24 Սեպտեմբեր 2013, 14:42
1994 |

Գործ ըլնի, մնացածն ըլնող ա

Մաշտոցի պողոտա, 48 շենքի բակը սովորական երևանյան բակ լինելուց բացի դարձել է հյուրընկալ աշխատավայր մասնագիտությամբ «լավություն անող», «օգնող», «գնա-արի», «տար-բեր» Գագիկ Պիպոյանի համար: Չնայած պայմանագրային աշխատավարձին ու տարվա եղանակից կախված աշխատանքին՝ Գագիկն ամեն օր պարտաճանաչ ներկայանում է աշխատանքի ու վարպետին հատուկ հմտությամբ կատարում իր պարտականությունները:

Կոմունիստի թվին ապրում էինք Գեղարվեստի ակադեմիայի դիմացի բակում՝ էն որ ֆուտբոլի դաշտ ունի: Ես քաղաքի տղա եմ եղել' 5-րդ դպրոցն եմ գնացել՝ Վարդան Մամիկոնյանի մոտ: Մինչև 9-րդ դասարան ամեն օր Պրոսպեկտից հասնում էի դասի, բայց չէի սիրում սովորել: Փոքր ժամանակ ուզում էի վարորդ դառնալ: Ամեն ինչ էլ կարամ քշեմ, բայց հիմա պռավա չունեմ, թե չէ քաղաքը շատ լավ գիտեմ ու տաքսիստ կաշխատեի: 88 թվից եմ էս բակ գալիս: Բայց դե էն ժամանակվանից էս գործին չեմ: Ես էտ վախտերը գործ ունեի' խանութում էի աշխատում, բանվորություն էի անում, լավ էլ փող էի առնում: Մերս գինու գործարանում էր աշխատում, հերս' լամպերի գործարանում: Հենց էտ գործարանից էր, որ հայրս Պրոսպեկտի տունը ստացավ, դրանից առաջ Քանաքեռում վարձով էինք ապրում: 91 թվին հերս մահացավ՝ ինֆարկտից, բայց դե խմող էր, դրա համար էլ մահացավ: Մնացինք ես, երկու քույրերս ու մամաս: Խանութն էլ փակվեց, ու ես մնացի անգործ: Ես տան մեծն էի ու տունը պիտի պահեի: Դրա համար էլ դեռ պսակված չեմ: Լավ աղջիկ լինի, հիմա էլ կպսակվեմ:

Մեր հերոսի հագ ու կապից ակնհայտ է, որ ձմեռային կոշիկները նրան ժառանգվելուց առաջ նվիրված ծառայել են մեկ այլ մարդու: Բրդյա տաբատը խունացած է ու մի փոքր կարճ: Իսկ անհամար վերնաշապիկների ու սվիտերների վրայից հագել է մի փոքր մեծ աշնանային բաճկոն: Վելվետի գրպանի վրա կարդացի հանրաճանաչ բրենդի ոսկետառ անվանումը' Wrangler:

95-ին քաղաքի մեր երկու սենյականոց տունը ծախե-ցինք ու գնացինք գյուղ: Հիմա Մասիսում ենք ապրում՝ Դարագետ գյուղում: Երկու քույրս էլ ամուսնացել են՝ երեխեք ունեն: Փոքր քույրս ընտանիքով իմ ու մորս հետ ա ապրում: Մյուս քրոջս տղան էլ բանակից հետո էկավ մեր տանը սկսեց ապրել: Մեր գյուղի տունը մեծ ա' 6 սենյակ ունի: Ամառը լավ ա' հով, բայց ձմեռները սառնամանիք ա: Փայտի փեչ ունենք, մի սենյակը տաքացնում ենք, հետո գնում ցուրտ սենյակներում քնում: Ես իմ սենյակն ունեմ՝ փոքր ա, բայց լավն ա: Մեր գյուղի տունը հողամաս էլ ունի' կարտոշկա ենք աճացնում, պամիդոր, կանաչ սոխ ու համեմ: Եթե բերքը շատ ա լինում, ծախում ենք, բայց որ քիչ ա լինում' հազիվ մեզ ա հերիքում: Մեր հողամասը մի քիչ հեռու ա մեր տնից' ոնց որ Մատենադարանի մոտից գնաս ցիրկ: Էտ ցիրկի շենքը տեսնես ինչի՞ տրաքացրին: Թող դնեին պլանի տակ ու տենց քանդեին, անպայման պիտի տրաքացնեի՞ն: Ասում են՝ նորն են սարքելու, որ սարքեն կգնամ անպայման, ես ցիրկում չեմ եղել:

Բակ մտավ արտասահմանյան մակնիշի սև մեքենա' զրոների պոետիկ համադրությամբ համարանիշով: Ղեկին կին էր նստած: Գագոն մոռացավ մեր զրույցի մասին ու զոմբիացած քայլվածքով քստքստացրեց դեպի մեքենան: Մեքենայի լուսամուտներից երևում էին ասես մեկ ամսվա համար արված ծանր գնումները: Գագոն մասնագետի հմտությամբ ու աշխատավարձի ակնկալիքով, մի քանի անգամ դատարկեց մեքենան: Ենթադրեցի, որ տիկինը վերջին հարկում է ապրում, քանի որ շքամուտքի մետաղյա դռան հետևից Գագոն շատ ուշ հայտնվեց: Ի դեպ, վերոնշյալ շենքը կառուցվել է 1956 -ին, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով: Շենքը 4 հարկանի է' համալրված ձեղնահարկերով: Նմանատիպ շինություններում, սովորաբար, վերելակներ չեն լինում, հետևաբար մեր հերոսն իր աշխատանքը կատարում է առանց ուղղահայաց փոխադրամիջոցից օգտվելու:

Կոմունիստների ժամանակ կինո էի գնում «Նաիրի» կինոթատրոնում: Ձրի էի մտնում, որովհետև ծանոթ ունեի՝ էն որ կինոյի լենտն ա պտտում: Էն ժամանակ էլ էր ամեն ինչ ծանոթով, բայց ամեն դեպքում կոմունիստի ժամանակ լավ էր՝ էժանություն էր: Կապիտալիստներից քիչ բան եմ հասկանում, բայց կոմունիստներից լավ էլ գլուխ էի հանում: Հիմա դարը փոխվել ա: Աղջիկներն էլ են փոխվել: Էն ժամանակ տղերքն էին աղջիկներին պատիվ տալիս, իսկ հիմա' հակառակն ա: Հիմիկվա աղջիկները մենակ հարուստի հետ են պսակվում, իսկ կոմունիստի ժամանակ հարուստ ու աղքատ չկար, սաղ հավասար էին: Էն տարիներին ընկերներ էլ ունեի, հիմա չկա ոչ ոք: Գնացել եմ մեր բակ, բայց ոչ մեկին չեմ գտել:

90 թվից ամեն օր գալիս եմ գործի: Արձակուրդ էլ ունեմ. օրինակ՝ մինչև դեկտեմբերի 31-ը գալիս եմ, հետո գործը մեռնում ա, ու մնում եմ գյուղում մինչև մարտ: Մեկ էլ ամառն ա լավ սեզոն: Գործս շատանում ա, որովհետև ժողովուրդը շուկա շատ ա գնում' զակատ են անում: Մի տարի եղավ՝ դրա պատճառով տուն չեմ գնացել. բակի բնակիչներից մեկի ԵրԱԶ-ում էի մնում մի ամիս: Բայց հիմա հեչ լավ չի գործս, եթե լավ աշխատանք լինի, կփոխեմ, բայց ամեն տեղ ծանոթ ա պետք: Հենա փեսես Մալաթիայում կաշկա ա քշում' ինձնից լավ փող ա ստանում: Բայց դե ինքն էլ ա ծանոթով դասավորվել: Ինձ լավ փողով գործ ա պետք: Թե չէ չեմ կարողանա տուն ու մեքենա առնեմ, ամուսնանամ: Մի ժամանակ, որ գործը շատ էր, փող էի հավաքում բանկայի մեջ, որ ամուսնանամ: Փեսուս փեսան իմ համար աղջիկ էր ճարել, պիտի բերեր, էն էլ չբերեց:

Աշխատած փողս տալիս եմ մորս, մերս' քրոջս, քուրս էլ' փեսուս: Օր ա լինում՝ լավ փող եմ առնում' 4000-5000 դրամ: Մեռած սեզոնին 1000-2000 եմ ստանում: Սովորաբար՝ վեշեր եմ բարձրացնում կամ խանութ եմ գնում ուրիշի համար, ով ինչքան ուզում՝ տալիս ա: Մեկ-մեկ փող եմ խոսում' կախված գործից: Մի անգամ գին չէի ասել, հանեց 1000 դրամ տվեց: Մի գործից աշխա-տած ամենաշատ գումարն ա եղել: Առավոտները էս բակի հավաքարարին եմ օգնում' բակի տերևներն եմ հավաքում, թափում: Էտ գործի համար ինձ 100 դրամ ա տալիս, բայց ուտելիք ա իմ համար սարքում, որ ուտեմ:

Բակ մտավ արհեստական մորթուց երկար ու ծանր վերարկու հագած հաղթանդամ մի կին: Շատ գործնական ձայնով կանչեց Գագոյին: Վերջինս իր կլորիկ մարմինը երեխայի նման տեղափոխեց ձայնի ուղղությամբ: Լսեցի, թե ինչպես տիկինը հետաքրքրվեց' արդյոք նախորդ աշխատանքի դիմաց Գագոյին վարձատրե՞լ են և որքա՞ն: Ակամայից ռեկետի մասին մտածեցի ու քայլերս ուղղեցի նրանց կողմ: Սակայն տեսա, թե ինչպես հուժկու կինը հոգատար շարժումով ուղղեց Գագոյի բաճկոնի օձիքն ու հրամայեց անպայման հաց ուտել: Հասկացա, որ բակի հավաքարարն էր:

Ես մինչև 2-ն եմ աշխատում: Մետրոյով գնում եմ Շենգավիթ, հետո Չարբախ: Մետրոյի մշտական ունեմ: Գնում եմ Չարբախ, որ ավտոբուսով հասնեմ մեր գյուղ: Վերջին ավտոբուսը 3-ին ա: Հասնում եմ տուն, հաց եմ ուտում, տելևիզր եմ նայում: Ռուսերեն համարյա ոչ մի բան չեմ հասկանում, դրա համար էլ նստում «Շանթի» սերիալներն եմ նայում: Ուշ եմ քնում' տենց 11-12-ի կողմերը: Բայց որ քրոջս տղեն բանակում էր, 9-ի կողմերն էի քնում, որ շուտ արթնանամ, որովհետև Էտ ժամանակ ես էի գնում մեր բոստանը ջրելու: Մեր ջրի հերթն էլ գիշերը 4-ին էր գալիս: Ամառը ոչինչ, բայց ձմեռը շատ մութ ա էտ ժամին, իսկ բոստանն էլ հեռու ա: Երկու տարի առաջ էր էլի, որ ջրելու էի գնացել, բոստանում ընգել էի, ոտս ցավում էր, բայց գործի գալիս էի: Բժիշկն ասեց՝ պիտի ապեռացիա անեն' 150 հազար փող ուզեց: Ասում էր՝ ինֆեկցիա կանցնի, բայց բան էլ չեղավ: Անձրևներին ու ձմեռը մի քիչ մրսում եմ, բայց մեկ ա հիվանդ-հիվանդ գալիս եմ. ամենալավ փողը Նոր Տարուն եմ բռնում:

Մի տարի մարտի 8-ին գործի ժամանակ սառուցի վրա ընկա ու ձեռքս ջարդեցի: Բակի ժողովուրդը զանգեց հիվանդանոց, էկան տարան ինձ: Գիպս պիտի դնեին: Բժշկին Բանգլադեշի քեռուս համարը տվեցի: Բժիշկը քեռուս զանգեց, քեռիս էլ գյուղ զանգեց, որ թղթերս բերեն: Սոտովի ունենայի՝ ես կզանգեի, ափսոս չունեմ, թե չէ էդ անտերը գործի մեջ շատ ժամանակ պետք ա գալիս: Մի խոսքով, Էտ թղթերով ես ձրի եմ հիվանդանոց գնում: Մերս ա թղթերս հանել, որ բանակ չգնամ... Ես շատ երգեր գիտեմ, էն էլ ձենս լավը չի: Բայց մեկ-մեկ բակի էրեխեքը ասում են՝ Գագո երգի մի հատ, ես էլ էս երգն եմ երգում.

Ես Պեպոն եմ Թիֆլիսեցի
Կոպեկ-կոպեկ հավաքեցի
Քար ճարեցի, տուն շարեցի
Զիմզիմովին պարտք տվեցի…

Վերևի հարկերից լսվեց. «Գագո՜, Գագո՜, ի՞նչ ես անում, զբաղված չե՞ս: Գագո ջան, կգնա՞ս խանութ մի կիլո շաքար առնես»: Գագոն մասնագետի քայլվածքով շտապեց դեպի վերևից ընկնող թղթադրամն ու շատ գործնական դուրս եկավ բակից' «գործ անելու»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2012

Այս թեմայով