխմբագիր Picsart Inc.-ը հիմնադրվել է հենց Հայաստանում:
«ONEArmenia-ն մեկնարկեց SHIF նախաձեռնությունը, որպեսզի Հայաստանում մարդիկ դրական շարժի ակնկալիք ունենան: Սա վճռորոշ պահ է երիտասարդ սերնդի ուշադրությունն ուղղորդելու դեպի ապագան, որտեղ թվային տեխնոլոգիաների շնորհիվ ամեն ինչ դառնում է հնարավոր» - համոզված է ONEArmenia-ի տօրեն Դեյվիդ Բեքեթը:

Ընկերության PR և Սոցիալական Մեդիա մենեջեր Նորա Կայսերյանը պատմեց, որ հանրային ֆինանսավորման և դրամահավաքի միջոցով համացանցից օգտվող ցանկացած մարդ կարող է ներգրավվել գործընթացի մեջ և աջակցել Հայաստանին. «ONEArmenia ցանցը ոչ միայն կազմակերպում է գումարների հանգանակությունը Հայաստանում իրագործվող նախագծերի համար, այլև հետևում տվյալ նախագծի ընթացքին ֆինանսական տեղեկատվության լիակատար հասանելիության շնորհիվ»:

Ամբողջ ծրագրի և նախաձեռնության մասին պատմելուց հետո ONEArmenia-ի տօրեն Դեյվիդ Բեքեթը հայտարարեց, որ մրցույթին մասնակցելու համար ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչև 2013-ի նոյեմբերի 5-ը: Ծրագրի պաշտոնական մեկնարկից հետո հյուրերը վերհիշեցին ONEArmenia-յի հոբելյանի մասին և վերջապես կտրեցին ծննդյան տորթը, սկսեցին ուրախանալ և շնորհավորել միմյանց:

Այս թեմայով