30 Սեպտեմբեր 2013, 14:58
2831 |

Կյանքը մահից հետո

Վերնիսաժում դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են զարմացնել: Սահակյան Խորենը նրանցից մեկն է, ում գործերը եզակի են: Մասուրի և ծիրանի ծաղիկների պոկված թերթիկները, անթառամները, երիցուկները, թիթեռներն ու տերևակերները, օձերն ու մողեսները, կարիճներն ու տարբեր միջատիկները երկրորդ կյանք են ստանում նրա գործերում:

Ե՞րբ և ինչպե՞ս:
- Տասնութ տարի առաջ պատահական, ինքնաբուխ կերպով միտք ծագեց այսպիսի բաներ պատրաստել: Դժվար, մութ ու ցուրտ տարիներին, երբ ձմռանը հնարավոր չէր ոչ միջատ և ոչ էլ ծաղիկ գտնել, իմ աչքից չէր վրիպում պատշգամբի մի անկյունում հայտնված սարդերի ու այլ փոքր միջատների շարժը: Նրանք արթնանում էին վառարանի ջերմությունից: Հետո գարուն եկավ, ծաղիկները ծաղկեցին ու հուշեցին ինձ իրենց անմահացման միտքը: սկզբում ծաղիկները, իսկ հետո խեժի մեջ, որը նախատեսված է բոլորովին այլ նպատակի համար, պատահաբար ընկավ մի մեղու…

Ի՞նչ տեխնոլոգիա եք օգտագործում:
- Սկզբում ես ոչինչ չգիտեի ծաղիկների և միջատների չորացման տեխնոլոգիայի մասին: Հետզհետե ինքս եմ բացահայտել ու սովորել: Իմ գործերի նյութի հիմքը խեժն է: Թիթեռներին մշակում եմ այնպես, որ իրենց գույնը չկորցնեն: Հավելյալ գունանյութեր չեմ օգտագործում, որովհետև կողմնակից եմ բնական գույներին, ի վերջո՝ բնությունից ճաշակով չենք կարող լինել: Մի գործը պատրաստում եմ մի քանի ժամվա ընթացքում, որոշ աշխատանքներ ստեղծելու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ՝ կախված չափսից և ծավալից: Հատկապես ժամանակատար է չորանալը, որից հետո կատարվում է նաև հավելյալ մշակում:

Ենթադրում եմ' այսպիսի գործեր ստեղծելու համար մեծ համբերություն է պահանջվում:
- Նուրբ, մանրակրկիտ աշխատանք պահանջող, բարդ գործ է, պետք է մեծ համբերություն ունենաս: Ընդհանրապես, ես դյուրաբորբոք եմ, բայց երբ սկսում եմ ծաղիկների թերթիկները միկրոխիրուրգիական պինցետով դասավորել, հանգստությյուն է իջնում վրաս: Ենթադրում եմ, որ դա իմ գործը շատ սիրելուց է: Ավելին՝ համոզված եմ, որ գտել եմ իմ երազանքի աշխատանքը:

Որտեղի՞ց եք պեղում սողուններ, թիթեռներ, ծաղիկներ:
- Տարբեր վայրերից, նույնիսկ' իմ այգուց: Բնություն շատ եմ սիրում, հատկապես գրավիչ են ինձ համար ծաղիկներն ու օձերը: Վերջիններիս հանդեպ դեռ շատ վաղուց սեր ունեմ:

Ունե՞ք այնպիսի գործեր, որոնք անկրկնելի են և երբեք չեք վաճառի:
- Առաջին աշխատանքներիցս մի քանիսը պահում եմ, մեծ ջանքեր եմ գործադրել ցանկալի արդյունք ստանալու համար, և ափսոսում եմ դրանք վաճառել: Ունեմ սանտիմետրանոց միջատների հավաքածու և նմանատիպ գործեր այլևս չեմ անի: Ավելի մեծ բաներ էլ եմ սարքել՝ բարձր բուրգեր, սեղանին դրվող ու պատից կախվող աքսեսուարներ: Իսկ ձեռքիս թզբեհը, որի ամեն հատիկի մեջ մեկ զատիկ է, ութ տարի է, ինչ հետս է: Թեև շատ են պատվիրում նույնից սարքել, բայց չեմ անի, այն միակն է, միայն իմն է:

Ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը ձեր գործերի հանդեպ:
- Տարբեր, շատերը հիանում են, շատերն էլ փնովում' խղճալով թիթեռին, բզեզին, ափսոսալով ծաղիկները: Մի հարցում բոլորը միակարծիք են. այսպիսի գործեր ոչ մի տեղ չեն տեսել:

Հատկապես ո՞ր գործերն ունեն մեծ պահանջարկ:
- Օձերը, սողունները, կարիճները, սարդերն անսովոր են աչքի համար: Որպես կանոն, ավելի շատ գնում են ծաղիկներից և թիթեռներից պատրաստված աշխատանքները:

Չե՞ք մտածում անհատական ցուցահանդես ունենալու մասին:
- Մեծ ուրախությամբ նորից կկազմակերպեի, պարզապես մեծ գումարներ են հարկավոր: Անցած տարի Սոչիում իմ ցուցադրությունները շատ մեծ հաջողություն ունեցան, միգուցե առաջիկայում կրկնեմ:

Ունե՞ք աշակերտներ:
- Դեռ ոչ: Այս գործը սովորելու համար պետք է սիրել բնությունը, կենդանիներին, պետք է համահունչ շնչել բնության ամեն մասնիկի հետ, որպեսզի հնարավոր դառնա գործերին ավելի բնական տեսք հաղորդելը:

Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:
- Հիմա ծաղիկներով փորձում եմ պատրաստել ավելի բարդ գործեր: Բացի այդ, ուզում եմ հեշտացնել թևնոցներ պատրաստելու տեխնիկան, դեռևս այն շատ բարդ է: Ձգտում եմ ավելի բարդ ու լուրջ գործեր ստեղծել, հասարակ բաներից արդեն ձանձրացել եմ:

Ձեր գործն արվե՞ստ է, թե՞ արհեստ:
- Երկուսն իրար հետ կապող օղակ, միջանկյալ հասկացություն: Այս կերպ ես հացի խնդիր եմ լուծում, հաճախ անում այն, ինչ պահանջում է շուկան: Հարյուրտոկոսանոց արվեստագետ չեմ, բայց ձգտում եմ դառնալ: Ժամանակը ցույց կտա:

Այս թեմայով