29 Սեպտեմբեր 2013, 00:41
2006 |

Ոչ ֆորմալ մոտեցում. մաս առաջին

BarCampGyumri 2013-ն համարել սկսված. ոչ հովանավորների պակասը, ոչ ամեն կողմից խանգարող զանազան հանգամանքները չկարողացան կազմակերպչական փոքր, բայց էնտուզեազմով լի խմբի ճանապարհին կանգնել: Արդյունքում սեպտեմբերի 28-ից 29-ը Գյումրին հյուրընկալում է «ԲարՔեմփը»:

Մասնակիցների ջանքերով կազմակերպվող ոչ ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց «ԲարՔեմփի»  գլխավոր գաղափարախոսությունն անկաշկանդ ու ազատ միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել իր թեման: Միջոցառումն առաջին անգամ անցկացվեց 2005-ի օգոստոսին ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում: Ինքնակազմակերպվող տեխնոլոգիական առաջին հավաքին մասնակցեցին շուրջ 200 մարդ: Քննարկումներն ու ներկայացվող նախագծերն այնքան ոգևորիչ էին, որ շուտով հավաքները տարածվեցին ամբողջ աշխարհում:

2009-ին «ԲարՔեմփն» եկավ Հայաստան: Երևանյան առաջին չկոնֆերանսը մեկօրյա էր, մասնակցում էին մոտ 200 հոգի: Չորս տարի անց մասնակիցների թիվն անցավ 1 400-ը: Այս տարի Գյումրին ոչ ֆորմալ կոնֆերանսի հարթակ դարձավ արդեն երկրորդ անգամ: Այս անգամ և ծրագիրն է ավելի հագեցած, և առաջ քաշած խնդիրներն են ավելի շատ, բայց դրանից մասնակիցների եռանդը չի պակասում:

Գյումրու համար 23 դպրոցում հավաքված երիտասարդ ու եռանդուն ՏՏ մասնագետները մի հարթակում միաձուլել էին ստեղծարար միտքն ու տեխնոլոգիաները: Ոչ ֆորմալ մթնոլորտն էլ իր հերթին ազատ ու անկաշկանդ քննարկումների դաշտ է ապահովում:

Միջոցառման առաջին օրը երևանցի, գյումրեցի ու Հայաստանի այլ մարզերից ժամանած մասնակիցների գլխին իսկական ինֆորմացիոն տարափ տեղաց: Ամենաեռանդունները կեսօրից մինչ երեկո վազվում էին մի զեկուցումից մյուսն ու դեռ մի բան էլ հասցնում  մասնակցել քննարկումներին, կիսել տպավորությունները թե օնլայն, և թե օֆֆլայն հարթակներում:

Երբ թվաց, որ մասնակիցների տպավորությունների զամբյուղը սկսում է գերծանրաբեռնվել, կազմակերպիչներն իսկական աճպարարի նման թևքից հանեցին մի նոր խաղաքարտ՝ բարքեմփցիներին Գյումրու «Սթիլ» պատկերասրահում սպասում էր «Լրատուն» մեդիա թանգարանի շրջիկ ցուցադրությունը: «Երկրաշարժը, որը ցնցեց մեդիան» խորագրով ցուցադրությունն էլ դարձավ կոնֆերանսային օրվա ավարտը:

Գիշերն առջևում է իսկ եռանդուն բանախոսներն ու մասնակիցները չեն հանդարտվում: Հյուրատան միջանցքներում շարունակվում են օրվա զեկուցումների քննարկումները, իսկ սենյակներում վաղվա զեկուցողները նախապատրաստվում են իրենց ելույթներին:

Այս թեմայով