26 Սեպտեմբեր 2013, 11:59
3388 |

Երևանյան մետրոխրոնիկա և մետրովախեր

1981-ի գարնանը, ավելի ստույգ` մարտի 7-ին, պառավական «գետինը մտնես» անեծքը երևանցու համար դարձավ օրհնանք. գետինը բացվեց, ու մենք մտանք գետնի տակ` զանգվածաբար: Հայոց մետրոպատմությունը մեկնարկեց «Սասունցի Դավիթ» կայարանից, որ 81-ի գարնանը գործող 5 կանգառներից վերջինն էր: Երբ արտասահմանցի ընկերս տեսավ մեր մետրոյի քարտը, զարմացավ, թե ի՞նչ կապ ունեն Քուռկիկը, Կեծակին ու Դավիթը մետրոյի հետ... դե արի ու բացատրիր, որ մենք ազգովի «տրամվայի» էինք սպասում ու հեչ էլ պատահական չի, որ երկաթգծի, կայարանի, նաև մետրոյի հետ կապված ամենամեծ ազգային խորհրդանիշն առայսօր հենց ինքն է` մեր էպոսի հերոս ձիավորը:

Մուտքի մետրովախեր
• Ժետոնի հետ մատս կուլ կտա. հատուկ է մանուկ-ներին և գյուղացի տատիներին
• Ժետոնս փուստ կուլ կտա. հատուկ է վերջին հարյուր դրամը ժետոնի տված ուսանողներին
• Կմնամ փակվող երկաթների արանքում. հնացած մետրովախ է, քանի որ երևանյան մետրոյի անցա-կետերը վաղուց փոխվել են և այլևս չեն հարվածում: Նախկինում այս մետրովախի զոհերը' հիմնականում դեռատի աղջիկներ, երեխաներ, միամիտ տնային տնտեսուհիներ էին, ովքեր ժետոնը գցելուն պես վազում էին ու հետ նայում, ասես համոզվելու հա-մար, որ արդեն անցել են:
Զգուշացեք,
դռները փակվում են,
հաջորդ կայարանը'
«Լենինի հրապարակ»:

Քաղաքական մետրոխրոնիկա
«Սասունցի Դավթին» հաջորդում էր հենց Լենինի և ոչ թե Հանրապետության հրապարակը: Իսկ ներկայումս նրանց արանքում ընկած «Զորավար Անդրանիկ» կայարանը բացվեց շատ ավելի ուշ' 89-ի դեկտեմբերին և կոչվում էր «Հոկտեմբերյան»: Նախատեսում էին 38 կայարան, 10-ից ավելի գիծ, ու հիմա ունենք մի գիծ, 10 կայարան: Քչերը գիտեն, որ այն ի սկզբանե կառուցվում էր որպես տրամվայի գիծ' հետագայում մետրոյի վերածվելու հաշվարկով: Կա տեսակետ, իբր Երևանն արհեստականորեն դարձրեցին միլիոնանոց քաղաք, որ խորհրդային ստանդարտի համաձայն մետրո կառուցելու հնար ունենան: Մետրոն մեծ քաղաքի տարբերանշանն էր' առաջադիմության, քաղաքակրթության սիմվոլ. մենք առանց դրա խոշոր գյուղ էինք դիտվելու, իսկ թիֆլիսցիներն ու բաքվեցիները 60-ականների վերջից արդեն մետրո ունեին: Մի խոսքով, քաղա-քամայրում մետրոպոլիտեն ունենալը գրեթե հայի պատվի հարց էր:

Շարժասանդուղքի մետրովախեր
• Շալվարս կմնա տակը. միամիտ տաբատակիրներ:
• Կոշիկիս ծայրը կմնա տակը. սովորաբար՝ «Երիտասարդականում» իջնող ծիծակ ջահելներ:
• Ես կմնամ տակը' կճզմվեմ. մանուկներ, բուռն երևակայություն ունեցող անձինք, պարզապես գժեր, թմրամոլներ
• Չեմ հասցնի ժամանակին ոտքս դնել «էսկալատրից» դուրս ու կընկնեմ. հիմնականում այն դեռատի աղջիկները, երեխաները և միամիտ տնային տնտեսուհիները, ովքեր նախկինում ժետոնը գցելուց հետո վազում էին ու հետ նայում, այս հանգրվանում տպավորիչ ցատկեր են կատարում:
Զգուշացեք,
դռները փակվում են,
հաջորդ կայարանը'
«Երիտասարդական»:

Առաջընթացի մետրոխրոնիկա
81-ից հետո մեր մետրոյի գծին երկու տարին մեկ կայարան էր ավելանում: Այսպես' 83-ին բացվեց «Գործարանայինը», 85-ին նրան հաջորդող «Շենգավիթը», 87-ին՝ «Սպանդարյան հրապարակ» կայարանը, որ այսօր կոչվում է «Գարեգին Նժդեհ»: 89-ը դարձավ այս օրինաչափության վերջին գործող տարին: Տրամվայի մահից ու ճոպանուղու խարա-կիրիից հետո, գաճաճ երթուղայինները վերջնակա-նապես զավթեցին Երևանը, և մետրոն դարձավ մեր առաջընթացի վերջին մոհիկանը, որովհետև քաղաքը տեղով մեկ շարժում է' հենց իրեն բնո-րոշ տրանսպորտով:

Բայց մեր ընթացքը վտանգված է, չէ՞ որ ճահճում էլ մեծ շարժ կա, բայց ոչ քաղաքային, և ամեն անգամ, որ ականջիս հասնում է' «Գարեգին Նժդեհ. վերջին կայարանն է», մազերս բիզ-բիզ են կանգնում: Այդ պահին հասկանում եմ, որ հենց էս կետում վեր-ջանում է մեր քաղաքային առաջընթացի պատ-մությունը, և խորհրդանշական առումով էլ' քաղա-քակրթվելու գործընթացը:

Թունելի մետրովախեր
• Կընկնեմ մետրոյի փոսը. ամենատարածված մետրո-վախն է, առնվազն մեկ անգամ եղել է այցելուների 90 տոկոսի մոտ. որպես կանոն՝ առաջանում է գնացքին սպասելիս: Վախն ապրողներին հաճախ հուզում է «ինչպե՞ս դուրս գալ փոսից» հարցը: Հիմնական պատասխանները հետևյալն են. 1) կվազեմ գնացքի ընթացքի ուղղությամբ, 2) կպառկեմ ռելսերի արանքում, 3) կփորձեմ արագ դուրս գալ, 4) չեմ հասցնի, հաստատ կմեռնեմ: Վերջին տարբերակը հատուկ է այն դեռատի աղջիկներին, երեխաներին և միամիտ տնային տնտեսուհիներին, ովքեր ժետոնը գցելուց հետո վազում են, շարժասանդուղքից ցատկում, իսկ գնացքին սպասելիս երբեք երկու մետրից ավելի չեն մոտենում «մահաբեր փոսին»:
Զգուշացեք,
դռները փակվում են,
հաջորդ կայարանը'
«Սարալանջի»:

Ապագայի մետրոխրոնիկա
«Սարալանջի», հենց այսպես էր կոչվում նախկինում «Մարշալ Բաղրամյանը», որ ամենաերկար շարժասան-դուղքով կայարանն է, ամենահանգիստը, ամենամո-դեռնիստականը, լրիվ' Միս վան դեր Ռոե: Անկախ Հայաստանի մերօրյա իրականության մեջ մետրոն հարստացվել է միայն մեկ կանգառով' «Չարբախ», որ բացվեց 1996-ին, ու վերջից մի տառ էր պակասում, որ ինքն իր բախտը բնորոշեր: Վերջին տարիներին Երևանում ճանապարհաշինության վրա ծախսված գումարները լիուլի կբավականացնեին, որ մետրոն արդեն հասած լիներ առնվազն Աջափնյակ և անգամ Դավիթաշեն: Սկիզբը լավն էր, ասա' վերջը լավ լինի: Ժամանակին առաջին կայարանի անունը դնելով «Բարեկամություն»' մենք ընտրեցինք քաղաքակրթվե-լու ճանապարհը, որովհետև մարդ դառնալու մեր բանաձևը մեկն է եղել ու չի փոխվել առայսօր՝ «գնա քաղաք, կրթվի մարդ դարձի», երևան գալու միակ ձևն էլ' Երևան գալն էր: Ուրեմն, մեր առաջընթացն ուղիղ համեմատական է մեր մետրոյի առաջընթացին: «Էստեղ ապագա չկա»-ն կոտրվելու է հենց Երևանը տեղից պոկվի, տարածվի, ու հենց իր մետրոն է, որ մեզ կտանի առաջ, ես էլ մեր տնից' «Բարեկամությու-նից» կնստեմ, ասենք, կապույտ գիծ ու կիջնեմ Ապա-րանում, որ էնտեղի ՆՓԱԿ-ում ցուցահանդես դիտեմ, դու էլ ձեր տնից կնստես կանաչ գիծն ու կիջնես Սևանի ափին, որ կեսիդ հետ պիկնիկ անես: Մենք հետ գնալու իրավունք չունենք, Մուհամեդն անգամ չի սպասում սարին, դե, եթե «մենք ենք, մեր սարերը», ապա պիտի գնանք մեր սարերին ընդառաջ, որ վաղվա Հրանտ Մաթևոսյանը մեծ գրող դառնալու, Երևան չգալով երևան գալու հնար ունենա:

Վագոնի մետրովախեր
• Դռները հանկարծ կբացվեն, կընկնեմ թունելը. այս վախն ապրողները կուրորեն հետևում են «Չհենվել» գրությանը:
• Դռները կփակվեն, կմնամ արանքը. այս վախի զո-հերն արագ, մյուսներին հրմշտելով, խուճապահար մտնում կամ դուրս են գալիս վագոնից:
• Վագոնները շարժման մեջ իրարից կանջատվեն. այս անհիմն վախն ապրողները միշտ միայն առաջին վագոնն են նստում:
• Վագոնը ռելսերից դուրս կթռնի. այս վախը զգացող-ները մտքում կինոռեժիսորություն են անում, թե աղե-տի դեպքում ինչ կլինի վագոնում գտվողների հետ:
• Լույսերը կգնան՝ կմնամ թունելի մեջ. մթության և փակ տարածքի վախերի զուգորդվսծ տարատեսակ է. կլինիկական դեպքեր պատահում են շատ հազվա-դեպ, երբեմն այն դեռատի աղջիկների, երեխաների և միամիտ տնային տնտեսուհիների մոտ, ովքեր ժետոնը գցելուց հետո վազում են, շարժասանդուղքից ցատկում և երբեք երկու մետրից ավելի չեն մոտե-նում «մահաբեր փոսին»:
Հանգստացեք,
դռները չըխկլը բացվում-փակվում են,
հաջորդ կայարանը'
«Բարեկամություն».
դեռևս վերջին կայարանն է:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2012

Այս թեմայով