02 Հոկտեմբեր 2013, 14:31
1613 |

Բերքատոնը՝ ներսից ու դրսից

Պոպոքից ու քաղհանից սևացած, հողից ու ջրից ճաքճքած ձեռքերով գյուղացիներն ափսեները լիքը լցնում ու մատակարարում էին բոլոր հյուրերին։ Բերքի տոնն անկաշկանդ երգուպարի խնջույքի էր վերածվել։

Սիրահարների այգու ավանդական լռությունն ու խաղաղությունը 3 ժամով խախտվել էր։ Բարբառներով հյուրասիրության էին կանչում Հայաստանի մարզերից եկած գյուղացիները։ 44 համայնքներ տաղավար առ տաղավար ներկայացնում էին իրենց մարզին բնորոշ կերակուրներ, աղանդեր, գինիներ ու միրգ-բանջարեղեն։ Բաղրամյանով անցնող երևանցիներին հեռվից Սիրահարների այգի էր հրավիրում բարձր երգ-երաժշտությունը, սեղանները ճկվել էին ուտելիքի ու խմիչքների ծանրությունից, ու, ամենակարևորը, հյուրասիրությունն անվճար էր։ Գյուղացիները ոչ մեկին չէին մերժում. բերքի տոն է, ուտելու թույլատրությունը' անսահմանափակ։

Մի կին զարդաքանդակներով դդումը թևի տակ դրեց ու պատրաստվում էր հեռանալ, երբ տաղավարի երիտասարդներից մեկը ուրիշ դդում դեմ տվեց։ «Այդ մեկը ցուցադրության համար է, տատի ջան, արի փոխենք»,- ասաց։ «Իմ դդումը չեմ տա, քոնը փոքր է, կամ էլ երկու հատ տուր», - սկսեց սակարկել տատին։ Գորիսեցի երիտասարդը զիջեց։ Մանրաքանդակներով զարդարված դդումը տատին տարավ'նպատակը բարձրաձայնելով. «Տանեմ կտրեմ, ճաշ եփեմ»։
Մի տեղ հսկայական տորթ' ձյունածածկ, քառագագաթ Արագածի պատկերով, մեկ այլ տեղ' կորկոտի քաշովի, թոնրում եփած ձավարով փլավ' լավաշի հետ, երրորդ սեղանին մուրաբաների, չրեղենի գունեղ տեսականի, մեղր, փախլավաներ։ Քարահունջի տաղավարում մեկ ժամ հետո օղու գավերը դատարկ էին. տրամաբանական շարունակությունը քիչ հեռու էր. 10-20 հոգի, իրար գրկած, անուշ երգում էին։ Սակայն ոչ մի տաղավար իր աշխուժությամբ չէր հասնի Կոթիի սեղանին։ Դհոլ-ակորդեոնով, գուսան-երգիչներով էին կոթեցիները Երևան եկել։ Կոթեցի գուսան Հենրիկ Աբովյանն իսկական քեֆ-ուրախության էր վերածել բերքի տոնը՝ իր շուրջը հավաքելով ծանոթ-անծանոթներին։ Գյուղացիները նաև գորգ, կարպետ ու գոբելեն գործել, ինչպես նաև խեցեգործություն էին սովորեցնում անցորդներին։ Սակայն դարավոր արհեստի նրբությունները յուրացնելու ցանկություն հավաքվածների մոտ գրեթե չկար։ Թելն ու կավը չեն ուտվում։

Մարալիկցի տիկին Սոֆյան գնացող-եկողին հալվա էր հյուրասիրում՝ չմոռանալով տեղը տեղին նշել նաև բաղադրությունը, պատրաստման եղանակը. «Ձեթը հենց դաղվեց, մեղրը լցրու մեջը։ Խալտուրա մեղր գցիր, իսկականը թանկ է, հետո փոխինձն ու դարչինը լցրու, վերջում էլ' պոպոքը»։ Թեկուզ խալտուրա մեղրով' նրա հալվան շատ համով էր։ Մասուր, ալոճ, հոն, ունաբ, ընդեղեն, ալանի, պոպոքի ու դդումի մուրաբաներ, խմորեղենի տեսականի. ամեն ինչ գյուղացիներն իրենց ձեռքերով են հավաքել ու պատրաստել։ Իսկ այդպիսի ձեռքերը խնամված ու ողորկ չեն լինում։ Պոպոքից ու քաղհանից սևացած, հողից ու ջրից ճաքճքած ձեռքերով նրանք ափսեները լիքը լցնում ու մատակարարում էին բոլոր հյուրերին։ Բերքի տոնն անկաշկանդ երգուպարի խնջույքի էր վերածվել։

Մի քանի մետր այն կողմ՝ բացօթյա սրճարանում, նստած էր մի ուրիշ հասարակություն, որ չէր էլ նայում բերքատոնի կողմը։ Սիգարներով ու նոթբուքերով երեկոն էր վայելում քաղաքային էլիտան։

Այս թեմայով