24 Սեպտեմբեր 2013, 15:05
2777 |

Կյանքը Երևանի թունելներում

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներից շատերը մայրաքաղաքում աշխատանքի ամենավաղ գնացողներից են՝ դիմավորում են արևածագն ու արևին հանդիպում են մեկ էլ մայրամուտին: Չնայած ստորգետնյա առօրյային, արդեն վաղուց նրանց կյանքի սիրելի ու անբաժանելի մասն է դարձել մետրոյի հոտը, մարդկանց մշտական հոսքն ու երբեք չդադարող ստորգետնյա մեղմ քամին:

Մարջան Կարապետյան
«Բարեկամություն» կայարանի կայարանապետ
Արդեն 5 տարի է, ինչ մետրոյում եմ աշխատում: Սկսել եմ որպես գնացքն ընդունող-ուղարկող, այժմ կայարանապետ եմ: «Բարեկամությունն» ամենաբանուկ կայարաններից է, ինչի համար ուրախ եմ, քանի որ մարդկանց հոսքը նպաստում է, որ աշխատանքային օրն արագ ու իմաստալից անցնի: Շատ եմ սիրում այստեղի եռուզեռը՝ ընդունել, ճանապարհել: Հետաքրքիր է շփվել տարբեր մարդկանց հետ:

Ես պատասխանատու եմ ու վերահսկում եմ, որ մեր կայարանում ամեն ինչ իր հունով գնա: Հեշտ չէ ողջ օրը գետնի տակ աշխատել, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը: Ուսանող տարիներից մինչև հիմա էլ շատ եմ օգտվում մետրոյից ու դեռ այն ժամանակվանից երազանք ունեմ, որ շատանան մետրոյի կայարանները: Այն ժամանակ խոսում էին, որ Աջափնյակում կայարան պիտի լինի, ոգևորվել էինք: Մտքովս չէր անց-նում, որ մի օր աշխատելու եմ մետրոյում: Ասում են՝ այսօր մարդիկ մետ-րոյից քիչ են օգտվում, ես համաձայն չեմ, ուղևորների մեծ խումբ ունենք, որ միշտ մետրոյով են երթևեկում՝ արդեն դեմքով գիտենք նրանց: Երբեմն հետաքրիր դեպքեր էլ են պատահում, օրինակ՝ մի անգամ՝ ձմռանը, մի կնոջ մորթյա մուշտակի եզրը մտել էր շարժասանդուղքի արանքը: Նա հանել էր մուշտակն ու լուռ կանգնել՝ լավ է, որ շարժասանդուղքի պա-տասխանատուն ժամանակին էր նկատել ու անջատել էր աստիճանը: Անկախ իր բարդություններից, թարմ կամ ոչ այնքան վիճակից, վստա-հեցնում եմ՝ մետրոն ամենաապահով տրանսպորտի միջոցն է:

Ազգանուշ Սարգսյան
Շարժասանդուղքի հերթապահ
Առավոտյան 9-ին ընդունում եմ հերթափոխս: Ես ու շարժասանդուղքի ներքևում նստող կոլեգաս 2 ժամը մեկ փոխվում ենք տեղերով, որպեսզի ավելի հեշտ անցնի աշխատանքը: Վերևում ուղղորդում եմ քաղաքացիներին, եթե չգիտեն ինչպես օգտվել անցման կետերից: Մեր աշխատանքում կարևորը համբերատարությունն է. օրական շփվում ենք հազարավոր մարդկանց հետ՝ տարբեր բնավորության, խառնվածքի ու տրամադրության: Շուրջ 20 տարի է, ինչ մետրոպոլիտենում եմ աշխատում, ու աշխատանքս մշտապես սպասարկման բաժնում է եղել, նախ գանձապահ եմ եղել, հետո անցել եմ այս աշխատանքին: Միշտ բարեհամբույր ու ժպիտով՝ իմ աշխատանքային սկզբունքներն են: Աշխատանքը լարված է՝ պետք է զգոն լինենք ու շատ ուշադիր, որ քաղաքացիները սխալ գործողություն-ների պատճառով հանկարծ չվնասեն իրենց:

Անահիտ Ձագուլյան
Շարժասանդուղքի հերթապահ
«Շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր, կանգնեք աջ կողմում, դեմքով դեպի շարժման կողմը: Երեխաներին պետք է պահել ձեռքը բռնած կամ գրկած, թույլ չտալ նրանց հենվել շարժասանդուղքի պատերին». այս հայտարարությունն անում եմ օրը մի քանի անգամ արդեն 17 տարի: Բոլոր կայարաններում աշխատել եմ: Ամենից շատ «Բաղրամյանն» եմ սիրում՝ ուղևորներն ավելի քիչ են, աշխատանքը հանգիստ է անցնում, մաքուր օդն ավելի շատ է ներս գալիս: Մեր աշխատանքի դրական կողմերից է, որ ամառը զով է, ուղևորները նախանձում են: Ձմեռն էլ ստիպված տաք ենք հագնվում: Մետրոն որպես փոխադրամիջոց էլ շատ եմ սիրում ու օգտվում եմ՝ արագ է, ստիպված չես լինում կանգառում երկար կանգնել:

Սոնյա Վանեսյան
Գանձապահ
Արդեն 8 տարի է այս գործին եմ: Մենք ուղևորների հետ շփման առա-ջին օղակն ենք, մետրո մտնող գրեթե յուրաքանչյուր այցելու նախ մեզ հետ է շփվում: Անկախ մեր տրամադրությունից, պետք է սիրալիր լինենք, որ ուղևորին էլ նույն տրամադրությամբ վարակենք: Իմ պրակ-տիկայի ընթացքում ամենազավեշտալի դեպքերը արտասահմանցի ուղևորների հետ են պատահել: Գալիս են ու կիսատ հայերենով խոսում, հաճախ չեն կարողանում հասկացնել՝ ինչ են ուզում: Ուղևորները մեր եղանակի տեսությունն են ու կապը վերգետնյա Երևանի հետ: Նրանց տեսքով՝ նայած շոգած են, թրջված թե չոր, սկսում ենք կռահել, թե դրսում ինչ եղանակ է:

Լարիսա Սանանյան
Գանձապահ
Ես նոր եմ աշխատում մետրոյում՝ մոտ 2 տարի: Ինձ հատկապես հետաքրքիր է այս աշխատանքում մարդկանց բնավորություններն ուսումնասիրելը: Երբեմն բարեհամբույր են, երբեմն՝ մունաթով: Մենք պետք է սիրալիր լինենք բոլորի հետ: Այստեղ ինձ համար շատ հաճելի աշխատանքային մթնոլորտ է՝ անձնակազմը շատ լավն է ու գետնի տակ աշխատելու փաստից շատ չեմ նեղվում: Մեր աշխատանքը առավոտյան 6:30-ին է սկսվում, դա երևի ամենադժվարն էր, բայց հետո սովորեցի: Քաղաքի հետ ոտքի ենք ելնում ու շտապում աշխատանքի:

Լիա Մալխասյան
Կայարանի հերթապահ
Ես արդեն 20 տարի այս աշխատանքն եմ կատարում՝ ընդունում ու ճա-նապարհում եմ գնացքներ: Հետաքրքիր է հետևել ուղևորներին՝ հոգնած, տխուր, ուրախ, ժպտացող, երբեմն' դժգոհ: Ուշացողներն էլ քիչ չեն, գալիս են ու ասում. «Աղջիկ ջան, ինչի՞ չկանգնացրիր էս պոեզը»: Բացատրում եմ, որ իրավունք չունեի, նրանցից ներողություն եմ խնդրում ու հաջորդ գնացքով ուղարկում: Շատերը ցուցատախտակներին չեն նայում ու հաճախ սխալվում են, երբեմն չգիտեն, որ կայարանն է վերջինը՝ մնում են գնացքի մեջ: Երբեմն քնում են ու մնում քնած: Մի անգամ մեկն այնքան խորն էր քնել, որ մի 7 հոգով հավաքվել էինք ու չէինք կարո-ղանում արթնացնել: Մեր խնդիրն է ապահովել ուղևորի անվտանգությունը: Մինչև մենք չտանք ձեռքի ազդանշան մեքենավարը չի շարժվում: Չեմ ասի, որ շատ հաճելի է ողջ օրը գետնի տակ անցկացնել, բայց սա իմ աշխատանքն է:

Սերգեյ Լորեցյան
3-րդ կարգի մեքենավար
Որպես մեքենավար աշխատում եմ 1987 թվականից: Մեր առօրյան սկսվում է առավոտյան 7:30-ից: Նախ մտնում եմ բուժկետ, որտեղ ամեն օր ստուգում են իմ առողջական վիճակն ու հետո միայն թույլ տալիս, որ դուրս գամ գիծ: Գալիս եմ գծային կետ, ինստրուկտորն ինձ դիմավորում է, ու ժամը 9-ին նստում եմ գնացք:

Մեր աշխատանքը դժվար է ու շատ պատասխանատու: Երբեմն ուղևոր-ները խախտում են կանոնները, ասենք' կանգնում են թույլատրելի հոծ գծից դուրս: Մինչև նրանց հասնելը ազդանշան ենք տալիս, որ հետ գնան: Գնացքի հայելիները մի փոքր դուրս են՝ Աստված չանի հանկարծ նրանց կպնի: Եղել են դեպքեր, որ ուղևորներից ոմանք վատ են զգացել: Էդպիսի դեպքերում ես սելեկտրով արագ կապվում եմ ու ասում, որ շտապ օգնություն կանչեն: Մի անգամ «Չարբախից» դուրս եկա ու երբ հասնում էի «Շենգավիթ», կամրջից ինչ-որ տղաներ քարեր գցեցին գնացքի վրա: Ապակին կոտրվեց, ստիպված կանգնեցրի գնացքը: Ինձ բան չէր եղել: Եկան փոխեցին գնացքս, ու ես շարունակեցի: Կայարաններից շատ եմ սիրում «Երիտասարդականը»՝ այնտեղ երիտասարդների անցուդարձն է շատ, իսկ դա միշտ ոգևորիչ է:

Առաջին անգամ, որ նստեցի ղեկին, մտա թունել, էն որ ասում են է՝ ռոմա՜նտիկա, բայց դե հիմա արդեն էլ ի՞նչ, սովորական բան է դարձել, ամեն թունելը 5 մատիս պես գիտեմ: Հետո մեքենավարը պարտադիր պիտի սառը սիրտ ունենա, զգոն ու ուշադիր մարդ լինի: Պիտի ուղեղը արագ աշխատի: Ի տարբերություն վերևի տրանսպորտի, ես չգիտեմ ովքեր են իմ ուղևորները, ես նրանց չեմ տեսնում, չեմ կարող կանգնել ու իջեցնել նրանց: Չեմ կարող ինքս իջնել, հանգստանալ. մեր ամեն րոպեն, վայրկյանը հաշված է՝ մենք րոպե-րոպե ենք աշխատում: Բայց էն էլ ասեմ, որ էստեղ, ի տարբերություն Երևանի փողոցների, կին քշողներ չունենք, չնայած կարծում եմ, որ լինեն, վատ չեն քշի:

Լավ է, հիմա 5 նոր գնացք ունենք, ու դրանք մեր սիրելիներն են, բայց իրավունք ունեն վարելու միայն վերապատրաստված մեքենավարները: Մեր տնօրենը խոստացել է, որ պարկը էլի պիտի թարմացվի:

Շատ կուզենայի, որ նոր կայարաններ ավելանային, որ շատ լավ ու թարմ գնացնքներ ունենայինք: Որ Դավիթաշենում կայարան բացվեր, հետո մետրոն Կոմիտասով, Մասիվով, Ավանով ընդգրկեր ամբողջ Երևանը: Մեր Հայաստանի հարստությունն է այս մետրոն: Ռոստովը որ Ռոստով է, մինչև հիմա մետրո չունի:

Հիմիկվա մետրոները զարգացել են, գնացքները իրանք իրանց են գնում, ռոբոտի նման: Բայց ինձ թվում է՝ էդ դեպքում ուղևորն էլ կվախենա նստի: Դեպք էր պատահել, ծրագիրը խախտվել էր ու չգիտեին ինչ անեին գնացքի հետ: Պիտի մարդու սիրտ խփի գնացքի ռուլին, տեխնիկան մնում է տեխնիկա: Հիմա իմ կյանքն էլ էս ա՝ չեմ նեղվում, որ թունելներում ա անցնում. էն կայարաններում, որ վերգետնյա են, արևը վայելում եմ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2012

Այս թեմայով